Անհայտի և տարածության վախով, երկի՛ր

Նախ  ասել են` մարդ եք, հետո ամեն ինչ արել են, որ մոռանանք այդ:

***

Մեզ միշտ,

միշտ այսպես են խաբել.

նախ  ասել են` մարդ եք,

հետո ամեն ինչ արել են,

որ մոռանանք այդ:

Հետո ասել են` երկինք է սա,

և ոչինչ չեն խնայել,

որ վախով նայենք վերև,

և հող են ասել,

որ մենք  չմոռանանք

իսկական արվեստը

գերեզմանափորի:

 

***

Մենք ասում ենք՝  հարկավոր է երգել

և… լռում  ենք,

Մենք ասում  ենք՝  հարկավոր է սիրել

և… հեռանում ենք։

 

Մենք ասում ենք՝

վիրահատել է հարկավոր կյանքում

անտես քաղցկեղը մութ կասկածների.

պետք է գոնե  բլուր լինել՝

լեռների ցավով տառապելու համար.

ասում և հանգիստ նստում ենք տանը։

 

Մենք ասում ենք՝ հարկավոր է զգալ դարը,

ինչպես սեփական տաք զարկերակի

համատրոփը,

հարկավոր է որսալ պահը,

ակնթարթն ադամանդյա…

և նայում ենք ժամացույցի

հապճեպ-կամակոր

վայրկենավազքին։

 

Մենք ասում ենք՝ պետք է ապրել,

և՛ ստեղծել,  և՛  սկսել…

… և մեր դագաղին

լուռ հետևող մարդիկ,

մեր հիշատակը հարգելու համար

չեն խոստովանում,

որ մենք ոչինչ էլ

չարինք այս կյանքում։

 

***

Անհայտի և տարածության վախով, երկի՛ր,

անհայտի և տարածության,

իմ մեջ բորբոսնում է ամպրոպը

ընկնավոր ճամփաների,

և դեպի քեզ է վազում

մտահանված մի շող

վասն արքայության և վասն ցավի։

Տես, գալիս է, գալիս է, գալիս է մեկը

ինքն իր նման

և նման

չփշրվող կավի։

 

Եվ ես ասում եմ՝ աղջիկ,

որ ճոճք  ունենա փողոցը թեթևակի,

և ես կին եմ ասում,

որ երեխաներ ծնվեն փաթիլներից,

և ես ասում եմ՝ պառավ,

որ կրկնվի ճոճքը

փողոցի և կնոջ միջև։

 

Տագնապի և հավերժության միջով, երկի՛ր,

տագնապի և հավերժության,

նորից ելնում-բարձրանում է փղձուկը

ապառաժ քարերի,

և դատարկ քարանձավներ են թվում

իմ աչքերը՝

դրված իմ դեմ,

և իմ ձեռքերը

ուսերս շոյում են

թիկունքից՝

վասն ակնկալի և վասն հուշի։

Տե՛ս, կանգնել , կանգնել է, կանգնել է մեկը

և չի կարող գալ

և չի ուզում մնալ

կանգնած։

 

Եվ ես ասում եմ՝ տերև,

որպեսզի ձև ունենա անկումն այսօր,

և ես ծառ եմ ասում,

որ գալարներով հաշվես կենսագրությունը

ճանապարհի,

և ես ասում եմ՝ քամի,

որպեսզի հաստատ լինի կապը

տերևի և ծառի միջև։

 

Հատնումի և հայտնության տենդով,  երկի՛ր,

հատնումի և հայտնության,

իմ մեջ խլանում է մառախուղը առասպելի

և նորից լավուվատի ես բաժանում օրերը,

և ոչ ոք չի հարցնում,

թե ինչու է սարդոստայնը ճերմակ,

երբ կապույտ է արյունը սարդի,

և նորից լավուվատի են բաժանվում օրերը

վասն տարածության և վասն դողի։

Տե՛ս, ընկնում է,  ընկնում է,  ընկնում  է մեկը,

և հեռու է անկումը մինչև հող,

քանի որ ոտքերը չեն բաժանվում հողից,

և աչքերը չեն բաժանվում երկնքից…

 

Եվ ես ասում եմ՝…

Տե՛ս, ծնվում է, ծնվում է, ծնվում է մեկը։

 

***

Եվ այսպես բառերը բոլոր,

բառերը,

բառերը բոլոր…

Եվ աշնան երկրորդ ամսվա մեջ ծնված մի տղա

չի ուզի երկրորդը լինել

ոչ մի տեղ…

 

Եվ այսպես`

ծիծաղ

և ծիծաղի մեջ էլի

բառերը բոլոր…

Եվ առաքյալներից  15-րդը օր  էր  լինելու

հոկտեմբերի մեջ,

և տղան ինքն էր բռնելու

նրա ձեռքը

և ասելու` գնանք,

և ամեն տարի մի անգամ

նրանք վերադառնալու են նույն տեղը,

և տղան փոխված է լինելու

ամեն անգամ

մի քիչ,

իսկ առաքյալը` նույնը…

Եվ այսպես

ընդմիջում է հայտարարվում

տղայի, բառերի

և բոլորի համար:

 

***

Չէ, ինչո՞ւ հարբած,

պարզապես գինի էր և շատ էր,

և ամեն անգամ քո կենացն էր լսվում,

և ամեն անգամ դու չէիր լսում:

Պարզապես տարածություն էր,

որ հարկավոր էր… խմել:

Որ հարկավոր էր խմել

և հասնել քեզ:

Ե´վ հասնել… և´ լռել:

 

Չէ´, ի՞նչ կարոտ,

պարզապես դու չես հերիքում,

անընդհատ չես հերիքում,

էլ երբեք չես հերիքում,

էլ երբեք չես հերիքում

իբրև ներկայություն

և մոտեցող ձեռք:

 

Չէ´, ի՞նչ սեր,

պարզապես դու փակում ես աչքերդ,

որ ես երազ տեսնեմ,

քայլում ես, որ ես հոգնեմ.

ծնվում ես, որ շարունակվեմ.

հիվանդանում ես, որ ինձ համար

բժիշկ կանչեն,

ասում ես` գարուն է,

որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,

ժպտում ես, որովհետև ինձ սազում է,

ծիծաղում ես, որ մարդիկ իմ մասին ասեն`

ուրախ մարդ է,

հագնվում ես, որ ես չմրսեմ,

արձակում ես կոճակներդ,

որովհետև ես եմ շոգում…

 

…Ապրի´ր,

թե չէ մարդիկ դժվարությամբ կտանեն

իմ աճյունը ծառերի միջով:

 

ԽՏԱՑՈՒՄՆԵՐ

 

Հոգնել ես:

Հասկանում եմ:

Ամենքն են հոգնել:

Եվ քանի դեռ

քնած են բառերը,

վե´ր կաց

ու մի երգ գրի´ր

առանց

այդ

բառերի…

 

***

-Ամենադժվարը բաժանման առաջին օրերն են,–

հանգստացնում է տղան`

աղջկա մազերը շոյելով:

-Չէ, միշտ էլ դժվար կլինի

մինչև քո վերադարձը,–

լացակումած բողոքում է աղջիկը:

 

…-Ծառ,

հիշեցրու նրանց,

որ ամենադժվարը

այդ խոսքերը

հետո հիշելն է: