Եվ եղաւ լոյսը

Ես սրտի դողով ձեռքս գրպանս եմ տանում և դարձյալ համրում եմ բառերը, ես ափերիս եմ դնում բառերը և հարևանցի հայացքով մանրամասն տնտղում դրանց:

-Բա´ռ, դու մի ափ երեխա ես, իսկ երեխաները ստել չգիտեն, երեխաները սիրե՛լ գիտեն: Ասա՛, բա´ռ, դու սկզբում էիր չէ՞, դու լույսի հետ էիր չէ՞, հզոր ես դու․

Ուրեմն՝ ա´ռ քո խորանին այս պատարագված պատմությունը և որպես հաղորդություն տուր ընթերցողին` ի քավություն և ի թողություն մեղաց։

 

***

Կարդացե՛ք իմ այս պատմությունը լույսի, գեղեցիկի, բարու, վսեմի մասին։ Սա է դուռը դեպի հաղթություն։ Ինչո՞ւ։ Որովհետև սերեր կան, որ պետք է աշխարհին ցույց տալ, որ աշխարհը վարակվի գնահատելու, ջերմություն տալու անբուժելի վարակով, որ վեհ հոգիներն ունեն։ Ուրեմն՝ կարդացեք իմ այս պատմությունը սիրելու կերպի մասին ու սուզվեք այդ քրիստոնեական կատարյալ սիրո մեջ։

Այս փլատակված ժամանակներում, երբ հայրենիքի դռան առաջ աղետն է նորից դարանակալել, Ուսուցիչն է ամենահզոր առաքյալը, պաշտոնյան ու բժիշկը, որ դարձյալ պիտի սրբագրի մեր ներաշխարհն ու մեզ Մեծ քաոսից դեպի խաղաղ ափեր հասցնի, իր աստվածաշնչյան ձեռքը դնի հայրենիքի հիվանդ զարկերակին և ապացուցի, որ կրթությունն է ամենաապահով խրամատը, ամենահարուստ զինամթերքը, ամենաանկաշառ ու արդար հրամանը: Հզոր հայրենիքի ու պետության առհավատչյաներից կարևորագույնը միշտ էլ հզոր ուսուցչի անտրտունջ ու անխոնջ գործն է, սակայն ժամանակի աղմուկը երբեմն չափից դուրս է մեզ խլացնում և արգելակելով մեր գնահատանքի «զգայարանները»՝ մեզ ստիպում է, ցավոք, ստվերել ուսուցչին: Բայց հավատացնում եմ, մոտ է հաղթանակը, որովհետև լույս է ծագել մարդկանց մտքում ու հոգում․ նրանք կարողանում են գնահատել, արժևորել, մեծարել սերունդների գլխավոր պատասխանատուին։ Մենք ունենք նրանց, ովքեր ամենահավատարիմ զինվորի պես իրենց խրամատում պայքարում են՝ հանուն ապագայի։ Այդ պայքարը հատկապես հաջողում է, երբ դասարան է մտնում մերօրյա լուսավոր մանկավարժ Գայանե Արշակյան-Բաղրամյանը։

Նրա անուն-ազգանունը ծանոթ կլինի ընթերցողին։ 2020 թվականի աղետները լռեցրին դպրոցական զանգերը։ Դասերը շարունակվում էին տանը՝ հեռավար միջոցներով։ Սա սպառնալիք էր հանրակրթության համար, քանի որ խաթարվել էր կրթության շարունակականությունը։ Այդ օրերին շատ աշակերտներ հանրապետության տարբեր ծայրերից ունկնդիր եղան Գայանե Արշակյան-Բաղրամյանի տեսադասերին։ Նրա ձայնը դարձավ դպրոցի զանգը։

Մշակութային միջոցառումների բազմազանության մեջ վերջերս առանձնահատուկ դարձավ Փոքր թատրոնի բեմին ծնված «Եվ եղավ լույսը» միջոցառումը: Սա խորագիրն է այն «փառատոնի», որի «մեղավորը» Գայանե-Արշակյան-Բաղրամյանն է`ուսուցիչ, կին, մայր և սրանց հանրագումարում`մի բաժին տիրամայր լինելով: Վաստակաշատ ուսուցիչ Գայանե Արշակյան-Բաղրամյանին ըստ ամենայնի գնահատելու և նրա ծնունդը վերստին փառաբանելու են եկել գործընկերները, ուսուցիչներն ու աշակերտները: Ամենօրյա «Հայր մեր»-ի պես է Ուսուցիչ գնահատելը, հայրենիքին տեր լինելու պես է, իսկ Գայանե Արշակյան-Բաղրամյանը հոգևոր հայրենիքի տանիքն իր ուսուցչական գործով արդեն երեսուն տարի ամուր ու աներեր է պահում:                 

