Գրքեր՝ բառերի փոխարեն
Ամփոփվեց «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» ակցիան
«Բուկինիստ» գրախանութի ցուցափեղկերին, գրադարակներին ու սեղաններին տոնականորեն շարված ավելի քան 350 գրքերից մեկի հասցեատերը 60-ամյա տիկին Անահիտն է: Ընթերցել շատ է սիրում, սակայն չէր կարծում, որ այս տարիքում անգամ սիրո խոստովանություն կանեն իրեն, այն էլ` գրքով:
Մեզ հետ զրույցում անկեղծանում է, չգիտի` ամուսի՞նը, թե՞ աղջիկներից մեկն է նվիրել: Հիշում է` նրանց հետ է վերջերս սաղմոսներից խոսել, բայց թե ո՞վ է ամենաշատը տպավորվել այդ խոսակցությունից ու սաղմոսների գիրք նվիրել, չի կարող ասել:
Ամեն տարի` երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, «Բուկինիստ» գրախանութների ցանցն ու Արարատյան Հայրապետական թեմը կազմակերպում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» ակցիան, որի ընթացքում գրքասերներին հնարավորություն է տրվում 20% զեղչով գիրք գնել «Բուկինիստ»-ից: Լավ և նրբաճաշակ գրականության ընտրությունն այստեղ մեծ է՝ հրատարակչական, թարգմանական նորույթներ, որոնք պահանջված գրականություն են և այս դեպքում նաև՝ սպասված նվեր: Երբ արդեն ընտրել եք գիրքը, բացիկի վրա հայտնվում են հասցեատիրոջ տվյալները՝ ցանկության դեպքում նաև սիրառատ ընծայագրերով և սիրո՝ գրքով խոստովանությունը պատրաստ է։ Այս նախաձեռնությունն իրականացվում է արդեն չորրորդ տարին՝ ամեն տարի ավելացնելով գրքի հանդեպ երիտասարդների սերն ու հետաքրքրությունը: «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» խորագրով միջոցառում-ակցիան սկսվել էր դեռ փետրվարի սկզբին՝ նպատակ ունենալով միավորել ընթերցասերներին, սիրահարներին և ընդհանրապես լավ գրականության հանդեպ ոչ անտարբեր ու սիրառատ մարդկանց՝ մեր ազգային ավանդույթների, ընթերցանության և սիրո շուրջ։
«Բուկինիստ » ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը «ArtCollage»-ի հարցին, թե ակցիայի շրջանակում ո՞ւմ համար է գիրք թողել, ասում է. «Հենց նոր միայն գլխի ընկա, որ կարող էի անձամբ ինքս որևէ մեկի համար գիրք գնել: «Բուկինիստն» այսօրվա խաղարկության ընթացքում շատերին է նվեր քարտեր, զեղչի քարտեր նվիրելու: Դա մեր թիմի նվերն է, սակայն ոչ իմ անձնականը»:
Իսկ գիրք ստացողների թվում լսելով իր անունը, պարոն Վարդանյանը նախ զարմանում է, ճշտում` ասացին Խաչիկ Վարդանյա՞ն, ապա հավելում. «Քիչ առաջ էլ դստերս անունը լսեցի: Վստահեցնում եմ, ես չեմ թողել այդ գիրքը նրա համար»:
Այս տարի գրքերի քանակը ռեկորդային է`350. նախորդ տարիների համեմատությամբ աճել է մի քանի անգամ: Գրախանութում ասում են, որ նախորդ տարիներին գիրք ստացողների թիվը մոտենում էր 100-ին, սակայն այս տարի արդյունքը գերզանցել է բոլոր սպասելիքները՝ երբեք նման արդյունք չեն ունեցել, և իհարկե այս տարի էլ չէին սպասում:
«Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» ծրագրի կարևորագույն բաղադրիչը գրքով սիրո խոստովանությունն է Հայկական Զինված ուժերի ասպետներին՝ հայ զինվորներին, ովքեր այս պահին իրենց ծառայությունն են անցկացնում Հայոց բանակում՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները: Հասկանալի պատճառներով նրանք միջոցառմանը ներկա լինել չէին կարող, բայց պաշտպանության նախարարությունը պատրաստակամորեն և խիստ օպերատիվ տեղ կհասցնի նրանց հասցեագրված գրքերը: Եվ ազգային բանակի այն զինվորները, որոնց Սուրբ Սարգսի տոնը սիրելիները շնորհավորել են գրքով՝ իրենց սիրո խոստովանությամբ անակնկալները կստանան սիրո բարեխոսի տոնական օրվա ընթացքում: