Երեք օր Մարիա Կալասի հետ

Նա, ով վախենում է, երբեք չի հասնի մեծ բարձունքների

1965 թվականի փետրվարի 8, 9, 10 –ին ֆրանսիական «France IV», այսօր՝ «France Musique» ռադիոկայանը «Երեք օր Մարիա Կալասի հետ» հաղորդաշարի ընթացքում հեռարձակեց օպերային դիվա Մարիա Կալասի հարցազրույցը, որը նա տվել է ռադիոկայանի համահիմնադիր և պրոդյուսեր, երաժիշտ Միշլին Բանզենին՝ 1965 թվականի հունվարի 24-ին Ֆոշ ավենյուում գտնվող իր փարիզյան բնակարանում: Ավելի ուշ, այն վերհեռարձակվել է ևս 2 անգամ՝ 2019-ի օգոստոսին և 2020-ի հուլիսին: ArtCollage-ն  իր ընթերցողներին է ներկայացնում այդ հարցազրույցը:

Երեքժամյա հարցազրույցից Մարիա Կալասը մոնտաժել է չափազանց անկեղծ այն թեմաները, որոնք հետագայում կարող էին օգտագործվել իր դեմ: Դրանցից մեկը, որը նա խիստ անձնական էր համարում, այսօր կարող է մեր զարմանքն առաջացնել: Կալասը խոստովանում է, որ Իտալիայում նրա առաջնելույթի ժամանակ իտալացի դիրիժոր Տուլիո Սերաֆինը, որը զբաղվում էր նրա բեմական կարիերայի վերելքով կարծում էր, որ Կալասն այլանդակ դեմք ունի և համարում էր, որ այդ տգեղությունը կարող է լրացուցիչ «հաղթաթուղթ» լինել, որը կստիպի խոսել նրա մասին:

 

Մեկնաբան -Ձեզ հասցեագրված շատ նամակներում ռադիոլսողները միշտ նույն հարցերն են տալիս, ինչի համար նախօրոք ներողություն եմ խնդրում:

Մարիա Կալաս -Դուք շատ սիրալիր եք, տիկին:

Մ. -Նախևառաջ նրանք համոզված չեն, թե դուք ամերիկացի՞ եք, թե հույն:

Մ.Կ. -Ճշմարտությունն այն է, որ ես ծնվել եմ Ամերիկայում, սակայն, անկասկած, զտարյուն հույն եմ և ամուսնացել եմ իտալացու հետ:

Մ. -Այնուամենայնիվ, դուք ձեզ եվրոպացի՞ եք զգում:

Մ.Կ. -Այո, շատ, որովհետև մենք երկար ժամանակ ենք ապրել այստեղ, համարյա ամբողջ կյանքիս ընթացքում: 

Մ. -Եվ դուք կրթություն եք ստացել Հունաստանո՞ւմ:

Մ.Կ. -Ասենք՝ գեղարվեստական կրթություն, որովհետև մինչև 13 տարեկանը դպրոց եմ հաճախել Ամերիկայում: 1937 թվականին մեկնեցի Աթենք, ընդունվեցի կոնսերվատորիա, 14 տարեկանում առաջին անգամ ելույթ ունեցա բեմում: Կարելի է ասել, որ ես կրթություն չունեմ:

Մ. -Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ սկսեցիք երգել:

Մ.Կ. -Որովհետև ծնողներս ինձ ստիպեցին անել դա:

Մ. -Դուք երգելու ցանկություն չունեի՞ք:

Մ.Կ. -13 տարեկանում հայրն ու մայրն են որոշումներ կայացնում, այդպես չէ՞: Դա նրանց որոշումն էր:

Մ. -Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եք ազդել ճակատագիր վրա:

Մ.Կ. -Կարծում եմ, որ, անկասկած, ճակատագրի էակ եմ: Իմ ճակատագիրը ես չեմ  կապել երգելու հետ՝ երբեք իրապես չեմ վստահել երգեցողությանը, որովհետև չեմ համարել, որ ձայն ունեմ, բայց մայրս այնքան պնդեց, իսկ պատերազմի տարիներին կոնսերվատորիայում վոկալի դասախոս վարձելու համար գումար չկար: Ես միշտ կրթաթոշակներ էի շահում, և դա ինձ վստահություն էր ներշնչում, որ առանձնահատուկ տաղանդով եմ օժտված: Իսկապես, ես իմ ուժերին չէի հավատում, բայց ուրիշ ոչինչ անել չգիտեի: Ես շատ էի սիրում երաժշտությունը, արվեստը, և պետք է վաստակեի այդ արհեստով:

