Գրական հայերենի օրենսդիրն ու վերջին սիմվոլիստը

Տերյանագետների բացարձակ իշխանությունն ու դրա քաղաքական հիմքերը

Տերյանի հոբելայնն է՝ 135 տարի առաջ Գանձայում ծնվեց Վահան Տեր-Գրիգորյանը՝ գրական հայերենի օրենսդիրն ու վերջին սիմվոլիստը: Տերյանի ազգափրկիչ մեծ ծրագրերն ու ցավագին հուսախաբությունները, այն գաղտնի  փաստերն ու հանգամանքները, որոնք խորհրդային տարիներին պարզապես արգելված էր հանրայնացնել, տերյանագետների բացարձակ իշխանությունն ու  դրա քաղաքական հիմքերը. Տերյանի կյանքի դեռ լիովին չբացահայտված ու մեզ անհայտ մանրամասները Art-Collage-ի հարցազրույցում պատմում է Տերյանի ծոռը՝ Գևորգ էմին-Տերյանը:

 

- Գևորգ, հատկապես վերջին տարիներին Տերյանի մասին մեծ ծավալով  նորահայտ փաստեր գաղտնազերծվեցին: Ինչո՞ւ էին դրանք այդպես խնամքով  թաքցվում:

- Պետք է ասեմ, որ Խորհրդային Հայաստանում տերյանագետները բացարձակ իշխանություն ունեին տերյանագիտության հանդեպ, և դա լուրջ քաղաքական հիմնավորում ուներ: Իշխանությունը Տերյանին ներկայացնում էր որպես բոլշևիկ և իր լեգիտիմությունն էր բարձրացնում նրա կերպարով: Քաղաքական խնդրի երկրորդ կողմն այն էր, որ Տերյանը մեծ վերապահումներով էր բոլշևիկ: Օրինակ, ես հրապարակել եմ նրա՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից դուրս  գալու դիմումը և թե ինչով է դա հիմնավորում: Թաքցնում էին նաև այն փաստը, որ Տերյանը հեռացվել է իր պաշտոնից. իրենից հետո Հայկունին է եղել այդ պաշտոնում, որին էլ փոխարինել է Մակինցյանը, որը, սակայն, իր կենսագրությունից հանել է այդ փաստը: Մակինցյանը ոչ միայն Տերյանի կյանքի փաստերն էր խմբագրում, այլև բանաստեղծությունները՝ քառատողեր էր հանում, ավելացնում, շարքեր էր կազմում՝ իր հայեցողությամբ:

- Այսինքն, այդ հրատարակությունները խեղաթյուրո՞ւմ էին Տերյանի ժառանգությունը:

- Տերյանի ժողովածուները, եթե չհաշվենք Կոստանդնուպոլիսի հրատարակությունները, որով Մակինցյանը մի տեսակ մաքրվում էր կամ նաև տերյանագետ էր հանդես գալիս, շատ ցածրորակ էին: Կարելի է ասել, որ մինչև 50-ական թվականները Տերյան չի հրատարակվել: Ժամանակին Չարենցը սկսեց հավաքել Տերյանի անտիպները, որոնք հետագայում լույս տեսան իբր Իսահակյանի խմբագրությամբ: Իրականում այդ գրքի խմբագիրը Եղիշե Չարենցն է ու սրա մասին շատ քիչ է խոսվում:

- Դուք լուրջ մտահոգություններ ունեք կապված Տերյանի մոսկովյան արխիվների  և արխիվային նյութերի հավաքման հարցում Մակինցյանի դերակատարության հետ:

- Չարենցը մի նշում ունի, որ Մակինցյանի մոտ կա մոտ 400 անտիպ բանաստեղծություն, գուցե այդ թիվը մի քիչ չափազանցված է, որովհետև Տերյանի տպագրված բանաստեղծությունների թիվը մոտ 400 է, այսինքն սկզբունքորեն քիչ հավանական է, որ հենց այդքան էլ բանաստեղծություն լինի, բայց ակնհայտ է, որ այնտեղ նույնիսկ անտիպ բանաստեղծություններ կան: Այնտեղ հաստատ կան Տերյանի բոլոր նամակները՝ հատկապես 17 թվականից հետո գրվածները պահվում են իր մոտ, կան նաև այլ փաստաթղթեր: Երբ Տերյանը մահացավ, և Անահիտը վերադարձավ Մոսկվա, նախ Անահիտին թույլ չտվեցին գալ Հայաստան, որովհետև նա Տերյանի վերջին օրերի վկան էր ու ամեն ինչ գիտեր և՛ դաշնակցականների հետ, և՛ բոլշևիկների հետ նրա հարաբերությունների մասին: Իսկ Մակինցյանը սկսեց գնալ էն բոլոր մարդկանց մոտ, ում մոտ պահվում էին Տերյանի թղթերը: Հիշատակություններ կան, որ Մակինցյանը հերթով գնացել է բոլորի տուն և պետության անունից Տերյանին վերաբերող բոլոր նյութերը վերցրել է: Անգամ հղի Անահիտից վերցրել է ամեն ինչ, նույնիսկ այն բանաստեղծությունները, որոնք Անահիտն իր ձեռքով է գրել, քանի որ Տերյանն արդեն շատ վատ էր և թելադրում էր բանաստեղծությունները: Պատկերացրեք անբարոյականության չափը: Մակինցյանը նախ համոզվել է, որ դրսում այլևս ոչ մի թուղթ չի մնացել և էդ ամբողջ նյութերը սկսել է խմբագրել:

- Բայց չէ՞ որ հայտնի իրողություն էր Տերյանի բարեկամությունը և՛ Մակինցյանի, և՛ Մյասնիկյանի հետ:

- Զարմանալի է չէ՞, որ մի ընկերը՝ Պողոս Մակինցյանը՝ մինիստր էր, մյուս ընկերը՝ Մյասնիկյանը, Մոսկվայի քաղաքապետն էր, հետո էլ՝ Հայաստանի վարչապետը, բայց երբ խոսքը վերաբերում էր Տերյանի գերեզմանը բերելուն՝ նրանք ընկեր չէին: Բացի այդ, Տերյանը թանգարան չուներ Հայաստանում, Տերյանի գերեզմանը չէր տեղափոխվել Հայաստան: Ինչու՞, որովհետև նրանք տեղյակ էին Լենինի, Ստալինի և Տրոցկու հետ Տերյանի կոնֆլիկտի մասին:

- Այսօր արդեն ակնհայտ է, որ բոլշևիզմին հարելու Տերյանի որոշումը որևէ  գաղափարական հիմք չուներ, որ նա այդ կուսակցությանն անդամակցեց ազգային կարևորագույն խնդիրների լուծման ակնկալիքով:

- Խնդիրն այն է, որ Տերյանը կոմունիստական կուսակցությանը հարեց հեղափոխությունից հինգ պակաս՝ Ստեփան Շահումյանի հրավերով: Դրանից առաջ Տերյանն ասում էր՝ ես սոցիալիստ եմ, բայց մարքսիստ չեմ, որովհետև   մատերիալիստ չեմ: Բայց 17թ. ամռան վերջին՝ Շահումյանի հրավերով Տերյանը մեկնում է Պետերբուրգ և միանում Շահումյանի թիմին: Ըստ էության, սկզբնական շրջանում կուսակցության մեջ կային մի քանի թևեր: Կան անուղղակի վկայություններ, որ Տերյանը Ստեփան Շահումյանի քաղաքական գծի ներկայացուցիչն էր Մոսկվայում: Մենք գիտենք, որ Շահումյանը Ստալինին չէր վստահում՝ համարում էր , որ 1905 թ. իր ձերբակալությունը Ստալինի  մատնությամբ է եղել:

- Բայց չ՞է որ կարճ ժամանակ անց Տերյանը խոր հիասթափություն ապրեց կուսակցությունից: Կարո՞ղ ենք արձանագրել, որ խզումը սկսվեց Թուրքահայաստանի մասին դեկրետից ու Բրեստ-Լիտովսկից, երբ Տերյանի ակնկալած հայանպաստ որոշումների փոխարեն կուսակցական առաջնորդները  ճիշտ հակառակ որոշումներ կայացրեցին:

- Եկեք հերթով գանք: Մի հատված կա տպագրված, որը գուցե ուղղված է Մակինցյանին, կամ ընկերներից մեկին է գրել, որտեղ Տերյանը ասում է՝ ինձ առաջարկում են պաշտոն՝ արտաքին գործերի կոմիսարյատում և ազգությունների կոմիսարյատում, բայց ես կընտրեմ ազգությունների գործերը, որովհետև անելիք ունեմ: Դժվար չէ հասկանալ, թե ինքը ինչ նկատի ուներ: Այսինքն, մենք գործ ունենք մարդու հետ, որը հավատում էր, որ կարող է ինչ- որ բան փոխել: Տերյանը մեծ հույսեր էր կապում Թուրքահայաստանի մասին դեկրետի հետ: Տերյանին թվում էր, որ իրեն հաջողվել է համոզել, որ ռուսական զորքը մնա Թուրքահայաստանում: Եվ առաջին մեծ հիասթափությունն այն էր, որ երբ  ընդունվեց հողի մասին դեկրետը, ռուս զինվորները և ռուսական զորքը սկսեցին  քաոտիկ լքել ճակատը՝ երբ իմացան, որ զիվորներին հող են տալիս: Հաջորդ մեծ հուսախաբությունը Բրեստ-Լիտովսկում էր, որտեղ, ըստ էության, առաջին անգամ ուրվագծվել է Հայաստանը մասնատելու, կիսելու մտադրությունը, և այնտեղ եղել է Տերյանը: Բայց փաստն այն է, որ առ այսօր մենք անգամ մի մենագրություն չունենք այդ մասին: Առանձին ինչ-որ հրապարակումներ եղել են, բայց ամբողջական գիտական ուսումնասիրություն կամ մենագրություն՝ ոչ: Բայց տեսեք, Թալեաթը եկել է Բրեստ, և գուցե Թալեաթ-Տերյան հանդիպում Է եղել: Այնպես որ դեռ շատ անհայտ և չուսումնասիրված էջեր կան: Մեկնումից առաջ Տերյանը Պետերբուրգում կազմակերպել է հանդիպում տարբեր  կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ գրվել է մի տեքստ, որում ձևակերպվել է հայ ժողովորդի պահանջը Բրեստ-Լիտովսկի բանակցությունց: Այդ տեքստը դեռ հայտնաբերված չէ, բայց վստահ եմ, որ մի օր կհայտնաբերեմ, որովհետև եթե կա տեքստ, ուրեմն անպայման կհայտնաբերվի:  

- Ազգափրկիչ ծրագրերին զուգահեռ Տերյանը չէր մոռանում նաև հայ մշակույթի մասին:Ի՞նչ ճակատագիր ունեցան Տերյանի՝ Լազարյան ճեմարանը համալսարանի վերածելու և Մոսկվայի հայկական ստուդիայի ստեղծման ծրագրերը:

- Նրա կարևոր նախաձեռնությունն էր հայկական համալսարանի տեսիլքը, ըստ  որի Լազարյան ճեմարանի ռեֆորմի արդյունքում այն պետք է լիներ հայկական համալսարան, որն ապագա Խորհրդային Հայաստանին պետք է կադրեր մատակարարեր:  Եվ երբ սկսեցին Տերյանին հալածել, որոշվեց, որ համալսարանը պետք է տեղափոխվի Ղրիմ՝ ըստ էության, այդ կերպ փակելով հարցը: Բայց հայկական ստուդիան շարունակեց գործել ճեմարանի շենքում: Հետաքրքիր է, որ Վախթանգովը գալիս է Մոսկվա հենց Տերյանի հրավերով: Այդ դրվագը Վախթանգովի նամակում պահպանված է: Ավելի ուշ հայկական ստուդիան դարձավ ուսումնաթատերական այն հիմքը, որի վրա ձևավորվեց ՄԽԱՏ- 2-ը: Եվ շատ հայ երիտասարդների, երբ ուղարկում էին Մոսկվա, իրենք  20 -26թթ. ընթացքում դասընթացների էին մասնակցում այդ հայկական ստուդիայում: Սկզբում այն բացառապես հայերի համար էր, հետո դարձավ առանձին թատրոն և արդեն Վախթանգովի հետ աճեց:

- Տարբեր առիթներով ասել եք, որ Տերյանին առնչվող շատ թեմաներ պարզապես արգելված են եղել, օրինակ Տերյան-Միկոյան բարդ փոխհարաբերություններին  առնչվող փաստերը: Ասել եք, որ Ստեփան Զորյանի հուշագրությունից ամբողջությամբ հանվել է Միկոյանին առնչվող հատվածը: Ինչո՞ւ:  

- Սաքո Սուքիասյանը, որն ամենաերևելի տերյանագետն է և որի շնորհիվ փրկվել  ու պահպանվել են հազարումի փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ և  հուշեր, նա գրավոր մի հուշ է պահպանել: Հուշը հետևյալն է. Տերյանը մի օր տուն է բերում կեղտոտ հագուստով մեկին: էս մարդը լողանում է, Անահիտը շորերն է լվանում, հարթուկում, և նրանք մի ամբողջ օր խոսում են: Գնալուց Տերյանը կանչում է Անահիտին և ասում է՝ ծանոթացիր՝ սա Անաստաս Միկոյանն է, իրեն շատ մեծ ապագա է սպասվում: Թվում է, թե ինչ կա էստեղ արգելելու չէ՞: Բայց այստեղ, ըստ երևույթին, տերյանական շատ նուրբ հումոր կա: Բանն այն է, որ ասում են, որ Միկոյանն է ցույց տվել, թե ով է Ստեփան Շահումյանը և կոմիսարներները, որովհետև նրանց ոչ ոք չի ճանաչել՝ իրենից բացի: 500 մարդ են եղել, և էդ 500 հոգուց միայն Միկոյանն է փրկվել: Ըստ երևույթին, Տերյանը դա ոչ թե Անահիտին է ասել, այլ Միկոյանին. ակնարկել է, որ քանի որ դու Շահումյանին դավաճանեցիր, դրա համար քեզ մեծ ապագա է սպասվում: Եվ Միկոյանը շատ լավ հասկացել է և թույլ չի տվել, որ էդ նյութը տպագրվի: Նույնը   կատարվել է նաև Ստեփան Զորյանի հուշերի բնագրի հետ:

- Այսինքն, կարող ենք արձանագրել, որ առ այսօր դեռևս Տերյանին առնչվող և մեզ անհայտ մեծածավալ նյութ կա, որը պետք է գիտականորեն ուսումնասիրվի և հրապարակվի:

- Նախ պետք է ասեմ, որ սա մի մարդու ուժերի բան չի, քանի որ ահռելի ծավալի բնագրային, արխիվային նյութեր կան: Սակայն կա նաև ընկալման խնդիր: Մենք մինչև այսօր Տերյանին որպես սիմվոլիստ պոետ չենք ընկալում, այնինչ մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն կա, ըստ որի, հենց Տերյանով է եզրափակվում համաշխարհային սիմվոլիզմը: Այդ ուսումնասիրության հեղինակը Վիկտոր Սողոմոնյանն է, որի ղեկավարն էլ ակադեմիկոս Արամ Գրիգորյանն է՝ Տերյանի եղբոր թոռը: Ինչպես հայերենը խոսեց Տերյանի մեջ՝ սա փիլիսոփայական հարց է, ինչպես նա դարձավ գրական հայերենի ստեղծողը՝ չունենալով հայերենի ուսուցիչ: Պահպանվել է մի հուշ, որ նա ճեմարանում ուներ դանիացի մի ուսուցիչ՝ սիմվոլիստ պոետ, որն էլ իրեն սիմվոլիզմ է սովորեցրել: Բայց այս մարդու մասին  ոչ մի տվյալ չկա, ուրեմն պետք Է գնալ Դանիա և քրքրել արխիվները: Մի այլ ահռելի և շատ լուրջ թեմա է Տերյան-Հայոց ցեղասպանություն-որբեր թեման: Տեսեք Աննա Ֆրանկի օրագիրը՝ հրեա մի աղջկա պատմություն է, որն ամբողջ  աշխարհը գիտի: Իսկ այն ամբողջ վավերագրությունը, որ ստեղծել է Տերյանը ցեղասպանությունը վերապրած որբերի հուշերից՝ պարզապես գին չունի: Եվ  Տերյանի ժառանգության մեջ ուսումնասիրության կարոտ բազմաթիվ այլ շերտեր կան: Այսինքն, աշխատանքի այնպիսի ծավալ է, որ ոչ թե միայն մեկ մարդու, այլ մի ամբողջ ինստիտուտի գործ է: