Դալմայի այգիներ այլևս կարող են մուտք գործել միայն պահպանության նպատակով

20-ամյա ընդմիջումից և վերջին տարիների տևական պայքարից հետո Դալմայի այգիներին վերադարձվեց պատմամշակութային հուշարձանի կարգավիճակը: Մինչև 2000թ. Դալմայի այգիներն ընդգրկված էին Հայաստանի բնության պետական հուշարձանների ցանկում, սակայն մայրաքաղաքի իշխանությունը չեղյալ համարեց այգու հուշարձանի կարգավիճակը և հուշարձանի տարածքում քաղաքաշինական ծրագրերի իրականացման արտոնություն տվեց: Ավելի ուշ՝ 2004 թվականին հանրապետության նախագահը վավերացրեց կառավարության 1941-Ա որոշումը` «Երևանի Դալմայի այգիների պահպանման և նպատակային փոփոխության ենթակա սահմանների մասին»: Այն նախատեսում էր այգու պահպանված 750 հա գոտուց որպես կանաչապատ այգի թողնել ընդամենը 256-ը` այն վերածելով անտառային գոտու: Արդյունքում Երևանի քաղաքապետարանը աճուրդի հանեց այգու հողակտորները` համաձայնություն տալով այգիների կառուցապատմանը: Ըստ էության ոչնչացվեցին լավագույն բերրի հողերը: Այս գործընթացին զուգահեռ լրջորեն վտանգվել ու նաև վնասվել են այգու տարածքում գտնվող հուշարձանները, որոնցից վերջինի ոնչնչացման մասին ահազանգը մշակույթի նախարարությունը ստացել է 2019 թ. նոյեմբերի 16-ին: Դալմայի այգիների տարածքում կառուցվող ժամանցային կենտրոնի շինարարության հետևանքով լիովին ոչնչացվել է 18-19-րդ դարերին վերագրվող՝ գրեթե 200-ամյա մի հնձան: Մշակույթի փոխնախարար  Նարինե Խաչատուրյանը ցավով է արձանագրում, որ երբ ստացել են ահազանգը հնձանն արդեն ամբողջությամբ հավասարեցվել էր հողին.

- Մեր քաղաքացիներն անմիջապես ահազանգեցին մեզ այդ մասին: Որոշում  կայացվեց հրատապ ուսումնասիրել տարածքը, և մենք անմիջապես խումբ ուղարկեցինք այնտեղ: Ուսումնասիրությունից պարզվեց, որ այդ տարածքում դամբարանաթումբ կա՝ Քրիստոսից առաջ 2-1-ին հազարամյակների, նաև՝ ավելի ուշ շրջանի հնձան ու մառաններ: Մեր հաջորդ քայլն այս նորահայտ հուշարձանները   համապատասխան հանձնաժողովին ներկայացնելն էր. դրանք պետք է արժևորվեին և արժևորվեցին: Նախնական առաջարկվեց դրանք նորահայտ հուշարձանների  ցանկում ներառել: Այս պահին գոտիավորման հարցն է լուծվում: Մեկ անգամ մեր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ն  արդեն ընդհանուր քարտեզագրում կատարել է, բայց մի քիչ լայն մասշտաբներով: Հիմա նորից այդ գործընթացը կկատարեն և այնտեղ որևէ բան անելն արդեն կարգելվի,- ասում է փոխնախարարը:

Դալմայի այգին ինքնին պատմամշակութային հուշարձան է, որի մասին առաջին հիշատակությունը կապվում է Զվարթնոցում հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրության հետ:Դալմայի այգիներն ստեղծվել են Վանի Ռուսա արքայի ( Ք. ա. 685-645 թթ.) ժամանակ: Ք. ա. 764-735 թթ. կառուցված Դալմայի ջրանցքը ոռոգել է Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի մերձակա այգիները:Արդեն XIX դ. 80-90-ական թվականներին Երևանի 700 հայտնի պտղատու այգիների թվում Դալման ամենամեծն ու ամենահինն էր, որն առավելապես հայտնի էր որպես «Դալմայի բաղեր»: Պարսկական տիրապետության ժամանակ այդ տարածքում գոյություն են ունեցել երկու հսկայածավալ՝ Սարդարի և Դալմայի այգիները, համապատասխանաբար՝ Հրազդան գետի ձախ և աջ ափերին: 1815 թ. պարսից վերջին սարդար Հուսեյն խանը նորոգելով և մաքրելով ջրանցքը, թունելի միջոցով ջուրը հասցրել է Դալմա, որտեղ էլ հիմնվել են այգիներ: Այնուհետև խանը Դալմայի հողերը բաժանում է իր մերձավորներին, քաղաքի որոշ բնակիչներին և մի հսկայական հողաբաժին էլ վերցնելով իրեն՝ դարձնում սարդարապատկան այգի:  Սարդարապատկան այգիների թիվը Երևանում հասնում էր 14-ի, որոնք իբրև սեփականություն, պատկանում էին սարդարին: Դալմայի այգիները հնագույն ժամանակներից հայտնի են իրենց պտղատու հողերով. այստեղ մշակվել են հազարից ավելի խաղողի տեսակներ՝ գինի ստանալու համար:

2017 թ. նախատեսվում էր Դալմայի տարածքում իրականացնել «Հայկական գյուղ» նախագիծը: Այն պետք է ներկայացներ Հայաստանի տարբեր շրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիամգիծը, ազգային ավանդույթներն  ու կենցաղավարությունը: Այստեղ պետք է լինեին բնակելի տներ, հյուրատներ, ինչպես նաև գորգագործություն, դարբնություն, խեցեգործություն ներկայացնող ցուցասրահներ, սակայն այդ ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց: Այժմ երբ  Դալմայում պահպանված 18-19-րդ դարերի կառույցներն ընդգրկվել են նորահայտ  հուշարձանների ցանկում, ոլորտի պատասխանատու փոխնախարարը՝ Նարինե Խաչատուրյանը վստահեցնում է. «Այս նոր կարգավիճակը ենթադրում է, որ որևէ  մեկը չի կարող մտնել այս տարածք՝ շինարարության համար: Այստեղ այլևս կարող են մուտք գործել միայն պահպանության նպատակով»:

 

 

... ...