Մ. -Դուք շատ լավ բնավորության տեր մարդ եք՝ չափազանց աշխատասեր եք:

Մ.Կ. -Դա այդպես է, որովհետև մարդկային ձայնը չի կարելի չարաշահել: Դա է պատճառը, որ սկզբում երաժշտությունը միշտ մշակում ենք գլխում, այսինքն՝ մտովի:

Մ. -Հունաստանում գտնվելիս արդյո՞ք առիթ ունեցաք լսել հայտնի կատարողներին:

Մ.Կ. -Հունաստանում շատ գեղեցիկ ձայներ կան, բայց մեծ օպերա չեմ լսել: Ասենք, Իտալիայում ուրիշ է՝ այնտեղ արվեստի պաշտամունք կա: Ինձ բախտ է վիճակվել Էլվիրա դե Իդալգոյի մոտ ուսանել (1936-1949 թվականներին Էլվիրա դե Իդալգոն դասավանդել է Աթենքի կոնսերվատորիայում): Նա երգել է Շալյապինի, Կառուզոյի հետ, նրանք շրջագայել են ամենուրեք, հանդես են եկել «Սևիլյան սափրիչում»:

Մ. -Նա իսպանացի՞ էր:  

Մ.Կ. -Այո, իսպանացի երգչուհի էր, որն արտակարգ հիմք է դրել: Ես լավ երաժշտական բազա եմ ունեցել, հատկապես յուրացրել եմ արվեստի ու հին դպրոցի փոքրիկ հնարքներ՝ սովորել եմ ինչպես տիրապետել բելկանտո ոճի տեխնիկային, ինչպես պահպանել ձայնը՝ նմանատիպ դասերի պակաս երբեք չի զգացվում: Այսօր կան երիտասարդ կատարողներ, որոնք շատ գեղեցիկ ձայն ունեն, նրանց մեթոդները բավականին լավն են, մինչդեռ դրանից զատ նրանք ոչինչ չունեն. չունեն հիմք, չեն տիրապետում փոքրիկ հնարքներին:

Մ. -Կան տեխնիկայի զանազան դպրոցներ՝ գերմանական, իտալական, իսպանական:

Մ.Կ. -Այո, դրանք միմյանցից միանգամայն տարբեր են: Բելկանտոյի դպրոցը տարբերվում էր, և այն այլևս գոյություն չունի: Նախկինում օպերա բեմադրելու համար վեց ամիս լուսաբացից մինչև երեկո փորձեր էինք անում: Մենք հասնում էինք նպատակին, քանի որ պատրաստված էինք բեմ դուրս գալիս: Մինչդեռ հիմա ամեն ինչ փոխվել է, որովհետև հիմա շատ քիչ են փորձ անում, հանպատրաստից բեմ են դուրս գալիս՝ առանց լավ իմանալու օպերայի հեշտ ու բարդ կողմերը՝ դրա «փոսերը»: Եվ հետո ինձ հաջողվեց 1945 թվականին լքել Հունաստանը: Իհարկե, երիտասարդ էի և ոչինչ չունեի: Ինձ համոզում էին, որ ձայնս հրաշալի է, այդուհանդերձ, ինձ չէին վստահում: Ասում էին՝ նախ գնա Իտալիայում կարիերա արա, հետո նոր քեզ աշխատանքի կվերցնենք:

Մ. -Սա այն է, ինչը կոչվում է արատավոր շրջա՞ն:

Մ.Կ. -Այո, որովհետև քեզ հնարավորություն չեն տալիս ցուցադրել, թե դու ով ես: Հետո ինձ բախտ վիճակվեց Մետրոպոլիտեն օպերայում երգելու հրավեր ստանալ: Տնօրենը՝ պարոն Ջոնսոնն ինձ հնարավորություն տվեց երգել Մադամ Բատերֆլայ, որը ես չընդունեցի, որովհետև ակնհայտ էր, որ դա մեկնարկի  համար ինձ հարմար չէր, առհասարակ, շատ զգույշ է պետք լինել դեբյուտային դերերգի հարցում և հարկ է ընտրել ամենալավը: Իսկ հետո նա ինձ առաջարկեց երգել Ֆիդելիո անգլերեն, ու ես շատ լավ կատարեցի իմ դերերգը, ինչպես ինձ հետո այդ մասին ասում էին Աթենքում: Բայց, անկասկած, անգլերեն չեմ սիրում երգել ու չընդունեցի առաջարկը, մերժեցի: Ինձ ասում էին՝ դու խենթ ես: Ես ինքս էլ էի համարում, որ դա խենթություն էր, որ նման շանս էլ չեմ ունենա և վերջ: Իմ գաղտնիքն այն է, որ ես կարողանում եմ ասել՝ ոչ, անշուշտ, ընտրել ու սպասել: Ակնհայտ է, որ դա իր հետ բերում է տագնապ, ցավ և անհանգստություն, բայց պետք է կարողանաս սպասել:

Մ. -Համբերություն, աշխատասիրություն և ըմբռնողություն՝ ահա ձեր բնավորության հիմնական գծերը:

Մ.Կ. -«Ոչ» ասելու ունակությունն է իմ բնավորության առանցքային գիծը: Հրաժարվել ոչ թե քմահաճության պատճառով, այլ որպեսզի կարողանաս մտորել, կշռադատել, ծանրութեթև անել:

Մ. -Դուք պատասխանեցիք հենց այն, ինչ ես մտածում էի: Ըստ ձեզ, ի՞նչ է քմահաճությունը:

Մ.Կ. -Սա քմահաճության հարց չէ: Մեզանից յուրաքանչյուրը՝ դուք, ես, թատրոնի տնօրենը, դիրիժորը… խնդրում է քեզ անել այս կամ այն բանը, իսկ եթե դու մերժում ես, որովհետև չպետք է անես, չես կարող, չես հասնի դրան, նրանք, միանգամից ասում են. «Ախ, ի՜նչ չարն է, նա ինձ մերժեց, ի՜նչ քմահաճն է՝ ես սիրալիր էի, իսկ նա ինքնասածի է»: Երբեմն նրանք ուզում են, որ անես այն, ինչը պետք չէ: Ահա այստեղ է, որ ես վերադառնում եմ իմ ասածին՝ պետք է կարողանալ ասել՝ ոչ, բայց դու նաև պետք է պատրաստ լինես դրա հետևանքներին:  

Մ. -Հունաստանից հետո Նյու Յորքն էր, իսկ հետո գալիս է իտալական ժամանակաշրջանը:

Մ.Կ. -Ինձ բախտ վիճակվեց 1947-ին երգել Վերոնայի Արենայում: Սա  բացօթյա թատրոն է, որի դիրիժորն այն ժամանակ Տուլիո Սերաֆինն էր: Դժբախտաբար, այդ տարիներին դրամատիկ սոպրանո չկար, իսկ թատրոնի տնօրենը ձայն էր փնտրում Ջոկոնդայի համար:Նա լսեց ինձ, հավանեց և Իմ  հետ պայմանագիր կնքեց: Ես աշխատեցի անվանի զուգընկերների հետ՝ այն ժամանակ դեռ հայտնի չէի: Այստեղ էլ ճակատագիրն իմ կողմից էր: Սակայն առանձնահատուկ հաջողություն չունեցա՝ իմ ձայնը դժվար էին հասկանում, այն այդքան էլ չէր ցնցում: Ինձ միշտ  հրավիրում էին, բայց չէին սիրում, կարծում էին, որ իմ ձայնն իրենց համար անսովոր է՝ իտալական չէ: Ասում էին. «Նա մերը չէ, նա մերոնց նման չի երգում, նա մոռացված բելկանտո ոճով է երգում»: Եվ սա տևեց մեկ ամիս: Հետո ես Սերաֆինին պետք եկա Իզոլդայի դերերգի համար Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում և նա ինձ  ընդունեց իր մոտ՝ Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոն՝ իտալերեն երգելու համար:

Մ. -Դուք Վագների օպերաներում եք երգել:

