Աղի հանքի «Ստորգետնյա» կյանքը՝ ֆրանսահայ կինոգործիչների աչքերով

Ֆրանսահայ ռեժիսոր Հովիկ Հակոբյանի և պարդյուսեր Աստղիկ Շանդեզ-Ավագյանի հետ ամիսներ առաջ էինք զրուցել նրանց համատեղ առաջին ֆիլմի՝ «Ստորգետնյա»-ի մասին: Պայմանավորվել էինք՝ զրույցը չի հրապարակվի, քանի դեռ պաշտոնապես չի հաստատվել, որ «Ստորգետնյա»-ն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնում:

«Վերջապես, պաշտոնական է». գրեց Աստղիկը:

«Լա Ֆեմիս» կինոդպրոցում 4 տարի սովորելուց հետո Հովիկ Հակոբյանը որոշել էր ավարտական աշխատանքը նկարել Հայաստանում: «Ես շատ կապված եմ իմ արմատներին, և բացի այդ՝ Հայաստանում շատ պատմություններ կան պատմելու»։

Իր ֆիլմի նկարահանումների համար Հովիկը փնտրում էր մի վայր, որը ստեղծվել է Խորհրդային Հայաստանում ու մինչ օրս ծառայում է նույն նպատակին: Սկզբում  մտածում էր պատմությունը կառուցել Երևան-Գյումրի երթուղով շարժվող հին գնացքների շուրջ։ Բայց երբ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը նրան ուղարկեց 10 տարի առաջ արված լուսանկարները Երևանի հանրապետական անձավաբուժության կենտրոնից, որ ավելի հայտնի է որպես «Ավանի աղի հանք», Հովիկի ծրագրերը փոխվեցին։

«Ես սիրահարվեցի այդ արտասովոր վայրին և անմիջապես որոշեցի գնալ այնտեղ։ Արագ հասկացա, որ կլինիկայի և հանքի միջև հակադրությունից հետաքրքիր պատմություն կծնվի»,- ասում է Հովիկը։

Ֆիլմի գաղափարով կիսվեց պրոդյուսեր Աստղիկ Շանդեզ-Ավագյանի հետ: Աստղիկն ու Հովիկը ծանոթացել էին երկու տարի առաջ Արցախում՝ ֆրանսահայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Աղի հանքում բուժվողների «ստորգետնյա» կյանքի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմի գաղափարն Աստղիկին գրավեց, անմիջապես համաձայնեց համագործակցել:

«Տպավորվեցի ինձ բոլորովին անծանոթ, անհավանական այդ վայրով: Բացի այդ, ինձ շատ հետաքրքրեց Հովիկի՝ որպես բեմադրող ռեժիսորի մոտեցումը: Հենց սկզբից նա հստակ պատկերացնում էր ինչպես է պետք նկարել։ Քանի որ վավերագրական ֆիլմերի արտադրության բավականին մեծ փորձ ունեի, կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսերի աշխատանքն ինձ գրավեց»,- ասում է Աստղիկը։

Մինչ նկարահանումների սկիզբը՝ 2019-ի դեկտեմբերին, Հովիկը եկել էր Հայաստան, այցելել աղի հանք, որտեղ բուժվում են շնչառական խնդիրներ ունեցող մարդիկ։ Հենց առաջին այցի ընթացքում ծանոթացել էր ֆիլմի գլխավոր հերոսների՝ տնային տնտեսուհի Ինգայի, կիթառ նվագող տղայի՝ Վահեի, և սպասարկող անձնակազմից Հուսիկի հետ:

«Նրանք ինձ շատ դուր եկան: Պատմեցի նախագծիս մասին ու առաջարկեցի մասնակցել: Արագ ու մեծ ոգևորությամբ համաձայնեցին: Եվ երբ 2020-ի մարտին նորից եկա Հայաստան՝ նկարահանումների համար, բոլորի հետ արդեն ընկերացել էի: Հանքում մնացի 6 օր: Այդ ընթացքում պացիենտները 100 տոկոսով վստահեցին ինձ ու շատ մոտիվացված մասնակցում էին նկարահանումներին: Նրանց բարյացկամության շնորհիվ կարողացա շատ կարճ ժամանակում նկարել ֆիլմը։ Մի քանի օր անց քովիդի պատճառով նկարահանումները դադարեցվեցին»,- պատմում է Հովիկը։

Աղի հանքում՝ մի քանի հարյուր մետր գետնի տակ, զուգահեռ իրականություն է: Թեև այստեղ գալիս են բուժվելու նպատակով, բայց անձավային առօրյան հիվանդանոցայինից շատ է տարբերվում: Այստեղ խաղում են, մարզվում,  զրուցում, կատակում: Ֆիլմում առանցքային «կերպար» է ձայնը՝ աղմուկը, լռությունը, «ինտերշումը»:

«Հետարտադրական փուլում երկար աշխատել եմ ձայնի վրա՝ ցույց տալու համար միջավայրերի տարբերությունը. մի կողմից չափազանց աղմկոտ հանքը, մյուս կողմից չափազանց լուռ բուժհաստատությունը։ 250 մետր խորության վրա այլևս «ձայնային աղտոտվածություն» չկա։ Իմ պատմության համար կարևոր էր այդ լռությունը, որն ընդգծում է այս վայրի բացառիկությունը»,-ասում է Հովիկ Հակոբյանը:

«Ստորգետնյա»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։ Դրանից հետո ներկայացվել է տասնյակ փառատոներում, այդ թվում՝ արաբերեն ենթագրերով՝ Եգիպտոսի Իսմայիլիայի և եբրայերենով՝ Իսրայելի Դոկավիվ վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոներում։

«Հանդիսատեսը շատ հետաքրքրված է։ Շատերը չեն կողմնորոշվում՝ սա  վավերագրական, թե գեղարվեստական ֆիլմ է։ Շատերն առհասարակ ոչինչ չգիտեն հալոթերապիայի՝ աղաբուժության մասին։ Դա ավելի է մեծացնում նրանց հետաքրքրությունն ու զարմանքը, թե ինչպես ենք գտել այս վայրը»,- նշում է Աստղիկը։

Օրեր առաջ «Ստորգետնյա»-ն արժանացել է Թբիլիսիի ՍինեԴոկ ֆառատոնի գլխավոր մրցանակին։

 

Լուսինե Ղարիբյան