Ավարտվեց Պենդերեցկու դարաշրջանը

Մարտի 29-ին Կրակովում վախճանվեց երկու դարաշրջանների՝ 20-րդ և 21-րդ դարերի մեծագույն երաժիշտներից մեկը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին: Ավարտվեց Պենդերեցկու դարաշրջանը: Նրա տիեզերական երաժշտությունն ու ապրած կյանքը եվրոպական հսկայական երաժշտական խառնարանում ստեղծեցին մի  բացառիկ ստեղծագործական տարածք, որը գրեթե յոթ տասնամյակ մեծ կոմպոզիտորը հարստացնում էր իր բազմաոճ ու բազմաժանր երաժշտական գլուխգործոցներով՝ ոչ միայն կամերային, խմբերգային ու սիմֆոնիկ ստեղծագործություններով, այլև կինոերաժշտությամբ: Պենդերեցկին հաճախ էր կատակում իր երակներով հոսող արյան և գենետիկ բարդ բաղադրության թեմայով՝ ինքը լեհ էր, պապը՝ գերմանացի, իսկ տատը՝ Սպահանից Լեհաստան  գաղթած հայուհի: Հետագայում որպես Դեմբիցայում անցկացրած մանկության ամենավառ հուշ նա հիշատակում էր տատիկի՝ Եվգենիա  Շիլկևիչի հետ Կրակովի հայկական եկեղեցու ժամերգություններին կիրակնօրյա այցելությունները: Բայց Հայաստանի և իր հայկական ինքնության հետ նրա  առաջին հանդիպումը տեղի ունեցավ միայն 12 տարի առաջ, երբ Պենդերեցկին արդեն 75 տարեկան էր: Պենդերեցկին առաջին անգամ Հայաստան եկավ «21-ի հեռանկարներ» հայկական փառատոնի հրավերով՝ 2008-ին և հրապարակավ խոստովանեց՝ հարազատ տուն է վերադարձել: Եթե չլիներ շրջադարձային 2008-ը, թերևս, Հայաստանը երաժշտի համար կմնար որպես մանկական հիշողության մի պատառիկ ու բիբլիական  առասպելի երկիր:  Հետո արդեն  «Երևանյան հեռանկարներ» անունը ստացած   փառատոնի հրավերով կոմպոզիտորը մի քանի անգամ վերադարձավ Հայաստան՝ ոչ միայն «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնին մասնակցելու համար, այլև հոգևոր մտերմության պահանջով: Հայաստանյան առաջին այցը նաև հայտնությունների  մի ամբողջ շարք էր, որից էլ սկսվեց մեծ բարեկամությունը հայկական երաժշտական աշխարհի ու հայ ժողովրդի հետ: Մինչև հայաստանյան այցը, հայ երաժիշտների հետ Պենդերեցկու միակ առնչությունն Արամ Խաչատրյանի հետ հանդիպումն էր, որից տպավորված՝ նա հաճախ էր պատմում, թե ինչպես է հայ երաժշտական հանճարին հյուրընկալել  Կրակովի իր տանը: Բայց Պենդերեցկուն հայ երաժշտական աշխարհի հետ կապելու անհրաժեշտությունը տասնյակ տարիներ քննարկում էին ազգային  երաժշտարվեստի մեծերը՝ Արամ Խաչատրյանը, էդվարդ Միրզոյանը և ուրիշներ: Այդ կապի կարևորությունն ընդգծում էր հատկապես էդվարդ Միրզոյանը, որի  գնահատմամբ Պենդերեցկու խմբերգային ստեղծագործությունները սերում են նաև հայ հոգևոր երաժշտական ավանդույթից: Թերևս պատահական չէ, որ հայաստանյան իր բազմաթիվ այցերի ընթացքում Պենդերեցկին ջերմ բարեկամությամբ ու հոգևոր հարազատությամբ կապվեց «Հովեր» երգչախմբի հետ, որի համար գրեց հայտնի սաղմոսը, որը նվիրեց 1915-ի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Պենդերեցկու հզոր երաժատական տաղանդը, Հայաստանի հետ նրա բարեկամությունն  ու հոգևոր կապը գնահատում են հայ  երաժիշտները, որոնք Մաեստրոյի հետ կապված էին ոչ միայն ստեղծագործական համագործակցությամբ, այլև երկարամյա բարեկամությամբ:

 

Խորապես հոգևոր անձնավորություն էր

Ստեփան Ռոստոմյան - «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական  փառատոնի հիմնադիր նախագահ

«Խորը ցավ ապրեցի, երբ ստացա մեր դարաշրջանի հանճարեղ կոմպոզիտորի և իմ սիրելի ընկերոջ` Քշիշտոֆ Պենդերեցկու կորստի վշտալի լուրը: 2008թ.-ից, Հայաստանի մշակութային կյանքը կարծես բաժանվեց երկու շրջանների. մինչև Պենդերեցկի և` նրանից հետո: Ինչպիսի ցնծություն էր, երբ երկարատև բանակցություններից հետո, ես հայտարարեցի Պենդերեցկու հայաստանյան առաջին այցի օրերը: Շատերը չհավատացին, կարծելով, որ հերթական հիասթափությունն են ապրելու, ինչպես դա եղել էր տասնամյակներ շարունակ…

«Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը ներկայացրեց նրան իր ամբողջ փայլով: Նրա հետ Երևան էինք հրավիրել երկու տասնյակ աշխարհահռչակ կատարողների, ովքեր գրեթե բոլոր հայկական կատարողական ուժերի հետ  ներկայացնում էին Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային, վոկալ և գործիքային ստեղծագործությունները: Մեկ շաբաթ շարունակ տոն էր Երևանում, ամեն օր «Արամ Խաչատրյան» համերգասրահը լեփ-լեցուն էր: Մաեստրոն մինչև սրտի խորքը երախտապարտ էր նման ընդունելության և պատվի համար: Երախտապարտ էր, որ վայելում էր ամբողջ հայ հասարակության անկեղծ սերը, նաև` իր երկրորդ Հայրենիքը վերագտնելու համար: Մեկ տարի անց, կոմպոզիտորի 75-ամյա հոբելյանի առիթով ես հրավիրվեցի Վարշավա՝ մեծ ընդունելության: Ներկա էին երկրի Նախագահը, բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, հայտնի երաժիշներ: Եվ անսպասելիորեն, Պենդերեցկին հայտարարեց, որ գտել է իր նախնիների երկիրը,  իր երկրորդ Հայրենիքը` Հայաստանը, ինչի համար բեմից շնորհակալություն հայտնեց ինձ:

Չորս անգամ (2008թ., 2009թ., 20013թ., 2016թ.), նույն հանդիսավորությամբ  և շարունակաբար իրականացրեցինք «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը: Տասնյակ հազարավոր ունկնդիրներ, շուրջ հիսուն ստեղծագործությունների կատարումներ, նվագախմբեր, երգչախմբեր, հրավիրյալ երաժիշտներ, հայ մենակատարներ, ընդունելություն և պարգևներ պետական մակարդակով... Դա բացառիկ էր. Պենդերեցկին սիրեց Հայաստանն ու իր ժոդովրդին, մտերմացավ մեր երաժիշտների և նվագախմբերի հետ, իսկ ոմանց կայացման գործում մեծ դեր խաղաց:

Նա խորապես հոգևոր անձնավորություն էր: Մենք ժամեր ենք անցկացրել «Շարականի» 200 տարի առաջ տպագրված հատորի շուրջ: Ես ներկայացնում էի նրան շարականները, իսկ նա հիշում էր, որ նման մեղեդիներ լսել էր Կրակովի հայկական եկեղեցում, ուր մանկության օրերին այցելում եր հայազգի տատիկի հետ: Այսպես ծնվեց հայկական հոգևոր թեմայով մեծ օրատորիա գրելու գաղափարը: Սակայն, առավել իրականանալի էր երգչախմբային գործի ստեղծումը` որը նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տեքստը` Դավթի վեցերորդ սաղմոսի գրաբարյան տարբերակն էր: Ստեղծագործությունն առաջին անգամ մեծ շուքով կատարվեց Նյու Յորքի Քարնեգի Հոլում` մեր կազմակերպած ‹‹Քեզ հետ, Հայաստան›› համերգաշարի շրջանակներում`‹‹Հովեր›› կամերային երգչախմբի կատարմամբ:

Հիշողությունները  շատ են և զորավոր, և դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա: Մշտապես հիշելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում նրա ասաց խոսքերը. ‹‹Հիմա տատիկիս հոգին հանգիստ կհանգչի երկնքում. ես վերջապես տեսա իմ Հայաստանը››:

 

«Հովերի» համար Պենդերեցկու մահը կորուստ է››

Սոնա Հովհաննիսյան - ‹‹Հովեր››  երգչախմբի հիմնադիր

Պենդերեցկու խմբերգային երաժշտությունը «Հովերի» համար բացահայտվեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շնորհիվ: Փառատոնը երաժշտական Հայաստանը համաշխարհային մակարդակում ներկայացնելու և համաշխարհային երաժշտական նվաճումները Հայաստան բերելու առաքելությունն իրականացնելու իր հսկայածավալ գործունեությամբ հանդերձ մեծապես նպաստեց «Հովեր» երգչախմբի կայացման գործին: Մեր երգչախմբի մասնակցությունը այս գործին համեստ է եղել, բայց նշանակալի: Պենդերեցկու երաժշտական ժառանգությունը, սիմֆոնիաներն ու վոկալ-գործիքային մեծամասշտաբ կտավները ուսումնասիրվել և դեռևս ուսումնասիրվելու են բազմակողմանիորեն, ըստ ստեղծագործական շրջանների, որպես Բեթհովենի և Մալերի սիմֆոնիզմից սերող հեղինակի: Այդուհանդերձ, Պենդերեցկին ունի մի ամբողջ հատոր խմբերգային ժառանգություն, որը քրիստոնեական միսիոների ամբողջ կյանքի գործն է եղել: Այս գործերն իրենց խիտ ու բարդ ֆակտուրաներով հզոր հնչողություն են ակնկալում: «Հովերը» կամերային երգչախումբ է և չէր կարող ապահովել այն հնչողական լավան, որ պահանջում են այս պարտիտուրները: Եվ, այնուամենայնիվ, մեր կատարումները հետաքրքրեցին հեղինակին և նրա փոքր տպաքանակով լույս տեսած բացառիկ խմբերգային ժողովածուն պատիվ ունեցա ստանալ իր իսկ ձեռքից և իր մակագրությամբ: Մեր առնչությունները սկսվել են 2012-ից և շարունակվել Նյու  Յորքի համերգով, որտեղ նրա՝ Հայաստանին նվիրված խմբերգի պրեմիերան էր: Պենդերեցկին ներկա էր Կաննի «Միդեմ» փառատոնի շրջանակներում կայացած մեր համերգին, որտեղ ևս կատարվեցին նրա խմբերգերը: Դրան հաջորդեցին «Բեթհովենյան» փառատոնի չորս համերգները, որ կազմակերպվել էին նրա ջանքերով: Պենդերեցկու խմբերգերը մշտապես հնչել են մեր բոլոր համերգային շրջագայությունների և միջազգային փառատոնների համերգային ծրագրերում: Վերջինը Կրակովի սիմֆոնիետտայի և երգչախմբի հետ համատեղ «Te deum»-ի կատարումն էր, որը նվիրված էր մաեստրոյի 85-ամյակին: Նրա առանձնահատուկ գոհունակությանն  արժանացավ «Էկլոգայի» մեր կատարումը, որը մեզ դեռևս տարիներ առաջ առաջարկել էր կատարել երաժշտագետ, դոկտոր՝ Սվետլանա Սարգսյանը, որը շուրջ  45 տարի է, որ իր բազմաթիվ հոդվածներով մշտապես անդրադարձել է Պենդերեցկու երաժշտությանը: Պենդերցկու հետ մեր ոչ ֆորմալ շփումներից հատկապես հիշարժան է մեկը, երբ ամբողջ երգչախումբը հրավիրվեց նրա Լյուսլավիցեի առանձնատուն, շրջապատված իր իսկ նախաձեռնությամբ տնկված փարթամ անտառներով: Սպասում էր մեզ դրսում՝ չնայած անձրևոտ եղանակին: Բոլորիս ջերմորեն ողջունեց և ներես հրավիրելով հյուրասիրեց թեյով ու թխվածքով: Այստեղ էր, որ բացվեց նրա ընտանեկան ալբոմը, և մենք տեսանք նրա հայազգի տատիկի լուսանկարը: Գովեստի խոսքեր ասաց Լիպարիտ Ավետիսյանի հասցեին, որ պիտի իր նոր գրված ստեղծագործության մենակատարը լիներ: Բազմաթիվ են իմ մանրումեծ հիշողությունները, բայց մի բան անպայման ուզում եմ, որ նշվի: Պենդերեցկու հեղինակավոր կարծիքը «Հովեր» երգչախմբի մասին, երկու անգամ փրկել է մեր երգչախմբի գոյությունը: Պետական ատյաններում մեր հասցեին հնչեցրած նրա գնահատականներն էին, որ մեր երգչախմբի նկատմամբ առավել լուրջ և ծանրակշիռ վերաբերմունք ձևավորեցին: Սա երբեք չի ջնջվի մեր 26 երգիչների հիշողություններից: «Հովեր» երգչախմբի յուրաքանչյուր արտիստի համար Պենդերեցկու մահը կորուստ է, մեր ժամանակների մեծ կոմպոզիտորի, ում երաժշտությունը հնչել և խորապես վերապրվել է նրանց հոգիներում:

                                      

Դարի  ստեղծագործողն էր

Սոնա  Հովհաննիսյան - «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական  փառատոնի ծրագրերի համակարգող

«Մեր երկիրը կորցրեց իր լավագույն դեսպաններից մեկին, անդառնալի վնաս կրեց համաշխարհային մշակութային կյանքը: Դարի ստեղծագործողն էր, իմ տեսած ամենալայն մտածողության տեր մարդկանցից մեկը, միևնույն ժամանակ՝ բարի, ազնվական, քաջ և զուսպ: Այդքան տարիների մարդկային և մասնագիտական շփում, այդքան համատեղ աշխատանք, որը մնաց մեր հիշողության և պատմության մեջ: Հիշում եմ ասուլիսներից մեկի ժամանակ իրեն հարց ուղղեցին այն ահռելի այգու մասին, որ տնկել էր տարիների ընթացքում: Նա ասաց, որ նաև իր հիմնած այդ անտառով մարդիկ կհիշեն իրեն` հարյուր կամ ավելի տարիներ հետո: Պենդերեցկին փիլիսոփա էր, մտածում եր հավերժության և հեռանալու մասին, գուցե և պատրաստվում էր: Բայց մենք անակնկալի եկանք, պատրաստ չէինք դրան»:

... ... ...