Այս սև ու սպիտակ իրականության մեջ գեղարվեստական գրականությունն ուղղակի փրկություն է

Մեր ներսի մանուկն է մեզ ապրեցնում՝ ստիպելով ժպտալ, սիրել ու սիրվել

«Առնետի դարի մայրամուտը» վերնագրով շուտով լույս կտեսնի գրող, հոգեբույժ  Վարդգես Դավթյանի հետ գրականագետ Անի Փաշայանի զրույցների ժողովածուն: Այդ շարքից ArtCollage-ի ընթերցողներին ենք ներկայացնում զրույցը մանկական գրականության և երեխաների հոգեբանության վրա դրա ազդեցության մասին հարցազրույցը:

 

Կա մի թեմա, որը միշտ անսպառ է և հետաքիքիր`երեխաները... Երեխայի ժպիտը, աչքերի փայլը պահպանելու համար ի՛նչ ասես արժե անել: Եվ արվում է, քանի որ նրա խինդն ամեն օր թարմացնում է մեր հին մոլորակը: Երեխաները միավորում են մեծերին, վերականգնում դժբախտ ընտանիքը սիրո փշուրներով, անգամ՝ առողջացնում կյանքը: Դժվար է գրել մանուկների համար, այդ գիրը դատապարտված է անկեղծ և ճշմարիտ լինելու...

Ոչ մի երեխա չի լսի կեղծ տող կամ ոչինչ ասող պատմություն: Իսկ երեխաների մասին խոսելը երջանկություն է: Ինչպիսի՛ն պիտի լինի մանկական գրականությունը, ի՛նչ պիտի կարդա կամ լսի երեխան, ո՛ր հերոսները պիտի կարևորվեն նրա երևակայության մեջ՝ զրուցում ենք  Վարդգես Դավթյանի՝ գրողի և հոգեբույժի հետ:

 

Անի Փաշայան -Պարո՛ն Դավթյան, ընթերցանությունը ո՞ր տարիքից պիտի սկսել երեխայի հետ, նաև մինչև տառաճանաչ դառնա՞լը: Ինչպե՞ս եք պատկերացնում օրորոցայինների դերը երեխայի կյանքում, դրանք առողջության համար ի՞նչ նշանակություն կարող են ունենալ:

Վարդգես Դավթյան -Երեխայի առնչությունը գրականությանը և ընթերցանությանը, որքան էլ տարօրինակ թվա, սկսվում է ներարգանդային կյանքից: Առողջ և ներդաշնակ հղիության կարևոր նախապայմանը կնոջ հանգիստ և հավասարակշռված հոգեվիճակն է, կայուն և լավ տրամադրությունը, որն էլ բարերար ազդեցություն է ունենում պտղի ձևավորման վրա: Եթե ապագա մայրն այդ շրջանում հաճախ լսի գեղեցիկ ու հոգեպարար երաժշտություն, ռոմանտիկ գրականություն ընթերցի, բանաստեղծություններ արտասանի կամ գրի, իր ներքին աուրան մշտապես կպահի սիրո և մխիթարության ավազանի մեջ: Հապա որքան ավելի ներգործուն կլինի, եթե ապագա երեխայի հայրն իր սերն ու հոգատարությունն արտահայտի՝ կնոջ համար կանոնավոր կերպով ընթերցելով գեղեցիկ հատվածներ տարբեր ստեղծագործություններից: Երբ մանկիկն արդեն լույս աշխարհ գա, նրա ընկալումների մեջ պետք է ավելի ու ավելի շատացնել ներդաշնակ հնչյունները, խոսքը: Իհարկե, խոսքերի իմաստը չի ընկալի, բայց կկլանի խոսքի երաժշտությունը, պոետիկան: Ահա թե որքան կարևոր են օրորոցայինները: Ամեն բանաստեղծություն կամ երգ չէ, որ կարող է օրորոցային լինել: Ընդհանրապես, այս ժանրն իր տաղաչափությամբ և հնչյունաբանությամբ մշակվել է երկար դարերի ընթացքում՝ հանդիսանալով բանահյուսության բաղկացուցիչ: Այն իր մեջ կրում է հոգելեզվաբանական օրինաչափություններ և կանոններ և, միաժամանակ, ազգային-մշակութային վառ ինքնատիպություն:  Համեմատենք Բալակիրևի և Կանաչյանի օրորոցայինները ռուսական և հայկական գեղարվեստական գույների և ազգային-հոգևոր ընկալումների ինքատիպության տեսակետից: Ամեն մեկը մի ուրույն աշխարհ է: Ցավոք, ժամանակակից մայրիկները քիչ են երգում մանկան օրոցքի մոտ: Շատ իզուր... Մինչդեռ ամենօրյա իրիկնային երգեցողությունն անգնահատելի բալասան է մանկան համար: Պիտի առաջարկել, որ կանանց կոնսուլտացիաները, մոր և մանկան կենտրոնները երիտասարդ կանանց սովորեցնեն նաև օրորոցային երգեցողություն՝ ներառելով հատուկ երաժշտական ծրագրեր:

Անի Փաշայան -Ձևավորվել է կարծիք, թե երեխան անհանգիստ քուն կարող է ունենալ, անգամ վախենալ, եթե տպավորվի լսածից: Ինչպե՞ս բացատրել բարու և չարի խնդիրը, կօգնե՞ն հեքիաթները:

Վարդգես Դավթյան -Անհրաժեշտ է խուսափել նևրոտիկ վիճակներ, գիշերային վախեր, անքնություն, անմիզապահություն և այլ երևույթներ ունեցող երեխաների համար սարսափազդու տեքստեր ընթերցելուց: Ի դեպ, կարևոր է, թե հուզական-զգացմունքային ինչպիսի սոուսով կամ պաթոսով է ներկայացվում հեքիաթը: Նյութն ընկալելիս երեխան առաջին հերթին ազդվում է ընթերցողի ձայնի տոնայնությունից, նրա չարահունչ կամ մեղմածոր լինելուց: Օրինակ, «Այնտեղ բնակվում էր մարդակերը» նախադասությունը թեթևաշունչ կարդալու դեպքում երեխան կարող է չվախենալ, բայց «Արքայազնը փրկեց աղջկան, և նրանք ամուսնացան» նախադասությունը բիրտ տոնով կարդալու դեպքում նա կարող է նույնիսկ ահաբեկվել: Ուրեմն, երբ երեխային գեղարվեստական տեքստ է մատուցվում, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել զգացմունքային կատարմանը: Օրինակ, երբ իմ տղաներին երեխա ժամանակ պատմում էի «Եղեգնուհին» հեքիաթը, հենց մի նախադասության չարագուշակ տոնով արտասանելուց հետո («Այն կողմերում ապրում էին սևադեմ բոշաներ»), խեղճ երեխեքը քունը կորցնում էին, ահաբեկվում, բայց երբ նույն նախադասությունը կարդում էի մեղմ, զվարճալի տոնով, այս դեպքում ներգործությունը լինում էր ճի՛շտ հակառակը:
Տեսակետ կա, թե երեխաներին պետք է հեռու պահել հեքիաթներում չարը պատկերող տեսարաններից, ծայրահեղ իրավիճակների նկարագրությունից և, ընդհանրապես, բացասական հույզեր առաջացնող դրվագներից: Այս տեսակետին պետք է վերաբերվել որոշակի վերապահումներով: Նախ, ամեն տարիք ունի զգացմունքային ընկալումների իր լիմիտները: Այն, ինչը կարող է հետաքրքիր և օգտակար լինել 8-10 տարեկանների համար, հնարավոր է, որ վաղաժամ և անօգտակար, երբեմն էլ՝ վնասակար լինի 4-5 տարեկան մանուկների համար: Պետք չէ անպայման սևեռվել չարի արարքների մանրամասների և նատուրալիզմի վրա: Օրինակ, Ղազարոս Աղայանի «Զանգի-Զրանգին» կամ «Այծատուրը» ցանկալի է հանձնարարել մեծ տարիքի երեխաներին: Նախադպրոցականների մոտ կարող են անտեղի տպավորվել մարդակերության, չարքերի գլուխներն արյունլվիկ անելու և այլ տեսարաններ: Եվ այնուամենայնիվ, երեխաներին բացառապես մաքուր (ստերիլ) դրական էմոցիաներ մատուցելն էլ բավարար չէ, ինչպես որ խելամիտ չէ երեխաներին հասակակիցներից մեկուսացնելը, վայր ընկնելուց կամ ծնկները հողոտվելուց աղմկոտ տագնապ բարձրացնելը: Կյանքը լի է բազմազանությամբ, և մանկանն էլ քայլ առ քայլ պիտի ծանոթացնել այդ բազմազանությանը: Ինչ վերաբերում է հեքիաթներում չարի և բարու խնդրին, ապա դրականը, լավը, վեհը, կատարյալը ծնողները պետք է ամրապնդեն-ապացուցեն իրենց առօրյա վարքով, կենդանի օրինակով, հակառակ դեպքում, երեխայի հոգեաշխարհում կառաջանան հակասություններ. հեքիաթում հերոսն ազնիվ է ու քաջ, մինչդեռ կյանքում մայրը ստախոս է, իսկ հայրը՝ վախկոտ:

Անի Փաշայան -Աշխարհում շատ հայտնի հեքիաթագիրներ կան՝ Անդերսեն, Պերրո, Գրիմ եղբայրներ... Մեզ համար չափանիշ են Թումանյանի, Աղայանի հեքիաթները: Ի՞նչ ավելացումներ կանեք, կամ ի՞նչ կասեք այս հեղինակների մասին:

Վարդգես Դավթյան -Չեմ կարող չհիշել մի դրվագ: Հոգեբուժության իմ ուսուցիչ, ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանը շատ խիստ մարդ էր և չէր սիրում, երբ այցելուներն ընդհատում էին, երբ ինքը զբաղված էր գիտահետազոտական աշխատանքով: Ես երիտասարդ բժիշկ էի, մի օր զգուշորեն դուռը կիսաբաց արի, տեսա խորասուզված է ինչ-որ գրքի ընթերցանության մեջ: Ինձ նկատելով՝ ձեռքով արեց և ասաց.
-Իսկ դու գիտե՞ս, թե սա ինչ գիրք է, -և ինքն էլ պատասխանեց, -աշխարհի ամենաիմաստուն գրքերից մեկը...
Ապա ցույց տվեց գրքի շապիկը... Անդերսենի «Հեքիաթներն» էին... Երբ ուսումնասիրում ես խոշոր հեքիաթագիրների կենսագրությունը, համոզվում ես, որ նրանց մեծամասնությունն ունեցել է հակասություններով լի անուրախ, նույնիսկ խեղված մանկություն: Եվ ահա, հեքիաթի միջոցով չարի դեմ բարու հաղթանակը պատկերելով, տգեղի ու նսեմի համեմատ գեղեցիկն ու կատարյալը գովերգելով, աշխարհը ռոմանտիկ գույներով լցնելով՝ այս մարդիկ կարողացել են բարձրանալ իրենց անձնական դրամայից, վերափոխվել, հաղթահարել և հաղթել: Ահա, հոգեամոքիչ նույն լիցքերն ու մեխանիզմներն էլ փոխանցվում են ընթերցողներին՝ թե պատանի, թե հասուն: Կարելի է ասել, որ հեքիաթներն ուժեղացնում են մարդու հոգեբանական իմունիտետը: Ինչո՛վ է հեքիաթագիրը համարվում դասական. նրանով, որ հավասարապես հետաքրքրում է և՛ փոքրերին, և՛ մեծերին: Հենց դա է դասական խոսքի ուժը: Ի դեպ, Թումանյանից և Աղայանից բացի՝ խորհուրդ կտայի երեխաների համար ընթերցել մեր նաև մյուս գրողների հեքիաթներից, ինչպես, օրինակ՝ Սերո Խանզադյանի «Ինչու, ինչու»  պատմվածքների և հեքիաթների շատ հաջողված ժողովածուն(1970): Ունենք ժամանակակից կին հեքիաթագիրների շատ հետաքրքիր գործեր: Հաջողված օրինակները շատ են: Ընդհանրապես, հեքիաթը գրական բարդ ժանր է:

Անի Փաշայան -Հեքիաթից անցնենք այլ ժանրերի՝ պոեմ, պատմվածք, վիպակ... Երեխային, դպրոցականին միայն հեքիաթով չես դաստիարակի կամ պատրաստի կյանքի համար: Գուցե նա հետաքրքրվի նաև մեծ արձակով: Օրինակ, ընթերցի կամ լսի Միլնու «Վինի Թուխը», կամ, ասենք, Ռոուլինգի «Հարրի Փոթերը»: Հասարակությունը սիրում է իր ներսում տեսնել ուժեղ անհատների, հետևաբար, այսպես ասած, «մամայի բալիկներն» այլևս անհետաքրքիր են: Ի՞նչ «լեզվով» պիտի խոսել երեխայի հետ, որ պատրաստ լինի հոգեկան փոթորիկների, սոցիալական տարատեսակ բախումների: Դպրոցում չեն սովորեցնում՝ ինչպես տանել տառապանքը, բայց չէ՞ որ երեխան էլ է հոգեպես տառապում: Նա կարող է տանջվել վատ վերաբերմունքից, անտարբերութունից, հիվանդության վախից: Մեծերն էլ են դա տանում, անշուշտ: Բայց երեխան նոր է կյանք մտնում, դեռ շոշափում է ամեն ինչ, չգիտի՝ ինչ անի, որ դուրս գա այդ իրավիճակից: Եվ այստեղ անհրաժեշտ է հատուկ մոտեցում:

Վարդգես Դավթյան -Մի կարևոր իրողության վրա եմ ուզում Ձեր ուշադրությունը հրավիրել: Այն է՝ ժամանակակից մարդու զգացմունքային աշխարհի միապաղաղությունը և աղքատությունը: Այստեղից էլ՝ երեխաների ձանձրույթը, դյուրհոգնելիությունը, ուշադրության դեֆիցիտը, դեպրեսիաները, վարքի շեղումները: Եթե ուշադրություն եք դարձրել, մարդկանց միմիկան էլ է դարձել միօրինակ, ստանդարտացված: Եվ այս սև ու սպիտակ իրականության մեջ գեղարվեստական գրականությունը և, առհասարակ, գեղեցիկ արվեստներին առնչվելն ուղղակի փրկություն է մարդու ռոբոտացման և անհատականության կորստի դեմ: Գեղարվեստական կերպարները, գեղեցիկ պատկերները, պոետիկան (վերջապես դրանք մտքի և զգացմունքի մարզումներ են), հարստացնելով անհատի հուզական աշխարհը, հնարավորություն են տալիս՝ ունենալ, զարգացնել, այսպես կոչված, էմոցիոնալ ալտերնատիվներ (զգացմունքների տեսականի), որոնք օգնում են շրջանցել և հեշտությամբ հաղթահարել հոգեցունց իրավիճակները. այն, ինչը շատ դժվար է միօրինակ, միապաղաղ էմոցիաներ ունեցող մարդկանց համար: Ուրեմն, երբ շարունակ պնդում ենք, որ երեխային պետք է ծանոթացնել գեղարվեստական գրականությանը և գեղարվեստի աշխարհին, սա բարոյախրատական ձևական հորդոր չէ, ոչ էլ մաստակի կամ կոնֆետի գովազդ: Կարդացած, զարգացած, ընթերցասեր երեխան հոգեպես լինում է ավելի տոկոն և ներդաշնակ:

Անի Փաշայան -Իսկ չե՞ք կարծում, որ պատանեկան վաղ շրջանում պիտի սովորեցնեն նաև սիրո հետ ճիշտ «վարվելու» կանոնները: Դեռահասներն անփորձ են, չեն դիմանում մերժմանը, կարոտին, որից հետո հնարավոր են հոգեկան ճգնաժամեր: Դրա մասին ո՞վ պիտի մտածի: Տեսեք, աղջիկը որոշում է առաջինը խոստովանել, սակայն մերժվում է: Պատկերացնենք նրա տառապանքները, թեկուզ և կարդացել է Տատյանայի նամակը Օնեգինին...