Դեռևս տասնչորսամյա Գայանեն թղթակցում էր «Պիոներ կանչ»-ին, նախ`մորը նվիրված բանաստեղծությամբ, կատակ-հոդվածներով, իսկ հետո արդեն հատուկ առաջարկներով`ազգային դպրոցի հիմնաքարերն ամուր պահելուն ուղղված: Ինքն ասում էր`ժամանակն է, որ մինիստր բառը վերափոխվի նախարարի, իսկ կրոն առարկան աշակերտի ազգային խառնվածքը ձևավորելու գործում պարտադիր դառնա: Ասում են` ձմեռ է եղել, ցուրտ է եղել, մութ է եղել, իսկ Գայանեն, հոր ձեռքը բռնած, ճեղքել է ձմեռն էլ, ցուրտն էլ, մութն էլ, անցել է իր բաժին «Գողգոթան» և արդյունքում օրորոցային դարձել ազգային դպրոցի մանուկների համար: Իսկ այս ճանապարհին ուսանող Գայանեի հոգում պիտի անբեկանելի մնար ըմբոստությունը կրթական ոլորտում անազնիվ ու անարդարացի հանգամանքների առիթով, այն պիտի սկսվեր հրապարակում ու շարունակվեր մամուլում` իր քննադատական սուր աչքով ու անհանդուրժողականութամբ հասնելով մինչև կուսակցական անառողջ պայքարին: Տասնվեցամյա Գայանեն բարձրացնում է կնճռոտ հարցեր, սվիններով է կանգնած չարիքի դիմաց և վստահ ասում է, որ «Տուն-ինտերնատի» մասնաշենքը, որտեղ ապրում են ապերախտ զավակների կողմից լքված ծերեր, անհապաղ պետք է կառուցել․․․․ Ինքը ծնողապաշտ՝ ինչպե՞ս հանդուրժեր: Գրական անվան երկար որոնումների մեջ էր լրագրողը, առհասարակ ստորագրում էր իր անունով և հոր ազգանունով` Գայանե Արշակյան, հետո դա պիտի վերափոխվեր, դառնար «Գայանե Արշակունի» և մամուլում հանդիպեր պարբերաբար: Դեռ լրագրողական տարիներին ակնառու էր մանկավարժ լինելը. ոչ մի կրթական խնդիր չէր վրիպում Արշակունու աչքից: Չնայած լրագրող դառնալու անվարան երազանքին` ճակատագիրը նրան տարավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, և սա նախախնամություն էր:

Ազգային դպրոցի կառուցումը փայփայեց, իր գիրկն առավ և քարը քարին դնելով կառուցում է մինչև օրս` աշակերտներին ազգային պարերի, շարականների, բառի ու մայրական տաք գրկի հայրենիքում անընդհատ խնամելով ու բուժելով: Յուրատեսակ ու կարևոր միջոցառման ընթացքում խոսեցին Գայանե Արշակյան-Բաղրամյանի ուսուցիչները, գործընկերները, աշակերտները, զավակները` ևս մի անգամ հավաստելով նրա անփոխարինելի դերն ու արդեն իսկ թողած հետքը կրթության ոլորտում։ Սա ոչ միայն պետության և տարբեր հեղինակավոր կառույցների կողմից որպես գնահատանք տրված պատվոգրերի և հավաստագրերի մեծ շտեմարանով է որոշված, այլ նաև տարբեր տարիների աշակերտների ջերմ հուշերով, ի՛ր ուսուցիչների մարգարեական գնահատումներով, շատ ուսուցիչների ջերմագին ուղերձներով, իր մասնագիտությունը շատ աշակերտների ժառանգելու մեծազոր ունակությամբ։

...Ձմեռ է եղել, ցուրտ է եղել, մութ է եղել, բայց մի բաժին Տիրամայր է եղել, որ ցրել է խավարը և լույս նվիրելու հարցում անկասելի առատաձեռն եղել։ Ուրեմն` թող մեր ամենժամյա գնահատանքը, նվիրումը, ուշադրությունն ու սերը առ ուսուցիչ ամենահզոր աղոթքը լինի՝ «Տիրամորն ուղղված», և վերստին մկրտի մեր հայրենիքը։

 

Արման Վարդանյան