Ավետիք Իսահակյան. «Մենք հանդիսավոր խոստումների չենք հավատում»

Կարծես սուլթան Համիդի ժամանակներն ենք ապրում

«Էնվերը երևացել է և պիտի արշավե Հայաստանի վրա՝ Ադրբեջանի հետ, ստո՞ւյգ է»: Դեռ 100 տարի առաջ Եվրոպայից ուղարկած նամակներում տագնապած հարցնում էր Ավետիք Իսահակյանը: Մեկ դար անց այս նամակները ցավալիորեն նույնքան  արդիական են. նույն անորոշությունը, տագնապները, համազգային հուսահատությունը: «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Իսահակյանի 2016-ին՝ Լիլիթ Ավագյանի խմբագրությամբ հրատարակված նամականուց մի քանի հատված: Իսահակյանի բարեկամ, գրականագետ, խմբագիր Սիմոն Հակոբյանին հասցեագրված նամակներից հատվածաբար ներկայացնում ենք այն դրվագները, որոնք հիշեցնում են մեր օրերն ու պատմությունից չքաղած դասերը:

 

 

30 դեկտեմբերի, 1919, Ժնև

Սիրելի Սիմոն

Ստացա նամակդ. նկարածդ կացությունը վհատեցուցիչ է... Անգլիական պոլիտիկի մասին Կովկասի մեջ ես այն կասեմ, որ նրանք ուզում են Կովկասի Հայաստանը տալ թյուրքաթաթարներին, իսկ հայերին՝ Թուրքահայաստանից մի երկու նահանգ, որովհետև թյուրքահայերի միջազգային հարց գոյություն ունի, և Անգլիան խոստումներ է տվել: Մեր մարմնի վրա առևտուր է անում:

Այսօր վրացի Զվիցարիայի դելեգասիոնից ինձ ասացին, թե հայերի ու վրացիների միջև համաձայնություն է կայացել արդեն. 3 տարով մի պայմանագիր են ստորագրել: Որքա՞ն ճիշտ է, չգիտեմ:

Գրիր, թե Անգլիան ո՞ւմ և ի՞նչ կերպ և որքա՞ն հաստատորեն ասել է, թե Հայաստան երկիր կա: Դու գրում ես, թե «իբրև թե Արտ. գործոց մինիստրությունը ընդունել է»: Մենք հանդիսավոր խոստումների չենք հավատում, ո՞ւր մնաց՝ ասեկոսեներին:

Քո՝ Ավետիք

Արտատպված է «Բագին» հանդեսից, 1983, № 4:

 

8 փետրվարի, 1920, Ժնև

Սիրելի Սիմոն

...Ե՞րբ են, վերջապես, լուծելու մեր հարցը, մեռանք: Գարոն ինչո՞ւ է հրաժարվել, ի՞նչ ելք ունեցավ Նուբարի պատգամավորությունը Երևանում: Թերթերում կարդացի, թե Թիֆլիսում վրաց կառավարությունը տապալվել, բոլշևիկներն են այնտեղ: Ի՞նչ գիտես դրա մասին: Էնվերը երևացել է և պիտի արշավե Հայաստանի վրա՝ Ադրբեջանի հետ, ստո՞ւյգ է: Մի խոսքով, մեկ-մեկ գրիր. ամեն տողիդ կարոտ եմ: Լսեցի, որ Համոն գնացել է Երևան. լավ արեց, նա այնտեղ պետք կուգա, Փարիզ բոլորովին ավելորդ էր. զուր ծախս:

Բարևով քո՝ Ավետիք

Արտատպված է «Բագին» հանդեսից, 1983, № 4:

 

2 մարտի, 1920, Ժնև

Սիրելի Սիմոն

Ստացա նամակդ, շատ շնորհակալ եմ:

Կիլիկիայի ջարդերի մասին ինձ մի քանի բան գրիր. մի՞թե այդքան ահռելի չափերով են: Ուրեմն, «Հայաստան՝ առանց հայերի», հիմա՝ «Կիլիկիան՝ առանց հայերի» լոզունգի. ա՞յդ է նշանակում ֆրանս. մանդատ: Գերմանացիք ասում են, թե հիմա ո՞վ է ջարդում, դարձյալ մե՞նք...

Երկու հեռագիր ուղարկվեց տեղիս գաղութի կողմից Գերագույն խորհրդին՝ իբրև բողոք: Բավական խիստ լեզվով էր, դա է մեր մխիթարանքը, ի՞նչ կարող ենք անել ուրիշ:

Ամերիկան գետինը մտավ, մեծ-մեծ խոստումներ արավ: Արմեն Գարոն էլ ուռեցրեց և հավատացրեց մեզ. հիմա միայն 2 սպանված ամերիկացիների արնագինն է պահանջում: Կարծես սուլթան Համիդի ժամանակներն ենք ապրում: Վիլսոնը մեր դատին շատ վնասեց. ատելով ատում եմ այդ տիրացուին, թեև միշտ եմ ատել: Շնորհքը մեծ խոսքեր տալու մեջ չէ, այլ կատարելու, իրականացնելու: Բոլորովին հուսախաբ արեց այդ մարդը մեզ՝ իր դոլարապաշտ ժողովրդով: ... Ի՞նչ դուրս եկավ Լոնդոնի ժողովից, ե՞րբ են կանչելու թուրքերին, ե՞րբ են վերջնականապես գծելու մեր սահմանները, ինչպե՞ս է երևանի վիճակը: Ասում են՝ համաճարակ կա և սով: Օ՜ֆ, մեռանք... Զբաղմունքներս կանգ առան, այս հոգեբանությամբ չի կարելի պարապել, տնտեսապես էլ շան հալի մեջ եմ: Արմեն Գարոյի բաց նամակը՝ Նուպարին, ջղայնացած հիմարություն է:

Որքան մեր խմբապետները՝ Դրո, Մուրադ, Անդրանիկ, Սեպուհ բարձր են, այնքան մեր մտավոր ղեկավարները, քաղաքագետները տխմար մեծամտություններ են: Բացի քեզնից և մի երկուսից՝ մյուսներին արհամարհում եմ, մի՞թե իրավունք չունեմ: Ամենից շատ արհամարհում եմ լավատեսներին, որ երեխաներ են ուղղակի: Ափսոս այն դրամները, որ վատնում են...

Բարևներով՝ քո Ավետիք

Արտատպված է «Բագին» հանդեսից 1983, № 4:

 

14 մարտի, 1920, Ժնև

Սիրելի Սիմոն

Ուրեմն նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպատճառ ունենալ Ջուղայի բերանը: Հնար չկա, կորած է թե՛ Ղարաբաղը, թե՛ Զանգեզուրը և թե՛ Նախիջևանը: դուք հավատո՞ւմ եք Թյուրքահայաստանի ազատության: ես դրան չեմ հավատում. հրաշք պիտի լինի, եթե ազատվի: իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, ֆրանսիան, գիտեք՝ ինչ շուն է: Անգլիան էլ, մյուս կողմից, ադրբեջանին է զինում. խաբում են մեզ: Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրանիստ են դարձել: Շատ մռայլ եմ տեսնում գործերը: Պոլսի առումը գարանտի չէ, քանի որ ոչ ոք լուրջ չի մտածում հայաստան շինել:

Քո՝ Ավետիք

Արտատպված է «Բագին» հանդեսից, 1983, № 4: