Այդ բազմազան Էլիբեկյանը՝ Մաեստրոն

Շատ տխուր է նկարներն արվեստանոցում բանտարկված տեսնել

Ռոբերտ Էլիբեկյանը 80 տարեկան է. անհավատալի տարիք մարդու համար, որն աշխատելու անսպառ կենսունակություն ունի, այսօր էլ լի է ստեղծագործական ծրագրերով ու մտահղացումներով ու ինչպես և տարիներ առաջ շարունակում է պնդել՝ ստեղծագործելն իր ապրելու կերպն է: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, միանգամայն բնականորեն, ինքնաբուխ կերպով նրան դիմեցի մի բառով, որ շատ հաճախ եմ օգտագործում տաղանդավոր երաժիշտների դեպքում, բայց ոչ երբեք՝ նկարիչների: Ասացի՝ Մաեստրո ու արդեն տարիներ շարունակ Մաեստրո Էլիբեկյանն ինձ համար խորհրդանշում է ստեղծագործական սկիզբը ոչ միայն գեղանկարչության մեջ, այլև ամեն ինչում:

Այսօր, երբ ամբողջ աշխարհը քովիդի ագրեսիայից թաքնվում է ամուր ու մեկուսի պատերի հետևում, Ռոբերտ Էլիբեկյանի համար անփոփոխ է այն ճանապարհը, որ տասնամյակներ շարունակ նա ամեն առավոտ կտրում է՝ հասնելով տնից արվեստանոց: Քոչարի փողոցում՝ երևանյան բառապաշարով, այսպես կոչված, նկարիչների շենքում, նրա ոչ ընդարձակ, կամերային արվեստանոցը Վարպետի համար միշտ էլ փրկության յուրօրինակ օազիս է եղել: Համոզված է, որ ցանկացած ստեղծագործական երևույթ ժամանակից ու տարածությունից դուրս է. «Ժամանակն, ինձ համար ընդհանրապես գոյություն չունի: Տարիներն անցնում են և հետո միայն անդրադառնում ես, որ ժամանակի մեջ ինչ-որ գործեր ես արել: Մեր մեծ վարպետներն ինձ համար ժամանակից դուրս են»: Այդ համոզմունքը ծնվել է դեռ խորհրդային տարիներին, երբ սոցռեալիզմի կաղապարներին ու կուսակցական վայրի գրաքննությանը Էլիբեկյանն իր արվեստակից ընկեր-բարեկամների հետ հակադրեց մեծ ստեղծագործական բովանդակությամբ լեցուն երևանյան մշակութային դիմադրության շարժումը: Այն ծնվել էր ամենամեծերի`Սարյանի, Երվանդ Քոչարի, Կոստան Զարյանի ստեղծագործական միջավայրում և նորարարության հզոր շունչ ստացել Հենրիկ Իգիթյանի և նրա գաղափարակից ընկերների՝ երիտասարդ գեղանկարիչների ստեղծած հոգևոր Երևանում: Էլիբեկյանն իր հզոր էսթետիկայով  ներխուժեց գեղանկարչության այն տարածքը, որը բաց էր ազատ մտքի ու երևակայության համար: Հիմա, տասնամյակներ անց, երբ համավարակը կազմալուծել է ոչ միայն գերտերությունների տնտեսական հզոր համակարգերը, այլև մշակութային կյանքն ամբողջ աշխարհում ու աշխարհաքաղաքական վերաձևումների անհագ մարմաջը մոլեգնում է ամենուրեք, Էլիբեկյանը դարձյալ ապավինել է իր անդավաճան  փրկօղակին՝ ստեղծագործելը սնում է նրա միտքն ու խաղաղ պահում հոգին՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների: Արվեստանոցի ոգեշունչ մթնոլորտում տեղի է ունենում արարման հրաշքը՝ ամեն անգամ յուրովի, նախկինից խիստ տարբեր՝ մի քանի  ուրվագիծ, ու կտավը սկսում է շնչել: Էլիբեկյանը սիրով է բաժանվում իր կտավներից, ասում է՝ պետք է իրենց կյանքն ապրեն. «Քանի որ նկարչությունը երկար ապրելու կենսունակություն ունի՝ նկարները կարող են ապրել հիսուն, հարյուր և ավելի տարիներ, ես հույս ունեմ, որ իրենք նոր կյանքով են ապրում, և երբ դուրս են գալիս  արվեստանոցից, իմ աչքում նորովի են արժևորվում: Շատ տխուր է նկարներն արվեստանոցում բանտարկված տեսնել»:

Հետպատերազմական Հայաստանում էլ նա շարունակում է պնդել տարիների իր համոզմունքը՝ ազգային մշակույթն է երկիրը պահողը, ճիշտ նույնքան, որքան ազգային բանակը: Էլիբեկյանի արվեստը հիշողության գեղանկարչություն է: 80-ամյա հեռավորությունից կարոտի կանչը նրան տանում է հարազատ ծննդավայր՝ քաղաք, որ միշտ անմիջական կամ անուղղակի ներկայություն է ունեցել բոլոր Էլիբեկյանների կյանքում: Մեր բազմաթիվ զրույցների ընթացքում, իր աննահանջ կարոտներում Էլիբեկյանի հիշողությունները սկիզբ են առնում հին ու բազմագույն Թիֆլիսից, որտեղ Սոլոլակի կենտրոնական հատվածում հայկական հայտնի ընտանիքների ազգանուններն էին հնչում: Էլիբեկյանների հարևանությամբ Թարիվերդիևներն էին ապրում, մի քանի քայլ այն կողմ Ալեքսանդր Խատիսյանի տունն էր, իսկ մանկության ամենավառ հիշողություններից մեկը Թիֆլիսի կինոդիտումներն էին, ասենք էպիկական «Գեորգի Սակաձե» ֆիլմի առաջին դիտումն ու անմոռանալի տպավորությունները. մեծ էկրանին՝ մեծ դերասանուհին էր՝ Վերիկո Անջափարիձեն, վրացական էկրանի ու բեմի Մեծ տիկինը: Թբիլիսյան վառ տեսարաններից էին նաև փողոցային շրջիկ թատրոնի անմոռաց ներկայացումները՝ պարզ արվեստի մեծ ուժի մասին առաջին տպավորությունները: Բայց կան նաև 1940-ականների սարսափ-հիշողությունները՝ գաղթական Սիրանուշ տատի նկուղում ապրած տագնապի մի քանի օրեր: Իր 80 տարիներից 60-ը նա ապրել է ստեղծագործական տարերքի բուռն զարգացումների շրջանում. ականատեսն է եղել անկախության շրջանի վայրիվերումներին՝ պայքար անկախության համար, երկրաշարժ, պատերազմներ, բայց ամենից առաջ, իհարկե, պայքարն էր ազատ մտածելու և ստեղծագործելու համար, որովհետև ավելի սարսափելի բան, քան ազատ մտքի սահամանափակումն է, չի կարող պատկերացնել: 

Էլիբեկյանի սիրառատ էության մեջ մեծ սերեր են ապրում՝ գեղանկարչություն, կինո և բեմանկարչություն, և իհարկե՝ խեցեգործություն: Ամեն անգամ «Պայացների» հնչյունները էլիբեկյանին տեղափոխում են տասնամյակներ առաջ, երբ երևանյան օպերայում ձևավորում էր այն Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ: Բեմանկարչությունը էլիբեկյանի ամենամեծ տարերքներից մեկն է՝ «Անտունի», «Գայանե», «Չարենցի ուղղիչ տունն» ու «Երկիր նաիրին»՝ մի ամբողջ էլիբեկյանական ժամանակաշրջան հայ երաժշտական ու դրամատիկական թատրոնում:

1966-ին մեծն Սարյանի թեթև ձեռքով սկսվեց էլիբեկյանի վերելքի ճանապարհը, որն ավելի ուշ այդ տոհմիկ և տաղանդավոր նկարիչների անունը պետք է ներկայացներ Միացյալ նահանգներում, Փարիզում, Կանադայում, մերձբալթյան երկրներում, Բեյրութում, Մոսկվայում: Այդ անունն այսօր էլ խորհրդանշում է մի մեծ ու հզոր մշակույթ, որն հոգևոր Հայաստանի անքակտելի մասն է կազմում:

 

Նունե Ալեքսանյան