Բելա Հովնանյան՝ բնածին արտիստիզմ բեմում և կյանքում
Տասնամյակների նվիրում պարարվեստին
Հայ բալետի պատմության մեջ կան արտիստներ, որոնք իրենց կատարողական արվեստով ոչ միայն անջնջելի հետք են թողել հայ պարարվեստում, այլև կարող էին աշխարհի ամենահայտնի բալետային բեմահարթակները զարդարել։ Նրանցից է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Բելա Հովնանյանը, որը վերջերս նշեց իր 85-ամյա հոբելյանը։ Այդ 85 տարուց 75-ից ավելին նա նվիրել է պարարվեստին՝ նախ որպես աշակերտ, այնուհետև՝ պարուհի, մանկավարժ, փորձավար։
Բելա Հովնանյանին հատուկ է բնածին արտիստիզմը բեմում և կյանքում, որն արտահայտվում է թե՛ նրա սլացիկ և հպարտ կեցվածքում, թե՛ ձեռքերի արտահայտիչ շարժումներում, և թե ասես հատուկ բեմի համար քանդակված դիմագծերում և սահուն քայլվածքում։
Բելա (Լորետտա) Հովնանյանը 1954 թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը՝ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ Ալեքսանդրա Բոգանկովայի դասարանը և անմիջապես որպես մենապարուհի ընդունվել Սպենդիարյանի անվան թատրոնի բալետային խումբ։
1956թ. Երևանի Երիտասարդական փառատոնում արժանացել է ոսկե, իսկ 1957թ. Մոսկվայում տեղի ունեցած Առաջին միջազգային երիտասարդական փառատոնում` արծաթե մեդալների:
Ինչպես նշում է պարուհին՝ իր կայացման հարցում մեծ դեր են խաղացել Ռուսուդան Թավրիզյանը, Վիկտոր Բորիսովը, Վլադիմիր Վարկովիցկին և անշուշտ՝ Եվգենի Չանգան։
Թավրիզյանի հետ Բելա Հովնանյանը նախապատրաստել է Գայանեի դերը Արամ Խաչատրյանի համանուն բալետում՝ Նինա Անիսիմովայի բեմադրությամբ։ «Անշուշտ, -նշում է նա, -այդ ներկայացումը բեմադրված էր այսպես կոչված «դրամբալետի» օրինաչափություններով, այսինքն՝ լի էր դրամատիկական ներկայացմանը մոտ բազմաթիվ մնջախաղային տեսարաններով, բայց և պարային հատվածները հագեցած էին բարդ հնարքներով, վարպետորեն կառուցված գեղեցիկ մենապարերով և զուգապարերով»։ Հատկանշական է, որ դրամբալետի շրջանն անցած պարողներին հատուկ էր ձեռքի ժեստերի ցայտուն նկարագրողականություն, վարժ դիմախաղ, կերպարի մատուցման մեծ արտահայտչականություն։ Արդեն հաջորդ շրջանում, բալետի «սիմֆոնիզացիայի» և պարի տեխնիկական հնարքների տիրապետման հետ, ցավոք, բալետի դերասանները հետզհետե սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել զուտ այդ հնարքների կատարելագործմանը՝ աստիճանաբար կորցելով արտահայտչականության հմտությունները։
Իր ստեղծագործական ուղին սկսելով դրամբալետի ժամանակաշրջանի վերջին փուլում, Բելա Հովնանյանը երբեք չկորցրեց դրա լավագույն ավանդույթները։ Բալետի դերասաններն, ըստ ամպլուայի, բաժանվում են երկու հիմնական տիպի՝ դասական և ժող-բնորոշ:
Հակիրճ անդրադառնալով պատմությանը՝ պետք է նշենք, որ ժող-բնորոշ պարը սկսած 17–18-րդ դարերից դասական բալետի անբաժան բաղկացուցիչ մասն է։ 19-րդ դարի 30-40 ականներից ժող-բնորոշ պար սկսեցին կոչվել տարբեր ազգերի ժողովրդական պարերի բեմական մշակումները՝ հիմք ունենալով դասական պարը, սակայն, հետզհետե, ձևավորելով իր դասավանդման սկզբունքները և ուրույն ոճը։
Իր բեմական կյանքի ընթացքում Բելա Հովնանյանը բազմաթիվ առաջատար դերեր է պարել տարբեր բալետներում։ Դրանց մի մասը՝ ինչպես Գայանեն և Ֆրիգիան «Սպարտակում», բալետի դասական տիպի լավագույն պարտիաներից են։ Սակայն Հովնանյանի կատարած դերերն առավելապես ժող-բնորոշ տիպի են։ Եվ այս ասպարեզում նրա մասնագիտական հմտությունների կատարելագործմանը մեծապես նպաստում էր մեր թատրոնի ժող-բնորոշ պարի ականավոր վարպետ Վիկտոր Բորիսովը։
Հովնանյանը փայլուն տիրապետում էր ժող-բնորոշ պարի բոլոր նրբերանգներին ու հմտություններին։ Ինչպե՞ս չհիշել նրա հայտնի ոտնադոփյունների բազմազանությունը և այն ճշգրիտ գեղեցիկ դիրքը, որով ավարտվում էին այդ ոտնադոփյունները:
Բելա Հովնանյանի ամենափայլուն շրջանը, անշուշտ, նախորդ դարի 60-ականներն էին, իսկ ավելի ստույգ՝ այն տարիները, երբ Սպենդիարյանի անվան թատրոնի գլխավոր բալետմայստերն էր Եվգենի Չանգան (1961-1967)։
Եվգենի Չանգայի ներդրումը հայ բալետային թատրոնի զարգացման բնագավառում դժվար է գերագնահատել։ Լատվիացի բալետմայստերն իր բեմադրությունների նրբաճաշակ լեզվով և արտասովոր բեմադրական ոճով մեր բալետային թատրոն ներբերեց եվրոպական մակարդակ։ Նրան հատուկ էին արտասովոր բեմադրական ոճն ու դերասանների հետ աշխատանքի յուրօրինակ մեթոդը:
«Ասենք, -պատմում է Բելա Հովնանյանը, -Ռավելի «Բոլերոն» բեմադրելիս ես և Սիլվա Մինասյանը կատարում էինք նույն՝ Իսպանուհու դերը։ Չանգան առաջարկում էր մեր իսկ նախընտրած շարժումների կոմպոզիցիան տվյալ դրվագում և ընտրում էր տարբերակը։ Նույն «Բոլերոն» բեմադրելուց առաջ ես նոր էի վերադարձել Կանադայից, և այնտեղ տեսած պարերից շատ շարժումներ առաջարկեցի, որոնք և ընդգրկվեցին այդ բալետում»։
Հովնանյանը պարել է Չանգայի բեմադրած գրեթե բոլոր բալետներում՝ կերտելով ոչ միայն անմոռանալի իսպանուհիների կերպարները «Բոլերոյում» և Մինկուսի «Դոն Կիխոտում», այլև, այսպես կոչված, «դեմի-կլասիկ»՝ կիսադասական ոճի դերեր՝ Խորթ մայր (Պրոկոֆևի «Մոխրոտը»), Կոկետ տիկնիկ (Ռոսսինի-Ռեսպիգիի «Տիկնիկների աշխարհում»), Կին-մանեկեն (Հովհաննիսյանի «Երկնագույն նոկտյուրն»), դերեր որոնք առանձնանում էին դասական բալետի շարժումների հմուտ մեկնաբանությամբ և էքստրավագանտությամբ։
Արտիստուհին հյուրախաղերով հանդես է եկել Անգլիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Մեքսիկայում, Շրի-Լանկայում, Կամբոջայում և այլուր։ 1978–1979 թթ. վերապատրաստվել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում։ 1980-ից աշխատում է Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ որպես փորձավար։ 1982–1992 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Արտակարգ հիշողության տեր արտիստուհին կարող է վերարտադրել իր մասնակցությամբ բեմադրված ցանկացած բալետ։ Այդպես նա տարիներ անց մեր բեմում վերականգնեց Եվգենի Չանգայի բեմադրած «Բոլերոն» («Իսպանական աղջիկը») և Մարկ Մնացականյանի՝ ժամանակին բեմադրած «Լորկիանան»։
Իր անկրկնելի կատարողական վարպետությամբ Բելա Հովնանյանը մեր բալետի առաջնակարգ աստղերի թվին է պատկանում։
Հեղինակ՝ Նազենիկ Սարգսյան
արվեստագիտության դոկտոր