Երգը հեղինակ ունի

Տարածված մի երգ կա` «Ալ ըլնեմ»: Բազմաթիվ հանրահայտ երգիչներ են կատարել այդ երգը.

Աղջի, երնեկ ալ ըլնեմ,

Թշիդ վրա խալ ըլնեմ,

Թուշդ պաչեմ զօր-գիշեր,

Սառցի նման հալ ըլնեմ...

Զանազան աղբյուրներում նշվում է, որ այս ստեղծագործությունը ժողովրդական է: Նույնիսկ Շարա Տալյանի և Վաղինակ Չաքմիշյանի`1966-ին կազմած «Երգարանում» ասվում է, որ «Ալ ըլնեմ»-ի բառերն ու երաժշտությունը ժողովրդական են: Բայց արդյո՞ք դա այդպես է:

1909 թվականին Թիֆլիսում լույս ընծայված «Գրականություն և կյանք» պարբերականի առաջին համարում հանդիպում ենք հետևյալ բանաստեղծությանը.

Աղջի, երնեկ ալ լինեմ,

Թշիդ վրա խալ լինեմ-

Թուշդ պագնեմ զօր-գիշեր,

Սառցի նման հալ լինեմ.

Ալ լինեմ,

Խալ լինեմ,

Սառցի նման հալ լինեմ։

Երնեկ նախշո՛ւն շալ լինեմ,

Վզիդ վրա ծալ լինեմ-

Վիզդ պագնեմ ամեն օր,

Կախվեմ, անգին լալ լինեմ։

Շալ լինեմ,

Ծալ լինեմ,

Կախվեմ, անգին լալ լինեմ։

Աղջի, երնե՜կ թառ լինեմ,

Թառի վրա լար լինեմ-

Գովքդ պատմեմ աշխարհին,

Քեզի համար յար լինեմ։

Թառ լինեմ,

Լար լինեմ,

Քեզի համար յար լինեմ։

Իբրև ստեղծագործության հեղինակ նշված է Հարություն Թումանյանի անունը:

Հարություն Թումանյանը (1869-1943) ճանաչված մտավորական էր անցյալ դարի առաջին կեսին: Հրատարակել է պիեսներ, բանաստեղծություններ, լեզվաբանական աշխատություն, նաև հայտնի մանկավարժ էր: Լայն տրածում գտած այս երգի բառերը նույնպես պատկանում են նրա գրչին: Եվ ուրեմն հեղինակի անունը մոռացությունից դուրս բերելն ու հիշատակելը ոչ միայն ազնիվ քայլ է, այլև անհրաժեշտություն:

 

Հովիկ Չարխչյան