Գագիկ Գինոսյան. «Չկա հայի վերջին պատերազմ»

Մեր լինելիության խաչը պատերազմելու ունակությունն է

Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է, որի գաղափարների, սկզբունքների ու դերի, ինչպես նաև սեպտեմբերյան պատերազմի մասին զրուցել ենք Ազգալդյանի հոգևոր ժառանգորդ, արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական և մշակութային գործիչ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հետ: Հարցազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, ռազմական գործողությունների դադարից 4 օր առաջ:

 

-Արցախյան ազատամարտից 30 տարի անց, երբ մենք հետադարձ հայացքով գնահատում ենք Ազգալդյանի բոլոր խոսքերը, սկզբունքներն ու գաղափարները, ակնհայտ է, որ դրանք այսօր ավելի քան արդիական են: Ինչի՞ մասին է դա վկայում:

-Գիտեք, մենք չսովորեցինք մեր հերոսներին ճիշտ գնահատել: Ես նույնիսկ չէի վախենա ասել ոչ թե հերոսներին, այլ մարգարեներին: Բաներ կան, որ Նժդեհը 100 տարի առաջ է մարգարեացել և ասել ինչ է լինելու: Բայց մենք, չգիտես ինչու, շարունակում ենք լինել դոգմատիկ գործերի հետևորդ և, բնականաբար, որևէ մեկին չնսեմացնելով, մանավանդ հիմա էնքան մարդու շռայլեցինք հերոսի կոչումները, բայց, մի մարդ որ մարգարեացել էր, մենք նրան անփութորեն կորցրեցինք: Չեմ ասում իր զոհվելուց՝ 92-ից հետո, կամ 94-ի հրադադարից հետո, ապա գոնե հիմա մենք  հետևեինք իր ասույթներին, իր մարգարեացումներին, անգամ իր անունը չնշելով, ուղղակի հասկանայինք էդ մարդու հզորությունը, թե ոնց էր կարողանում մի մարդ իր շուրջ համախմբել բազում խենթերի, որոնք գրեթե ոչինչ չունեին իրար կապող: Ես մի հոդվածում գրել էի՝ նրա մագնիսը բազմաբևեռ էր: Նա տարբեր-տարբեր տեսակի մարդկանց կարողանում էր սևեռել հայրենիքին ծառայելու գաղափարին: Եվ մարդիկ, որոնք սովորական կյանքում կարծես թե իրար նույնիսկ բարևելու ցանկություն չունեին, կռվի դաշտում համախմբվում և դառնում էին մեկ բռունցք: Եվ պատահական չէր, որ էդ տարիների ընթացքում ընդամենը 6 զոհ տալով՝ 7 բնակավայր է ազատագրել իր զորքով, իր ազատագրական բանակով: Մենք մինչև հիմա էլ չենք որդեգրել իր մոտեցումները: Մենք ուղղակի էդպես փնթի և անտարբեր վերաբերմունք ունենք կամավորության նկատմամբ: Այ եթե ժամանակին հասկանայինք, թե ինչ նկատի ուներ Լեոնիդ Ազգալդյանը, երբ Կոմանդոսին պետական ռազմական օպերացիան կազմակերպելուց ասում էր՝ ամեն մի օպերացիա պետք է նախագծել այնպես, որ հնարավորինս բացառվի որևէ մեկի զոհվելը: Երբեք չմոռանաք, որ Հայաստանը չունի ավելի թանկ և ավելի մեծ ռեսուրս, ավելի արժեքավոր երևույթ, քան ազգի ճակատագրի կամավորն է: Այդ կամավորի գաղափարն ու արժեքը մենք էդպես էլ չասկացանք, և նրա հզորությունը հենց դա էր, որ օգտագործում էր կամավորագրված ռեսուրսը: Ես չեմ կարծում, որ նա Նժդեհ էր կարդացել, բայց Նժդեհը դեռ մեկ դար առաջ ասում էր՝ հայը հրաշագործ է առավելապես որպես կամավորագրված և ոչ որպես պարտադիր ծառայության զինվոր: Եվ դրա համար պետք է անել ամեն ինչ, որ նույնիսկ պարտադիր ծառայության զորակոչված զինվորը իրեն կամավորագրված զգա հոգեբանորեն, իսկ մենք կամավորագրվածին դարձնում ենք պարտադիր ծառայության զինվոր, ամբողջովին ճզմում, ոչնչացնում ենք  կամավորության սկզբունքը, էդ ռեսուրսը, որ ներքին ոգեղենությունն է, ասպետականությունն է, որ հայի մեջ ի ծնե կա: Չեմ ուզում վիրավորել որևէ մեկ ազգի, բայց մենք դարձնում ենք ռուսական սոլդաֆոնիզմ: Այլ էր Լեոնիդի բանակը, և, կարծում եմ, որ պետք է գալ էդ կամավորության սկզբունքին, երբ որ զինվորին հնարավորություն է տրվում իր ասպետականությունը պահել: Ասպետների բանակ պետք է լինի Հայոց բանակը և ոչ շարքայինների:

-Դուք բազմիցս ասել եք, որ ըստ էության Լեոնիդ Ազգալդյանը Ձեր հոգևոր հայրն է:  Ինչպե՞ս ճանաչեցիք նրան և ինչպե՞ս եղավ որ ինքն այդպիսի վճռորոշ դերակատարություն ունեցավ Ձեր կյանքում:

-Ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ կամավորագրում էին, ես հանդիպեցի կրտսեր Ալեքսանդր Թամանյանին`ճարտարապետ Թամանյանի անվանակիր թոռանը, իսկ ինքը Լեոնիդի ուսանողական ընկերն է և արդեն մարտական ընկերը: Ես չհասցրեցի  իր հրամանատարության տակ ռազմական գործողությունների մասնակցել, բայց   հասցրել էի բոլոր իր մարտական ընկերներին հարցախույզ անել, թե ինչպիսին էր ինքը, որովհետև անգամ իր մահվանից հետո նրա ոգին ասես պտտվում էր մեր շուրջը: Նժդեհն ասում էր. «Առանց հանճար հնարավոր է հաղթել պատերազմը, առանց հերոս՝ երբեք»: Եվ հիմա էլ ոնց որ էդ տենդենցին ենք գնում՝ չնայած այս պատերազմում շռայլում ենք հերոսի կոչումները, բայց, այնուամենայնիվ, լեգենդներ այս պատերազմում չենք տեսնում: Այսօր Լեոնիդի գաղափարները, մոտեցումները պետք է արդիականացնել և կիրառել արդի բանակում, որ դրանք չմնան կամավորագրված  զորաջոկատներում և դրանք պետք է դառնան կանոնավոր բանակի գաղափարական հոգեկերտվածքի հիմքը: Գիտեք, տեսանյութ կա պահպանված, որ Լեոնիդը  հարձակման հրաման տալուց առաջ ասում է՝ եթե անզեն մարդ կտեսնեք՝ չկրակեք, թողեք որ հեռանա: Այսինքն ասպետավայել մարդասիրություն, որը բնորոշ է  հայերին, սա է, որ մեզ ուժ է տալիս դիմակայելու ոհմակապետություններին այս  պատերազմում: Եվ մենք պարտավոր ենք հաղթանակած դուրս գալ նաև այն քար լռության դեմ, որ տիրում է աշխարահում: Եվրոպան անգամ իրենց մոտ ահաբեկություններից չարթնացավ իր խոր թմբիրից, իսկ մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է մեր իսկական տեսակը:

-Մենք շատ հաճախ էինք բողոքում, որ նոր սերունդը մեր հերոսներին չգիտի, որ նրանք մոռացության են մատնվում: Բայց հենց այդ սերունդն է այս պատերազմում հերոսական ճիգով պաշտպանում իր հողը:

-Երկրի կառավարման, պետական համակարգի բոլոր օղակները թերացել են մեր   հերոսներին հասու դարձնելու հարցում: Ընդամենը գիշերը ժամը 12-ին Մովսես  Գորգիսյանին ցույց տալով, որն ասում է իր հայտնի խոսքերը՝ կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, դա դեռ սերունդ դաստիարակել չէ: Մովսես Գորգիսյանի մասին հաղորդումներ է պետք  անել, նրա ամբողջ կենսագրությունը՝ սկսած բանտից, իր ծնողների աքսորավայրում լինելուց մինչև զոհվելը, պետք է ներկայացնել սերունդներին: Եթե դուք ընդամենը երեք վայրկյանանոց ինչ-որ դրվագով փորձում եք  հաստատել, որ կա հայրենասիրական դաստիարակություն, կներեք: Եվ ընդամենը կռվից առաջ էր, որ թուրքական այդ չափորոշիչներով, թուրքաբարո այդ գրքերով, որտեղ արցախյան հերոսամարտի մասին անգամ նյութերը հանվել էին, նախատեսում էին պատմության դասավանդումը: Իրենք չարաչար սխալվել են, որ կկարողանային դա մեր միջից հանել, որովհետև ինչ-որ նվիրյալներ, ինչ-որ մարդիկ կարողանում են  ճիշտ դաստիարակել այդ երեխաներին, և նման դաստիարակություն ստացած ընդամենը մի տղա կարող է կռվի դաշտում հոգեփոխել բոլորին: Այսօր պետք է բանակի հանդեպ վերաբերմունքն արմատապես փոխվի: Ինձ համար սահմռկեցուցիչ է, որ շարունակում ենք բանակի համար հումանիտար գումարներ խնդրել սփյուռքի հայերից, սա ուղղակի խայտառակություն է: Եվ ինչո՞ւ մենք կարող էինք նախորդ դարի քառասունական թվականներին, երբ անգամ անկախ հայրենիք էլ չունեինք, ինչո՞ւ կարող էինք կաթողիկոսի հորդորով ամբողջ աշխարհի հայերով գումար հավաքել և սովետական բանակին նվիրել մի ամբողջ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն: Եվ ինչո՞ւ չենք կարող մեր անկախ բանակին օգնել, որ հաղթի էս անիրավ պատերազմում: Ինչո՞ւ չենք կարող ամբողջ աշխարհի հայերին դիմել բանակը նոր ուժով, նոր սպառազինությամբ զինելու, ամբողջությամբ վերազինելու կոչով և իրոք  արժանի բանակ ունենալ, որը պատրաստ է ցանկացած թշնամու, թեկուզ ամբողջ Թուրքիայի դեմ կռվելու: Երբ որ մենք կգանք այն գաղափարին, որ պետք է մոբիլիզացվի ամբողջ ազգային ներուժը, որ հանուն հաղթանակի ամբողջ երկիրը պետք է ենթարկվի տոտալ մոբիլիզացիայի՝ և՛ տնտեսությունը, և՛ գիտությունը, և՛ ռազմարդյունաբերությունը, այդ ժամանակ հաղթանակը չի ուշանա: Եվ բավական է այդ աններելի լոզունգը, թե սա մեր վերջին պատերազմն է. չկա հայի վերջին պատերազմ, հայն ըստ էպոսի կրում է իր ձեռքին խաչը պատերազմի, մեր լինելիության խաչը պատերազմելու ունակությունն է, ինչքան երկար պատերազմի պատրաստվենք, այնքան կարճ կտևի հերթական պատերազմը, որը պետք է հաղթական ավարտին հասցվի: Եվ դրան պետք է նպաստի յուրաքանչյուր հայ մարդ, աշխարհի որ ծայրում էլ լինի, ու ով ինչով կարող է: Ինչո՞ւ մենք կարող ենք 1000-ական դրամ զինվորների բուժման համար յուրաքանչյուրից պահել և չենք կարող ստեղծել օրենք, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունն ունենա Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգացնելուն: Սա պիտի օրենք լինի:

-Սա մի պատերազմ է, որ հատկանշվում է թշնամու առանձնահատուկ դաժանությամբ  ու նենգությամբ, բայց անգամ այս դեպքում հայ զինվորն ու բանակը հավատարիմ են իրենց տեսակին:

