Գալուստ Պապյան. «Լուսանկարչությունը սիրտը բացելու արվեստ է»

Լուսանկարչական կադրում մարդիկ որ ավելին են, քան կյանքը

Երջանկահիշատակ լուսանկարիչ Գալուստ Պապյանը հայրենիքում ընդամենը մեկ անգամ է անհատական ցուցահանդես ունեցել՝ 2006 թվականի նոյեմբերին, Երևանի «Ալբեր և Թովե Բոյաջյան» պատկերասրահում։ Լուսանկարչական ցուցահանդեսն ընթանում էր «Դեմքեր և դեպքեր» խորագրի ներքո։ Լուսանկարիչը ներկայացրել էր Կանադայում և Հայաստանում արված իր տարբեր տարիների աշխատանքները ։ 

Գալուստ Պապյանը կանադահայ համայնքի սիրված մտավորականներից էր, հայրենիքի խնդիրներով ապրող, հայապահպանությանն ու հայկական մշակույթին անձնվիրաբար նվիրված մի ջերմ ու վեհ անձնավորություն։ Բայց նա առաջին հերթին մեծ լուսանկարիչ էր, որի աշխատանքները բանաստեղծական շնչով լուսանկարներ են, կենտրոնում  մարդը՝ իր բազմաշերտ դիմագծերով ու հոգեվիճակով։

Գալուստ Պապյանը ծնվել է Լիբանանում՝ 1938 թվականին։ Կրթությունը ստացել է տեղի Լուսինեան ազգային վարժարանում։ 1961 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում՝ Մարսել, ապա՝ Փարիզ, որտեղ մտերիմ է եղել հայ գրողների շրջանակի հետ։ 1967 թվականին տեղափոխվել է Կանադա, մի կարճ շրջան ապրել Մոնրեալում, ապա հաստատվել է Տորոնտոյում։ 1970-75 թվականներին ապրել է Նյու Յորքում և հենց այստեղ է բացահայտել ու  զարգացրել իր մեջ լուսանկարչության հանդեպ սերը։ Նյու Յորքում նա աշակերտել է Միացյալ Նահանգներում մեծ համբավ ունեցող հայ լուսանկարիչ Հարություն Չոլաքյանին, որին ամբողջ կյանքում շարունակել է համարել իր ուսուցիչն ու իրեն հավերժորեն լուսանկարչության հետ կապողը։ Վերադառնալով Տորոնտո՝ Գալուստ Պապյանն  իր լուսանկարչական ստուդիան է բացել։ 

1980 թվականին առաջին անգամ նա այցելել է Հայաստան՝ անմոռանալի ապրումների, թանկ հիշողությունների ու հանդիպումների այդ շրջանը հավերժացնելով իր լուսանկարներում, որոնք հետագայում անվանեց «Հայաստանը ութսունականներին»։ Երևանյան պատկերներ, մարդիկ, Կոնդի առօրյա, գյուղական կյանք, հայրենի եզերքի խոսուն դրվագներ, երեխաներ, հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ. այս լուսանկարները մի կողմից շատ իրատեսորեն պատմում են ութսունականների Հայաստանի մասին, մյուս կողմից ասես բանաստեղծություններ լինեն հայրենիքը տեսնելու երազանքի և այդ բաղձալի հանդիպման մասին։  

Գալուստ Պապյանի լուսանկարչությունը կարելի է անվանել կինոպատմություն, որն ինքը՝ լուսանկարիչը, իր ալբոմում պայմանականորեն բաժանել է երեք խմբի՝ «Սփյուռքի համաստեղություն», որը ներկայացնում է սփյուռքահայ մտավորականների դիմանկարներ, «Հայաստանը ութսունականներին», որի ներքո ներկայացված լուսանկարները ստեղծվել են Հայաստան այցելության ժամանակ, և երրորդը՝  Փարաջանովի հետ ճակատագրական հանդիպումից ծնված լուսանկարների մի շարք, որը նույնպես ստեղծվեց Հայաստան այցելության ժամանակ, երբ Գալուստ Պապյանը որոշեց հանդիպել Փարաջանովին Թիֆլիսի իր բնակարանում։ Այս երեք բաժիններն ի մի են բերված «Ներաշխարհ Ոսպնեակեն» հայերեն և անգլերեն գրքում, որը հրատարակվել է Գալուստ Պապյանի կենդանության օրոք, 2011 թվականին,  Համազգային կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ։ Նա իր լուսանկարներով ստեղծել է Սփյուռքի հայ մտավորականների և հասարակական գործիչների մի ամբողջական դիմանկար՝ Շառլ Ազնավուր, Ատոմ Էգոյան, Արտո Չաքմաքչյան, Գրիգոր Պըլտեան, Ալիսա Կիրակոսյան, Արսինե Խանջյան, Հակոբ Կարապենց, Նիկոլ Բեզջյան, Լևոն Խանգալդյան, Լևոն Իշխանան, Նուրհան Արման, Վահե Բերբերյան, նրանք բոլորը, վստահաբար, շնորհիվ Գալուստ Պապյանի՝ ունեն իրենց ներաշխարհը բնորոշող լավագույն լուսանկարներ։ Ալբոմի մյուս՝ հայաստանյան հատվածում, բացի հայրենի եզերքի պատկերներից, մեր մտավորականներն են՝ Հրանտ Մաթևոսյանը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Տիգրան Մանսուրյանը, Վարդգես Պետրոսյանը, Համո Սահյանը, Մուշեղ Գալշոյանը, Զորայր Խալափյանը, Հովհաննես Չեքիջյանը, Հենրիկ Էդոյանը, Հրաչյա Ղափլանյանը, Հակոբ Հակոբյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը և ուրիշներ։ 

Այս բոլոր լուսանկարները կյանքի, ապրած ու անցած ժամանակի զգայուն կադրեր են, որ այնպես բանաստեղծորեն հավերժացել են սև-սպիտակ ժապավենի վրա՝ շնորհիվ իրենց հեղինակի՝ կյանքը և աշխարհը բանաստեղծորեն ընկալող  Գալուստ Պապյանի։ Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանն այսպես է բնորոշել նրան՝ «Գալուստ Պապյան արվեստագետի համար լուսանկարչությունը սոսկ պահի արձանագրություն չէ։ Այն կյանքի բազմաթիվ արտահայտությունների մեջ ներթափանցելու միջոց է»։ 

Գալուստ Պապյանին ես հանդիպեցի 2017 թվականի գարնանը՝ Տորոնտոյի իր բնակարանում։ Կյանքի վերջին տարիներին նա վատառողջ էր, սակայն հաճույքով համաձայնեց զրուցել։ Հանդիպման առաջին իսկ րոպեներից պարզ էր, որ ոչ միայն հանդիպել էի իր գործի բացառիկ նվիրյալի, լուսանկարչության մեծ սիրահարի, Հայաստանն իր սրտում ամբողջությամբ կրող մի մտավորականի, այլև մի մարդու, որն իր պատկառելի տարիքում փայլող աչքերով պատմում էր իր աշխատանքի նրբությունների մասին և զրուցակցին վարակում էր լուսանկարչության հանդեպ բանաստեղծական սիրով։ 

«Նախքան լուսանկարելն  առաջինը, որ պիտի անես, այդ մարդուն  ուսումնասիրելն է, պիտի փորձես հնարավորինս ճանաչել նրա կերպարը։ Որովհետև նա իր սիրտը, իր հոգին բացելուց առաջ պիտի քեզ վստահի այնպես, ինչպես մի երիտասարդ աղջիկ, որը երբ բժշկի է գնում,  իր շապիկը կհանի միայն այն դեպքում, երբ հարյուր տոկոսով վստահի բժշկին։ Լուսանկարչությունը սիրտը բացելու արվեստ է։ Մարդիկ լուսանկարչական ապարատի առաջ ակամա «կոճկվում» են։ Կարևոր է իմանալ՝ ինչպե՞ս անել, որ նրանք իրենց ներաշխարհը «չկոճկեն», և լուսանկարիչը կարողանա տեսնել այն իր ամբողջ գեղեցկությամբ։ Բոլոր լուրջ լուսանկարիչները երազում են այդ մասին, բայց շատ քչերին է իրականում դա հաջողվում։ 

Ամեն մարդ զգայուն է, ամեն մարդու մեջ մի քնած բանաստեղծ կա, այդ բանաստեղծին արթնացնելը և նրան ամեն օր սնունդ տալն է կարևոր։ Դա է որ տարբերում է արհեստավարժ լուսանկարչին սիրողական լուսանկարչից, արհեստավարժին՝ հանճարից»։ - ասում էր լուսանկարչության վարպետը։

Գալուստ Պապյանի ծնողները Ցեղասպանությունից փրկված որբեր էին։ Անսահման երախտագիտությամբ էր խոսում նրանց մասին. «Սովորաբար երեխաներն իրենց տարեդարձներին խաղալիք կամ այլ զվարճանքի իրեր են ստանում, ինձ ծնողներս գիրք էին նվիրում։ Ես Համաստեղի «Սպիտակ ձիավորը» տասնհինգ տարեկանում կարդացի և պարզապես ապրում էի դրանով։ Արվեստի հանդեպ հատուկ սեր կար մեր ընտանիքում, ինչպես նաև Լիբանանի դպրոցի իմ հայ ուսուցիչների շնորհիվ ես կապվեցի հայ գրականությանն ու մշակույթին։», հուզմունքով հիշում էր նա՝ ավելացնելով, որ այդ տարիներին դժվար էր կյանքը Լիբանանում և ապրուստ հայթայթելը՝ գերխնդիր։ «Բայց բախտավոր էինք, որ մեր ընտանիքներում և վարժարանում մեծանում էինք վեհ արժեքներով։ Իմ սերունդը մեծացել է Հայաստանի մասին լսելով, բայց Հայաստանը երազ էր, որ ապրում էր մեր երգերի մեջ։ Ոչ թե միայն տեսնելու ցանկություն կար, այլև այն շոշափելու, շոշափելու հողը, այնտեղ ապրող ամեն ինչ։ Գուցե ենթագիտակցորեն ինքս ինձ ուզում էի համոզել և ի լուր աշխարհի ասել՝ ահա, դուք ուզեցիք սպանել մեզ, դուք ուզեցիք մեկ հայ թողնել թանգարանում, բայց ահա իմ երկիրը, ահա իմ ապրող ժողովուրդը»։ 

Գալուստ Պապյանի՝ Հայաստանում արված լուսանկարներն իսկապես ասես հայրենիքի «շոշափումներ» լինեն։ Նրա արվեստը բնորոշելիս կանադահայ գրող, հասարակական գործիչ, Գալուստ Պապյանի լուսանկարների գրքի խմբագիր Վրեժ Արմենը նկատել է՝ «Այս հատորը մեր առջև կը բանայ սիրտը սփյուռքահայ մարդուն՝ պանդուխտ հայորդիին, որ կը նկրտի «անաղարտ պահել հայ մարդու արժանապատվությունը», և որուն համար «բոլոր ճամբաները Հայաստան կը տանին։» 

