Անուկ Էմե. «Կյանքի լավագույն տարիները»

Ապրիլին լրացավ ֆրանսիական կինոյի աստղ Անուկ Էմեի՝ ում իրական անունն է Ֆրանսուազ Յուդիտ Սորյա Դրեյֆուս, 89-ամյակը:

2019 թվականի մայիսի 22-ին Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում ցուցադրվել է Կլոդ Լելուշի «Կյանքի լավագույն տարիները» կինոժապավենը: Այդ նոր լիամետրաժ ֆիլմի էկրան բարձրանալու առիթով SENIORACTU-Ն զրուցել է դերասանուհի Անուկ Էմեի հետ, ում զուգընկերն էր Ժան-Լուի Տրենտինյանը: «Տղամարդը և կինը» ֆիլմի հերոսները վերստին իրար են հանդիպում՝ 50 տարի անց. Մեծ սիրո և մեծ կինոյի  կեսդարյա պատմությունը՝ ըստ Անուկ Էմեի.

«Ամեն անգամ, երբ Կլոդն ինձ իր հետ աշխատելու առաջարկ էր անում, ես միշտ հաճույքով տալիս էի համաձայնությունս, նույնիսկ եթե պետք էր ընդամենը հայտնվել էկրանին: Կլոդն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Նա ինձ համար հարազատ մարդ է:

Այնուամենայնիվ, երբ նա առաջարկեց այս ֆիլմը, ես ինքս ինձ հարց տվեցի: Մի կողմից նրա մոտ նկարահանվելու շատ մեծ ցանկություն ունեի, բայց մյուս կողմից էլ՝ ինձ հետաքրքիր էր, թե դա ի՞նչ կարող է տալ։ Ինչպե՞ս են վերադառնում նման նշանակալի պատմությանը: Ձգել ֆիլմի գործողությունները, ցույց տալով, թե ինչ կլինի առավել քան 50 տարի հետո՝ ամեն օր չէ, որ ձեզ նման բան են առաջարկում:

Սա նույնիսկ պատմական իրադարձություն է. առաջին անգամ է, երբ դերասանները կրկին ստանձնում են իրենց դերերը 52 տարի անց։ Ապա ես վստահ գնացի նրա հետևից, որովհետև, ինչպես միշտ, ինձ համար ամենակարևորը բեմադրիչն էր։ Հենց նա է ստիպում, որ իմ մեջ նրա հանդեպ վստահություն առաջանա։ Ինձ համար վճռորոշ դեր ունեն ռեժիսորի անհատականությունը և խարիզման:

Այս դեպքում շատ արագ որոշեցինք աշխատել բոլորս միասին, և ես դրա համար չեմ զղջում: Երբ Կլոդն ինձ առաջարկեց նկարահանվել «Տղամարդը և կինը» կինոնկարում, պատմելով մեզ շատ ավելին, քան կար սցենարի այն մի քանի էջերում, որոնք նա տվել էր մեզ՝ հատկապես նրա պատմածն էր, որ համոզեց մեզ։

Ես հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի նրան Ժան Լուի և Նադինի՝ իմ ընկերուհու տանը: Նա բառացիորեն ստիպեց մեզ վերապրել ֆիլմը, ու նախագիծը գայթակղեց ինձ։ Ժան-Լուիին մի քիչ ճանաչում էի, որովհետև Իտալիայում մենք համատեղ ֆիլմում էինք նկարահանվում, բայց իրականում միասին չէինք խաղում:
Ոչ ոք չէր կարող կանխատեսել «Տղամարդը և կինը» ֆիլմի ֆենոմենալ հաջողությունը։ Սա անհավատալի ու հոյակապ անակնկալ էր: Սա մի երազ էր, մի հսկայական արկած: Ես միշտ կհիշեմ այն երեկոն, երբ Կլոդն «Օսկար» ստացավ: Նա բեմ բարձրացավ այն ստանալու համար ու ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց։