-Դա նորություն չէ, հիշենք մեր էպոսը. Մսրա Մելիքը փորձում էր Դավթին նենգաբար փոսը գցել, իսկ Դավիթն ասպետավայել ասում էր՝ հեյ, ով քնած  է ելեք, կացեք, հետո չասեք Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց: Էդ էպոսը հո երկնքից չի ընկել, սա ազգային հոգեբանություն է, սա մեր ինքնությունն է, մեր տեսակն է և հենց դա է մեր հաղթաթուղթը: Աշխարհը մի օր կհասկանա որ սա զուտ էթնիկ զտում չէ, սա շատ ավելի լուրջ խնդիր է, սա բարու և չարի կռիվ է, արարող և ավիրող ուժերի կռիվ է, նրանք ոչնչացնում են արարողներին: Աշխարհը մի օր կհասկանա, որ սա նաև իր կռիվն է, և որ ինքն այսօր ավիրվում է, դա նաև հայի կողքին չլինելու հետևանքն է: Բայց մեզ ավիրել հնարավոր չէ, որովհետև մենք փյունիկի նման միևնույն է հառնելու ենք, ոնց էլ պատահի: Կյանքն ապացուցել է, որ մեզ հատել հնարավոր չէ: Ուղղակի պետք է մի քիչ ավելի զգոն լինենք, համախմբված լինենք, մի քիչ ավելի նվիրում ունենանք: Իսկ այն փաստը, որ հայը չի կարող վնասել խաղաղ բնակչին ակնհայտ է: Տեսեք ֆիդայիների մասին քրդերը երգ են հորինել, որ մի վախեցի քուրդ բաջի, երեխին ձեռք տվող չի հայ ֆիդային: Այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ դա մեր ազգային տեսակը չի: Էպոսն ընդամենն արձանագրել է մեր ինքնության կերպը, և էդտեղ գաղտնագրեր են, որ ուղղակի մասնագետներին լսել է պետք և հասկանալ: Սա իսկապես տեսակի կռիվ է, էթնիկ խնդիր չի, շատ ավելի գլոբալ խնդիր է, որը մենք ուղղակի չենք հասկանում: եթե ընդհանրացնեմ աշխարհը կարելի է բաժանել երկու  տեսակի՝ արարող, որը ստեղծում է, իսկ եթե ստեղծագործ ազգ չէ, ինքը պիտի փորձի խլել, նույնիսկ ավիրելը իր համար լուծում է:

-Ձեր հիմնադրած «Կարին» համույթի օրինակով կարող ենք փաստել, որ ազգային մշակույթը նաև մտածողություն և կենսակերպ է: Այսօր ակնհայտ է, որ ռազմարդյունաբերության, բանակի հզորացմանը զուգահեռ պետք է նաև ազգային մշակույթի լուրջ քարոզչություն իրականացվի:

-Քանի որ ազգային մշակույթն ինքնին ենթագիտակցական դաստիարակություն է, և այն իրողությունը, որ պարն իր շարժողական և երաժշտական արվեստով մեծ ներազդեցություն ունի, մեծապես նպաստում է ազգային գաղափարներ սերմանելուն: Կարծում եմ, որ երեխաներն իրենց մարդկային տեսակով վերափոխվում են, իրենց էությամբ դառնում են լիարժեք հայ: Եվ այդ իմաստով, այն ինչ կատարվեց այս պատերազմի ընթացում, հենց առաջին օրերին, շատ խոհրդանշական է: ժողով արեցին, և յուրաքանչյուրն իր տեսակետն էր արտահայտում: Ոչ ոք չգիտեր, թե պատերազմի ինչ ծավալների մասին է խոսքը, ինչքան երկար է տևելու, բայց բոլորը համակարծիք էին, որ մենք անմասն մնալ չենք կարող: Եվ հավաքագրվեցինք ու  միացանք Ողջ մնալու արվեստի ջոկատին, որի կազմում մեզնից շատերը տարիներ շարունակ վերապատրաստումների են մասնակցել: Եվ հիմա «Կարինի» բոլոր տղաներն առաջնագծում են, բացի մեկ-երկուսից, որոնք լուրջ առողջական կամ ընտանեկան խնդիրներ ունեն: Ես երբևէ նրանց չեմ ստիպել կամ ուղղորդել, որ նրանք այդ քայլին գնան: Բայց տղաներն ավելի քան մարտական են տրամադրված և դա հավաքական ոգի ստեղծող լուրջ գործոն է, որը չի կարելի անտեսել:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-