Գալուստ Պապյանը  Փարաջանովի արվեստի մեծ սիրահար էր։ Հայաստան այցելության ժամանակ, երբ Փարաջանովը թիֆլիսյան իր բնակարանում տնային կալանքի մեջ էր, նա սեփական նախաձեռնությամբ մեկնում է Թիֆլիս՝ հույսով, որ կկարողանա հանդիպել Վարպետին։ Տան հասցեն նրան տալիս է Տիգրան Մանսուրյանը։ Երկու արվեստագետները ոչ միայն ջերմ հանդիպում են ունենում, այլև այդ օրը Գալուստ Պապյանը ստեղծում է լուսանկարների մի հրաշալի շարք, որը Փարաջանովի կյանքի արժեքավոր վավերագրություն է՝ արված բացառիկ սիրով ու պրոֆեսիոնալիզմով։ Գալուստ Պապյանը Փարաջանովի հետ հանդիպումը համարում էր իր կյանքի ամենանշանակալի օրերից մեկը։ Նա ապրում էր այդ հանդիպմամբ և այդ օրվա լուսանկարներով, որոնք Փարաջանովի կյանքի մեկ օրն էին՝ հավերժացրած սև-սպիտակ ակնթարթների մեջ։ 

«Լուսանկարչական ապարատս հետս էի վերցրել՝ հույսով, որ ինձ կհաջողվի նրան լուսանկարել։ Դուռը թակեցի՝ բարձր բղավելով՝ Սերգե՜յ, Սերգե՜յ։ Նա դուրս եկավ պատշգամբ։ Մտա ներս, ձեռքը սեղմեցի, ասացի՝ եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու, որ ձեր արվեստով ինձ այսպիսի հպարտության առիթ եք տվել որպես հայ և որպես արվեստագետ։ Չգիտեմ, գուցե իմ անհավակնոտ կեցվածքը, մի քիչ երկյուղածությունս նրան տրամադրեցին դեպի ինձ, գուցե ինքն էլ պահանջ ուներ մեկի հետ խոսելու։ Երբ նկատեց դռան մոտ դրված պայուսակս, հարցրեց՝ ի՞նչ է դա։ Ասացի՝ ֆոտոխցիկ։  Զարմացավ, ուրախացավ։ Մոտեցրի, տվեցի իրեն, սկսեց ուշադիր նայել, շոշափել։ Կամերան, որն իր կյանքն էր, իր ձեռքից վերցրել էին այդ պահին, ու նա անսահման տխուր էր, կարոտած։ Համբուրեց կամերաս, երևակայիր այդ պահը, թե ինչ զգացողություններ ունեցա. Փարաջանովը՝  իմ լուսանկարչական ապարատը ձեռքին, հետո՝ այն համբուրելիս… ի՜նչ էր դա ինձ համար։ Չգիտեմ ինչպես չխենթացա… Այդ մի քանի վայրկյանում մենք մտերմացանք։ Եվ հետո արդեն ոչ թե ես էի լուսանկարում իրեն, այլ՝ ինքն էր լուսանկարվում։ Դրանք իմ կյանքի ամենահիշարժան պահերն էին, դրանք սովորական լուսանկարներ չեն ինձ համար… 

Հարցրի նրան՝ Վարպետ, ի՞նչ է քեզ համար հայը, ո՞րն է հայի բնորոշումը։ Դա կարևոր հարց էր ինձ համար, այդ հարցը ես ամեն օր ինքս ինձ էի տալիս։ Փարաջանովն արագ ձեռքը գցեց մի թղթի, արագ շարժումներով իր դիմանկարն արեց՝ փշերի մեջ, հետո մկրատ, որը փշալարն է կտրում և նկարի տակ որպես ստորագրություն գրեց՝ ԴԱՐԴ։ Ասաց՝ ինձ համար հայությունը Դարդ է։ Այդ նկարն իմ մոտ է, մեծացրել եմ և սենյակումս դրել։ Մնաց ինձ հետ իր «Դարդը», և դա  իմ կյանքի ամենամեծ փորձառություններից մեկը եղավ։ 

Փարաջանովի հետ հանդիպումից ես հասկացա, որ կան երկու տիպի մարդիկ՝ մենք սովորական մարդիկ ենք, իսկ իրենք, ամերիկացիները լավ խոսք ունեն՝ larger than life , ավելի լայն, քան ինքը՝ կյանքն է։ Փարաջանովն էդպիսին էր՝ ավելին, քան կյանքը։»  

 

Մերի Մուսինյան 

Տորոնտո

 

... ... ... ... ... ... ...