Դիսնեյի ժառանգության հայազգի փրկիչը՝ Ջոն Բասմաջյան

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան իշխանությունները որոշեցին Ուոլթ Դիսնեյի ստուդիայից հեռացնել և ոչնչացնել մուլտֆիլմերում արդեն օգտագործված ամբողջ նկարչական արխիվը՝ մտածելով, որ դրանք արժեք չունեն: 1930-ականներից սկսած մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը միայն Դիսնեյի ստուդիայում ստեղծված միլիոնավոր ստեղծագործություններից քչերն են պահպանվել։ 1984-ին Դիսնեյի ստուդիան հայտարարել է, որ 1945-ի վերջին, ամենահամեստ հաշվարկներով, ոչնչացվել է ավելի քան 20 միլիոն էսքիզ և նկար: Իրականում այդ թիվը հավանաբար եղել է մոտ 160 միլիոն, եթե հաշվի առնենք, որ Դիսնեյի մուլտֆիլմի մեկ րոպեանոց Իրականում այդ թիվը, հավանաբար, եղել է մոտ 160 միլիոն, եթե հաշվի առնենք, որ Դիսնեյի մուլտֆիլմի մեկ րոպեանոց կադրը բաղկացած է մոտ 5700 նկարից:


Սակայն դիսնեյյան մուլտաշխարհի ուրվանկարների, ֆոնային պատկերների, պատկերաշարերի հարյուրավոր նմուշներ անդարձ վերացումից փրկվել են ստուդիայի աշխատակից մի հայորդու՝ Ջոն Բասմաջյանի շնորհիվ։ Ստուդիայի մի քանի համախոհների հետ հասկանալով անիմացիոն արվեստի՝ որպես ամերիկյան նոր կերպարվեստի արժեքը, Բասմաջյանն այդ հատուկ արվեստին կարելվույն չափ տեր է կանգնել ապագա սերունդների համար: Նրա մոտ հավաքվել են մուլտիպլիկացիոն արվեստի մեծ քանակի նմուշներ, շատ ավելի, քան ժամանակին որևէ մեկի մոտ...


Ջոն Բասմաջյանը (1899–1989) ծնվել էր Նյու Ջըրսի նահանգում: Ծնողներն Ամերիկա էին գաղթել 1895-ին՝ Օսմանյան կայսրությունից, համիդյան կոտորածներից հետո: Արհեստով մետաքսագործ հայրը՝ Թովմաս Բասմաջյանը, ծագումով Տիգրանակերտից էր (այժմ՝ Դիարբեքիր), ունեցել է վեց եղբայր, որոնցից մեկը նույնպես արտագաղթել է ԱՄՆ, մեկը՝ Լիբանան, իսկ մյուսների ճակատագիրը մնացել է անհայտ։ ԱՄՆ-ում հանդիպելով և ամուսնանալով Լյուսյա Զայիլյանի հետ՝ ունեցել է երեք որդի։ Թովմասը բացել է կարի արհեստանոց, որտեղ ավագ որդին՝ Ջոնը, մանկուց օգնել է իրեն։ Լինելով չափազանց եռանդուն և աշխատասեր՝Ջոնը մանկուց մշտական շարժման մեջ էր։ Եղել է հմուտ լողորդ և բռնցքամարտիկ, աշխատել է նավի վրա և Նյու Յորքի «Օսգուդ» գովազդային ընկերությունում, որը մասնագիտացած էր հագուստի նորաձևության մեջ, իսկ երեկոյան հաճախել է նկարչության դասընթացների: Մի փոքր ուշ Բասմաջյանը հաճախել է նաև Նյու Յորքի Գեղարվեստի ուսանողների լիգա, որտեղ սովորել էին ժամանակի ճանաչված նկարիչներից շատերը։ Նրան հատկապես ներշնչել է Ջոզեֆ Քրիստիան Լեյենդեքերի արվեստը, ամսագրերի շապիկների և գովազդների նրա նկարազարդումները։


1930-ականների սկզբին Ջոն Բասմաջյանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հանդիպել է 58 տարվա իր կյանքի ընկերուհուն՝ Էդնա Լի Ֆոքսին։ 1933-ին ծնված դստերը մոր պատվին կոչել է Լյուսյա, իսկ 1941-ին ծնված որդուն՝ Ջոն Օրին։ Աշխատել է Ռիչֆիլդի նավթի ընկերության գրաֆիկական արվեստի բաժանմունքում, իսկ նրա փակումից հետո՝ կինոստուդիաներում։ Նա է ձևավորել «Ռեփաբլիք» կինոստուդիայի խորհրդանիշ արծիվը, որը երևում է ստուդիայի արտադրած ֆիլմերի սկզբում։ Սակայն Ջոնը, լինելով հռչակավոր Ուոլթ Դիսնեյի ջերմ երկրպագուն, վաղուց երազել է աշխատել նրա ստուդիայում, և այդ հնարավորությունը նրան ընձեռվել է 1939 թվականին։ Աշխատանքի անցնելով Բըրբանքի Բուենա Վիստա փողոցում գտնվող Դիսնեյի ստուդիայում՝ Ջոն Բասմաջյանը հազիվ թե իմանար, որ այս աշխատանքը փոխելու է իր և ընտանիքի ամբողջ կյանքը... Արագ հմտանալով գործի մեջ՝ Բասմաջյանը դարձել է Դիսնեյի մուլտիպլիկատորների խմբի անդամ։ Հատկապես մտերմացել է նկարիչ Ուորդ Քեմբալի հետ, որի անունը երևում է Դիսնեյի դասական դարձած ֆիլմերի մեծ մասում։


Երբ ԱՄՆ-ն միացել է Երկրորդ աշխարհամարտին, կառավարությունը գրավել է Դիսնեյի ստուդիան՝ այն վերածելով ռազմական հենակետի: Մինչև անգամ զինամթերք են պահել ավտոկայանատեղիում և որոշ շենքեր օգտագործել են որպես զորանոց, քանի որ ամերիկացիները նախապատրաստվում էին դիմակայել Հարավային Կալիֆոռնիա ճապոնացիների արշավանքին։ Ստուդիան սկսել է ուսումնական ֆիլմեր պատրաստել ռազմական նպատակներով։ Ի թիվս այլ աշխատանքների, Ջոն Բասմաջյանին հանձնարարվել է աշխատել մայոր Ալեքսանդր Պ. դե Սեվերսկիի «Հաղթանակ օդուժի միջոցով» գործի էկրանավորման վրա, մասնավորապես պատասխանատու լինել պատկերվող քարտեզների և օդային ուղիների համար:


1945 թվականի մի օր Ջոն Բասմաջյանը մի անգամ տուն գալով՝ հետը բերել է մի շարք նկարներ ու սրտնեղած ասել է կնոջը. «Չե՛մ կարող հավատալ, չե՛մ կարող: Նրանք արխիվից դեն են նետում՝ ինչ կարող են։ Նրանց կարծես ավելի շատ տեղ է պետք, քանի որ կառավարությունը վերցրել է ստուդիան: Մեզ ասացին, որ եթե ուզում ենք, կարող ենք իջնել նկուղ և էլի նկար վերցնել, քանի դեռ բոլորը չեն թափել»: Հայազգի նկարիչը գործի գլուխ է կանգնել՝ չկարողանալով անտարբեր նայել, թե ինչպես կարող են անդարձ կորչել այդ ահռելի քանակությամբ նկարները՝ թեկուզև առանց դրամական մեծ արժեքի և քայքայման վիճակում։ Գիտակցելով դրանց արժեքն ամերիկյան կերպարվեստի և մուլտիպլիկացիայի պատմության համար՝ նա շարունակել է նկարները տանել իր տուն, տեսակավորել ու մեկ առ մեկ զբաղվել դրանց մշակմամբ։ 1945-ից ի վեր, երեսունից ավելի տարիների ընթացքում Բասմաջյանն անվտանգ և արդյունավետ միջոցներ է ձեռք առել այդ նկարների պահպանման համար՝ զետեղելով դրանք ապակեպատ շրջանակների մեջ։ Նկատի ունենանք, որ այդ ժամանակաշրջանում անգամ ԱՄՆ-ում բավականաչափ զարգացած չէր նկարների պահպանման տեխնոլոգիան...


Երբ 1970-ականներին Դիսնեյի ստուդիան պաշտոնապես բացել է իր արխիվը, դիմել են Բասմաջյանին՝ խնդրելով վերադարձնել նմուշների մի մասը, քանի որ իրենց մոտ մնացել էր ընդամենը 50 նմուշ։ Բասմաջյանը քաղաքավարի կերպով մերժել է, սակայն նշել է, որ հարկ եղած դեպքում ուրախ կլինի ստուդիային տրամադրել ցանկացած նյութ՝ հետազոտման կամ հղման նպատակով։


1984 թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի «Քրիսթիզ Իսթ» նշանավոր աճուրդում նախատեսվել է վաճառքի հանել նաև Բասմաջյանի հավաքածուն: Սակայն Դիսնեյի ստուդիան աճուրդը դադարեցնելու հայց է ներկայացրել դատարան՝ պատճառաբանելով, որ այդ գործերը ստուդիայի սեփականությունն են և ապօրինի են անցել Բասմաջյաններին։ Դատի մասին ստուդիան Ջոն Բասմաջյանին ծանուցել է աճուրդից ընդամենը չորս օր առաջ: Ջոնի առողջությունը թույլ չի տվել մեկնել Նյու Յորք՝ աճուրդին կամ դատավարությանը, ուստիև նրան փոխարինել է որդին։ Դատարանը մերժել է ընթացք տալ գործին՝ արձանագրելով,որ նկարները դրամական արժեք չեն ներկայացրել մի ստուդիայի համար, որը չի ունեցել իր նյութերը խնամքով պահպանելու քաղաքականություն։ Աճուրդը տեղի է ունեցել, Բասմաջյանի հավաքածուից վաճառվել է մոտ 400 նմուշ՝ հաստատելով այն գաղափարը, որ անիմացիոն արվեստը, մասնավորապես Դիսնեյի ստեղծածը, ամերիկյան կերպարվեստի իսկական և մաքուր ձև է: Ջոնն իրեն բավարարված է զգացել և չի լսել իր իրավաբանների հորդորը՝ դատի տալ ստուդիային իրեն զրպարտելու համար։ Նա ծեր էր և սրտի լուրջ խնդիր ուներ, ուստիև նախընտրել է իր վերջին տարիներն անցկացնել առանց հավելյալ ցնցումների:


Ջոն Բասմաջյանը վախճանվել է 1989 թվականի հունվարի 22-ին, 89 տարեկան հասակում... Սերունդները պահպանում են նրա հավաքածուն, գործում է նրա կյանքն ու ժառանգությունը ներկայացնող կայքէջ, իսկ նրա շնորհակալ գործը մշտապես ակնածանքով են հիշում Դիսնեյի արվեստի պատմության հետազոտողները...


Հեղինակ՝ Արծվի Բախչինյան