Այսօր կամերան է բնորոշում բառը. Վարպետության դաս Լյուկ Բեսոնից

Աքիլլեսն առանց գարշապարի ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում

Լյուկ Բեսոնի վերջին կինոնախագծերից «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» համարվել է եվրոպական կինոարտադրության ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմերից մեկը: 2017-ին Լոս Անջելեսի Հոլիվուդի Բուլվարի լեգենդար կինոթատրոնում՝ Գրամանի չինական թատրոնում, տեղի ունեցավ կինոնկարի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմի էկրան բարձրանալու առիթով «Konbini»  տեղեկատվական գործակալության լրագրողը հանդիպել է ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Լյուկ Բեսոնի հետ իր տանը: Ֆրանսիացի ռեժիսորը հումորով և անկեղծությամբ ներկայացնում է իր ֆանտաստիկ ֆիլմի գաղտնիքներն ու նրբությունները և իրական կինոյի դաս է տալիս: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Դեյն Դեhանը ու Կարա Դելրինը: 

 

«Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմը ներսից

Լյուկ Բեսոն- «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմում կան 30 րոպե տևողությամբ այնպիսի պլաններ, որոնց նկարահանման համար մենք ծախսել ենք ուղիղ 18 ամիս: Այս ֆիլմը տարօրինակ կերպով ստեղծվել է շատ ավելի հեշտ, քան «Հինգերորդ տարրը»: Նախևառաջ, որովհետև 20 տարի առաջ ավելի քիչ փորձ ունեի, որովհետև դա մեծ դեր ունի: «Հինգերորդ տարրի» ժամանակներում հատուկ էֆեկտները գործնականորեն հնացած էին: Թվային տեխնիկան եկավ մեկ տարի անց: Աշխատանքային գործիքներն այսօր ապշեցնող են, ուրեմն միակ բանը, որ պետք է խստիվ պահպանենք այն է, որ պետք է չափից ավելի շատ նախապատրաստվել: Մենք ստեղծեցինք ֆիլմը, երբ արդեն իրոք պատրաստ էինք: Մեր նախապատրաստական շրջանը տևեց 4 տարի, այդքան պահանջվեց, որ ամեն ինչ կատարյալ լինի, բայց փոխարենը նկարահանումներն անցան անսովոր կերպով, որովհետև մենք իսկապես պատրաստ էինք, նույնիսկ՝ ֆիզիկապես: Զարմանալի է, բայց անցավ շատ լավ ու բավականին հեշտ, նույնիսկ 3 օր առաջ ընկանք: Բայց ճիշտն այն է, որ մենք ինքներս մեզ տվեցինք միլիարդ հարցեր և պատասխանեցինք դրանց…

 

Ֆիլմի ամենամեծ մարտահրավերը

Լյուկ Բեսոն-Ամենամեծ բարդությունն այն է, որ երկու ժամանոց ֆիլմի գործողությունները կատարվում են 24 ժամում: Պետք է իմանալ, թե ինչպես պահպանել ֆիլմի կառուցվածքը, դերասանների կերպարների զգացմունքները, պահել տևողության այս տեսակը, որովհետև եթե դուք նայում եք ձեր առջև դրված 3 տարի առաջ արված և այսօրվա լուսանկարին, դուք տեսնում եք ձեր մազերը երկարել են, թե՝ ոչ, նիհարել եք, թե գիրացել՝ դուք տարբեր եք: Իմ պարագայում, ես չեմ կարող ունենալ դա, հետևաբար 7 տարում հարկ է, որ ես հասնեմ նրան, որ պահպանեմ Արիադնեյի կծիկի այդ տեսակը ամբողջ ֆիլմի ընթացքում: Մշտապես այն քանդելու մտավախություն ունեինք, և դա խուճապ էր առաջացնում:

 

Ֆրանսիայի ամենաթանկ ֆիլմը

Լյուկ Բեսոն-Ինչ վերաբերում է ինձ, ապա ես այլ կերպ եմ տեսնում իրողությունը: Կան պատմություններ, որոնք պատմելու ցանկություն կա՝ փողի մասին չես մտածում: Փողը ծառայում է մարդկանց վճարելուն: Ես սիրում եմ, որ մարդիկ աշխատանքի համար վճարվեն՝ կարողանան վերադառնալ իրենց տները, իրենց երեխաներին խաղալիք նվիրել, սնունդ գնել… Գումարի չափը… դա մի քիչ երկրորդական է: Ամեն դեպքում, վերջին հաշվով, տոմսի գինը նույնն է՝ ինչ 200 միլիոն, ինչ 2 միլիոն արժողությամբ ֆիլմի համար, այսպիսով… կա մի բան, որ ինձ ամենաշատն է ցնցում. Երբեմն, օրինակ, լինում է, որ 200 միլիոնանոց ֆիլմերը չգիտես թե ուր են կորում, որովհետև դրանց պատկերները չեմ տեսնում:  Չեմ կարծում, թե «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» դրանցից լինի: Մենք մոտավորապես գիտենք, թե ինչի վրա ենք ծախսել փողը:

 

Եվս մեկ ուժեղ հերոսուհի

Լյուկ Բեսոն-Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում բարձրահասակ, զարգացած ու ամուր մկանունք ունեցող, փոքր-ինչ դմբո ջլուտի կերպարը: Եթե մի բան կա, որ չեմ սիրում, կարծրատիպերն են: Նախընտրում եմ ցույց տալ «թույլ սեռ» համարվող կնոջ ուժը և ցուցադրել «ուժեղ սեռի» թուլությունը: Հենց դա է հետաքրքիր: Աքիլլեսն առանց գարշապարի ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Ջեյմս Բոնդի նույնաոճ աղջիկն ինձ այնքան էլ չի հետաքրքրում. Բոնդին սպասող նվնվացող աղջիկն առանձնապես հետաքրքիր չէ: Ընդհակառակը, Ժաննա դ’ Արկը, Դո Աուն Սան Սու Չժին, Լիլուն, Նիկիտան հմայիչ են ու Լորելինն էլ է դյութիչ:

 

Ոգեշնչում

Լյուկ Բեսոն- Ես երբեք չեմ ոգեշնչվում, ավելի շուտ ինձ պատմություններ են հետաքրքրում, այսինքն՝ թե ի՞նչ են պատմում: Արդյո՞ք այն, ինչ պատմում են լուրջ են ասում, թե՞ ծիծաղելով: Բայց ի՞նչ են ասում: Հետաքրքիր է, երբ ընկերների հետ նստում են սեղանի շուրջ ու սկսում. «Լսիր, գիտես, օրերս հանդիպեցի ինչ-որ մեկին…» Ահա և պատմութան մեկնարկը տրված է:

 

Նկարահանման խցիկի հետ 

Լյուկ Բեսոն- Ամենասկզբում ես վարվում էի ինչպես բոլորը, այսինքն հրավիրում էի օպերատորի, որն իմ փոխարեն կստեղծեր կադրը: Ամեն անգամ չէր, որ նա ստույգ ստանում էր իմ ցանկացած կադրը: Այսօր կամերան է բնորոշում բառը: Եթե ես ձեզ մտցնում եմ կադրի մեջ այ այսպես (ձեռքերով ցույց է տալիս դիտակի նշանը՝ հայակը, պատկերելով խոշոր կադր), և եթե ես ֆոկուսը փոխում եմ ու ձեզ կադրի մեջ եմ դնում այսպես (ձեռքերի դիրքը փոխում է ու պատկերում ավելի փոքր կադր), ես նույն բանը չեմ ասում: Հեղինակը ես եմ, այլ ոչ թե օգնականը:  Ես կարծում եմ, որ հենց դա է նորմալ՝ գտնել համապատասխան բառերն իմ ասելիքն արտահայտելու համար:

 

Ֆրանսերենից թարգմանությունը Նունե Գալստյանի