Ելույթ

Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 62 տարեկան: «ArtCollage»-ը ընցերցողներին է ներկայացնում նրա անհայտ պատմվածքներից մեկը՝ «Ելույթը», որը տպագրվել է 1988 թ. սեպտեմբերի 13-ին, «Արարատ» թերթի «Արահետ» երիտասարդական հավելվածում: Պատմվածքը «ArtCollage»-ին է տրամադրել Հովիկ Չարխչյանը:

***                                       

-Կարևորագույն հանձնարարություն, - աչքալուսանքի նման հեռախոսեց շրջկոմի հրահանգիչը, և գաջի մեր գործարանի կոմսոմոլի քարտուղարը նրա հրահանգից ամպրոպի ու «Կոնսուլ» օծանելիքի հոտ առավ: Մարմնով սարսուռ անցավ: -Առաջինի հրահանգն է, -երկրից մեկեն երկինք հասավ հրահանգիչը: -Շուտ շրջկոմ արի:

Մեր քարտուղարին լարել-թողել էին. հերթապահ փաստաթղթերը հավաքելը, բանվորական ավտոբուսը բերման ենթարկելը, գոտին ու փողկապը փոխել - Առաջինի գոտուց ու փողկապից կապելը մի քանի րոպե տևեց: Մնացյալը վարորդի գործն էր. «Աչքդ բացես-փակես, քեզ տեղ հասցնեմ, քարտուղար ջան: Մեր տղի կուսակցության հարցը ե՞րբ ես լուծելու: Անդամավճարը, գիտես չէ՞, կանոնավոր մուծում է...»:

Հանձնարարությունը, պարզվեց, գերկարևորագույն էր. առաջիկա պլենումի համար գաջագործ առաջավոր, գեղեցկատես, անբասիր կենսագրությամբ, միջահասակից քիչ բարձր, միջնակարգ կրթությամբ, ձայնի մեղմ հնչերանգով բանվորի ելույթ պիտի պատրաստվեր:

Ուղիղ 5 րոպե տևողությամբ: Նախաբանով, որ հրահանգիչը թելադրեց, նախորդ պլենումի լույսով կատարած ու գերակատարած պլանների պանծալի թվերով, առաջավորների անուններով, երկու կետից բաղկացած պրոբլեմով, դիմումով, խոստումով, շնորհակալությամբ, հավասիացումով: Եթե ավելացնենք նաև, որ մինչև պլենում հազիվ 1,5 ամիս ժամանակ էր մնում, մեր խեղճ քարտուղարի վիճակի օրհասականությունը լրջախոհ մարդկանց հասկանալի կդառնա:

Արտադրամասերի կեղտից ու փոշուց փախած 40-ից ավելի մարդ՝ ակտիվը, լավ հասկանալով խնդրի ողջ պատասխանատվությունը, քարտուղարի զով ու փափուկ առանձնասենյակում խորհրդակցեցինք երկուսից ավելի ժամ: Լսեցինք, ելույթներ ունեցան, որոշեցինք.

Ելույթի նախապատրաստման աշխատանքները դրվում են կոմիտեի քարտուղարի ու իր տեղակալի վրա, իսկ ելույթ ունենալու համար համապատասխան ընկերոջ որոնումներով զբաղվում են ակտիվիստները: Յուրաքանչյուրս, օգնության կարգով, ներկայացնում է նախորդ պլենումից, նախորդ տարվանից, նախորդ քարտուղարից իր մոտ եղած ելույթները: Ով ինչ ունի: Ելույթի նախապատրաստման աշխատանքներն ավարտում ենք ժամկետից թվով 4 օր շուտ՝ ի նշանավորումն մելիորատորի օրվա:

Չար լեզուները ասում են, իբր մեր քարտուղարը ելույթ գրել չի կարողանում, նրան օգնում է ոմն եսիկյանը, որ, ասում են, մսաղացի նման վերնագիրն առնում է բերանը, աղում-շաղախում-համեմում ու ետ տալիս: Եսիմ... այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված մեր քարտուղարը աջթևային Մարայի հետ 8-9 օր իր աշխատասենյակում փակված: Ինչ որ է՝ հոյակապ ելույթ էր շինել մարդը: Մնայուն արժեք էր. որ ժողովում ուզես կարդա, քանի տարի անց ուզես կարդա՝ ոչ ոք չի կարող ասել՝ աչքիդ վերևը ունք կա: Մնում էր դիրեկտորի հետ համաձայնեցնելը:

Դիրեկտորը, սակայն, չհամաձայնվեց: «Միայն առանց անունների: Գովում ես, ճիշտ է, բայց որ վաղը մի վատ բան պատահի, մեկն ու մեկը, ասենք, գնա տուրիստ ու հետ չգա, բա մեր օձիքից չե՞ն բռնի. Դուք էդ ո՞ւմ եք գովում»: Երբ դիրեկտորի դիտողությունների լույսով ելույթը վերջնական տեսքի եկավ, շրջկոմից արդեն ահազանգել էին: Սիրված հրահանգիչը կարդաց և ելույթը հիմնականում չհավանեց. «ինչ-որ բան պակասում է»: «Ինչ-որ բանի» որոնումների վրա գումարվեց ևս մեկ խորհրդակցություն, մոբիլիզացվեցին լրացուցիչ ուժեր արհմիութենական շտաբից, բռնվեց-ձգվեց «կիսամյակը 4 ամսում ավարտելու» պոչը, և մեջտեղ եկան հարակից այնպիսի միջոցառումներ ու հավաստիացումներ, որ կզարդարեին ցանկացած ելույթ ու զեկուցում: Հրահանգիչները, ոչինչ, դժգոհ չէին: Իսկ երբ «լավատեսության պակասն» էլ տեղն ու տեղը լրացվեց «գործարանի ողջ երիտասարդության անսասան հավատով դեպի պայծառ ապագան» ու լմնցավ «ջերմ ու բոցավառ ողջույններով», ելույթը՝ կլորիկ, թմբլիկ, ճանապարհ հարթեց մինչև բաժնի վարիչի բաղձալի գրասեղան: «Ցցուն է,- ասաց բաժնի վարիչը,- հարթել, տեսքի բերել»: Ինչպիսին էլ լիներ ելույթը, բաժնի վարիչը չէր հավանելու: Իհարկե: Աշխատավարձ է ստանում մարդը: Եվ, բացի այդ, պիտի ստիպի, որ իրեն հարգեն, տեղն իմանան: Մեր քարտուղարն էլ, սակայն, միամիտներից չէր: Չհրկիզվող պահարանում մեկ շաբաթ պահեց, թե՝ «ձեր ցուցումների լույսով ելույթը հիմնավորապես վերակառուցում եմ» խստորեն նշված ժամկետից էլ 2 օր ուշացրեց, և երբ նույնությամբ ներկայացրեց, բաժնի վարիչը գոհ էր. «Տեսնո՞ւմ ես, թե ինչ է նշանակում ավագ ընկերների խորհրդին հետևելը»: Այնուամենայնիվ, նկատեց, որ ելույթում չեն լուսաբանված ամուսնալուծված կանանց հետ տարվող աշխատանքները...

Երբ ելույթը հասավ պլենումի համար պատասխանատու քարտուղարին, կարևորագույն զանգահարումից անցել էր ուղիղ մեկ ամիս: Մեր քարտուղարն ստացել էր քրտինքով վաստակած 240ռ. աշխատավարձ: Քիչ էր, աշխատանքի դիմաց, իհարկե, քիչ էր: Եթե թուղթը, մեքենագրելն ու շրջկենտրոն գնալ-գալը փողով լիներ՝ մի այդքան էլ հարկավոր էր ծախսերը փակելու համար: 34-րդ անգամ նույն բանը մեքենագրելուց հետո մեքենագրուհուն տեղափոխել էին հոգեբուժարան, իսկ պլենումի պատասխանատու քարտուղարն ասաց, որ «ելույթը շատ հարմար է... աղբարկղը նետելուն»: Մեր քարտուղարը պիոներիայի բովով անցած, կոփված տղա էր, մեքենագրուհու բախտին չարժանացավ: Թևերը քշտեց, մոբիլիզացրեց ներքին բոլոր ռեզերվներն ու նոր եռանդով գործի անցավ: Նույն բանը պահանջեց նաև մեզնից: Բազմաբնույթ, լայնածավալ ու բազմաէտապ աշխատանքը սկսվեց նորից՝ 0-ից: Նոր մեքենագրուհին, սակայն, աշխատանքից ազատման դիմում տվեց արդեն 5-րդ օրվա վերջին... պլենումին մնացել էր մեկ շաբաթ, իսկ մեր ելույթը դեռ ընդունված չէր: Մեր քարտուղարը բյուրոյով նկատողություն ստացավ և ի ցույց դրվեց: Աշխատանքներն արագացնելու նպատակով շրջկոմից մեր կոմիտեին կցվեց ամենափորձառու հրահանգիչը, և մեկեն պարզվեց մեր պայքարի ողջ սխալականությունը. հարկավոր էր ուղղակի վերցնել նախանցյալ տարվա օգոստոսյան պլենումի մեր բանվորի ելույթը, թվերն ու անունները փոխել և նկատողության փոխարեն շնորհակալության արժանանալ: Ինչ որ է՝ ելույթը կազմակերպվեց: Մնում էր մնացածը. ով և ինչպես պիտի մատուցեր բարձր ամբիոնից: Մեզանից ոչ ոք այդ բախտին չարժանացավ. Մեկիս սեռը չհամապատասխանեց, մեկելիս քեռու դատվածությունը խանգարեց, մյուսներիս անունները՝ Աստվածատուր – որից անիծյալ անցյալի հոտ էր գալիս, Անդրանիկ, որ չէր խթանում ազգերի ինտերնացիոնալիստական բարեկամությունը... Երկար որոնեցինք, քրքրեցինք բոլոր քարտարանները, փնտրեցինք բոլոր արտադրամասերում, վերջապես երեք տարեկան  երինջի պնդությամբ ու խանդավառվածությամբ մեկին գտանք: Լալազար անունով: Միջնակարգ կրթություն չուներ. Ենթաշեֆ հեռակա դպրոցից երկու ժամվա մեջ մի ատեստատ դրստեցինք, ելույթը տվեցինք ձեռքը, փակեցինք քարտուղարի սենյակում. «Կարդա, ջուր արա»: Օրվա վերջում հավաքվեցինք ընդմիջմանը հրամցրած խորովածի ու գարեջրի «հաշիվն առնելու»՝ մարդավարի չկարդաց ձրիակերը: Լավ էր, դեռ չորս օր ժամանակ կար, չորս օր Լալազարն ազատվեց աշխատանքից՝ օրը քառասուն բերան ելույթը կարդալու պայմանով: Հաջորդ օրը ելույթը, կարդացողով, հրավիրվեց շրջկոմ: Շրջկոմում, իհարկե, դժգոհ մնացին և պատվիրեցին օրական քառասուն բերանը դարձնել 57 բերան՝ ի նշանավորումն ինչ-որ հնդիկ հեղափոխականի ծննդյան 57-ամյակին: Լալազարի վրա մեր կոմիտեից հսկիչներ նշանակվեցին: Երեք օրվա մեջ Լալազարի խանդավառությունից ոչինչ չմնաց, բայց արտահայտիչ կարդալ, ի վերջո, սովորեց: Մեր քարտուղարը միացրեց վայրկյանացույցը, և Լալազարն սկսեց… ուղիղ 5 րոպե 28 վայրկյան: Հաշվեցինք, որ 28 վայրկյանը Լալազարը ծախսում է 44 բառ արտասանելու վրա: Խորհրդակցեցինք շրջկոմի հետ և մեզ չվստահեցին, ելույթից 44 բառ կրճատելու համար համապատասխան հրահանգիչ ուղարկեցին: Պլենումի նախօրյակի իրիկուն-գիշերով, գլխավոր փորձի ժամանակ, հենց պլենումի դահլիճում ու պլենումի բարձր ամբիոնից մեր Լալազարի ելույթը բոլորին էլ գոհացրեց: Մեր քարտուղարը երջանկությունից փայլատակում էր. հրահանգիչ դառնալու դժվարին ճանապարհին մի մեծ լոք էր արել:

… Մուրազը սրտում էլ մեռավ խեղճը: Հենց նույն գիշեր, ավտովթարից, երբ գլխավոր գերագույն փորձից տուն էր դառնում: Շիրիմի վրա գրել ենք. «Եթե նա մնար ու ղեկավարեր, ինչ հրաշալի հրահանգիչ կլիներ…»: Ինչ արած, մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում: Նման ելույթ շինելուց հետո կարելի է հանգիստ ննջել մայր հողի գրկում: Հետնորդներն էլ իրեն չեն մոռանա: Առնվազն երկու սերնդի կարդալու ելույթ թողեց մարդը: Որ ժողովում ուզեն՝ կկարդան: Ափսոս միայն, որ մեր Լալազարին այս պլենումում ձայն չտվեցին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լալազարը, ճիշտ է, քաղաքականապես շատ է զարգացել, այնուամենայնիվ, չկարողացավ հասկանալ, թե ինչ ասել է. «Ձեր ելույթը էն գլխից ռեզերվային ցուցակում էր, ընկեր Լալազար, եթե հիմնական ելույթ ունեցողներից մեկնումեկին բան պատահեր՝ դուք ռեզերվում առաջինն էիք…»

Ղավուրմացու հորթի նման աչքերը չռել, ապշահար նայում էր: Առաջինը թփթփացրեց ուսին. «կարևորն այն է, որ ակտիվը ճանաչեց որպես ընկերոջ, որ ժամանակին և մեծ պատասխանատվությամբ է կատարում իր վրա դրված բոլոր պարտականությունները: Լծվեք ընդհանուր գործին, սիրելի Լալազար, ելույթը՝ ձեզանով մեզ դեռ շատ է պետք գալու»:

 

Վազգեն Սարգսյան