Վարդգես Դավթյան -Թունդ լիբերալիզմի կամ վեստերնիզմի մոլի կողմնակիցները, արդարացիորեն կարծելով, որ դպրոցներում երեխաների սեռական դաստիարակությունն անբավարար է, ընկնում են ծայրահեղության գիրկը, առաջարկում ուսուցման մեթոդներ և սխեմաներ, որոնք, ինչպես ասում են, հոնքը սարքելու տեղ աչքն են վնասում: Սեռային ինքնաճանաչման և սեռերի փոխհարաբերության ամբողջ բազմազանությունը, հարստությունն ու գեղեցկությունը հանգեցնում են զուտ անկողնային մտահոգությունների՝ պրիմիտիվացնելով ու աղարտելով մանուկների և պատանիների հոգեկան աշխարհը: Նախ, ամեն տարիք ունի իմացության իր պահանջները և ըմբռնման հնարավորությունները: Չի կարելի երեխային ծանրաբեռնել բալաստ-տեղեկատվությամբ: Կարծեմ, սերբ երգիծաբան Բրանիսլավ Նուշիչի պատմություններից էր, երբ հայրիկն իբր փորձում է «լուսավորել» իր դեռահաս որդուն և նրա հարցերից հայտնվում ծիծաղելի դրության մեջ: Արևմտյան հասարակություններում դեռահասների վաղաժամ սեքսուալիզացումն, ասես, նպատակադիր ձևով է արվում, նրանց անկայուն հոգիները ժամանակից շուտ ներքաշելու ալկոհոլային, թմրանյութերի, շատերին էլ՝ պոռնոինդուստրիայի մեջ: Ամերիկացի դպրոցականներն օրերն են հաշվում, թե երբ պիտի 21 տարեկան դառնան, որ անարգել հաճախեն ո՞ւր՝ համալսարաննե՞ր, գրադարաննե՞ր, գիտական արշավնե՞ր: Իհարկե՛ ոչ՝ բարեր, գիշերային ակումբներ և պոռնկատներ (թեև վերջիններս օրենքով արգելված են): Զարմանալի է, որ ինչքան շատ են երեխաների գլուխը լցնում սեռական ինքնապաշտպանության, ոտնձգությունների չենթարկվելու կամ հղիությունից ու վեներական ախտերից խուսափելու մասին տեղեկատվությամբ, այնքան աղետալի կերպով աճում է այս երևույթների հանդեպ հետաքրքրության վիճակագրությունը: Ընդհանրապես, սեռական կյանքի հիգիենային վերաբերող հարցերը միշտ պիտի ներկայացնել սեռերի միջև ընդհանուր կուլտուրայի և բարձրաշխարհիկ վարվեցողության համատեքստում: Հակառակը նշանակում է դեռահասին թողնել դպրոցական զուգարանի պատերին խզբզած «տեղեկատվության» հույսին: Տարբերությունը մեծ չէ: Անգնահատելի է այս հարցերում բարեկիրթ, իրազեկ և հոգածու ուսուցիչների դերը: Թատերագիր Ժիրայր Անանյանը պատմում էր, թե իր սերնդի դպրոցականները՝ Երևանի Նալբանդյանի անվան դպրոցի աշակերտները, որքան  նուրբ ու կարևոր տեղեկություններ են ստացել սեռական հարցերի մասին իրենց անգլերենի ուսուցչից՝ այն ժամանակ երիտասարդ, հետագայում հայ ականավոր փիլիսոփա, պրոֆեսոր Գևորգ Խրլոպյանից: Ուրեմն, եթե ուսուցիչդ լուրջ, զարգացած մեկն է, աշակերտներն էլ կլինեն իրազեկված և բարեկիրթ: Այս հարցերում կենսաբանության ուսուցչին հավասար կամ գուցե և առավել, կարևորում եմ գրականության մասնագետի դերը: Սիրո և նուրբ հարաբերությունների, հոգեկան ուժի և թուլությունների, հոգեբանական տիպերի, կրքերի և մոլորությունների, զորեղ բնավորությունների քննախոսությունն ուրիշ էլ ով կարող է վառ ու տպավորիչ ներկայացնել, եթե ոչ գրականության ուսուցիչը:

