Աստոր Պիացցոլլա՝ տանգոյի համար դռներ բացողը

Նա տանգոն պարահրապարակներից բեմ բերեց

«Երաժշտությունն ավելին է, քան կինը, որովհետև կնոջից կարելի է ամուսնալուծվել, իսկ երաժշտությունից՝ ոչ. Մի օր ամուսնանալով նրա հետ՝ նրա հետ կգնաք մինչև գերեզման»։ Աստոր Պիացցոլլա

2021 թվականի մարտի 11-ին լրացավ 20-րդ դարի աշխարհահռչակ կոմպոզիտոր ու բանդոնեոնահար Աստոր Պիացցոլլայի հարյուրամյակը: Աշխարհի շատ երկրներում այս օրերին հոբելյանը նշվում է բազմաթիվ համերգներով, իսկ France Musique-ն այս տարեդարձի առիթով մարտի 11-14-ը ներկայացրել է իր ունկնդրին բազմաթիվ ձայնագրություններ, որոնցից մեկն առաջարկում ենք մեր ընթերցողին:

«Իմ երկրի և ամբողջ աշխարհի երաժիշտների 90 %-ը տանգոն ընդունում են որպես ոչ կարևոր ինչ-որ մի բան: Ինձ համար սա երաժշտություն է: Ես երաժիշտ եմ, կոմպոզիտոր և անում եմ ամեն ինչ տանգոն առաջ տանելու ու փոփոխելու համար»: Աստոր Պիացցոլլա  

Պիացցոլլան տանգոյին նոր շունչ հաղորդեց: Նա դուրս բերեց տանգոն պարահրապարակներից, որպեսզի այն վերածի համերգային, լուրջ երաժշտության: Նա հեղափոխություն արեց այս երաժշտական ժանրում:  

 

Պիացցոլլա՝ տանգոյի վերածնունդ

Իտալացի ներգաղթողների որդին՝ Աստոր Պիացցոլլան, ծնվել է Արգենտինայում, Բուենոս Այրես նահանգում: Նրա ծնողները տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ նա անցկացրեց իր մանկությունը: Նա սկսում է նվագել բանդոնեոն՝ ավանդական գործիք, որը նրան նվիրել էր հայրը, այնուհետև բացահայտում է դասական երաժշտությունը ու դառնում դաշնակահար: 1937թվականին նա վերադարձավ Բուենոս Այրես և սկսեց երաժշտական կոմպոզիցիա ուսանել: 1954 թվականին Աստոր Պիացցոլլան կրթաթոշակ է շահում՝ Փարիզ մեկնելու ու հանրահայտ Նադիա Բուլանժեին աշակերտելու համար: Նա ցանկանում էր դասական երաժշտություն նվագել, բայց երբ դասավանդողը լսում է, թե ինչպես է աշակերտը տանգո նվագում, նրան ուղորդում է դեպի իր մանկության երաժշտությունը: Այդ ժամանակ նա գտնում է իր ուղին: Նա ստեղծում է տանգոյի նոր ոճ և ուզում է, որ այն լուրջ լինի, որ երաժիշտները լինեն կոնսերվատորիայի շրջանավարտներ, և հանդիսատեսն էլ շատ տարբերվի ավանդական տանգոյի հանդիսատեսից:

Աստոր Պիացցոլլա. «Իմ հանդիսատեսը նա է, որը սիրում է երաժշտությունը, այլ ոչ թե այն հանդիսատեսը, որը սիրում է տանգոն»:

Լրագրող- Դրանք երաժշտամոլնե՞րն են:

Աստոր Պիացցոլլա- Դրանք այն երաժշտամոլներն են, որոնք սիրում են Բելա Բարտոկին… Լրագրող - Դրանք այն մարդիկ չե՞ն, որոնք ձեր համերգների ժամանակ վեր են կենում որ պարեն:     

Աստոր Պիացցոլլա- Ամենևին ոչ:

Լրագրող- Նման բան դուք երբևէ չե՞ք տեսել: Դա սրբապղծությո՞ւն կլիներ:

Աստոր Պիացցոլլա- Այո, ինձ համար հին տանգոն անհամապատասխան բառ է: Ըստ իս, դա առավելապես երաժշտություն է: Իմ երաժիշտները գալիս են կոնսերվատորիաներից, սիմֆոնիկ նվագախմբերից: Եվ նրանք Շուման նվագում են այնպես, ինչպես կարող են նվագել Պիացցոլլա: Եվ նրանք այն շատ լավ են նվագում: Այս երաժշտությունը մեծամասնության համար չէ՝ փոքրամասնության համար է: Դրանք այն նույն մարդիկ են, որոնք հետևում են Պիացցոլլայի երաժշտությանը Արգենտինայում, Փարիզում, Հռոմում: Սա նույն բանն է:

Այս նոր ժանրը կոչվում է «tango nuevo» և այն ունի իր սեփական երաժշտական բնութագրերը:

Լուիզա Ժալլու՝ բանդոնեոնահարուհի. «Պիացցոլլայի երաժշտության մեջ կա ինչ-որ անփոփոխ մեխանիկա, որը կազմված է կրկնակի և եռակի վրադրումներից, ռիթմերից: Սա Պիացցոլլայի երաժշտության հիմնական առանձնահատկություններից մեկն է: Կա նաև ընդհանուր հարմոնիա: Նա մի քիչ ազատվեց տոնալային երաժշտությունից, որի մեջ փակված էր տանգոն այն ժամանակ և տարավ այն դեպի շատ ավելի լայն լադային կազմակերպվածության՝ ինչը ջազում անում էին Մայլս Դևիսը, Ջոն Վիլյամ Քոլթրեյնը: Նա բացեց դռները տանգոյի համար, որն այն ժամանակներում փոքր-ինչ ներփակված էր տոնալային երաժշտության մեջ»:

Բայց տանգոն վերանայելու այս ձևը չգնահատվեց ավանդական տանգոյի կողմնակիցների կողմից: Նրան մեղադրում են դավաճանության համար: Նրան սուլում են, նա նույնիսկ մահվան սպառնալիքներ է ստանում:

Լուիզա Ժալլու՝ բանդոնեոնահարուհի. «Այն ժամանակաշրջանում նրա արածն իրոք շատ վիճարկված էր: Սա տարիմաստություն է, որովհետև այսօր նա ներկայացնում է տանգոն ամբողջ աշխարհում, հետևաբար սա ճիշտ վերադարձ է նրա  բուն աշխատանքին և այն ամենին, ինչով նա զբաղվել է իր ամբողջ կյանքում. այսինքն ապրեցրել է իր երաժշտությունը: Ի՞նչն եմ ամենից շատ պաշտում նրա մեջ, դա այն է, որ բեմում նա տալիս է ամեն ինչ: Նա ապրեցնում էր իր երաժշտությունն իր մեջ եղած ամբողջ ցասումով: Նրան բեմում տեսնելը շատ մեծ տպավորություն է թողնում՝ նրանից անկեղծություն է ճառագում»:

Աստոր Պիացցոլլան հեղինակել է մոլորակի մասշտաբի հիթեր, ինչպիսիք են «Oblivion»-ը ու «Libertango»-ն, որոնք հաճախ կրկին են կատարվում: Զանազան տիպի երաժշտությունների, ասենք ջազի, ազդեցությունը կրելով հանդերձ, նա կապված էր մնում դասական երաժշտությանը: Նա ստեղծում է սոնատ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի համար: Իր համաշխարհային հաջողությունների շնորհիվ նա ժողովրդայնացնում է իր երաժշտական գործիքը՝ բանդոնեոնը: Նրա համերգացանկը նույնիսկ դասական է դառնում բանդոնեոնահարների համար:

Լուիզա Ժալլու՝ բանդոնեոնահարուհի. «Նա այն կատարողներից է, որոնք  զարգացրել են այս գործիքը՝ այն բարձրացնելով, մենակատարի աստիճանի, որովհետև ժամանակին բանդոնեոնը նվագում էին նվագախմբերում, իսկ Աստոր Պիացցոլլան նրան նոր ձայն, նոր դեր, երաժշտության մեջ նոր տեղ տվեց: Նա որպես ժառանգություն թողել է երաժիշտներին մի ամբողջ համերգացանկ և տանգոյի գնահատման նոր ձև: Նա բացահայտել է տանգոն տարբեր ոճերի համար, ինչը մեզ թույլ է տալիս հասցնել այն այնտեղ, որտեղ նա կցանկանար տանել, ինչպես որ արեց ինքը: Ինձ համար նա ժամանակակից տանգոյի ամենաազդեցիկ դեմքերից է»:

 

Ֆրանսերենից թարգմանեց Նունե Գալստյանը