Եկել է Զարյանի ժամանակը
Մի մեծարժեք արխիվի պատմություն
1962-ին, երբ Կոստան Զարյանը վերջնականապես վերադարձավ Հայաստան, հնամենի մեծ սնդուկներով իր հետ Երևան բերեց երկարամյա դեգերումների ընթացքում ստեղծված ամբողջ գրականությունը: Ամբողջը՝ սկսած էսսեներից, պոեմներից, վեպերից մինչև մի քանի հարյուր նամակներ: Վերջերս գրողի ժառանգների, նրա որդու՝ Արմեն Զարյանի զավակների՝ Սիրվարդ, Անայիս, Վալտեր և Արա Զարյանների համերաշխ որոշմամբ ընտանեկան մեծարժեք արխիվը նվիրաբերվեց Մաշտոցյան Մատենադարանին: Փոքր-ինչ անսպասելի այս որոշումը Զարյանի թոռը՝ Արա Զարյանը միանգամայն օրինաչափ է համարում: Վստահ է, որ հենց Մատենադարանն է ամենաարժանի վայրը, որտեղ պետք է պահվի իր մեծ պապի ժառանգությունը: Որոշակի իմաստով Զարյանի արխիվի պատմությունն էլ նման է ձեռագրատանը պահվող բացառիկ այն մատյանների ճակատագրին, որոնք անխուսափելի կորստից փրկվել են մեծ ջանքերի գնով:
Ֆրաու Մարիայի թաքստոցը
1962-ին Զարյանը Հայաստան եկավ Վազգեն Առաջին վեհափառի հորդորով ու հրավերով, որը նրա գրականության մեծ սիրահարն էր: Այդ ժամանակ, ըստ Արա Զարյանի, իր պապը մոտ 15-16 հատոր անտիպ գործեր ուներ, որոնք հրատարակելու խոստումն էր տվել Վազգեն կաթողիկոսը: Հասկանալի պատճառներով Վեհափառ Հայրապետը չկարողացավ իրականացնել Զարյանի հետ կապված իր ծրագրերը: Զարյանը դուրս էր խորհրդային գաղափարախոսության բոլոր կարծրատիպերից և կոմունիզմի հավատաքննիչներին անհաճո իր գրականությամբ տպագրվելու որևէ հնարավորություն չուներ: Եվ գրողի լավագույն գործերն իրենց ապահով հանգրվանը գտան որդու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի բնակարանում: Զարյանները բնակվում էին Աբովյան 17 շենքում, Կոստան Զարյանը 2-րդ մուտքի 3-րդ հարկում, իսկ որդին՝ 1-ին մուտքի 5-րդ հարկում: Արմենի կինը՝ ֆրաու Մարիան, իրենց խոհանոցում գտնվող մեծ սնդուկները, որոնցում պահվում էր Զարյանի ժառանգությունը, խնամքով քողարկել էր սփռոցներով: Եվ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ երևանյան սովորական խոհանցում պահված է ազգային գրականության բացառիկ մի ժառանգություն՝ Զարյանի անհայտ գործերը: Կոստան Զարյանը, ինչպես ԽՍՀՄ բոլոր օրինավոր քաղաքացիները, պետք է աշխատեր որևէ հիմնարկում, և նրան աշխատանքի էին ընդունել Գրականության և արվեստի թանգարանում՝ ԳԱԹ-ում: Գրողը հիմնականում տանն էր աշխատում, թանգարան հազվադեպ էր գնում, բայց այդ տարիներից առ այսօր ԳԱԹ-ում Զարյանից հիշողություններ են պահպանվել:
«Նավը լեռան վրա». Բոստոնի և երևանյան հրատարակություններ
Զարյանի վերադարձից հետո՝ 1963-ին Խորհրդային Հայաստանում լույս տեսավ նրա լավագույն՝ «Նավը լեռան վրա» վեպը, որ ազգային երազանքը մինչև վերջ կրելու գաղափարի խտացումն է: Լեռներով նավը տանելու, կովկասյան ամենաթեժ անցուդարձից մինչև Սարդարապատ հասնելու ճանապարհը և համազգային ողբերգության պայմաններում երազանքը փայփայելու զարյանական պատումը Երևանում հրատարակված տեսնելը երկար սպասված իրադարձություն էր: Վեպն առաջին անգամ լույս էր տեսել 20 տարի առաջ՝ Բոստոնում: Երևանյան հրատարակությունից անգամ 56 տարի անց ժառանգներն ափսոսում են՝ երանի չլիներ այդ հրատարակությունը: Արա Զարյանը հիշում է, որ պապի մահից հետո հայրը՝ Արմեն Զարյանը, մի քանի անգամ խնամքով բացել է հայրական սնդուկները. «Վերցնում էր ձեռագրերը, կարդում և երկար մտորելուց հետո տանում էր տարբեր խմբագրություններ: Այդպես էլ երբեք որևէ բան չհրատարակվեց: Բայց եթե անգամ ինչ-որ բան էլ ցանկանում էին տպագրել, ապա այնպիսի աղճատումներով, որ հայրս հետ էր վերցնում ձեռագրերն ու պնդում՝ կամ պետք է տպագրվի այնպես ինչպես գրվել է, կամ չպետք է հրատարակվի ընդհանրապես»: Զարյանների ընտանեկան արխիվում պահպանվել են «Նավը լեռան վրա» վեպի մեքենագրված այն էջերը, որոնց վրա կարմիրով գրառված են կուսակցական խմբագիրների բիրտ ցուցումները՝ այս պարբերությունը հանել, սա փոխել, սա՝ ջնջել: Զարյանը դեռ ողջ էր, երբ տպագրվեց գրքի խորհրդային առաջին հրատարակությունը: Իսկ առաջինը՝ Բոստոնի հրատարակությունը, հենց բնօրինակն էր, որը Զարյանն իր հետ բերել էր Երևան: Իր մանկության և պատանեկության ամենատպավորիչ հիշողություններից մեկը Արա Զարյանը համարում է այն գաղտնի շրջանառությունը, որով «Նավը լեռան վրա» վեպի բոստոնյան օրինակը ձեռքից-ձեռք էր անցնում Երևանում: Ժամանակի հայտնի մտավորականները, Զարյանի բարեկամներն ու ընկերները հենց նրանից խնդրում էին վեպի բոստոնյան օրինակը, թաքուն կարդում և հետո էլի վերադարձնում էին Մաեստրոյին: « Երբ լույս տեսավ «Նավը լեռան վրա» գիրքը՝ ամբողջությամբ աղավաղված, այդ ժամանակ միայն պապս հասկացավ, որ լավ է, որ իր գրքերը չհրատարակվեն այդ շրջանում և այդ ամբողջ գրականությունը ի պահ տվեց հորս: Իսկ հայրս միշտ ասում էր՝ գալու է Զարյանի ժամանակը, Զարյանին կարդալու ժամանակը դեռ առջևում է: Ես մի երազանք ունեի՝ որ ամբողջությամբ հավաքվի և ոչնչացվի վեպի՝ խորհրդային շրջանում հրատարակված տպաքանակը և ապա միայն Երևանում հրատարակել, այսինքն վերահրատարակել «Նավը լեռան վրա» վեպի բնօրինակը՝ Բոստոնում արված առաջին տպագրությունը: Հիմա շատ երախտապարտ եմ Երվանդ Տեր-Խաչատրյանին, որ այս վերջին 15 տարիներին, ամեն տարի գրեթե մեկ գիրք հրատարակել է: Ես արխիվից հանում եմ նյութերը, միասին քննարկում ենք, ինքը խմբագրում, սրբագրում է, ծանոթագրություններ է անում: Այդպես մոտ 10 գիրք արդեն հրատարակել ենք: Եվ մի քանի տարի առաջ վերջապես Երևանում, Զարյանի հայրենիքում հրատարակվեց «Նավը լեռան վրա» վեպը՝ այնպես ինչպես գրված է բնօրինակում: Իրականացավ գրողի ցանկությունը, որ վեպի հեղինակային օրինակը հրատարակվի իր հայրենիքում, այլ ոչ թե՝ Ամերիկայում», - պատմում է Արա Զարյանը:
Զարյանի նամականին
Կոստան Զարյանը ստացավ լավագույն կրթությունը, որ կարող էր ստանալ ցարական բանակի գեներալի ընտանիքում ծնված հայ երիտասարդը: Փարիզի Սեն-Ժերմեն քոլեջում, Բելգիայում և Վենետիկում՝ Մխիթարյան հայրերի մոտ, նրա աշխարհայացքը ձևավորվեց եվրոպական առաջադեմ կրթական ավանդույթների ազդեցությամբ: Ստեղծագործական ճանապարհի հենց սկզբում նա ջերմ բարեկամությամբ ու ընդհանուր արժեքներով կապվեց իր ժամանակի Եվրոպայի ամենամեծ մտածողների ու ստեղծագործողների՝ Վերհառնի, էլուարի, Լորկայի, Մոդիլիանիի, Պիկասոյի, Ռեսպիգիի հետ: Տարիներ շարունակ նրանց անմիջական շփումները շարունակվում էին նաև նամակագրությամբ: Իր մահից առաջ՝ 1992-93թթ.Արմեն Զարյանը փորձել է հավաքել, ընտանեկան արխիվում մեկտեղել նաև հոր նամականին՝ համաշխարհային մշակույթի հսկաների հետ նրա նամակագրությունից պահպանված մոտ 365 նամակներ: Սա գրողի մեծածավալ նամակագրության մի մասն է միայն՝ բոլորը բնօրինակներ: Գրեթե 7 տասնամյակ Զարյանը նամակագրություն ուներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող իր ընկերների հետ, որոնց հետ շփվում էր իրենց մայրենի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, արաբերեն, ռուսերեն, գերմաներեն և հայերեն: Այս նամականին Զարյանի կենսափիլիսոփայության բանալին է, նրա մտքերն ու գնահատականները քաղաքականության, գրականության, փիլիսոփայության մասին: Բայց սա դեռ ամբողջը չէ: Նամակների մի մասը Կանադայում է, որոշ մասը՝ Իտալիայում, մի զգալի մասն էլ 92 թվականից պահվում է ԳԱԹ-ի արխիվներում: Երբ փլուզվում էր խորհրդային կայսրությունը, Զարյանի ժառանգները տագնապած էին իրենց մեծ պապի արխիվի համար: Եվ Հայաստանից հեռանալիս նամականու որոշ մասն իրենց հետ տարան՝ մինչև ավելի լավ ժամանակները, մինչև կգա Զարյանի ժամանակը: Տասնամյակներ շարունակ պահպանված թանկարժեք ժառանգությունը հանձնելով Մատենադարանին, Արա Զարյանը փաստում է՝ իրականացավ Արմեն Զարյանի կանխատեսումը՝ այսօր եկել է Զարյանի ժամանակը: