Գաբեն. «Ինձ թվում է, որ բառերը կարող են դուրս գալ աչքերից»

Ես սովորական չեմ, ես հավանում եմ իմ ազատությունը

Ֆրանսիական կինոյի մեծ ու սիրված արտիստի՝ Ժան Գաբենի մասին շատ է գրվել նրա ստեղծագործական կյանքի ընթացքում և նրա վախճանից հետո: Գաբենի արտիստական ֆենոմենի մասին հրապարակված հսկայական ծավալի նյութերից  «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում նրա մահվան 30-ամյա տարելիցի առիթով letelrgramme.fr-ում տպգրված հոդվածն ու «Երկնային ամպրոպ» ֆիլմի նկարահանման ընթացքում dailymotion.com-ին տված հարցազրույցը:

 

 

***

 

Ժան Գաբենը կինոյի պատմության մեջ կմնա որպես ամենահայտնի ֆրանսիացի դերասանը: Նա մահացել է 1976 թվականի նոյեմբերի 15-ին՝ 72 տարեկանում։  «Մառախուղների նավահանգիստը» ֆիլմի գլխավոր դերակատարի կամքի համաձայն, երեք օր անց, նոյեմբերի 18-ին, նրա մոխիրը տարածվել է Իրուազ ծովի վրա՝ «Դետրուայա» ռազմական նավատորմի հետախուզական նավի վրա կազմակերպված արարողության ավարտին։ Ժան Գաբենի աճյունը ցրվել էր Բրեստի մոտակայքում՝ այնտեղ, որտեղ դերասանը նկարահանվել էր «Բուքսիրներ» ֆիլմում՝ Միշել Մորգանի հետ: Շատ կապված լինելով նավատորմին, որտեղ նա ծառայել է պատերազմի ժամանակ, իր մահից երկու տարի առաջ դերասանը հյուրընկալվել է «Ժաննա դ' Արկ» նավի վրա՝ այն նավի, որում զինվորական ծառայություն է անցել նրա որդի Մաթիասը:

Իր վախճանից մի քանի տարի առաջ, երբ Գաբենը Ֆերնանդելի մասնակցությամբ ֆիլմ էր նկարահանում, իրեն բնորոշ պատկերավոր լեզվով նա իր կենսագիր Անդրե Բրունելինին խոստովանեց, թե ինչպես է պատկերացնում իր թաղումը.  «Մեզ`դերասաններիս, այլևս չեն թաղում ծածուկ, գիշերով, ինչպես նախկինում: Բայց դա այն պատճառով է, որ ներկայում մեր հուղարկավորության ժամանակ էլ մեզ ստիպում են բեմահարթակ բարձրանալ: Նույնիսկ մեռած, մեզնից պահանջում են խաղալ մի վերջին փոքրիկ տեսարան լուսանկարիչների, հեռուստատեսության ու «Բի՜ս» բացականչող ամբոխի հետ միասին: Նրանք ինձ դրանով չեն խաբի և չեն ստիպի վերջին անգամ անցնել այս ուղին, դեռ մի հատ էլ՝ առանց վճարելու»: 

Իր մտերիմներին նա հաստատեց, որ ցանկանում է, որ իր մարմինը դիակիզեն և որ իրենից հետո չի ուզում թողնել ո՛չ գերեզման, ո՛չ էլ հուշարձան: Եվ պահանջեց, որ իր աճյունը տարածեն ծովի վրա «ինչպես վայել է նավաստուն»։ Նա նույնիսկ պետք է որ հստակ ասած լիներ Միշել Օդիարին. «Իսկ հետո, այդպես, տխմարները չեն գա իմ գերեզմանին»: Բայց արդյո՞ք պետք է հավատալ այն ամենին, ինչ փոխանցել է մեզ Գաբենի սիրած երկխոսոություններ գրողը: Ծովն ու նավատորմը, համենայնդեպս, կարևոր դեր են խաղացել այս մարդու կյանքում, ում քաղաքացիական անունն էր Ժան Ալեքսիս Մոնկորժե։ Միթե նա, որպես ծովային հետևակայինների ավագ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չի ծառայել Ֆրանսիայի ազգային ռազմածովային ուժերի շարքերում: Ի դեպ, մեծանուն դերասան Ժան Գաբենը չի թաքցրել, որ հպարտ է, որ նրա որդի Մաթիասը զինվորական ծառայությունն անցնում է հենց «Ժաննա դ' Արկ» նավի վրա…