Անի Փաշայան -Դարձյալ խոսենք գրականության մասին: Կարո՞ղ ենք եզրահանգումներ անել այս դեպքում՝ գրականության միջոցով երեխային հասցնելու գիտակցական բարձր մակարդակի:

Վարդգես Դավթյան -Մի բան հաստատապես կարող եմ պնդել. գրական և գեղարվեստական բարձր ճաշակի տեր մարդը, եթե հոգեկան անոմալիաներ կամ ախտեր չունի, երբեք կյանքի հատակը չի ընկնի, ինչպիսի հոգեցունց արհավիրքների միջով էլ որ անցնի:

Անի Փաշայան -Ֆրանսուազ Սագանը «Բարև, թախիծը» գրեց երբ ընդամենը 18 տարեկան էր, որտեղ ճշմարիտ պատմություններ բերեց իր կյանքից: Նա երբևէ չէր էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի ճանաչում է սպասվում իրեն: Հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ուզում էր ընդամենն իրենից հեռացնել վատ մտքեր, ինչ-որ դաժան իրականություն: Արդյո՞ք ճիշտ եք համարում դպրոցականին սեփական կյանքի մասին գրել սովորեցնելը: Ասենք, գրառում որևէ անհաջող օրվանից հետո: Գուցե գրելիս նա կհասկանա իր սխալները՝ այլևս չկրկնելով դրանք:

Վարդգես Դավթյան -Ինչ վերաբերում է Մադմուազել Թախիծին, ինչպես անվանում էին Սագանին, ասեմ, որ նրա վիպակը և Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպն առաջին անգամ ընթերցել եմ ուսանողական կյանքիս ուշ շրջանում և պիտի խոստովանեմ, որ ունեցել եմ շատ ծանր տպավորություն: Պատկերացնում եմ, եթե ընթերցած լինեի Ֆրանսուազ Սագանի տարիքում: Այդ վեստերնիզմի ունայնացնող, սոցիալական վախերով, օտարացման տագնապներով համակող, պատանուն անդունդի հետ երես առ երես անող մտայնությունն են այդքան խոր զգացել և հրաշալի գրչով ներկայացրել Սագանը և Սելինջերը դեռևս 60-70 տարի առաջ: Անկեղծ ասեմ, հիմա, որ մեր երկրում նևրոտիզմը տարածված է պատանիների շրջանում և շատացել են ագրեսիան, ինքնասպանության դեպքերը, ալկոհոլամոլության, թմրամոլուցքի, շեղված վարքի դրսևորումները, Մադմուազել Թախիծը կամ Սելինջերը դժվար թե կարողանան ամոքիչ խորհուրդներ տալ: Թող այս հեղինակներին կարդան ավելի հասուն տարիքում: Իսկ օրագիր պահելու գաղափարը դրական եմ համարում թե՛ հոգեբանական (հոգեթերապիական) և թե՛ գրական ճաշակ ձևավորելու առումներով: Չէ՞ որ օրագիրը ևս գրական ժանրի մի տեսակ է: Մարդն իր մանկությունը պիտի լիարժեք և գեղեցիկ ապրի: Վերջապես հասուն տարիքում հաճախ մեր ներսի մանուկն է մեզ ապրեցնում՝ ստիպելով ժպտալ, սիրել ու սիրվել: