Առնետի դարի մայրամուտը

Կհաղթի լավատեսության և մարդասիրության արժեհամակարգը. Ճիշտ ժամանակներ են գալիս...

Վարդգես Դավթյանի հետ զրուցելիս և այն արձանագրելիս աննախադեպ օրեր սկսվեցին Երկիր մոլորակի բնակիչների համար: Կորոնավիրուս... Հնչեց օդում տարօրինակ այս բառը, տարածվեց ամբողջ աշխարհով մեկ՝ դառնալով իմաստ, ապրելակերպ, վարքուբարք, մտածողություն: Մեր կյանքը փոխվեց : Սահմանափակվեցին մեր ազատությունները: Եվ հենց հիմա նոր հարցեր և խնդիրներ են ծնվում, որոնց շուրջ զրուցել ենք հոգեբույժի, հրապարակախոսի և գրողի հետ:

 

Անի Փաշայան- Ի՞նչ եք զգում այս օրերին և ի՛նչ ապրումներ ունեք: Տանը փակված լինելն ի՞նչ է ստեղծագործողի համար, նմա՞ն է բանտարկված լինելուն:

Վարդգես Դավթյան - Մասնագիտության բերումով ես լրիվ մեկուսացած չեմ, քանի որ աշխատում եմ ամոքիչ բուժման և զգացմունքային աջակցության արտահիվանդանոցային ծառայություններում՝ հիմնականում տարեց մարդկանց հետ: Իհարկե, սկզբնական փուլում մարդկանց համակել էին ոչ միանշանակ տրամադրություններ՝ անհանգստություն, վախ, տագնապ, խուճապ, անհոգություն, երբեմն էլ՝ ծիծաղաշարժը ողբերգականին միախառնված հոգեվիճակներ: ԶԼՄ-ներն էլ քիչ դեր չխաղացին, որ մարդիկ ավելորդ սթրեսների ենթարկվեն: Հիմա, երբ սթրեսի առաջին փուլն ավարտվել է, մարդիկ արդեն մտածում են, թե հետագայում ինչպես են «ապրելու» կորոնավիրուսի հետ: Ասեմ, որ «ապրել կորոնավիրուսի հետ» ձևակերպումը շիտակ չէ. պիտի ասել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում, դրա առաջ բերած տնտեսական և այլազան հետևանքները մեղմելու նպատակով: Ես ցանկանում եմ մի զուգահեռ անցկացնել: Ամերիկյան խոշոր գրագետներից մեկին՝ քիմիկոս, ֆանտաստ գրող, ապագայագետ, գիտության մեկնաբան-էնցիկլոպեդիստ Այզեկ Ազիմովին հարցրին. «Կպատկերացնեիք՝ եթե աստղերը գիշերային երկնքում երևային միայն հազար տարին մեկ անգամ, ինչպես կվերաբերվեր մարդկությունը դրան»: Նա պատասխանեց. «Մարդիկ խուճապի կմատնվեին կամ կխելագարվեին»: Հիմա եկեք մենք՝ ժամանակակիցներս, պատկերացնենք, թե ինչ կպատահեր, եթե պատմական հիշողության կորստի պատճառով՝ մարդիկ չիմանային, որ երկրագնդի վրա 100-150 տարին մեկ անգամ պատահում են վարակիչ ախտերի համաճարակներ: Այո՛, նրանց կթվար, թե եկել է աշխարհի վերջը կամ Ահեղ դատաստանի ժամը, ինչպես սիրում են կրկնել ոմանք: Կյանքի առաջընթացի հետ, գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ՝ համաճարակների կանխման և հաղթահարման շանսերը մեծանում են: Եվ ոչ միայն բժշկագիտության ջանքերով, մասնավորապես, սոցիալական ցանցերի օգնությամբ: Օրինակ, եթե միջնադարում ինտերնետ լիներ, ապա ժանտախտին կամ խոլերային զոհ գնացած մարդկանց թիվը (իսկ դրանք տասնյակ և հարյուր միլիոններ էին) մի քանի անգամ պակաս կլիներ: Ուրեմն, եթե խոսում ենք ԶԼՄ-ների սթրեսածին դերի մասին, պետք է նշենք նաև այն առավելությունները, որ մարդկանց ընձեռում են սոցիալական ցանցերը՝ բացասական զգացմունքները հաղթահարելու իմաստով:

Ա.Փ.- Այսօր դպրոցները, բուհերն անցել են հեռավար ուսուցման: Եթե մի պահ պատկերացնենք, որ այն կարող է մշտական դառնալ, արդյոք չի՞ խաթարվի ուսուցման որակը: Դա լիարժե՞ք եք համարում նաև հոգեբանական առումով:

Վ. Դ.- Այս իրավիճակը կրկին հիշեցնում է Ազիմովին, նրա ապագայաբանական (ֆուտուրոլոգիական) պատմվածքներից մեկը՝ «Ինչ ուրախ էին նրանք»: Երեխաները տանը փակված են, իսկ դպրոցը շատ մոտ է՝ կողքի սենյակում, ուսուցիչն էլ ադամորդի չէ, այլ՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենա: Ի դեպ, համահունչ մի պատմվածք էլ մեր ֆանտաստ գրող Կարեն Ա. Սիմոնյանն ունի՝ ուրախ լուծումներով. կոչվում է «Մենք խաղալ էինք ուզում»: Հեռավար ուսուցումն ուղեկցող բացասական երևույթներից մեկը սոցիալ-հոգեբանական և զգացմունքային դեպրիվացիան է՝ զրկումը, բնական-մարդկային գրգիռների կասեցումը: Զուտ դրական գիտելիք ստանալն ինքն իրենով բավարար մոտիվացիա չէ սովորելու, կրթվելու համար: Այն պետք է ամրապնդվի դրական հույզերով, որոնք ի հայտ են գալիս միջանձնային հարաբերությունների, սոցիալական շփումների արդյունքում: Իհարկե, ցանցային ուսուցումն էլ ունի որոշ դրական կողմեր (ժամանակը խնայելը, նյութի վրա կենտրոնանալը, որոշ ինքնուրույնությունը և այլն): Հուսանք, որ, այնուամենայնիվ, սա ժամանակավոր պարտադրանք է, և աճող սերունդը չի գնա համալրելու Ազիմովի և Կարեն Ա. Սիմոնյանի պատանի հերոսների շարքերը:

Ա Փ.- Իսկ գրողի համար գուցեև նպաստավոր է տանը մնալը: Ավելի շատ խորհելու, վերլուծելու, սեփական հոգու հետ առանձնանալու մի նոր հնարավորություն է: Կարո՞ղ ենք գրականության վերելք ակնկալել:

Վ. Դ.- Իոսիֆ Բրոդսկին ասում էր. «Որքան քիչ տեղեկատվություն է ստանում ուղեղը, այնքան զորեղ է գործում երևակայությունը»: Տեսականորեն, թվում է արտաքին աշխարհից սահմանազատվելը կամ մեկուսանալը նպաստավոր պայմաններ է ձևավորում ստեղծագործելու համար: Ոմանք օրինակ են բերում Բոկաչոյին կամ Պուշկինին, որոնք համաճարակների ժամանակ փակվել են՝ աշխարհին տալով գրական գլուխգործոցներ: Տա Աստված, որ հիմա էլ դա հաջողվի, որ ծնվեն նոր հանճարներ, գեղարվեստի նոր վարպետներ: Այն, որ համավարակն առաջ է բերել սոցիալ-հոգեբանական և աշխարհայացքային մեծ տեղաշարժեր, իրողություն է: Այդ տեղաշարժերը խորքային բացատրության, գնահատման, նաև՝ գեղարվեստական իմաստավորման խնդիր են դնում մարդկանց առջև: Այդ ամենը դեռ պետք է մեկնաբանել: Սա, անշուշտ, ժամանակ է պահանջում:

Ա. Փ.- Իսկ Դուք ի՞նչ ստեղծեցիք այս օրերին։

Վ. Դ.- Մի քանի կարճ պատմվածք, դիմագրքում համավարակի վերաբերյալ ակնարկաշար, որոնցից մի քանիսը 700-800 հավանություն հավաքեց և բազում կիսումներ: Կարդում եմ հոգեբուժության և գրականագիտության վերաբերյալ թարմ հրապարակումներ, հոդվածներ:

Ա. Փ.- Կա սկիզբ և կա ավարտ։ Ի՞նչ ելքով մարդկությունը դուրս կգա այս փորձությունից։ Կլինե՞ն հոգու ստիգմաներ, թե՞ անհետ կանցնի-կգնա այս մեկն էլ։

Վ. Դ.- Ես ինձ լավատես եմ համարում, և դա անհիմն չէ: Տեսեք, 20-րդ դարի սկզբի գրիպի համաճարակը ձգվել է 2 տարուց ավելի և խլել  է 50-100 միլիոն կյանք (համեմատության համար հիշենք, որ դրան նախորդած Առաջին աշխարհամարտի զոհերի թիվը մոտ 16 միլիոն է): Բայց հիմա ո՞վ է հիշում այդ մասին: Կարծում եմ, թագավարակն էլ առանձնապես մեծ հիշողություններ չի թողնի, մանավանդ, որ նրա զոհերի թիվն անհամեմատ փոքր է: Խնդիրը հակահամաճարակային աշխատանքի (մենեջմենթ) ողջամիտ կազմակերպումն է պետական և միջազգային համակարգերի կողմից:

Ա. Փ.- Նաև շրջանառվում է այն միտքը, թե այսպիսի իրադրությունները փոխում են հարաբերությունները, և հիմա մարդիկ կկարոտեն միմյանց, և այս ամենից հետո մոլորակը կջերմանա, անգամ կմոռանանք «մարդը մարդուն գայլ է» արտահայտությունը:

Վ. Դ.- Ես կարծում եմ, որ անցնող դարաշրջանը մի տեսակ հեթանոսական խրախճանքի, ամենաթողության և անհոգության դար էր՝ անիմաստ վայելքների, ինքնանպատակ հաճույքների, փուչ մրցավազքի ժամանակաշրջան: Առնետի տարի է. սա ինձ հիշեցրեց ֆիզիոլոգ Ջեյմս Օլդսի գիտափորձն առնետների վրա՝ կատարված մոտ 100 տարի առաջ: Կենդանու գլխուղեղի մեջ էլեկտրոդներ են ներխրում, ապա էլեկտրական շղթա են սարքում, այնպես, որ անջատիչը լինի առնետի թաթերի տակ, ապա միացնում  են թույլ հոսանքին: Ազդելով գլխուղեղի «հաճույքի կենտրոնների» վրա՝ նկատում են, որ առնետը սկսում է ինքն անընդհատ սեղմել անջատիչը, որ շարունակ հաճույք ստանա: Եվ այդպես անվերջ՝ մինչև ուժասպառ լինելը: Եվ ահա, այս առնետի տարում, կարծես թե, ավարտվում է «Օլդսի առնետների» դարը, որը համակել էր մարդկությանը վերջին 70-80 տարում: Մարդկությունը վերածվել էր ինքնաշեն հաճույքի ագրեգատների: Գալիս են նոր ժամանակներ՝ գիտելիքի, բարեկրթության, մարդասիրության պարտադրանքով: Եվ կհաղթի ոչ թե նա, ով շատ փող ունի, այլ գիտելիքի, ռոմանտիզմի, կամքի, լավատեսության և մարդասիրության արժեհամակարգը կրող մարդը: Սրանք արժեքներ են, որոնք ոչ ոք չի կարող մարդուց գողանալ: Ճիշտ ժամանակներ են գալիս...