Իսկ ինչպիսի՞նն էր դերասան ժան Գաբենը:

Կինոքննադատները համարում են, որ կինոռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն լիովին իրավունք ուներ Ժան Գաբենի և Ժերար Ֆիլիպի վերաբերյալ գրել հետևյալ տողերը. «Նրանք չափազանց վտանգավոր դերակատարներ են՝ իրենք են որոշում, թե ինչպիսին պետք է լինի սցենարը, կամ շտկումներ են անում, եթե այն իրենց դուր չի գալիս։ Նրանք ազդում են բեմադրման վրա, պահանջում են խոշոր պլաններ։ Նրանք չեն վարանում զոհաբերել ֆիլմի շահը հանուն մի բանի, որն իրենք կոչում են իրենց սոցիալական ստատուսը և, ըստ իս, պատասխանատվություն են կրում բազում անհաջողությունների համար»։

 

***

 

Նանտում տեղակայված հին առանձնատանը ռեժիսոր Դենի դը Լա Պատելիերը նկարահանում է «Երկնային ամպրոպ» ֆիլմը: Իրեն հարազատ բնական դեկորներում «Տաքսի դեպի Տոբրուկ» և «Պռերի փողոց» ֆիլմերի հեղինակը չորրորդ անգամ է նկարահանում և ուղղորդում Ժան Գաբենին: Բեռնար Կլավելի վեպի և Պասկալ Ժարդենի երկխոսությունների հիման վրա ստեղծվող այս ֆիլմի մյուս դերասանները. Ռոբեր Հոսեյնը, Լիլի Փալմերը, Ժորժ Ժորժը և Միշել Մերսյեն գալիս են այս վայրերի տիրոջ՝ Ժան Գաբենի ուղեկցությամբ:  

 

Լրագրող -Ժան Գաբեն, դուք շատ տարբեր կերպարներ եք մարմնավորել: Դուք խաղացել եք՝ օրինակ, միայն Դենի դը Լա Պատելիերի ֆիլմերում, բանվորի («Պռերի փողոց »), բանկիրի («Այս աշխարհի հզորները») դերերը, իսկ հիմա էլ՝ անասնաբույժինը: 

Ժան Գաբեն -Իսկապես, բայց Լեանդր Բրասակը հետաքրքիր անասնաբույժի տեսակ չէ, նա եղել է անասնաբույժ, բայց այլևս դրանով չի զբաղվում:

Լրագրող -Ի՞նչ ընդհանրություններ ունեք այս կերպարի հետ:

Ժան Գաբեն -Իմ անձի Բրասակին համապատասխանող կողմե՞րը:

Լրագրող -Որո՞նք են այս պերսոնաժի մեջ տեղ գտած Ժան Գաբենի հոգու կողմերը:

Ժան Գաբեն -Նրա հետ ունեցած իմ բնավորության ընդհանուր գծե՞րը: Ես այդպես չէի ասի, սակայն նա նույնքան մարդատյաց է: Սա խիստ մարդ է: Ի վերջո, ես մտածում եմ, որ նա մի քիչ խենթ է: Ի դեպ, նա այդ մասին ասում էլ է, նա ընդունում է, որ այդպիսինն է:

Լրագրող -Այո, որովհետև նա մի թեթև շատ է խմում:

Ժան Գաբեն -Նա չափից ավելի շատ է խմում: Վերջիվերջո, հենց նրա հարբեցողի կողմն է, որը նրան այդ տեսքն է հաղորդում, բայց, այնուամենայնիվ, նա խենթ է:

Լրագրող -Հավանո՞ւմ եք ձեր կերպարներին ամեն անգամ, երբ մի քիչ օժտում եք նրանց այն ամենով, ինչի շնորհիվ նրանք կդառնան այն, ինչ պետք է լինեն էկրանին:

Ժան Գաբեն -Դժվարանում եմ ասել, գիտեք, դա կախված է այն իրավիճակից, որում հայտնվում է հերոսը տվյալ ֆիլմում: Ես չգիտեմ, ինձ հարկավոր է լավ հասկանալ, թե ի՞նչ է նա անում ֆիլմում՝ ո՞վ է նա կյանքում, որտե՞ղ է ապրում, ինչպե՞ս է ապրում: Բայց, վերջին հաշվով, ինձ թվում է, թե դա կախված է երկխոսություններից:

Լրագրող -Դուք դրա վերաբերյալ ունեք ձեր հստակ տեսությունը, այդ մասին մենք խոսում էիք նախօրեին: Այսպիսով, եթե լինում են բառեր, որոնք դուք չեք կարող արտաբերել, ապա դուք դրանք չեք ասում: Այդպես է՞:

Ժան Գաբեն -Ես դա ասում եմ, բայց նաև այն կարգավորում եմ՝ հստակ արտասանում եմ երկխոսությունը, կամ կտրում եմ բառերը, կամ մի քանի բառ եմ ավելացնում, որպեսզի նրանց գցեմ ներս, հետո այնտեղից դուրս հանեմ և փորձեմ որքան հնարավոր է բնական կերպով ասել երկխոսությունը: Գիտեք, հիմնականում հեղինակները շատ լավ երկխոսություններ են գրում, բայց չափից շատ բազմակետեր են դնում: Գրողը տանի այդ բազմակետերը, որ գրում են հեղինակները… Դրանք լավ են կարդալու համար, բայց հարկավոր է առոգանել այն: Այդ դեպքում, դա անելու համար պետք է դասավորել, կարգավորել երկխոսությունները՝ երբեմն մենք ամբողջությամբ այն փոխում ենք, բայց կարգի ենք բերում: Ես միշտ եմ այդպես անում:

Լրագրող -Մի՞շտ:

Ժան Գաբեն -Այո, միշտ: Երբ ես խաղում էի «Մեծ պատրանքում», ես արտասանում էի իմ երկխոսությունը, շարելով բառերը և դրանք բաժանելով վանկ առ վանկ, որովհետև առանց դրա ունակ չէի լինի այդքանն ասելու:

Լրագրող -Իսկ հետո եթե դուք անկարող եք առոգանել, ապա չե՞ք էլ ասում:

Ժան Գաբեն -Դե, միշտ էլ կարելի է այն առոգանել, բայց այդ դեպքում վատ է ստացվում: Կարծում եմ, որ դերասանի աշխատանքում կարևորը լավ հատկանիշներ ունենալն է: Դերասանը պետք է փորձի ստիպել հանդիսատեսին, որ վերջինս հավատա իր խոսքերին, որոնք ասվում են այն իրավիճակում, որում գտնվում է իր հերոսը: Ինձ թվում է, որ բառերը կարող են դուրս գալ աչքերից, որովհետև կինոն, նախևառաջ պատկեր է: Եթե չեն մտածում, չեն խորհում այն բանի մասին, ինչն ասում են, ապա այդ ասածը չի արտահայտվում հայացքով, դուրս չի գալիս աչքից: Ուրեմն, դրա շուրջ մտորելու համար պետք է հասնել այն վիճակին, որ բառերը լավ արտասանվեն, իսկ դրա համար պետք է, որ արտահայտությունները հեշտ լինեն: Ահա թե ինչու ես այնպես եմ դասավորում երկխոսությունը, որպեսզի այն հարմարեցնեմ ինձ:

Լրագրող -Դուք շատ հետաքրքիր միտք արտահայտեցիք, որը շատ բան է բացահայտում: Դուք ասացիք, որ ասելիքը պետք է հեշտությամբ ասվի:

Ժան Գաբեն -Այդպես է:

Լրագրող -Հետևաբար, այն պահին, երբ դուք այն արտասանում եք, դուք արդեն ամբողջովին մոռացա՞ծ եք լինում բոլոր այն ջանքերը, որոնք գործադրել եք դրան հասնելու համար:  

Ժան Գաբեն -Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես շատ քիչ եմ թերթ կարդում, բայց  գիտեմ, որ կան որոշ քննադատներ, որոնք ասում են, իբր թե ես ընտրել եմ հատուկ մի հնար՝ Գաբենի հնարը: Ասեմ, որ նման բան չկա, պարզապես ես մեքենայաբար ինձ եմ հարմարեցնում այն կերպարը, որը մարմնավորում եմ: Ակնհայտ է, որ ես փորձում եմ մարդկանց ստիպել զգալ այն, ինչ ինքս եմ զգում: Այսպիսով, հասկանում եք, ես այլ կերպ չեմ կարող՝ ես մի քիչ զգում եմ և, անշուշտ, այն միախառնում եմ ճշմարտության հետ: Հենց սա է, որ նրանք հնար են անվանում: Սա հնար չէ, ես ունակ չեմ դասական դեր խաղալու, չեմ կարող խաղալ մոլիերյան դերեր: Ես չէի կարողանա հատկապես այս մասնագիտությամբ զբաղվել, դա ինձ համար աղետ կլիներ: Սա ինձ համար կլիներ բոլորովին մեկ այլ մասնագիտություն, հասկանո՞ւմ եք:

Լրագրող -Արդյո՞ք ձեզ է պատկանում, օրինակ, Բրասակի մազերը կարճ կտրելու գաղափարը:

Ժան Գաբեն -Այո, այո:

Լրագրող – Ի՞նչ կերպ հասաք այդ մտքին, ասենք, մտածելով դերի շուրջ, լավ կշռադատելով:

Ժան Գաբեն -Ոչ, ես չեմ կշռադատում, մազերս են այդպիսին, պարզապես մտածեցի, որ այս տղան գյուղում է ապրում և ուշ-ուշ է վարսավիրանոց հաճախում՝ այդ տիպի բաները պետք է, որ նրա համար ձանձրալի լինեն: Նա միանգամից շատ կարճ է կտրել տվել իր մազերը, որ մի երեք ամիս չայցելի վարսավիրին:

Լրագրող -Այսպես, նա հաճախակի չի սանրվի:

Ժան Գաբեն -Չի սանրվի, գլուխը չի ծածկի, ահա թե ինչո՞ւ է դա արել:

Լրագրող -Արդյո՞ք այս կարգի գաղափարներն են, որ, ի վերջո, ձեր կերպարներին ավելի ճշմարտացի են դարձնում: Կոստյումները, տեսքը, դեմքի արտահայտությունները մեծ նշանակություն չունե՞ն:

Ժան Գաբեն -Ես շատ չեմ փոխում դեմքս, բերանս միշտ էլ նույնն է մնում:

Լրագրող -Դուք բեղեր չե՞ք դնում:

Ժան Գաբեն -Ոչ, ես դա չեմ սիրում: Օրինակ «Նախագահը» ֆիլմում ես բեղեր եմ կպցրել, որպեսզի հավաստի լինի: Ժորժ Սիմենոնի ստեղծած նախագահի պերսոնաժը Կլեմանսոյի ու Բրիանի խառնուրդն էր: Երկուսն էլ բեղավոր էին, ուստի ես էլ բեղեր կրեցի, բայց մյուս դեպքերում՝ ոչ:

Լրագրող -Դուք պահանջկոտ, նույնիսկ անսովոր մարդու համբավ ունեք:

Ժան Գաբեն -Այո, ես սովորական չեմ, ես հավանում եմ իմ ազատությունը, բայց չեմ սիրում, երբ մարդիկ անում են այն ամենը, ինչ ուզում են: Ես չեմ սիրում մարդկանց նեղություն պատճառել, չեմ սիրում չափից ավելի ձանձրացնել, ես կարծում եմ, որ դա միանգամայն բնական է և ընդհակառակը՝ կարծում եմ, որ ջանքեր եմ գործադրում, որպեսզի երբեք մարդկանց նեղություն չտամ, դա այդպես է: Հենց այդ պատճառով էլ սիրում եմ մենակ մնալ: Հաճախ նախընտրում եմ մենակ մնալ ելնելով երկչոտությունից ու ամաչկոտությունից, այլ ոչ թե քմահաճույքից:

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը