Գրականության հոգեբանական ակոսները

Սա մեր առաջին զրույցը չէ:
Ես շարունակում եմ զրուցել հոգեբույժ, գրականագետ, գրող, հրապարակախոս Վարդգես Դավթյանի հետ: Զրույցից զրույց և հարցից հարց բացվում են շատ փակ անկյուններ, որոնց մասին դեռ չի գրվել: Այս շարքում դրանք պայմանավորված կլինեն գրողի` ճակատագրական տեսարաններում հանդես բերած վարքով, նաև հենց իր՝ գրողի՝ իր կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքով:

Անի Փաշայան - Մի շատ ծեծված, բայց հետաքրքրություն առաջացնող հարց: Ճի՞շտ եք համարում այն միտքը, որ Նարեկացու «Մատյանն» ամոքիչ է: Ընթերցելով այն՝ կարելի է ազատագրվել մի շարք հիվանդություններից:

Վարդգես Դավթյան - Հաճախ է անդրադարձ կատարվել մեր խոշորագույն միստիկ բանաստեղծի «Մատյանի» կամ «Նարեկի» բուժիչ դերակատարությանը: Առավել ամփոփ ներկայացրել է Պարույր Սևակն իր հոդվածում, ինչպես նաև Վահրամ Ալազանն իր հուշագրական արձակում: Ինչպես Սևակն է գրում, անցյալում այն ավելի շատ զգացել են, քան հասկացել, ավելի շատ դրել հիվանդի ճակատին կամ բարձի տակ, քան գրադարակում: Դժվար է պատկերացնել, որ միջնադարում սովորական մարդը կարող էր խորությամբ ընկալել այդ գրության իմաստաբանությունը կամ պոետիկան: Բուժական ներգործությունն իրականացել է զուտ անուղղակի ներշնչանքի ուղիով. չէ՞ որ այն համարվել է սուրբ գիրք: Ժամանակակից հոգեթերապիայում կա մի բնագավառ, որը կոչվում է բիբլիոթերապիա (ընթերցաբուժություն): Մեզանում «Մատյան ողբերգության» պոեմի հոգեբուժիչ ազդեցությանն անդրադարձել են փիլիսոփայության մասնագետ Աշոտ Պետրոսյանը, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը:

Ա. Փ. - Հայտնի է, որ գրողներն ունենում են ստեղծագործական դադարներ, ընկճված շրջաններ, որոնք կարող են տևել անգամ տարիներ: Դրանք գրի կուտակմա՞ն շրջաններ են, թե՞ անկման: Ինչո՞վ կբացատրեք:

Վ. Դ. - Գրելը, գրական գործ արարելը ոչ միայն ստեղծագործական ժամանակահատված է, այլ նաև հեղինակի ներքին հոգեբանական հակասությունների միջև պայքարի, կոնֆլիկտների լուծման, ներհոգեկան որակների փոփոխության բարդ ընթացք: Ավելին, ավարտուն և կատարյալ գործի արդյունքում որոշակի փոփոխությունների է ենթարկվում նաև գրողի անձը՝ թե՛ բացասական, թե՛ դրական առումով: Բացասականն այն է, որ գրողը, պարզապես, ուժասպառ է բարոյապես ու մարմնապես կազդուրված, ինչպես, ասենք, Գոգոլի պարագայում, որի մասին ասում էին, թե նրա հոգին այրվելով՝ մոխրացրեց մարմինը: Այո՛, հանդիպում են նաև հոգեկան ընկճվածությամբ (դեպրեսիայով) պայմանավորված դադարի շրջաններ (կամ նույնիսկ պարբերաբար կրկնվող փուլեր), երբ գրողի մեջ ժամանակավորապես թուլանում, ուժասպառ է լինում կամ նույնիսկ վերանում է գրելու պահանջը: Կամ էլ նա մի օր արթնանում և զգում է, որ իր ներսում չքացել են կախարդանք արարելու ունակությունները, ինչպես Ղազարոս Աղայանի «Քիչ էլ, քիչ էլ» հեքիաթի հերոսն էր զգում այն ցավագին: Ի դեպ, ի հեճուկս տարածված տեսակետի, թե իբր ալկոհոլի և թմրանյութերի գործածումը խթանում է ստեղծագործական ընթացքը, պիտի նշեմ, որ գրողի համար դրանք թշնամիներ են, և օրինակներն անհամար են: Սակայն ավելի հաճախադեպ է, երբ այդ «գրական անտրակտները» պայմանավորված են նախապատրաստական մտավոր աշխատանքով. չէ՞ որ ստեղծագործելու ընթացքը միայն գրելու հատվածը չէ: Չեխովը խոստովանում էր, որ ինքը գրելուց դուրս ավելի շատ է ստեղծագործում:

Ա. Փ. - Նիկոլայ Գոգոլի կյանքը և վարքը չի դադարում հետաքրքիր լինելուց: Տարօրինակ այս գրողը, սակայն, գլուխգործոցներ է ստեղծել՝ «Մեռած հոգիներ», «Քիթը», «Ռևիզոր», «Տարաս Բուլբա»: Հայտնի հոգեբույժ Վլադիմիր Չիժը «Փիլիսոփայական հարցեր և հոգեբուժություն» ամսագրում ներկայացրել է «Նիկոլայ Գոգոլի հիվանդությունը» վերնագրով հոդված: Հետաքրքիր է՝ ինչպես է նրան հաջողվել ստեղծել այդքան հզոր գործեր այն դեպքում, երբ տառապել է հոգեկան ծանր հիվանդությամբ:

Վ. Դ. - Այո, այդ «հանճարեղ խախոլը» (Պուշկինի բնորոշումն է) իր կարճատև կյանքում կարողացել է շաղկապել երեք ազգությունների (ռուսական, ուկրաինական, իտալական, մասամբ էլ՝ գերմանական) գրական ավանդույթները (Դ. Բիկով): Հոգեբույժ Վ. Չիժից առաջ Գոգոլի հոգեբանական կերպարին անդրադարձել է իտալացի նշանավոր հոգեբույժ-քրեագետ Չեզարե Լոմբրոզոն, ինչպես նաև Ն. Բաժենովը, Պ. Զինովևը, Ա. Մոլոխովը և ուրիշներ: Հոգեբուժական եզրակացությունները խիստ տարբերվում են միմյանցից, որը վկայում է գրողի բարդ անհատականության մասին: Ոմանք կարծում են, որ Գոգոլը տառապել է շիզոֆրենիայով, մյուսների կարծիքով՝ նրան տանջել է պարբերաբար կրկնվող դեպրեսիան (ընկճախտ): Ըստ հոգեբույժ Բաժենովի՝  հիվանդությունը եղել է նևրոտիկ բնույթի, իսկ Լոմբրոզոն գրում է, թե Գոգոլն իր ստեղծած հանճարեղ կատակերգությունների համար «պարտական» է այն բանին, որ «կանանց շրջանում անհաջողակ էր և զբաղվում էր օնանիզմով»: Մոլոխովն ախտորոշել է՝ անձի ախտաբանական զարգացում՝ մտածողության պարանոյալ փոփոխությամբ: Դեպրեսիայի վերջին նոպայի ժամանակ գրողը հրաժարվել է սննդից, դեղերից, շփումներից: Օրեցօր հյուծվել է ֆիզիկապես և հոգեպես, իսկ շուրջը հավաքված բժիշկները ստիպողաբար կերակրելու, կազդուրիչ ներարկումներ կատարելու փոխարեն արյուն են բաց թողել և, փաստորեն, արագացրել են մահը: Իհարկե, հոգեբուժական հնագիտությունը չի կարող մեծ ճշգրտություն ապահովել, որովհետև չկա կենդանի անձը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Գոգոլը չի տառապել շիզոֆրենիայով: Ավելի շատ հակված եմ տրամադրության հիվանդություններին: Հեգելի այն տեսակետը, թե հոգեկան հիվանդությունը բանականության վերացական կորուստ չէ, այլ բանականության մեջ առկա հակասությունների խորացում, ասես հենց Գոգոլին է վերաբերում: Իր ներհոգեկան հակասությունները դարի հակասությունների հետ նույնացնելով և գերհզոր ռեզոնանս (արձագանք) «ապրելով»՝ ստեղծել է իր հավերժ արդիական պատկերասրահը՝ Խլեստակովներ, Մանիլովներ, Պլյուշկիններ և ուրիշներ:

Ա. Փ. -Մեր իրատեսական արձակի վարպետներից մեկի՝ Նար-Դոսի հերոսների վարքում հիստերիայի, ջղաձգության, նևրասթենիայի բազմաթիվ դրվագներ կան: Այս առումով այս գրողն առանձնանում է: Նա ոչ միայն պատկերում է կյանքն ինչպես որ է, այլև պատկերում է հոգու անկումներ, հիասթափություններ, ճգնաժամային շրջաններ, մոլագարության տեսարաններ: Չե՞ք կարծում, որ նրա գրական ժառանգությունը պիտի խորագույնս քննվի, որովհետև հասարակությունը «բուժել» կարելի է հենց այս գրողի ստեղծագործական աշխարհը մեկնելով:

Վ. Դ. - Իմ կարծիքով, Նար-Դոսը հոգեբանական արձակի սկզբնավորողներից է մեզանում (Ստեփան Թոփչյանը նրան համարում է հայկական նատուրալիզմի ներկայացուցիչ): Ձեր թվարկած հոգեբանական և ախտաբանական երևույթները կլինիկական փայլուն հավաստիությամբ պատկերված են նրա պատմվածքներում, վեպերում և վիպակներում: Հոգեբուժության դասագրքերում տեղ գտնելու արժանի են, օրինակ, նախշքար Դավթի ալկոհոլամոլության, գիժ Հոռոմսիմի փսիխոպաթ բնավորության, երգիչ Ջափինյանի նարցիսականության, ցնորազառանցանքային տարաբնույթ հոգեվիճակների պատկերները: Այսօրվա եզրույթով ասած՝ Նար-Դոսը մարդակենտրոն հեղինակ է. նրան հետաքրքրել է ոչ միայն մարդն իբրև գեղարվեստական-հոգեբանական տիպաժ, այլ նաև՝ անհատականություն: Սա կարևոր ելակետ է նրա հերոսների պատկերասրահը հասկանալու համար: Նար-Դոսի մոտ (երևի առաջին անգամ հայ գրականության մեջ) խուլ, բայց խորքային հնչեղությամբ արծարծվում են սեռային ինքնորոշման  թեմաներ, ներկայացվում խնդրահարույց անհատներ: Հեղինե Սոլիկյանը, Մանեի եղբայր Վահանը («Պայքար»), որոշակի իմաստով՝ Լևոն Շահյանը («Մահը») աչքի են ընկնում իրենց ես-ի (հաճախ՝ գենդերային ես-ի) որոնումներով և տարօրինակ դատողություններով: Առաջարկում եմ մեկ անգամ ևս ընթերցել Նար-Դոսի գործերը: Գրականագետները (մասնավորապես, Ա. Տերտերյանը) շատ զուգահեռներ են նկատել «Մահը» վեպի գլխավոր հերոսի՝ Շահյանի և Գոնչարովի Օբլոմովի հոգեբանական նկարագրերի միջև: Դասական գրականագիտությունը սրանց կերպարային առանձնահատկությունները բացատրել է հիմնականում արտաքին հանգամանքներով՝ կյանքի միապաղաղություն, լճացած բարքեր, տվյալ սոցիալական խմբին (սերնդին) բնորոշ «պատմական ծուլություն» և այլն: Վերջերս ընթերցեցի մի շատ ուշագրավ ուսումնասիրություն, որտեղ հեղինակը հոգեվերլուծաբանական հայացքով քննում է «օբլոմովշչինայի» հերոսներին (Չացկի, Օնեգին, Պեչորին, Օբլոմով) և եզրակացնում, որ նրանք լատենտ (սքողված) գեյեր են, և նրանց հոգեկան օտարացման և տվայտանքի պատճառն այն էր, որ 19-րդ դարի Ռուսաստանում չկային գեյ-ակումբներ: Թվում է՝ գրոտեսկային տեսակետ է, բայց հոգեբանական գրականագիտության համար հետաքրքիր կլիներ, եթե որևէ հայ հետազոտող քննության առներ Նար-Դոսի հիշատակված հերոսների հոգեբնախոսությունը նաև այս տեսանկյունից: Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, որ այս հեղինակի ստեղծագործական աշխարհը մեկնելով կարելի է բժշկել հասարակության խոցերը, համամիտ եմ... Սակայն վերջերս հիասթափություն ապրեցի՝ իմանալով, որ Նար-Դոսի «Մեր թաղը» հրաշալի պատմվածաշարը հանել են դպրոցական ծրագրից: Ճիշտ չեն արել...

Ա. Փ. - Իսկ «Աննա Սարոյան» վիպակում ինչո՞ւ է «կործանում» երիտասարդ աղջկան, որն ուժեղ անհատականություն է: Եվ հանկարծ նման որոշում է կայացնում: Համոզի՞չ է արդյոք:

Վ. Դ. - Ինչպես արդեն նշել եմ, իրատեսական գրականության մեջ գրեթե միշտ ուժեղ անհատն է ինքնասպան լինում. Էմմա Բովարին, Աննա Կարենինան, Մարտին Իդենը, Անուշը և այլն: Թույլ մեկի ինքնասպանվելը «հետաքրքիր» չէ, և սա ունի իր բացատրությունը: Ինչպես նշել է սուիցիդաբանության ամերիկյան խոշոր մասնագետ Էդվին Շնեյդմանը, գրեթե բոլոր դեպքերում մարդուն ինքնասպանության մղողը յուրահատուկ տիպի ցավի առկայությունն է, որը նա անվանել է հոգեկան ցավ: Գեղարվեստում դա զուտ անհատական իրողություն չէ, այլ սոցիալական մեծ խմբերի, մի ամբողջ սերնդի կամ մարդկային տեսակի ապրած «հոգեկան ցավի» խտացումն է, որը դիտարկվում է գեղագիտական իդեալի տեսանկյունից: Թույլ անհատները համամարդկային տարողություններ կրել չեն կարող: «Աննա Սարոյան» վիպակում հեղինակը նրբահայաց հոգեբանի հետևողականությամբ նամակից նամակ բացահայտում է աղջկա հոգեվիճակների, բարոյական պատկերացումների և վարքի դինամիկան. արարքի մտահղացումից մինչև բուն գործողությունը: Մասնագիտական գրականության մեջ ինքնասպանության երևույթն ավելի շատ քննախոսվում է անհատի տիրույթում, կարծես անձը ցանկապատված լինի աշխարհից: Նար-Դոսը երևույթը բացահայտում է անձի միկրոսոցիալական աշխարհի տիրույթում, հայր, մայր, քույր, եղբայրներ. դիսֆունկցիոնալ (արատավոր) ընտանիքի ֆոնի վրա, ինչը իրատեսական է և համոզիչ:

Ա. Փ. - Պարո՛ն Դավթյան, Թումանյանը ևս «չփրկեց» իր ամենասիրելի հերոսներից մեկին՝ Գիքորին, բայց կարող էր... Իրատեսական արձակի կանոններից օգտվեց:

Վ. Դ. - «Գիքորը» հայ արձակի ամենաազդեցիկ նմուշներից է, բայց արի ու տես, որ այն ընթերցողի հոգեաշխարհում կատարսիս չի առաջացնում : Այսինքն՝ այն բարձրագույն հոգևոր-գեղագիտական լիցքաթափումը, որ ընթերցողն ունենում է Թումանյանի ստեղծագործություններն ըմբոշխնելիս: Հավանաբար թեման է պատճառը՝ երեխայի մահը, այդ սահմռկելի ավարտը. «Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին... Ամենը, ամենը կան, մենակ նա չկա ...»: Սարսափելի է, այստեղ գեղարվեստն էլ չի կարող ամոքել: Եվ գիտեք ինչո՞ւ: Գիքորն ուղղակի տարերային աղետի զոհ է, անհասկանալի, չգիտակցված աղետի: Մի պայծառ ու անպաշտպան երեխա: Ինչպիսի բարձր, գրական պոետիկայով էլ ներկայացնես նրա նահատակվելը, օգուտ չունի: Տեսեք, Մարոն էլ է մանկահասակ, որն ինքնասպան է լինում, բայց պոեմի գեղարվեստական լուծումները ընթերցողին «փրկում» են դիսսթրեսից: «Գիքորը»՝ ոչ: Հեղինակն ինքը հոգեկան անհարմարություն է զգացել՝ առաջին անգամ դիտելով իր պատմվածքի բեմականացումը: Բեմադրիչին ասել է՝ հնարավո՞ր է այնպես անել, որ վերջում Գիքորը չմեռնի: Այսպես կոչված, «անողոք ռեալիզմի» մի հոսանք կա, որը ներսից ասես պայթեցնում է գեղարվեստը: Բովանդակությունը սպանում է ձևին: Ի դեպ, այդ միտումները նկատելի են նաև մեր նորագույն գրողների մոտ, օրինակ, Լևոն Խեչոյանի գործերում:

Ա. Փ. – Մանրամասն դիտարկեցիք... Հիրավի, Ձեզ հաջողվեց բացել այս հարցի շուրջ գորդյան հանգույցը:

Վ. Դ. - Ինքս Թումանյանի ամենաթունդ երկրպագուներից եմ, բայց, կհավատա՞ք, մինչև վերջ չեմ դիտել «Գիքոր»-ի էկրանավորումները (ո՛չ Ամասի Մարտիրոսյանի, ո՛չ էլ Սերգեյ Իսրայելյանի բեմադրությամբ):

Ա. Փ. – Իմ կարծիքով՝ Թումանյանն այդ պատմվածքով ջարդեց իր միջի խեղճությունը: Ճիշտ է, կար այդ տղայի պատմությունը, բայց երկու թեմայի միացում եղավ: Պարզ է, թե գրողն ինչպիսի դժվարությունների միջով է անցել Թիֆլիսում այդ տարիներին: Նա նյութական անապահովության պատճառով չավարտեց անգամ Ներսիսյան դպրոցը և ստիպված էր ծանր աշխատանք կատարել: Եվ այդ ամենն անցկացրեց իր միջով, ստեղծեց այդ գործը, որ վերջնականապես կորցնի, թաղի անհաջողությունը: Նա գնահատում էր բարեկեցութունն ու ապահով կյանքը: Մեծ ձգտումներ ուներ:

Վ. Դ. - Տեսակետ կա, որ մարդուն գրականության հետ կապողը մանկության տեսիլքն է: Եթե սպանվում է այդ տեսիլքը, խզվում է նաև ընթերցող-գրականություն կապը: Սա ուշագրավ երևույթ է:

Ա. Փ. - Այո... «Պահեց» մանկության տեսիլը, բայց «հեռացրեց» իրենից խեղճությունը: Ապշում ես, երբ պատկերացնում ես, թե ինչպիսի շքեղ իրերով է իրեն շրջապատել տասը երեխա կերակրող գրողը: Ընտիր հագուստ, կահ-կարասի...

Վ. Դ. - Հետաքրքիր եք դատում: Թումանյանը «Գիքորը» գրել է 26 տարեկանում, երբ արդեն որոշակի համարում ունեցող գրող էր: Համոզված չեմ, թե այդ շրջանում նա իր ներքին գեղջուկ մանուկից ազատվելու մոտիվացիա ուներ: Ավելի շատ բազազներին բարոյապես ոչնչացնելու նպատակ ուներ՝ մանկասպանության թեմային դիմելով:

Ա. Փ. – Սակայն «Գիքորը» գրել սկսել է 24-ում, ավարտել է 26-ում: Շատ երիտասարդ Թումանյանը, երբ դեռ չէր կարողանում ճեղքել դժվարությունները: Այդ ամենը զգացվում է իր գրած նամակներից:

Վ. Դ. - Թեև, համաձայն եմ Ձեզ հետ, այս պատմվածքում հսկայական ինքնակենսագրական նյութ կա. մասնավորապես, Թիֆլիսից ստացած առաջին տպավորությունները, ապրումները...

Ա. Փ. - Ֆլոբերի «Մադամ Բովարին» ցնցել է շատ սերունդների: Ինչպիսի՞ կերպար է ստեղծել գրողը: Ո՞վ է Էմման, տարօրինա՞կ, թե՞ առանձնահատուկ:

Վ. Դ. - Հետաքրքիր անցում էր Թումանյանի «Գիքոր»-ից դեպի Ֆլոբերի «Տիկին Բովարին»: Սա իրատեսական հզոր գործ է և այդպիսին է ոչ այնքան սյուժեով և միջավայրի համայնապատկերով (դրանում Բալզակը շատ ավելի զորեղ է), որքան հերոսների հոգեբանության, խառնվածքի, բնավորության և վարքի խորքային շերտերի բացահայտմամբ: Այստեղ էլ կրքերի հրավառությունն այնքան բուռն է և անսանձ, որ սկզբում այս վեպը նույնիսկ համարել են գեղարվեստի հետ կապ չունեցող անպարկեշտ և անբարոյական և նրա 35-ամյա հեղինակին քարշ տվել դատական ատյաններ: Մինչդեռ Ֆլոբերի վեպում զուտ էրոտիկ-տարփերգական բան չկա: Կա զգացմունքների և կրքերի անկեղծ նկարագրություն՝ գեղարվեստական նուրբ ձևերով և ճաշակով ընդգծված: Մեր գրականության մեջ նման ուժի և տարերքի կրքեր կամ զգացմունքներ բերող հերոսներ չունենք:

Էմմա Բովարին գավառական քաղաքում ապրող երիտասարդ ամուսնացած կին է և միևնույն ժամանակ՝ ինքնահաստատվելու հավերժական ձգտումների և որոնումների մեջ. սերերի, հոգեկան թռիչքների, հույսերի և հուսախաբությունների անսանձ տարերքին գերի: Շատ կանայք են նրա կերպարում ճանաչել իրենց գեղարվեստական արտացոլանքը, բայց զարմանալի է, որ «Տիկին Բովարին», այսպես կոչված, «կանացի» վեպ չէ: Ավելին է: Այն պատմություն է մարդկային երջանկության և ողբերգության մասին:

Ա. Փ. - Իսկ ամուսնու հոգեվիճակը, Շառլը... Մի՞թե թույլ է, կամ՝ ողբերգական: Ֆլոբերը երևի թե դիտմամբ չի պատկերել նրա հույզերը: Երևի խղճացել է:

Վ. Դ. - Քիչ գրողներ կան, որոնք այսպիսի խորությամբ հասկացած և զգացած լիեն իրենց հերոսների ներաշխարհը, հոգու նուրբ շարժումները: Այն էլ՝ հերոսուհու: Զարմանալիորեն, Ֆլոբերը խոստովանել է, թե Էմմայի կերպարը հենց ինքն է, որ միշտ զգացել և վերապրել է իր հերոսուհու հոգեվիճակները: Երբ Էմման ինքնասպան է «եղել», վիպասանը մի առիթով ասել է, որ այդ ժամանակ ինքը նույնիսկ զգացել է մկնդեղի համը իր բերանում:

Ա. Փ. - Տոլստոյը ևս «սպանեց» իր հերոսուհուն՝ Աննային: Ի՞նչ աղերսներ եք տեսնում այս երկու կանանց կերպարներում:

Վ. Դ. - Ֆլոբերի վեպի կենտրոնական դեմքը Էմման է՝ իր հզոր նկարագրով, կանացի շքեղությամբ, մինչդեռ նրան շրջապատող տղամարդիկ՝ թե՛ բժիշկ ամուսինը, թե՛ սիրեկանները, կարծես, կերպար-միջոցներ են հերոսուհուն համակողմանիորեն պատկերելու համար: Նրա կերպար-անսամբլի օժանդակ ֆիգուրներն են, թեև ներկայանում են իբրև լիարյան կերպարներ: Իրավացի եք, որ Էմմայի ամուսինը Աննա Կարենինայի ամուսնու նման հոգեկան տվայտանքով և մտածմունքներով ծանրաբեռնված չէ: Նաև. արտաքուստ Էմման նման է Չեխովի «Թռի-վռին» պատմվածքի հերոսուհուն, որի ամուսինը ևս հարգված բժիշկ է, բայց Չեխովն իր հերոսուհուն չի սպանում. սպանում է նրա ամուսնուն: Դասական վեպում սովորաբար ուժեղ, հզոր անհատականություններն են կործանվում:

Ա. Փ. - Տիպական դիտարկում էր: Չեխովը մեկ այլ գործում՝ «Շնիկով տիկինը», հոգեբանական ցնցող ապրումներ է տալիս: Պատմվածքն ավարտվում է «չավարտվածությամբ», անորոշությամբ, դառնագին հուսահատությամբ: «Ի՞նչ կլինի»-ն շատ հեռու է: Իսկ անորոշությունը կարո՞ղ է ազդել զգացմունքի վրա:

Վ. Դ. - Եթե Էմմա Բովարիին նկատի ունեք, ապա ընթերցանության ավարտին արդեն համոզվում ես, որ այդ շենշող կնոջ զգացմունքներն ու կրքերը որոշակի հասցեատեր չունեին: Նա այրվեց և մոխրացավ իր իսկ սիրո կրակներում:
Գրականագետները բազմիցս են նշել Ֆլոբերի վեպի գրական-հոգեբանական մեծ ազդեցությունները ռուս դասականների վրա:

Ա. Փ. - Միանշանակ... Էմմայի կերպարն առաջնորդեց շատերին, ոգևորեց: Ինքն ավելի շատ արվեստագետ էր, քան իր սիրեցյալները:

Վ. Դ. - Իհարկե, դրա համար էր երևի Ֆլոբերն ասում՝ Էմման ես եմ:

Ա. Փ. - Այո, նա և՛ պաշտպանում է Էմմային, և՛ հանձնում ճակատագրին: Բայց չէ՞ որ իրեն էր տեսնում Էմմայի մեջ:

Վ. Դ. - Ի դեպ, գրականությունից հեռու գտնվող հոգեբան-գիտնականները տարակուսանքով են ընդունում այդ թեզը. Ինչպե՞ս կարող է տղամարդ-գրողն ինքնամարմնավորվել կին հերոսի կերպարի մեջ: Արդյո՞ք այստեղ սեռային ինքնորոշման (գենդերային իդենտիֆիկացիայի) խնդիր չկա:

Ա. Փ. - Տղամարդը հավերժորեն կապված է կնոջն իր ծնունդով: Հետևաբար կինն իր մեջ միշտ կա: Փոքր կամ մեծ չափաբաժնով...

Վ. Դ. - Ես չեմ կարծում, թե այս երևույթի մեջ սեռային ինքնորոշման կամ «կողմնորոշման» հարցերն են: Սա ավելի խորքային խնդիր է: Գրական կերպար ստեղծելիս հեղինակը (անշուշտ, տաղանդավոր գրողը) մարդու իմացաբանության մեջ հասնում է այնպիսի ոլորտների, որոնք համապարփակ են, համամարդկային և հեռացած են զուտ սեռային մոտիվացիաներից: Այդ մասին լավ է արտահայտվել Դերենիկ Դեմիրճյանը Ղազարոս Աղայանի մասին՝ ասելով. «Նրա ոգին Արեգնազանն էր, որ գնում էր կենդանացնելու քարացած քաղաքները և ոչնչացնելու կախարդներին, նա Անահիտն էր, որ անձնապես սովորում էր արհեստը և աշխատում»:

Ա. Փ. - Հետաքրքիր համեմատություն արեցիք, հիրավի: Անահիտը ևս հաստատուն և ամբողջական կերպար է:

Վ. Դ.- Գիքոր -Էմմա -Անահիտ, հետաքրքիր շղթա ստացվեց: Ի՛նչ ընդհանրություն կա այս, թվում է, թե իրար հետ կապ չունեցող երևույթների միջև: Գուցե անկեղծությունը և տարերքի կառավարելիությունը:

Ա. Փ. - Տարբեր երկրների գրողներ և այսքան շատ ընդհանրություններ...

Վ. Դ. - Արտաքին տարերքը սպանում է Գիքորին, ներքին տարերքը՝ Էմմային, իսկ դրանք սանձելու կարողությունը ծնում է Անահիտ՝ գրեթե Աստվածուհի:

Ա. Փ. - Ի՞նչ պիտի անի գրողը, եթե իր մասին չեն գրում, չեն խոսում, գրաքննադատները լուռ են, ընթերցողը չի հասկանում իրեն. Ես այս հարցը տալիս եմ ոչ թե գրող Վարդգես Դավթյանին, այլ մարդու հոգին բուժողին: Չե՞ք կարծում, որ սա բարդագույն հոգեվիճակ է: Խոսքը տաղանդավոր, նորարար գրողների մասին է:

Վ. Դ. - Առաջին հերթին պետք չէ վհատվել: Գրաքննադատներին պետք է հարգել: Լավ գրականագետը կարող է ուղղություն տալ ամբողջ մի դարի գեղարվեստական մտածողությանը: Ցավոք, նման տրամաչափի մասնագետները մեզանում քչանում են: Ասպարեզ են գալիս չկայացած գրող-քննադատները: Հիշում եք , չէ՞ Բերնարդ Շոուի միտքը, թե վատ գինուց լավ քացախ է դուրս գալիս: Ժամանակակից նորարար գրողներին կարող եմ խորհուրդ տալ՝ շատ կարդալ, հաճախ շփվել մարդկանց հետ, խորքային ուսումնասիրել կյանքը: Այդ հասկանալ-չհասկանալու խնդիրը միակողմանի չէ. եթե ընթերցողը չի հասկանում գրողին, սա մեծապես նշանակում է, որ գրողն էլ չի հասկանում ընթերցողին: Հաճախ հանդիպում ես թեմատիկ արծարծումների, որոնք, ասես, ավելի շատ քարոզչական լիցք ունեն և հետաքրքիր չեն ժամանակակից ընթերցողին: Թեև գրականությունը երբեմն կառուցվում է սխեմաների և խորհրդանշանների վրա, սակայն չպետք է մոռանալ, որ ընթերցողը սխեմա չէ, այլ՝ կենդանի անձ, որն իրավունք ունի հոգնելու, ձանձրանալու, զզվելու: Ժամանակակից գրողները պարտավոր են հաճախ թերթել դասականների գրքերը, հղկել, կատարելության հասցնել արդիական հայոց լեզուն: Անհրաժեշտ է շատ աշխատել: Գրականության մասնագետներն ու քննադատներն էլ մեծ անելիք ունեն հրատարակիչների հետ միասին: Պարտավոր են բոլոր հնարավոր ուղիներով նպաստել, որ հայ գրքի շուկան ձևավորվի, առանց որի չենք կարող խոսել կայացած գրականության մասին:

Ա. Փ. - Գրվել են լավագույն վեպեր սիրո, հայրենիքի, պատերազմների մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կուզենա կարդալ մարդը մի քանի տասնամյակ անց: Կամ, ընդհանրապես, գիրքը հետաքրքիր կլինի. չէ՞ որ 21-րդ դարում կյանքն արագընթաց կերպով նորանում և փոխվում է:

Վ. Դ. - Ընդհանրապես ամբողջատիրական հասարակություններում, որտեղ այսպես թե այնպես տիրապետող են պատվիրված գրականությունը և թեմաները, ավելի հեշտ է գրական ախտորոշումներ անելը: Օրինակ, խորհրդային գրողները համոզված էին, որ Հայրենական պատերազմի թեման դեռ մի հարյուրամյակ կգրավի գեղարվեստական գրականությունը: Տեսեք, դատելով ռուսաստանյան կինեմատոգրաֆիայի և պարբերականների արտադրանքից՝ կարելի է եզրակացնել, որ նրանք երևի չսխալվեցին: 75 տարի է անցել, բայց պատերազմական թեմաները կրկին շրջանառության մեջ են: Գրականությունն էլ ունի որոշակի ցիկլային բնույթ, և հիմա կարծես շատանում են  սենտիմենտալիզմի և ռոմանտիզմի դրսևորումները գեղարվեստական գրություններում, մասնավորապես՝ պոեզիայում: Ասես կրկին արթնանում են 200 տարի առաջվա գրական միտումները և ընթերցողական նախասիրությունները: Նախորդող դարաշրջանների թեմատիկ նախասիրությունները (գիտական ֆանտաստիկա, դետեկտիվ, պատմավեպ և այլն) թվում է, թե հոգնեցրել են ժամանակակից ընթերցողին: Հիմա կարծես ավելի շատ միագիծ-կենցաղային-մելոդրամատիկ նյութերն են հարգի, ինչպես, ասենք, բանալու անցքից հետևես հարևանների տան անցուդարձին: Բայց այս գրական պրիմիտիվիզմի դարն էլ կանցնի, և, անշուշտ, կգան լուրջ գրականության ժամանակները:

 

Հեղինակ՝ Անի Փաշայան