Ամբողջ Հոլիվուդը նրան հանդիսավորապես դիմավորեց։ Նման պահերն իրենց մեջ ինչ-որ սյուրռեալիստական բան են կրում, այն ամենից հետո, ինչը մենք ապրեցինք ֆիլմի վրա աշխատելիս: Մենք կրում էինք սարքավորումները: Ես ինքս էի իմ գրիմն անում: Վարսավիրը նաև զգեստապահի պարտականություններն էր կատարում… Ամեն ինչ արվել էր սակավ միջոցներով և ծառայեցվել էր ի շահ գործի, և հանկարծ մենք անսպասելիորեն հայտնվեցինք «Օսկարի» արարողությանը։ Սա աներևակայելի էր: Ինձ համար սա շատ կարևոր հուշ է:
52 տարի անց Կլոդը գալիս է ինձ վերապատմելու այս նոր ֆիլմը: Ես կուրորեն հետևում եմ նրան: Ինչպես միշտ՝ ոչ մի փորձ: Հանդիպում ենք Նորմանդիայում։ Առաջին տեսարանը, որում մենք նկարահանվում ենք ,տեղի է ունենում խանութում, երեխաների հետ՝ առաջին ֆիլմի իրական երեխաների հետ... Ես լսում եմ, թե ինչ է ասում Կլոդը, ես անում եմ դա, չեմ մտածում՝ ես լիովին վստահում եմ նրան։
Կլոդի հետ մենք լծվում ենք գործի, ու եթե ինչ-որ բան այնպես չէ, նա ձեզ կասի այդ մասին: Մենք թույլ ենք տալիս ուղղորդել մեզ։ Այս պահին մենք ուշադիր լսում ենք։ Փորձում ենք ինչ-որ բան արտահայտել։ Կրկին լծվում ենք գործի:

Իմ առաջին տեսարանը Ժան Լուիի հետ, որտեղ մենք իրար հետ զրուցում ենք այս ծերանոցի այգում, երբ ես նրան այցի եմ գալիս: Նա թեթևակի հիշում է ինձ, բայց չի ճանաչում: Նա պատմում է ինձ այն կնոջ մասին, որին աշխարհում ամենից շատ էր սիրում և ինձ նմանեցնում է նրան, մեր մեջ ընդհանուր բաներ է գտնում:

Երբ ես մոտեցա, ու երբ նա նայեց ինձ... սա այնքա՜ն տպավորիչ էր: Ասել ինձ, որ դա հենց նա էր, ում ես ճանաչում էի, այն ժամանակ, երբ ես պարզապես ուզում էի նրան հիշողությանս մեջ վերակենդանացնել… Դա բավականին անսովոր էր:
Ժամանակ առ ժամանակ Կլոդը մեզ հուշում է տեքստը: Երբեմն նա մեզ թողնում է, որ առաջ գնանք։ Մենք գիտենք, թե ինչ ենք խաղալու, բայց գործի ընթացքում, երբ Կլոդը զգում է ինչ-որ բաներ, տեսնում է մեր դեմքերը, մեր արտահայտվելու ձևերը, պատահում է այնպես, որ նա մեզ էլի է «սնում»՝ դա նրա մոտ ծնվում է նույն պահին: Այդ դեպքում պետք է այդ ամենը շղթայել իրար ու խաղալ նրա խաղը՝ բառի բուն իմաստով:

Այս կերպարը վերստին մարմնավորելը բազմաթիվ իրար միախառնված զգացմունքներ է առաջացնում: Ամենասկզբում գալիս է հանդիպման զգացմունքը, երբ «Տղամարդը և կինը»՝ Ժան Լուին ու ես կրկին իրար ենք հանդիպում՝ հայտնվելով դեմ-դիմաց: Նա էլ բնավ նույն մարդը չէ, ես էլ բնավ նույն կինը չեմ: Ինչպես պատմության մեջ: Երկուսս էլ փոխվել ենք։
Ֆիլմում հատկապես նա է փոխվել, քանի որ նրա կերպարն ինձ չի ճանաչում։

Պատմության շարունակականության մեջ իմ կերպարն ավելի ծավալուն է, քան իրենը: Ես ընդամենը նրան հիշեցնում եմ ինչ-որ մեկին, բայց ինքս գիտեմ, թե ով է նա: Ես պետք է մի քիչ նրան ներեմ իր անցյալի համար ու հասկանամ նրա ներկան:

Աննա Գոտիեի այս կերպարը կրկին հայտնվում է իմ կյանքում, շատ տարիներ անց: Այն, անշուշտ, յուրացրել է իր և աշխարհի մասին բազմաթիվ բաներ, որոնք վերապրված, դիտված, ուսումնասիրված, ներմուծված են: Բայց ես չեմ փորձում վերլուծել: Ես ապրում եմ ներկա օրով: Ինչպես կյանքում: 
Կլոդը վերադարձրեց մեզ առաջին ֆիլմի վայրը՝ մեր արձագանքն ունենալու մտքով։ Նրանք գրեթե հույզերի ծուղակներն են... Ես սովոր եմ դրանց ու դրանից չեմ վախենում, որովհետև վստահում եմ նրան: Երբ ես հայտնվում եմ այս սենյակում Ժան-Լուիի հետ, ես այլևս չեմ վերլուծում: Եթե ես չափազանց շատ եմ վերլուծում, դա այլևս իմ ներսից չի գալիս:
Խոսքը ձևացնելու մասին չէ, պետք է, որ ես ապրումների մեջ մնամ։ Դա է Լելուշի կինոն։ Կլոդն ինձ դնում է ինչ-որ իրավիճակի մեջ… Ես գոյություն ունեմ համաձայն տեքստի: Հենց դրանում է նրա հետ աշխատելու ուրախությունն ու հաճույքը: Այս երջանկությունը կայանում է նրանում, որ վերապրենք և զգանք այն պահին նրա կողմից առաջարկվող իրավիճակը: Նկարահանման խցիկը անմիջապես կպատկերի ձեր փոխանցածը: Խցիկը սիրում է ինձ, ու ես նրան փոխադարձությամբ եմ պատասխանում:

Թատրոնում ամեն ինչ ուրիշ կերպ է՝ ամեն երեկո վերլուծում ենք մեր արածը:

Եթե ես բացատրություն փնտրեի, այլևս զարմանալու հնարավորություն չէի ունենա։ Դա կլինի չափից ավելի մտածողական և ավելի պակաս բնազդային: Ես անակնկալի գալու կարիք ունեմ, այդ թվում, այն ժամանակ, երբ դեր եմ խաղում:

Կլոդն իսկապե՜ս իմ կատարյալ ռեժիսորն է: Նա անընդհատ ինձ հասցնում է անակնկալի կամ անհավասարակշռության սահմանին:  

Նկարահանումները երկու շաբաթից էլ քիչ տևեցին: Միայն Կլոդը կարող է այսպիսի կինո նկարել: Ամեն անգամ, երբ ես նկարահանվում էի նրա հետ նույն բանն էր տեղի ունենում։ «Տղամարդը և կինը» նույնպես շատ արագ է արվել։ Ամենաերկարը տևում էր մի վայրից մեկ այլ վայր հասնելը:

Տարօրինակ կերպով, նույնիսկ եթե նա զարգացում է ապրել, նրա կինոն չի փոխվել։ Այն Կլոդը, որին մենք ճանաչում ենք այսօր, արդեն կար «Տղամարդը և կինը» ֆիլմում: Բայց իրավիճակը փոխվել է։ Կյանքն առաջ է գնացել, տեխնիկական միջոցները նույնպես զարգացել են: Առաջին ֆիլմի ժամանակ նա ծանր քաշի տեսախցիկ էր կրում... Այսօր այն շատ ավելի թեթև է։ Այսօրվա տեխնիկայի հեշտ լինելը հեշտացրել է օպերատորական աշխատանքը, հետևաբար նաև դերասանների խաղը և նրանց կառավարումը, նույնիսկ եթե, ի վերջո, մենք մնում ենք տեսախցիկի առջև:

Նախևառաջ այս ֆիլմը մնում է որպես ֆանտաստիկ մարդկային փորձի օրինակ: Հաջողված ֆիլմը նման է սիրո մի գեղեցիկ պատմության: Միշտ էլ դժվար է բացատրել, թե ինչու ենք մենք սիրում: Հենց որ վատ է ստացվում՝ դրա պատճառներն ենք վերլուծում, իսկ այստեղ ես պատճառ չեմ տեսնում»։

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ նունե Գալստյանը