Եվրոպական ճակատագրով միավորված հանրություն

Ձայները, որոնք մեզ հետ հաղորդակցվում են Սուրբ Ծննդյան օրվա ողջույններով, ցանկանում են մեզ հավատացնել, որ կա Եվրոպա, կա հոգեւոր մարդկանց համայնք, որին ինչ-որ պահի ձայն կտան որպես իշխանություն, կընտրեն նրան` մարդասիրությունից եւ խաղաղության մղումից ելնելով, ինչը մինչ այժմ ծանոթ չէր պատմությանը: Կարո՞ղ ենք մենք վստահել: Եկեք խոստովանենք, որ նույնիսկ այն տարիներին, երբ արյուն էր թափվում, մենք ավելի ամուր էինք մեր հավատի մեջ, քան այսօր: Այն ժամանակ մեզնից ոմանց ժողովուրդների միջեւ ատելությունն ու տարաձայնությունը պատրանք էին թվում, եւ մենք հավատում էինք, որ գիտենք ճշմարտությունը, որ միասին, Աստծո կամոք, եղբայրական տանջանքների մեջ, պայքարում էինք աշխարհի եւ ոգու նորացման համար: Մեր լավագույններից մեկը` անմահացած Ռիխարդ Դեհմելը, որը հիսուն տարեկանում որսորդական հրացան եւ ուսապարկ վերցրեց, ավելի ուշ բացատրեց, որ ինքը ոգեւորված չէ պատերազմով, այլ ավելի շուտ ոգեւորված է ճակատագրով: Մեզնից ոչ մեկին ծանոթ չէր մեկ այլ ոգեւորություն, եւ դրա հիմքում ընկած էր ճակատագրի հանդեպ խանդավառությունը: Որպես գերմանացի` կարո՞ղ եք ասել` պե՞տք է թողնել այլոց` հաղթող մեծամասնությանը` խոստովանելու, որ պատերազմի ելքը` մի կողմի լիակատար պարտությունը եւ մյուսի ջախջախիչ հաղթանակը, դժբախտություն էր ոչ միայն մեզ համար, այլեւ` ամբողջ աշխարհի: Երբ հաղթող պետությունների մտավորականները բարեկամաբար ողջունում են մեզ, միթե՞ դա որոշ չափով արհամարհանք չէ հաղթողի նկատմամբ, որը բխում է ոչ միայն մեծահոգությունից, այլ նաեւ շահագրգիռ ոգեղեն համերաշխությունից, ինչը ցույց է տալիս, որ մարդկությունը ոչ մի տեղ չի կարող երջանիկ լինել: Ո՞վ է մեղավոր, որ Վիլսոնի սկզբնական պահանջը` խաղաղություն հաստատել առանց հաղթողների եւ պարտվածների, չիրականացավ: Հնարավո՞ր է, որ մտավորականները, որոնց ողջույնները մենք ստանում ենք այստեղ, «մեղքի հարցը» մեզ նման համարում են ավելի լուրջ եւ տանջալից, քան` պատերազմի բռնկման հավանականությունը:
Եթե ճիշտ է, որ Գերմանիան բաց է թողել պատերազմը ժամանակին եւ ընդունելի ձեւով ավարտելու հնարավորությունները, ապա նա ծանր մեղք է գործել իր եւ Եվրոպայի նկատմամբ: Բայց ամենածանր մեղքը, եվրոպական համերաշխության տեսանկյունից, նա գործեց, երբ նման անհաջողություններից հետո, հեղափոխական կերպով դուրս եկավ պատերազմից`վարվելով նույն կերպ, ինչպես «սահմանը հատած» պարզունակ կայսրը: Իբր մենք խոսում ենք հեղափոխության դեմ: Պատերազմն ինքնին հեղափոխություն էր. հեղափոխությունը պատերազմի իմաստն էր: Բայց հենց դա է պատճառը, որ հեղափոխությունը չպետք է հրաժարվեր պատերազմից եւ Եվրոպայից. Դեհմելի նամակներում կարելի է կարդալ, որ Եվրոպայում ապրող գերմանացին համաձայնել է այս տողերի հեղինակի հետ, երբ նա մեր ապստամբությունը կապիտուլյացիայի դեմ անվանել է եսասիրական փախուստ:
Ճակատագրով միավորված եվրոպական հանրության պաթոսը պատերազմի ժամանակ ապրելու ողբերգական շանս էր ընձեռում. նրա համար ավելի մահացու էին խաղաղության վախերը: Մենք ափսոսալու առիթ չունենք. նույնիսկ հաղթանակած պետություններում մտավորականների բողոքի ձայնը չի լսվում, քանի որ մեր ձախողումը նրանց դատապարտեց անզորության: Հաղթանակը նշանակում է ոգու ազդեցության բացակայություն. մենք դա գիտեինք:
Հասե՞լ ենք, արդյոք, համաշխարհային թշվառության ամենացածր կետին: Արդյո՞ք ամեն ինչ լիովին խափանվել է, որ միակ անմիջական ընտրությունը մնում է միավորման եւ կործանման միջեւ: Մենք հավատում ենք այն անծանոթ մարդկանց, որոնք իրենց եղբայրական ողջույններն են հղում տարվա ամենահայտնի եւ հուզիչ տոնակատարության`քրիստոնեության ծննդյան օրվա առթիվ: «Միջազգային» չեն համարում նրանց, ովքեր իրենց ձեռքերը մեկնում են մեզ, եւ ոչ էլ մեզ, ովքեր սեղմում են այդ ձեռքերը: Ոգին եւ արվեստը միջազգային չեն, չեն կարող լինել այդպիսին: Բայց մենք եվրոպացի ենք մեր համընդհանուր համակրանքի եւ բնածին բարոյականության շնորհիվ, ինչն էլ մեզ կապում է կյանքի եւ ապագայի հետ: Ի՞նչ առաքելություն կարող էր ունենալ արվեստագետը, եթե ոչ` ծառայություն կյանքին: Ինչպիսի՜ ոգի պետք է ունենա, եթե ոչ` ապագային սատարող: Պատերազմն այլեւս երբեք չպետք է լինի ինտելեկտուալ եվրոպացիների` ճակատագրով ոգեւորվելու աղբյուրը: Գուցե ճիշտ է, որ գերմանական ոգու առանձնահատուկ պատմությունը, որն արտահայտվել է ռոմանտիկ հակահեղափոխության մեծ փորձով, լուսավորության եւ օգտապաշտության դեմ բողոքով, մեզ հեռացնում է խաղաղության եւ երջանկության հանդեպ լավատեսությունից ու հավատից: Բայց գերմաներենը նաեւ «գործնական բանականություն» է, հնազանդություն` կյանքի պատվիրանին, եւ դա արձագանքում է որպես «խաղաղություն»: Մարդկության միավորման լուսավորչական գաղափարը, որն իր ամբողջ փորձով ներառյալ, վարկաբեկվեց ու ծաղրի ենթարկվեց, շահարկվեց, իրականում իբր պաշտպանված է իշխանության ղեկին գտնվողների կողմից եւ պարունակում է ուղղորդող ճշմարտության կորիզ, ինչը ոչ ոք հիմնովին չի կարող հերքել, եթե նույնիսկ դա ունի հոգեւոր, սկզբնական շարժառիթներ. դրան հնարավոր չէ հասնել` առանց վնասներ կրելու ոչ միայն սոցիալական, այլեւ` ներքին, հոգեւոր ոլորտում: Արտերկրի մեր ընկերները կարող են հավատալ, որ այդ ճանաչողությունը ձեւավորելու ժամանակն է: Չպետք է ագահորեն կուլ տանք այն դառը գազարը, որը փորձության ամեն մի օր առաջարկում է մեր պատմական հոռետեսությունը, քանի որ մեր ռոմանտիկ բնազդը կառչում է այդպիսի սնունդից եւ չի ուզում բաց թողնել այն: Կոռումպացված մտքին մենք պետք է հակադրենք մաքուր միտքը, քանի որ դրանով կհաստատենք, որ ավելի շատ ենք գերմանացի, քան հետամնաց պաշտամունքի եւ գաղափարների կրողները: Ի վերջո, կոռուպցիան մեզ գցեց մի դժբախտության մեջ, որին մաս չկազմելը անարժանապատիվ կլիներ: Հանուն սիրո եւ կյանքի մենք չպետք է թույլ տանք, որ մահը տիրի մեր մտքերին: Այդ կերպ մենք`կրթված Եվրոպայի ինտելեկտուալներս, լինելու ենք աշխարհի խիղճը, որի դեմ մի օր նա այլեւս չի համարձակվի գործել:
Ռիխարդ Դեհմել-գերմանացի գրող, բանաստեղծ: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո 1914թ. նա կամավոր մեկնեց ռազմաճակատ, 1916թ. վիրավորվեց, ինչի հետեւանքով էլ մահացավ 1920թ.:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի