Զավեն Սարգսյան. նա գնում էր Արևի հետևից

Արդեն մեկ տարի է, որ մեզ հետ չէ Զավեն Սարգսյանը: «Մեզ հետ չէ» բառերը խիստ հարաբերական են հնչում նրա դեպքում. մի մարդու, որի ներկայությունը մեր քաղաքում ու քաղաքի մշակույթում շարունակվում է ոչ միայն Փարաջանովի թանգարանով, այլև նրա ամբողջ ժառանգությամբ: Տաղանդավոր լուսանկարիչ, երաժիշտ, հմուտ կազմակերպիչ, Փարաջանովի երևանյան թանգարանի հիմնադիր Զավեն Սարգսյանը մի ամբողջ կյանք ապրեց մշակույթի մեջ ու մշակույթի համար: 90-ականների սկզբին էր, որ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն և Փարաջանովի անձնական լուսանկարիչ Զավեն Սարգսյանն ամբողջությամբ տարվել էր Փարաջանովի ժառանգությունը Թբիլիսիից Երևան բերելու գաղափարով: Զավենը հասցրել էր Փարաջանովի լուսանկարների հսկայական մի արխիվ ստեղծել, և Փարաջանովն էլ արդեն հիվանդ էր: Հենց այդ ժամանակ էր, որ վրացիներն արդեն փորձում էին Թբիլիսիում պահել այդ ամբողջ ժառանգությունը՝ փարաջանովյան կոլաժները, անձնական իրերն ու այլ մասունքներ, և ամեն ինչ հենց այդպես էլ կլիներ, եթե չլիներ Զավեն Սարգսյանը: Զավենը հասցրեց Փարաջանովի ամբողջ ժառանգությունը բերել Երևան և, ըստ էության, իրականության վերածեց թանգարան ստեղծելու իր ծրագիրը: Երևանում արդեն ընտրվել էր նաև թանգարանի շենքը: Ինքը՝ Փարաջանովը տեսել էր շենքը, հավանություն էր տվել, ու թեև անգամ մի օր չհասցրեց ապրել այդ շենքում, երևանցիների գերակշիռ մեծամասնության համար այն մնաց որպես Փարաջանովի «տուն-թանգարան»: Զավենը թանգարանը ստեղծեց՝ ինչպես իր տունը կկառուցեր՝ նմուշ առ նմուշ, դրվագ առ դրվագ ամբողջացնելով փարաջանովյան կախարդական աշխարհը՝ այնպես, ինչպես ավելի մոտ ու հարազատ էր մեծ գեղագետի ճաշակին: Հետո արդեն գրեթե աննկատ, բայց կայծակնային արագությամբ Փարաջանովի թանգարանն արժանիորեն նվաճեց երևանյան լավագույն թանգարանի համբավն ու 32 տարի շարունակ պահպանեց այն՝ Զավենի նվիրումի ու  խնամքի շնորհիվ: Բոլոր այդ տարիների ընթացքում Զավենը չմոռացավ իր մյուս մեծ տարերքի՝ լուսանկարչության մասին: Իր գերխիտ ժամանակացույցի սակավաթիվ ազատ օրերը նա տրամադրում էր ընկերների հետ ճամփորդություններին, որի արդյունքում ստեղծվում էր նրա նոր լուսանկարչական շարքը, որն ամեն անգամ վերածվում էր հայտնությունների ամբողջության նույնիսկ նրանց համար, որոնք հրաշալի գիտեին իրենց երկիրն ու պատմական Հայաստանը: Տաղանդավոր լուսանկարչի նրա հայացքից չէր վրիպում ոչինչ, բայց Զավենը հատկապես խնամքով ու մեծ սիրով էր լուսանկարում հայկական պատմական հուշարձանները և  մանավանդ՝ Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, իսկ նրա պատկերագրքերն ու ցուցադրական նախագծերը վերածվում էին մեր հոգևոր և մշակութային արժեքների լուսանկարչական-գեղարվեստական տարեգրության, որով Զավենը ներկայանում էր Ամերիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում և Վրաստանում տեղի ունեցած անհատական ցուցահանդեսներով: Եվ հաճախ ճանաչված լուսանկարչի, երևանյան լավագույն թանգարանի հիմնադրի ու մշակույթի վաստակաշատ գործչի հարուստ կենսագրության ստվերում էին մնում Զավենի կյանքի ամենահետաքրքիր ու խոսուն փաստերը: Բացի մտերիմ ընկերներից և ընտանիքի երկարամյա բարեկամներից շատ քչերը գիտեին, որ տարիներ առաջ՝ 1965-ին, երբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի ուսանողներ ստեղծեցին «Երազողներ» վոկալ գործիքային անսամբլը, և որը շատ արագ նվաճեց հայկական բիթլերի համբավը, հենց Զավեն Սարգսյանն էր «Երազողների» վոկալիստը: Զավեն Սարգսյանի մահից մեկ տարի անց նրան սիրով ու ջերմությամբ են հիշում գործընկերներն ու մտերիմները:

 

Լևոն Աբրահամյան- ազգագրագետ

-Ես ականատեսն եմ եղել այդ ամենին, թե ինչպես նա իսկապես զրոյից ստեղծեց թանգարանը: Գիտեք, բացառապես Զավենի մեծ շնորհքն էր Փարաջանովին համոզելը որ թանգարանը լինի այստեղ, չէ որ նրան Վրաստանում էին ուզում տուն տալ թանգարանի համար: Հետո երբ թույլ չտվեցին «Շուշանիկի տանջանքները» նկարել, հենց այդ ժամանակ ինձ ասաց, որ հաստատ որոշել է թանգարանի մասով: Եվ քանի որ  Զավենը քաղաքում չէր, ասաց որ նրան անպայման տեղյակ պահեմ: Իհարկե, Փարաջանովը քարոզչության կարիք չուներ, բայց նրան որպես նկարիչ բացահայտելու համար ամբողջությամբ Զավենին ենք պարտական: Նրա ջանքերով քարոզվեց մի բոլորովին նոր մթնոլորտ, մի ուրիշ՝ զուգահեռ աշխարհ: Եվ ամեն մարդ, որ մտնում էր թանգարան, ասես վարակվում և լիցքավորվում էր Փարաջանովի այդ ստեղծագործական ուժով: Զավենի մասին կարելի է շատ խոսել, էլ չեմ ասում այն ֆանտաստիկ աշխատանքը, որ նա անում էր հուշարձանների պահպանության համար: Երբ մենք ճամփորդում էինք միասին, դրանք ինձ համար սովորական ճամփորդություններ չէին: Լուսանկարիչ լինելով, ինքը բոլորովին այլ տրամաբանությամբ էր շարժվում, ոնց որ արևի հետևից գնար, ասում էր՝ արևը պետք է այնպես լուսավորի, որ հուշարձանը շատ լավ երևա ու իսկապես գնում էր արևի հետևից:

 

Դավիթ Մուրադյան-արձակագիր, կինոգետ

-Զավենը նախ և առաջ տաղանդավոր մարդ էր, մագնիսի պես հավաքում էր բոլորին իր շուրջ և ստեղծում մի կենդանի, ոգեշունչ մշակութային միջավայր: Իհարկե, նա մեծ վաստակ ունի նախ և առաջ իբրև Փարաջանովի ստեղծագործական ժառանգությունն ի մի բերող, համակարգող և աշխարհով մեկ ցուցադրող: Անձը միշտ կարևոր է, համակարգն՝ անշուշտ, բայց անձը դա մի հատուկ մագնիսականություն է, որն իր շուրջը լույս է տալիս, եթե իր մեջ ունի. Զավենն՝ ուներ: Հայաստանի սար ու ձորն անգիր գիտեր, երկիրը սիրում էր շոշափելով: Բայց Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձաններն ու եկեղեցիները ամենախորքերով ճանաչում էր և շարունակաբար լուսանկարում, վավերագրում, ցուցահանդեսներ կազմակերպում: Ինքը, եթե կուզեք, ուներ ամբողջական Հայաստանի գիտակցությունը, իր մեջ դա բնականորեն ապրում էր, ինքն ամբողջական Հայաստանի զավակն էր, անկախ այն բանից թե սահմանի որ կողմում էր: Զավենը սքանչելի ընկեր էր, կարողանում էր միավորել մարդկանց, նույնիսկ նրանց, որոնք այնքան էլ չէին սիրում միմյանց: Որտեղ Զավենը՝ այնտեղ ներդաշնակությունը:

 

Հարություն Խաչատրյան - Հայաստանի կինեմատոգրաֆիստների  միության նախագահ, կինոռեժիսոր

-Զավենն առաջինը հրաշք ընկեր էր: Անսպասելի մահեր շատ եղան վերջին տարիներին և Զավենը իմ տեսած ամենաանսպասելի մահն էր, բայց ինքը նման չէր չապրող մարդու: Նա մինչև հիմա էլ ապրում է, որովհետև էնքան ծրագրեր ուներ, էնքան անհանգիստ էր, էնքան էր աշխատում: «Ոսկե ծիրանի» ժամանակ ամենակարևոր մարդը դառնում էի ոչ թե ես, այլ Զավենը: Բոլորը գալիս էին ու ուզում էին Զավենին տեսնել: Եվ նա բոլորին հերթով տանում էր փարաջանովյան նկարահանումների վայրերով և՛ Լոռի, և՛ Սիսիան, և՛ Գորիս: Տարիներ առաջ, երբ Երևանում Քիառոսթամիի լուսանկարների ցուցահանդեսն արեցինք, շատ աշխատեցիքն Քիառոսթամիի հետ ու հրաշալի ցուցահանդես արեցինք: Եվ երբ Քիառոսթամին ծանոթացավ Զավենի հետ, ասաց՝ արի իմ ֆոտոները պահ տանք Զավենին: Զավենը պահեստապետն էր արվեստի, գաղափարի, նորության և գեղեցիկ կերպով այդ ամենը բաժանում էր նաև ուրիշներին: Շատ դժվար պիտի լինի բոլորիս համար առանց նրա:

 

Ռուբեն Բաբայան-ռեժիսոր

-Զավենն ինքը նվիրում էր. նման մարդիկ ծնվում են 100-ամյակը մեկ անգամ: Այն ամենն ինչին դիպչում էր Զավենը, միանգամից արժևորվում էր, իմաստավորվում էր, ընդ որում, ամեն ինչ ստանում էր և՛ մասնագիտական, և՛ մշակութային արժեք: Անչափ հեշտ էր շփումների մեջ, բացարձակապես հավակնություններ չուներ: Բացառիկ իրողություն է, երբ նման տաղանդի տեր մարդն՝ ինքը երևույթ լինելով հանդերձ, իր կյանքը նվիրեց Փարաջանովին: Զավենը շատ մեծ դերակատար էր. քչերը գիտեն նրա մյուս տաղանդները, նրա ուղևորությունները Արմտյան Հայաստան: Որոշել էինք վերջին անգամ միասին գնալ, ասացի՝ Զավեն քո ինֆորմացիայի կարիքն ունեմ, որովհետև ինքը ամեն մի քարը գիտեր Արևմտյան Հայաստանում և մեզ մոտ, գիտեր այդ քարի պատմությունը, կարպետները: Նա հանրագիտարան էր և միաժամանակ՝ չափազանց համեստ մարդ էր: Մենք շատ հաճախ ենք օգտագործում մտավորական բառը, ուրեմն Զավենը 100 տոկոսանոց բյուրեղյա մտավորական էր՝ ընկերների, կանանց, գործի, պետության հանդեպ իր վերաբերմունքով: Շատ կարևոր է, թե մարդն իր շուրջ ինչ մթնոլորտ է ստեղծում: Երջանիկ են նրանք, որ հասցրել են շփվել Զավենի հետ: Զավենը ծանրակշիռ էր և գնալով Զավենի արժեքը մեծանում է:

 

Հարություն Սամուելյան-նկարիչ, դիզայներ

-Շատ ուրույն, առանձնահատուկ է այն աշխատանքը, որ Զավենը մատուցեց Հայաստանին, Փարաջանովին, մեր մշակույթին և ընդհանրապես աշխարհին: Մեզ համար ինքն ուղղակի փառահեղ ընկեր էր, այդ ընկերության մակարդակը պարզապես անհնար է գերազանցել: նա հասնում էր բոլորին՝ ցանկացած իրավիճակում և ցանկացած խնդրի դեպքում՝ փոքր թե մեծ: Շատ գնահատելի ընկեր էր՝ շատ բարի, ուրախ և հումորով լի: Իսկ թանգարանը լավագույններից է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում՝ Զավենի շնորհիվ: Եվ պիտի ասեմ, որ Զավենի կյանքը շարունակվում է, որովհետև կյանքը ոչ միայն ֆիզիկական գոյությունն է այստեղ, այս աշխարհում, այլ շատ ավելի խոր և անվերջ է, ուրեմն և Զավենի կյանքը շարունակվում  է:

 

Նունե Ալեքսանյան