Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» Բաստիլի հրապարակում

Հայկական հիշողության լուսանկարչական ակնթարթներով Փարիզում ներկայացվել է Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» ցուցահանդեսը, որի առիթով TV5MONDE հեռուստաալիքը հյուրընկալել է հեղինակին: 

«ArtCollage»-ի ընթերցողներին թարգմանաբար ներկայացնում ենք լուսանկարչի  հետ զրույցը, իսկ լուսանկարների ամբողջական հավաքածուին կարող եք ծանոթանալ Անտուան Ագուջյանի կայքում հետևյալ հղումով 

Լրագրող -Առաջարկում ենք բացահայտել Փարիզում, Բաստիլի հրապարակում բացված բացօթյա ցուցահանդեսը, որում ծագումով հայ լուսանկարիչ և ֆոտոլրագրող Անտուան Ագուջյանը շատ դիպուկ կլիշեներով անդրադառնում է հիշողության թեմային: Դիմում է լուսանկարչին.

-Անչափ շնորհակալ եմ, որ միացել եք մեզ TV5MONDE-ի տաղավարում: Հիշեցնեմ, որ ձեր տատն ու պապը 1915 թվականի Ցեղասպանությունից փրկվածներից են և  հայերի ցեղասպանության հարյուրամյակի առիթով դուք հրապարակեցիք այս գեղեցիկ՝ «Լռության ճիչը» գիրքը: Ձեր համար կարևո՞ր էր պատմել ձեր նախնիների պատմությունը, նվիրել այս գիրքը այն ազգին, որից դուք սերում եք:

Անտուան Ագուջյան -Իրականում ես ծնվել եմ Ալֆորտվիլում, որտեղ  Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայեր կային: Ես ինքս Ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդի ներկայացուցիչ եմ, վերջին սերնդի, ում բախտ է վիճակվել լսել նրանց, քանի որ այն ժամանակ շատ քիչ լուսանկարներ կային և հատկապես պատմելու միջոցով էինք իմանում եղելությունը, իսկ երբ իմ կյանքում հայտնվեց լուսանկարչությունը, հասկացա, որ բանավոր խոսքի միջոցով փոխանցվող այս հուշերը թեթևակի վերհիշելու համար սա հոյակապ միջնորդ էր, որը կկարողանա ներկայացնել հոգուս խորքում թաքցրած այս երևակայական պատմությունը:

Քիչ-քիչ ընդլայնեցի իմ գործունեության դաշտը՝ ներառելով Հայաստանը, գնալով Միջին Արևելք, արծարծելով այնպիսի թեմաներ, որոնք առաջին հայացքից ուղիղ կապ չունեին հայկական հիշողության հետ, բայց քանի որ դրանք կատարվել են այն նույն վայրում, որտեղ հայերը ենթարկվել էին կոտորածների, ապա դա ինձ համար լավ միջոց էր հենց այս հուշերը նորից ու կրկին վերհիշելու համար:

Լ. -Դուք հայտարարել եք՝ հիշողությունը պետք է անմահացնել, որպեսզի այն չպատկանի միայն անցյալին: Սրանով ի՞նչ ուղերձ եք հղում: 

Ա.Ա. -Իրականում, չգիտեմ, կարծում եմ, որ ցանկացած մարդկային էակ երկրի վրա անցկացվելիք կարճ ժամանակահատվածը պետք է նույնքան տրամադրի երիտասարդ սերնդին ինչ-որ բան փոխանցելուն: Իմ համեստ մակարդակում ես գաղափար ունեմ, որ պետք է նշանավորել երկրային կյանքի ընթացքը, լիովին ներգրավվելով ապագա սերնդի հիշողության համար կատարվող աշխատանքին: Լուսանկարչության, պատկերագրության օգնությամբ ես պատմություն եմ անմահացնում:

Լ. -Պատմություն, որը չի կարելի մոռանալ: Այսպիսով, առաջարկում եմ կանգ առնել ձեր լուսանկարներից մի քանիսի վրա, և դուք դրանք կմեկնաբանեք, եթե դեմ չեք (լուսանկարները՝ հոդվածի վերջում):

Ա.Ա. -Ահա առաջին լուսանկարը: Ես սկսեցի կապվել իմ արմատներին ազգային պարի միջոցով և միշտ ցանկացել եմ պարող մարդու լուսանկար անել, իսկ այս երկրորդ նկարում լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորությունն է: Նա սպանվել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության կողմից: Ի դեպ, այս շարժումը տարածված է այսօրվա Ֆրանսիայում:   

Լ. -Սա ե՞րբ եք նկարել: 

Ա.Ա. -2007 թվականի «Ակօս» ամսագրից է: Նա սպանվել է իր թերթի խմբագրական շենքի դիմաց և այստեղ ամբողջ մի քաղաքացիական  հասարակության շարժում է պատկերված:

Լ. -Սա Թուրքիայո՞ւմ է:

Ա.Ա. -Թուրքիայում է՝ Ստամբուլում: Սա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ ակցիա է, որտեղ մարդիկ բղավում են. Մենք բոլորս հայեր ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք: Իրոք, որ այս սպանությունը ահավոր բողոքի ալիք բարձրացրեց 2007 թվականին:

Լ. -Իսկ դուք որտե՞ղ էիք կանգնած, երբ լուսանկարում էիք:

Ա.Ա. -Ես լուսանկարում էի նրա հիմնադրած «Ակօս» թերթի շենքի պատուհանից: «Ակօս» բառը թուրքերեն նշանակում է «ակոս»: Նա կամուրջ է ստեղծել թուրքերի և հայերի միջև: Հրանտ Դինքը մեծ հումանիստ էր:

Լ. -Հիմա կտեսնենք երրորդ լուսանկարը. սա շատ հուղիչ է՝ փոքրիկ տղա է:

Ա.Ա. -Սա «Թռչնոց բույն» կոչվող որբանոցն է, որը գտնվում է Լիբանանում: Այս լուսանկարն արել եմ 2000 թվականին: Իրականում այն ժամանակ սա դեռ որբանոց էր, այժմ այն վերածվել է թանգարանի, իսկ այս տղան հենց նոր է այնտեղ ընդունվել: Որբանոցը հիմնվել է 1920-ական թվականներին քրիստոնյա միսիոներների կողմից՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի համար, իսկ հետագայում այն դարձել է որբանոց սոցիալական դրամաներ վերապրած երեխաների համար: Հետևաբար սա հիշողության վայր է:

Լ. -Համաձայն եմ: Անցնենք չորրորդ լուսանկարին:

Ա.Ա. -Սա Բաղդադում է, 2004-թվականին սկսված երկրորդ պատերազմից քիչ անց: Ես երիտասարդ էի, երբ պատերազմից տուժած Բաղդադը ենթարկվել էր ջիհադականների գրոհներին, և հետո ես գնացի բերդապարիսպի մեջ կառուցած հայկական մենաստան, ու սա հայկական մկրտություն է:

Լ. -Իսկ ինչո՞ւ այնտեղ շատ հայեր կան, կբացատրե՞ք:

Ա.Ա. -Այո, ամբողջ Միջին Արևելքում շատ հայեր կան:

Լ. -Նրանք փախստականնե՞ր են:

Ա.Ա. -Երբեմն փախստականներ են, հաճախ լինում է, որ այնտեղ են եկել Լիբանանից, որտեղ հիմնավորվել էին ավելի քան երեք դար առաջ: Փաստորեն, Ցեղասպանությունից հետո Բաղդադում, որը կանոնավոր հարձակման էր ենթարկվում ջիհադականների կողմից, քաղաքի ամրապնդված բերդապարիսպներում գտնվող այս վայրը հայերի համար ծառայել է որպես սրբատեղի և որպես ապաստարան, որտեղ նրանք թաքնվել են:

Լ. -Եվ տեսնում եմ վերջին լուսանկարը:

Ա.Ա. -Այստեղ պատկերված է 1995 թվականին առաջին անգամ տեղի ունեցած հիշատակի երթը, որը շատ արդիական է, որովհետև սա Ադրբեջանում՝ Սումգայիթում կատարված ջարդերի զոհերի հիշատակին նվիրված առաջին երթն է: Պերեստրոյկայի դարաշրջանում Արցախի մարզում, որը նաև Լեռնային Ղարաբաղ են անվանում, հայերը սկսեցին Հայաստանին միանալու պահանջ ներկայացնել, որովհետև Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվելու 70 տարիների ընթացքում այնտեղի բնակչությունը շատ վատ էր ապրում:

Ի պատասխան հետևեցին ճնշումներ ու ջարդեր, որոնք ուղղորդվում էին այժմյան նախագահ Իլհամ Ալիևի հոր կողմից: Այսպիսով հայերի համար սա առաջին հիշատակումն է, որը տեղի է ունենում Երևանում գտնվող հայկական հուշա համալիրում:

Լ. -Եվ դուք մեկնեցիք Լեռնային Ղարաբաղ: Այս հակամարտությունը ձեզ վրա ամենամե՞ծ տպավորությունը թողեց:

Ա.Ա. -Այո, այն այս բոլոր հակամարտություննների շարունակականության թվում է. Իրաք, Սիրիա: Ինձ համար Արցախյան հակամարտությունը շատ ցավոտ ու հուզումնալից թեմա է, որովհետև Ադրբեջանը, ինչպես ասեմ, հարձակվեց այս անկլավի վրա, որը 1921 թվականին Ստալինի միանձնյա որոշմամբ տրվեց իրենց: Պարզ է, որ նա աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով է հաստատել սահմանները ու տվել է Ադրբեջանին հնագույն դարաշրջանից հայերին պատկանող մի տարածաշրջան, որից ձևավորվել է այս մարզը, որը պատերազմից հետո հայերը ստիպված եղան զիջել թուրք-ադրբեջանական կոալիցիային: Այս պատերազմը տևեց 44 օր, և այդ ամբողջ ժամանակահատվածում ես այնտեղ էի:

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը

 

 

... ... ... ... ...