Գերման Ավագյան. պոետիկ արձանագրումներ լուսանկարչությամբ

Մեկ տարի առաջ, փետրվարի 16-ին հանկարծամահ եղավ Գերման Ավագյանը՝  անկախության շրջանի ամենատաղանդավոր և մասնագիտության մեջ ազնվագույն լուսանկարիչներից մեկը: Գերմանին ճանաչում եմ 90-ականների սկզբից՝ «Գարունի» ամենաակտիվ շրջանից, երբ Գերմանի օբյեկտիվը ամենասովորական, կենցաղային իրավիճակները վերածում էր չմոռացվող, գլխումդ դաջվող պատկերների ու լուսանկարչական դիմանկարների՝ սկսած Պոպլովոկի մշտական հաճախորդներից մինչև քաղաքի ամենօրյա ռիթմի տարբեր դրվագները: Գերմանն արդեն պատերազմական լուսանկարչության իր փորձառությունն ու պատմությունն ուներ, աշխատել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Պատերազմը միշտ նրա համար առանձնահատուկ թեմա էր. լուսաբանել էր Արցախյան առաջին պատերազմը, Ապրիլյանը և, վստահաբար, առաջին իսկ օրից կլիներ նաև 44-օրյայի թեժ կետերում: Հաճախ էր խոսում պատերազմական գործողությունները լուսանկարելու էթիկական սկզբունքների ու պատասխանատվության մասին: Ապրիլյան պատերազմից հետո գրել էր. «Արցախի պատերազմը մե՛ր պատերազմն է։ Եվ Աստված մի արասցե՝ ընկնեք հակառակորդի ձեռքը։ Ձեզ չեն խնայելու, ինչ է թե լրագրողներ եք՝ ի տարբերություն հենց այդ նույն ռուս լուսանկարիչների։

Եթե ձեր ավտոմեքենայի մեջ նստեցնեք ինչ-որ մեկի, ձեր ուսերին կառնեք ձեր ուղեկցի կյանքի պատասխանատվությունը։ Իսկ հաճա՞խ են ձեր խնդիրները համընկնում ձեր ուղեկիցների խնդիրների հետ։

Յուրաքանչյուր ոք, ով հասնում է մարտական գործողությունների շրջան, պետք է շատ որոշակիորեն պատկերացնի իր մեկնումի նպատակն ու խնդիրները։ Ինքս հստակեցրել էի նպատակս՝ աշխատել հայկական մամուլի համար, առաջին ձեռքից տեղեկություններ տալ Հայաստանի քաղաքացիներին՝ բնակչության շրջանում ահագնացող տագնապը նվազեցնելու համար։ Հատկապես ուզում էի խաղաղեցնել զինվորների ծնողներին։ Ես պարզորոշ ընտրել էի իմ նպատակային լսարանը»։

Մեր իրականության մեջ  չկային մարդկային կյանքին, մարդու արժանպատվությանն ու իրավունքին առնչվող թեմաներ, որ կարող էին անտարբեր թողնել Գերմանին, և բոլոր մտահոգություններն ու տագնապներն արտահայտվում էին նրա հայտնի լուսանկարչական նախագծերում: Դրանցից լավագույններից մեկը Գերմանը ստեղծեց 2015-ին: «Տեսողական պոեզիա» կոչված նախագիծը Գերմանը նկարում էր ոգեշունչ խանդավառությամբ՝ դիմանկարների այս շարքը վերածելով լուսանկարչությամբ պոետիկ արձանագրումների: Որպես բնաբան ընտրել էր երկու սիրելի պոետների՝ Իոսիֆ Բրոդսկու և Ավագ Եփրեմյանի տողերը.

Բառերի մեջ բանաստեղծություն չկա:                          Սկսեցի ինքս ինձ հարց տալ.

Բանաստեղծությունը  մարդու մեջ է:                            արվեստի մի տեսակը կարո՞ղ է

Իսկ մարդը ՝ բառերի:                                                     պատկերել մյուսը, տեսողականը

                                                                                        Կարո՞ղ է պահել իմաստայինը:

Ավագ  Եփրեմյան                                                           Իոսիֆ  Բրոդսկի

 

Այս նախագծում Գերմանն իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ լուսանկարչական գեղարվեստական վավերագրության «նյութ» դարձնելով իր  ժամանակակիցներին՝ տարբեր սերունդների ստեղծագործողների, նաև իր  վաղեմի բարեկամներին, ընկերներին, որոնցից շատերի հետ կապված էր  երիտասարդության խենթ ու խելառ դեգերումների, ստեղծագործական  վայրիվերումների մասին լուսավոր հիշողություններով ու հոգևոր հարազատությամբ: Այս նախագծով Գերմանը հերթական անգամ շատ ավելի ընդլայնեց լուսանկարչական շարք հասկացության սահմանները ու «Տեսողական պոեզիայում» մեկտեղեց պոեզիան, հեղինակին ու գեղարվեստական լուսանկարչությունը: 15 հայ հեղինակներ, որոնց ստեղծագործությունների ձեռագիր տեքստով ձևավորված լուսանկարներում պոեզիան սահուն կերպով միաձուլվում է լուսանկարչությանը և հակառակը: Գերմանի անաղմուկ, ոչ  բարձրագոչ, ասպետական սերն ամեն արժեքավորի հանդեպ վերածվում էր  լուսանակարչական ազնիվ պատմությունների, որի տեսանելի արդյունքը  տաղանդավոր լուսանկարչական գեղագիտությունն է, իսկ անտեսանելի կողմը՝ տառապագին ապրումակցումն այն ամենին ինչ տեսավ, արձանագրեց, վավերագրեց ու վերապրեց իր բուռն, լեցուն ու զարմանալի կյանքի ընթացքում: 

 

Նունե Ալեքսանյան