Աննա Մանյանի. «Իմ ուսուցիչը փողոցն է, ինձ շրջապատող մարդիկ, կյանքը»

1972-ին ժամանակի ամենամեծ դերասանուհիներից մեկը՝ Աննա Մանյանին ժամանեց Մոսկվա, որտեղ, ինչպես և ամբողջ աշխարհում, նա աներևակայելի սեր էր վայելում: Նրա մոսկովյան այցին և արտիստուհու ֆենոմենին է անդրադարձել wysotsky.com կայքը

Առաջին տպավորությունն անսպասելի էր: Այն ի հայտ եկավ հենց այն պահից, երբ գնացքը կանգ առավ Բելառուսական կայարանի կառամատույցում, և «Հռոմ-Մոսկվա» վագոնի պատուհանում ես տեսա Աննա Մանյանիին: Հոգնած դեմք, բացակա հայացք, դանդաղ շարժումներ: Նա այդպիսին էր նաև հյուրանոցի ճանապարհին, և նախասրահում, որտեղ սկսվեց մեր զրույցը, և հաջորդ օրը՝ սենյակում, որտեղ այն շարունակվեց: Ես հարցրեցի Աննա Մանյանիին, թե ինչպես բացատրել, որ նրա կենսագրությունը տարբեր արտասահմանյան գրքերում և ամսագրերում տարբեր կերպ է պատմվում: Դերասանուհին պատասխանեց.

-Եթե հավատանք դրանց հեղինակներին, ապա ես ծնվել եմ նվազագույնը քսան քաղաքներում: Նույնիսկ իտալական «Կինոարվեստի գործիչների բառարանը» պնդում է, որ ես ծագումով Ալեքսանդրիայից եմ, և որ հայրս եգիպտացի է: Այդ ամենը ճիշտ չէ: Հայրս Կալաբրիայից է, իսկ մայրս՝ Հռոմից: Ես նույնպես ծնվել եմ Հռոմում, Տիբերի այն կողմում, որտեղ պալատներ չկան: Ծնողներս ինձ վաղ  տվեցին տատիկիս՝ դաստիարակության: Մինչև տասներեք տարեկանը սովորել եմ դպրոցում, հետո մեկ տարի` ֆրանսիական քոլեջում: Տասնվեց տարեկանում որոշեցի դերասանուհի դառնալ և գնացի սովորելու Էլեոնորա Դուզեի անվան դրամատիկական արվեստի ակադեմիայում: Այնտեղ սովորեցի մեկ տարի, և սկսած այդ ժամանակից ինքս եմ իմ հացը վաստակել՝ երգելով վարյետեներում և փոքր դերեր խաղալով թատրոններում: Վատ եմ ապրել: Սովի զգացումն ինձ գրեթե երբեք չի լքել:

Դուք հարցնում եք, թե ի՞նչու որոշեցի դերասանուհի դառնալ, և ո՞վքեր են եղել իմ ուսուցիչները: Մանկուց իմ երևակայությունն ու ֆանտազիան շատ զարգացած էին: Ես ցանկանում էի կերպարանափոխվել բոլոր նրանց ում  հանդիպում էի`մայրերի, կանանց, երեխաների, վաճառողուհիների, տնային տնտեսուհիների, աղախինների, տիրուհիների: Միայն իմ սեփական կյանքով ապրելն ինձ համար քիչ էր: Ուսուցիչնե՞ր՝ ոչ, չեմ ունեցել: Իմ ուսուցիչը փողոցն է, ինձ շրջապատող մարդիկ, կյանքը: Հավանաբար, բոլորը կարող են դերասան լինել, դերեր խաղալ: Բայց մեծ արտիստ կարող է դառնալ նա, որը կմոռանա, որ ինքը դերասան է: Ես սիրում եմ մարդկանց, ցանկանում եմ կերտել նրանց կերպարները, այդ պատճառով էլ սիրում եմ արվեստը: Կեղծիքն  ու արհեստականությունը ես հեռվից եմ զգում: Ազնվությունն ու անկեղծությունն ուրախացնում և ոգեշնչում են ինձ: Զգացմունքների իսկությունը, վերապրումների անմիջականությունը չի կարելի սովորեցնել: Հետևաբար, ես չեմ ընդունում ուսուցիչներին, դպրոցները և համակարգերը: Դերը պետք է ներթափանցի իմ մեջ, և ես դա պետք է ապրեմ: Եթե ​​դա տեղի չունենա, ոչինչ չի օգնի:

-Դուք արա՞գ ճանաչված դարձաք: Ե՞րբ սկսեցիք նկարվել ֆիլմերում:

-Կինոյում առաջին անգամ  նկարահանվել եմ 1934-ին՝ թատրոնում իմ նորամուտից երեք տարի անց և տասը տարի մինչև «Հռոմը բաց քաղաք է» կինոնկարը, որն իմ տասնյոթերորդ ֆիլմն էր: Ոչ բոլոր ռեժիսորներն էին հավատում իմ ունակություններին, ոմանք ընդհանրապես խորհուրդ էին տալիս թողնել կինոն: Այն ժամանակների լավագույն ֆիլմը ես համարում եմ Վիտորիո դե Սիկայի « Թերեզա-Ուրբաթ» կատակերգությունը: Ես խաղում էի վարյետեյի հասարակ և մեծահոգի դերասանուհու, որի գռեհկությունը մշտապես ավելի ուժեղ էր սինյորա երևեալու ցանկությունից:

... Տարիներ շարունակ ֆաշիզմը բաժանում էր արվեստն առօրյա կյանքից: Փքուն, բարձրագոչ ֆիլմերն էկրանից դուրս էին մղում ճշմարտությունը: Նեոռեալիզմ անունը ստացած նոր ուղղության ռեժիսորները ձգտում էին այն վերադարձնել կինո: Նոր բովանդակությունը նոր հերոսներ և նոր դերակատարներ պահանջեց: Ռոբերտո Ռոսելինին, որը որոշեց հակաֆաշիստական ​պայքարի մասին էկրանից անթաքույց ճշմարտությունը պատմել` Աննա Մանյանիին հրավիրեց  խաղալ փնթփնթան, կրակոտ, անձնուրաց Պինայի դերը, որը մարտահրավեր էր նետել բռնության ռեժիմին: «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմը, որը էկրան բարձրացավ քառասունհինգին, խորհրդանշում էր և՛ առաջադիմական  իտալական կինոյի, և՛ մեծ արտիստուհի Աննա Մանյանիի ծնունդը: Խորաթափանց հայացքով, սև, գզգզված մազերով, գեղջկական վարքագծով, սուր լեզվով կինը՝ Հռոմի արվարձաններից, կարողացավ հասարակ մարդկանց հոգսերն ու կրքերը հարազատ դարձնել հանդիսատեսին, պատմել այն մասին, թե ինչու են այդ մարդիկ ծիծաղում կամ լացում, ցույց տալ նրանց տառապանքն ու բարոյական գեղեցկությունը: Մի ամբողջ սերնդի և, հնարավոր է, ոչ միայն մեկի համար, Աննա Մանյանին դարձավ 1945-ի  Իտալիայի ողբալի, չքավոր, բայց կենսունակությամբ լի անմոռանալի կերպարը մարմնավորող խորհրդանիշ:

Ֆիլմը դերասանուհուն համաշխարհային փառք բերեց: Շատ տարիներ են անցել, բայց հնարավո՞ր է արդյոք մոռանալ Պինայի ողբերգական աչքերը, նրա կյանքի և մահվան անկեղծ պատմությունը...

Հերոսուհին, որին կերպավորեց Աննա Մանյանին «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմում, նրա համար դարձավ այն միակ և անկրկնելի կերպարը, որը սկսեց ապրել դերասանուհու կողքին, դարձավ ազգային տեսակ, իտալական մշակույթի մաս: Մանյանիի հերոսուհին արտաքնապես կոպիտ է և տգեղ: Բայց հենց նա սկսում է խոսել, հենց անում է առաջին ժեստը՝ ձեզ գրավում է նրա կենսունակ էներգիան, խառնվածքն ու բարեսրտությունը: Այդ կինը կարող է աղմուկ հանել, իր իրավացիությունն ապացուցել ատամների և եղունգների օգնությամբ, նրա բնական անպատկառությունը փոխվում է կոկետության, հուսահատությունը`լուսավոր թախծի: Եվ նրա այս ճշմարտացիությունն ու անկեղծությունն ավելի թանկ են արտաքին գեղեցկությունից:

-Դերասանը պետք է ազնիվ լինի ինքն իր հանդեպ, - ասում է Մանյանին, -Նա պետք է անի միայն այն, ինչ կարող է անել: Օրինակ, ես երբեք չէի խաղա Աննա Կարենինայի դերը. ինձ մոտ ոչինչ չէր ստացվի: Հասարակ ծագումով, ազնիվ, ներքուստ մաքուր կանանց դերերն են իմ դերերը...

Ավելի քան երկու տասնամյակ Մանյանիի տաղանդով կերտված պարզ իտալուհին է հայտնվում էկրանին: Հիշեք Մադալենա Չակոնիին Լուկինո Վիսկոնտիի «Ամենագեղեցիկը» ֆիլմից՝ մոլեռանդ մայր, որը ցանկանում է, որ իր դուստրը ֆիլմում նկարահանվի: Էկրանային մեկուկես ժամի ընթացքում Մանյանին, որի վրա է հիմնված  ամբողջ ֆիլմը, պատմում է գործնականության և երազկոտության, խելահեղ մայրական սիրո, պարզ խորտակված հույսերի, աշխարհի դաժանության մասին: Հիշեք անխոնջ, ճղճղան Լինդային՝ Մարիո Կամերինիի «Երազանքներ ճանապարհին» ֆիլմում: Անտանելի, մրթմրթան կին՝ կլանված մի կտոր հաց հայթայթելով, որը դժվար պահերին դառնում է սիրող կին:

-Ձեր դերերից որո՞նք եք համարում լավագույնները:

-Առաջին հերթին՝ «Հռոմը բաց քաղաք է», այնուհետև Ռոբերտո Ռոսելինիի «Սերը»: Այս ֆիլմը բաղկացած է երկու քառասուն րոպեանոց նովելներից՝ ըստ Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» պատվածքի, և Ֆեդերիկո  Ֆելինիի «Հրաշք»  սյուժեի: Երկրորդում ես խաղում եմ գյուղական պարզամիտ, հուզավառ և ոչ այնքան նորմալ հովվուհի Նանինային: Մի անգամ նա լեռնային արահետի վրա հանդիպում է սպիտակ մորուքով մի անծանոթի և զբոսաշրջիկին ընդունում է որպես Սուրբ Ջուզեպպե՝ համարելով, որ նրան Աստված է ուղարկել իրեն: Անծանոթը, թեժացնելով պատրանքները, գայթակղում է աղջկան: Նա հղիանում է և կրոնական գերշնչման  մեջ որոշելով որ ինքը Սուրբ Մադոննան է՝ գյուղում  պատմում է իր հղիության մասին: Սկզբում նրա պատմությունը քմծիծաղով ընդունեցին, հետո` չարությամբ: Նրան վռնդեցին գյուղից: Ողորմելի ցնցոտիներով, նա հեռանում է դեպի բլուրներ և այնտեղ ծննդաբերում է՝ հին, լքված տան շեմին: Ծննդաբերությունը բացում է նրա աչքերը և վերադարձնում բանականությունը: Ես ուզում էի ցույց տալ, որ Նանինան պահպանում է արժանապատվությունն ու ներքին ուժը:

Շատ եմ սիրում Ռենատո Կաստելանիի «Դժոխք քաղաքում» ֆիլմը: Այս ֆիլմում, ինչպես Պիեռ Պաոլո Պազոլինիի «Մամա-Ռոմա» ֆիլմում (այս դերը նույնպես համարում եմ լավագույններից մեկը՝ չնայած որոշ վերապահումներին), ես խաղացել եմ նենգ և մարդկային, անպատկառ և նրբազգաց մարմնավաճառի: Ինձ թվում է, որ սա իմ ամենահաջողված դերերից մեկն է: Մեծ ստեղծագործական բավարարվածություն է ինձ պարգևել Լուիջի Ձամպայի «Ազնիվ հրեշտակ» ֆիլմին մասնակցությունը: Վերջապես, իմ լավագույն ֆիլմերից մեկն եմ  համարում Հոլիվուդում նկարահանված «Դաջված վարդը», որը 1955 թ.-ին ինձ «Օսկար» բերեց:

Դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը տեսել է ինձ էկրանին, և չնայած, որ մենք ծանոթ չէինք, ինձ համար գրել է մի պիես, որը ես պետք է խաղայի Բրոդվեյում: Բայց քանի որ ես անգլերենից ուժեղ չեմ, Ուիլյամսը պիեսը վերափոխեց սցենարի: «Դաջված վարդը» բեմադրեց Դանիել Մանը: Լեզուն չիմանալու պատճառով ես ինձ դժբախտ էի զգում: Ռեժիսոր Էլիա Կազանն՝ իմ մեծ բարեկամը, խորհուրդ տվեց ինձ մոռանալ լեզվի մասին և խաղալ՝ ինչպես միշտ: «Մեզ պետք է իտալական Աննա Մանյանին, այլ ոչ թե Հոլիվուդի Մանյանին», - ասումէր  նա: Կազանն ինձ քաջություն ներշնչեց: Նրա խորհրդով ես թուղթը կիսեցի՝ մի երեսին տեքստն անգլերեն գրեցի, իսկ մյուսին՝ իտալերեն:

Այսպես ես սովորեցի դերը: Ես խաղում էի ընտանիքի հետ Ամերիկա արտագազթած խեղճ սիցիլիացի դերձակուհի Սերաֆիմային: Ինչպես և՛ «Հրաշքում» սա նվիրյալ հավատի պատմություն է:

Հոլիվուդում ես նկարահանվել եմ նաև «Փախստականների ցեղը» ֆիլմում, որի սցենարն իր «Օրփեոսն իջնում է դժոխք» պիեսի հիման վրա դարձյալ գրել  է Ուիլյամսը, իսկ բեմադրել է`Սիդնեյ  Լյումեթը: Ես խաղում էի լեդի Թորենսի դերը, որին թունավորել և սպանել են չարությունը, ցինիզմը և ճղճիմությունը: Նկարահանվել եմ նաև Կյուքորի «Վայրի քամի» ֆիլմում: Բայց դա արդեն սովորական մելոդրամա էր: Ինձ հետաքրքիր էր հանդիպել հայտնի ռեժիսորների հետ, խաղալ Մառլոն Բրանդոյի, Էնթոնի Քուինի, Բերտ Լանկաստերի հետ: Բայց ես հոլիվուդյան աստղ չդարձա: Մնացի նույն Աննա Մանյանին: Գուցե ես բավականաչափ խիստ չեմ եղել սցենարների ընտրության հարցում, բայց հիմա, երբ Հոլիվուդն ինձ միլիոններ է առաջարկում, ես հրաժարվում եմ բոլոր առաջարկներից:

-Ինչո՞ւ:

-Ես որոշել եմ ընդհանրապես հրաժարվել կինոյից և նվիրվել թատրոնին: Ինձ ոչ թե գովազդ և հաջողություն է պետք, այլ ամեն օր իմ աշխատանքն  ուսումնասիրելու և մեկնաբանությունները խորացնելու հնարավորություն: Վերջին անգամ թատրոնում խաղացել եմ տասը տարի առաջ: Այս տարիների ընթացքում ես կորցրել եմ ինքնավստահությունը ուժերիս նկատմամբ: Երբ Ուիլյամսը համոզում էր ինձ վերադառնալ թատրոն, ես հրաժարվում էի: Միայն Ֆրանկո  Ձեֆիրելին իր խանդավառությամբ կարողացավ բորբոքել բոցը, որն արդեն գրեթե մարել էր իմ հոգում:

...Մեր զրույցների ընթացքում Աննա Մանյանին արդեն մի քանի անգամ վերադարձել էր կինոյում իր աշխատանքից անբավարարվածության թեմային: Թենեսի Ուիլյամսը Մանյանիի մասին գրել է. «Նա մեր օրերում ապրող ամենամեծ դերասանուհին է: Նա կարող է խաղալ և՛ գեղջկուհու, և՛ թագուհու»: Գուցե դա այդպես է, բայց բանն այն է, որ Մանյանին չի ցանկանում խաղալ թագուհիների: Ինչպես և մյուս մեծ դերասանուհիները` Գլորիա Սվենսոնը, Բեթ Դևիսը, Մառլեն Դիտրիխը, Ինգրիդ Բերգմանը, Վիվյեն Լին՝ Մանյանին գտել է իր թեման և ստեղծել իր սեփական կերպարը: Նա հիմա էլ հավատարիմ է այն նույն իդեալներին, որոնք նրան ոգեշնչում էին, երբ խաղում էր Պինային: Բայց նույնքան խորը և ուժեղ դերեր նրան չեն առաջարկում:

-Ռեժիսորներից ո՞ւմ հետ Ձեձ հետաքրքիր կլիներ աշխատել:

-Էլիա Կազանի, Ռոբերտո Ռոսելինիի, Լուկինո Վիսկոնտիի, Լուիջի Զամպայի, Ռենատո Կաստելանիի, Մարիո Կամերինիի, Մարիո Մոնիչելիի հետ`գրեթե բոլոր նրանց հետ, ում հետ ես աշխատել եմ. այս առումով միշտ բախտս բերել է:

-Իսկ նրանցից, ում հետ դեռ առիթ չեք ունեցել աշխատել, օրինակ՝ Ֆելինիի, Անտոնիոնիի հետ: Կամ օտարերկրյա բեմադրիչների հետ:

-Ֆելինիի հետ՝ անկասկած: Ինչ վերաբերում է Անտոնիոնիին, ապա ես նրան որպես ռեժիսոր շատ սիրում եմ, բայց մենք չափազանց տարբեր մարդիկ ենք, և ես այն «նյութը» չեմ, որ նրան պետք է: Օտարերկրյա ռեժիսորներից`անգլիացի Դևիդ Լինի և խորհրդային ​​ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցի հետ: Ես տեսել եմ «Շնիկով տիկինը» և այս ֆիլմը համարում եմ կինեմատոգրաֆի խոշորագույն գործ: Նույնիսկ չգիտեմ, թե որտեղից բառեր գտնեմ հիացմունքս արտահայտելու ռեժիսորական մտածողության, Իյա Սավվինայի և Ալեքսեյ Բատալովի խաղի համար:

...Վերջին անգամ նրան տեսա Փոքր թատրոնի կուլիսներում: Ներկայացվում էր Դ. Վերգիի «Գայլը»՝ Մանյանիի մասնակցությամբ՝ գլխավոր դերում: Շուտով նրա մուտքն էր: Նա նստած էր մտախոհ, անտարբեր, համարյա քնաթաթախ: Անհավատալի էր, որ ընդամենը մի քանի րոպեից նրա հերոսուհու կրքի տոչորուն բոցը կբորբոքի հարյուրավոր հանդիսականների սրտերը:

1970 թ.-ին դերասանուհին նկարահանվեց եռամաս հեռուստատեսային ֆիլմում, որում ցուցադրվում են Իտալիայի պատմության որոշ փուլեր. «Երգչուհին կաբարեից» (գործողությունը տեղի է ունենում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ), «Հանդիպում 1943-ին», «Ավտոմեքենա» (տրագիկոմիկ պատմություն, որը տեղի է ունենում այսօրվա Հռոմում): Բոլոր երեք նովելների գլխավոր դերերը խաղում է Աննա Մանյանին. Թուրինից  ոչ երիտասարդ երգչուհի, որը ուղարկվում է ռազմաճակատ իտալացի զինվորների «ոգին պահելու» համար, բուժքույր, որը գերմանական օկուպացիայի տարիներին իր ճակատագիրը կապում է պարտիզանական շարժման հետ, միայնակ կին, որը մեր օրերում մեկուսացած ապրում իրեն շրջապատող աշխարհում:

-Ես գոհ եմ, - ասել է դերասանուհին իտալական «L' Europeo» ամսագրի թղթակից Լիզտե Տերնաբուոնիին տված հարցազրույցում,- քանի որ ռեժիսոր Ջաննետտին, ինչպես նաև իմ խաղացած բոլոր մյուս ֆիլմերի հեղինակները այդ դերերը գրել են հատուկ ինձ համար: Ես տիկնիկ չեմ, որը կկանգնի այնտեղ, որտեղ նրան կանգնեցրել են: Կերպարըը պետք է ստեղծված լինի իմ համար: Նախ` Մանյանին, և միայն դրանից հետո` ընտրված կամ ստեղծված կերպարը, որը կհամապատասխանի Աննա Մանյանիին: Այդպես են վարվել բոլորը և՛ Պազոլինին, և՛ Թենեսի Ուիլյամսը, Վիսկոնտին և Ռոսելինին: Ծիծաղելի է, երբ լսում եմ, որ «կինոն լքել է Աննա Մանյանիին»: ճիշտ հակառակը՝ Ես լքեցի կինոն. հեռացա, քանի որ ինձ անընդհատ առաջարկում էին խաղալ  ոչ թե կենդանի մարդկանց, այլ խեղկատակների և թեթևամիտ խամաճիկների:

1972 թ

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի

... ...