Մ.Կ. -Ես երգել եմ իտալերեն «Պարսիֆալ» և «Վալկիրիա» ստեղծագործություններում: Այնուհետև Սերաֆինը ընդհարվեց «Լա Սկալայի» հետ՝ նա ուներ շատ լավ գործեր, որոնք թատրոնը չէր ցանկանում բեմադրել, իսկ ես պետք է հատուցեի դրա համար: Հետո «Լա Սկալան» աղաչեց, որ «Աիդա» օպերայում երգեմ Աիդայի դերերգը: Ես երգեցի, իսկ հետագայի համար պայման դրեցի, որ ինձ դիմեն կոնկրետ ինձ հրավիրելու, այլ ոչ թե ուրիշին փոխարինելու նպատակով, այդպես էլ ասացի. «Երբ իմ կարիքն ունենաք՝ կկանչեք ինձ և վերջ»: «Լա Սկալայի» հետ ես շատ դաժան ու ծանր օրեր եմ ունեցել: Եվ նրանք ինձ կանչեցին, բնականաբար, որովհետև ես նրանց պետք էի: Հանդես եկա «Նորմա»  ու «Առևանգում Սերալից» օպերաներում, որոնք ունեցան ահռելի հաջողություն, այնուհետև հաջորդ տարի «Մակբեթն» էր: Այդ պահից ի վեր «Լա Սկալայի» հետ ունեցած իմ հարաբերություններում սկսվեց «մեղրամիսը», հաշվի առնելով, թե ինչ բարդ շրջան էինք անցել: Նաև պետք է կարողանալ ասել՝ ոչ, չընդունել ինչ որ պատահի, որովհետև եթե դու վատ ես սկսում, հետո պետք է հատուցես, որպեսզի կրկին չբարձրանաս կարիերայի աստիճաններով:

Մ. -Իսկ հիմնական դժվարությունն այն է, որ պետք է ճանաչես ինքդ քեզ:

Մ.Կ. -Այո, և կարողանաս կշռադատել իրողությունը: Պետք է վստահես ինքդ քեզ, հստակ իմանաս՝ ինչ կարող ես անել ու ավելորդ ռիսկի չդիմես: Իսկ խիզախելն այն դեպքում, երբ ինքդ քեզ չես վստահում՝ առնվազն հիմարություն է:

Մ. -Երբ դերերգ եք կատարում, արդյո՞ք ձեր կերպարի հետ մտերմանալու կարիք եք զգում:

Մ.Կ. -Դեր կերտելիս պետք է ներթափանցես կերպարի էության մեջ: Սկզբում որոշում ենք ինչ եղանակով դա անել, իսկ հետո մտածում, թե ինչպես կվարվեի, եթե ես լինեի նրա տեղում: Իհարկե, մենք փորձում ենք շատ փոխվել, բայց դու պետք է փոխվես՝ չկորցնելով ինքդ քեզ: Սա նշանակում է, որ դու պետք է պարզապես հարազատ մնաս քո էությանը, սակայն՝ նրա գաղափարներով:

Մ. -Սա  կրկնօրինակում չէ՞:

Մ.Կ. -Ոչ, ինչի՞ կրկնօրինակում:

Մ. -Ինչ-որ երևակայական մի բանի: Իսկ դրա համար անպայման անհրաժե՞շտ է իմանալ պատմական ենթատեքստը:

Մ.Կ. -Այո, ոչ լրիվ: Օրինակ, երբ ես ստեղծում էի Աննա Բոլեյնի կերպարը, հավատացնում եմ, որ այն ինչ նրա մասին փաստում է պատմությունը և այն ինչ ասում է օպերան՝ բոլորովին տարբեր բաներ են: Ես չուզեցի կարդալ նրա մասին, սկսեցի, հետո տեսա, որ ամբողջովին հակասական բաներ են գրում ու թողեցի, որովհետև գրքերում նա թեթևամիտ է, իսկ օպերայում՝ ողբերգական կերպար, զոհ: Իհարկե, որոշակի պատմական տարրեր պետք է պահպանել, բայց միշտ պետք է առաջնորդվել երաժշտությամբ:

Մ. -Ժամանակ ունեցե՞լ եք կանգ առնելու, մտորելու համար:

Մ.Կ. -Ես միշտ դրա համար ժամանակ եմ ունեցել, ես այն մարդկանցից եմ, ովքեր շատ են մնում իրենք իրենց հետ:

Մ. -Ձեր մասին ասում են, որ դուք բոլորովին նրբակիրթ չեք:                                                                                                                   

Մ.Կ. -Ես շատ եմ սիրում ընկերախումբը, բայց նրանց հետ կարող եմ անցկացնել, ասենք, երկու ժամից ոչ ավելի՝ ինձ առանձնանալ է հարկավոր: Միգուցե պատճառն այն է, որ իմ կարիերան է նպաստում, որ շատ ժամանակ մենակ անցկացնեմ: Հիմա մի բան ասեմ, որը զարմանք կառաջացնի. ես սիրում եմ հեռուստացույցով լավ ֆիլմեր դիտել, ոստիկանական ֆիլմեր, վեստերներ, ինչպես սովորական մարդիկ, որովհետև դա ինձ լիցքաթափում է, իսկ մեզանից յուրաքանչյուրի մեջ մանկական հիմք կա՝ ես էլ այն ունեմ և դա չեմ թաքցնում: Դրա շնորհիվ ես նույնիսկ չափազանց երիտասարդ եմ մնացել: Մեր մասնագիտությունը շատ լուրջ է: Տարօրինակ է, բայց ցանկացած տեսակի փորձն օգնում է մեզ մեր կարիերայում: Ես մարդ էակ եմ, ինչպես և բոլորը. սիրում եմ ներկայացումներ, բայց՝ ոչ ծանր, դրամատիկ, կամ ողբերգական պիեսներ, այլ կատակերգություններ՝ ուրախ, զվարթ մարդկանցով: Ահա թե ինչու եմ ասում, որ սովոր եմ մենակ մնալ, ինձ դա հատկապես անհրաժեշտ է, երբ օպերային եմ նախապատրաստվում: Սկզբում ինձ հարկավոր է մեկուսանալ երաժշտությունը սովորելու համար, որովհետև դա առաջին բանն է: Հետո այդ հիմքի վրա պետք է դնել մտքում երգելը, լսելը՝ չգիտեմ, թե ոնց ասեմ, ի դեպ, երբեք չեմ էլ կարողացել սա բացատրել: Սա մի աշխարհ է մեր մեջ, մեր գլխում, մեր հոգում, բայց մենք ինքներս պետք է ստեղծենք այն: Իսկ երբ արդեն գիտենք խոսքերը, ուղեղում քիչ-քիչ ձևավորում ենք կերպարը, և արդեն մենք տեսնում ու զգում ենք նրան: Սա դառնում է ամբողջական հատված, հետո դրա վրա դու մշակում ես տարրեր, ինչ-որ հնարքներ, երաշժտական ֆրազներ: Այսպիսով, նախքան գլխավոր փորձը դու արդեն մոտավորապես գիտես, թե ինչ է պետք անել, որովհետև այն արդեն հասունացել է քո գլխում, քո հոգում, դու ունես դա, իսկ հետո կարելի է, ասենք, ինչ-որ ժեստ ավելացնել:

Մ. -Դուք մի լրագրողի ասել եք, որ ձեր կյանքը սկսվել է քառասուն տարեկանում:

Մ.Կ. -Ընդհակառակը, դա հիմարություն է՝ կյանքը չի սկսվում քառասուն տարեկանում: 

Մ. -Ուրեմն դուք դա չե՞ք ասել:

Մ.Կ. -Լրագրողներն ինչ ասես որ չեն գրում:

Մ. -Դուք կարդո՞ւմ եք թերթերում ձեր հասցեին հնչեցրած քննադատությունները: Դրանք ձեզ զայրացնո՞ւմ են:

Մ.Կ. -Դժվար է ասել: Ժամանակ առ ժամանակ պետք է լսել լավ և վատ քննադատությունը, որովհետև կան մեծ քննադատներ:

Մ. -Իսկ լսո՞ւմ եք ձեր ընկերների խորհուրդները:

Մ.Կ. -Մենք այնպես ենք ստեղծված, որ չենք կարող ընդունել անպարկեշտ ձևով տրված խորհուրդները: Օրինակ, ինձ չեն կարող գրավել կոշտ ու կոպիտ կերպով: Եթե ինձ խորհուրդ են տալիս սուր, կծու խոսքերով, ես դառնում եմ իսկական վայրենի, մինչդեռ բարությամբ ինձանից կարելի է ստանալ ամեն ինչ` խելակորույս լինելու աստիճանի:

Մ. -Երբ հետադարձ հայացք եք գցում ձեր անցած ուղուն, արդյո՞ք շատ բաներ կան, որ ձեր կյանքում չեք օգտագործել: 

Մ.Կ. -Կանանց բախտը շատ է բերել: Տղամարդիկ մեզ սիրում են ինչպես որ կանք ու մի բան էլ ավելի: Ասենք մենք՝ կանայք, խոսում ենք մտածելուց առաջ, ի դեպ, ես բացառություն չեմ: Ես կարծում եմ, որ կանայք շատ-շատ մեծ ուժ ունեն, որը չափազանց քիչ են գործածում՝ դա կանացիությունն է: Ես միշտ աշխատել եմ տղամարդու նման:

Մ. -Իսկ ձեր կյանքում կանացիության համար շա՞տ տեղ կար:

Մ.Կ. -Այո, և, բարեբախտաբար, հենց դրա շնորհիվ է, որ ես կարողացա ինձ թույլ տալ կերպարներ կերտել: Ես դրանք ստեղծել եմ, որովհետև շատ զգայուն եմ ու ինձ համար դա է կանանց առավել խոցելի կողմը: Ամբողջ աշխարհն է կանանց ոտքերի տակ, մենք ուզում ենք հրամայել ինչպես տղամարդիկ, հագնվել ինչպես տղամարդիկ:

Մ. -Ցանկություն ունե՞ք երիտասարդներին փոխանցել ձեր փորձը:

Մ.Կ. -Մտածել եմ այդ մասին: Ցանկության դեպքում նրանք կարող են սկսել սովորել նաև սկավառակներ լսելով: Ես ունեցել եմ Մադամ դե Իդալգո, Մաեստրո Սերաֆին, բայց ես աշխատել եմ այն ամենի վրա, ինչը նրանք են ինձ տվել, ինչը ինքս եմ զգացել: Իմ իմացածը ես բազմապատկել եմ: Բնականաբար, պետք է սիրել այն, ինչ անում ես, տոգորվել դրանով, միաժամանակ հարգելով ձայնը և ծառայելով կոմպոզիտորին: Սրանք այն բաներն են, որոնք մենք ինքներս պետք է անենք: Ակնհայտ է, որ երիտասարդները խորհուրդներ չեն ընդունում և չեն ուզում աշակերտների նման սովորել: Ահա, սա է:

Մ. -Դուք պնդում էիք, որ ձեզ ուղղորդել է ճակատագիրը:

Մ.Կ. -Ես շատ ֆատալիստ եմ: Իմ ճակատագիրը կփրկի ինձ՝ ուր էլ որ լինեմ, և այս հարցում այն անողոք է: Երբեմն ես երկյուղում եմ, որովհետև այն ինձ տվել է մեծ պարգևներ և մեծ հարվածներ: Մենք վախենում ենք կյանքի մատուցած մեծ և փոքր հարվածներից, և փառքն ինքնին վախեցնում է, որովհետև այն բնական չէ: Դու պետք է շարունակես անել այն, ինչով զբաղվում ես, ճակատագիրը, եթե այն իրոք գոյություն ունի, կգտնի քեզ: Այդժամ դու պետք է գիտակցես, որ դա է քո բախտն  ու ամուր բռնես այն: Նա, ով վախենում է, երբեք չի հասնի մեծ բարձունքների: Ես սկսել եմ որպես մի աղջնակ, որը ոչինչ չուներ, Ամերիկայից հայտնվել եմ Հունաստանում, տառապել եմ՝ պատերազմի ժամանակ բոլորն են տառապում, և ոչինչ չունենալով հանդերձ, Աստծո կամքով, ով ինձ երգի միջոցով արտահայտվելու և իմ ներաշխարհը հանդիսատեսին հասցնելու շնորհ է տվել, ես նշանավոր մարդ դարձա: Չունենալով ոչինչ՝ ես դարձա այն, ինչ հիմա եմ:

Ես շատ շնորհակալ եմ ճակատագրին և բոլոր այն հանդիսատեսներին, ովքեր կարողացան դժվար պահերին իմ կողքին լինել, այլ ոչ թե միայն փառքի ժամանակ: Հանդիսատեսը գրել է ինձ, պաշտել, հասկացել, ընդհանուր առմամբ, սիրել է ինձ, և դրա համար ես շատ երախտապարտ եմ: Այս աշխարհի հանդեպ ես միայն երախտագիտության զգացում ունեմ:

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը