Ազնավուր և «The Beatles». փոխազդեցությունների ճանապարհին

Այնպես ստացվեց, որ Շառլ Ազնավուրը և «The Beatles» խումբը համաշխարհային ճանաչման արժանացան գրեթե միաժամանակ՝ 1960-ականների առաջին կեսին. Ազնավուրի մահախոսականում «The Washington Post»-ը գրում էր. «նա փառքի տիրացավ 1960-ականներին՝ Էլվիս Փրեսլիի և «The Beatles»-ի հետ համաքայլ վաճառելով իր ձայնագրությունները»։

1963-1970թթ. տարբեր երկրների հիթ-շքերթներում հաճախ կարելի էր կողք-կողքի տեսնել Ազնավուրի և «The Beatles»-ի երգերի անվանումները։ Այսպես, 1966-ի հունվարին Ազնավուրն իր «Avec» երգով զբաղեցնում էր Արգենտինայի հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, իսկ The «Beatles»-ը «Help!» երգով երկրորդ տեղում էր, ճիշտ է, միևնույն ժամանակ «The Beatles»-ն առաջին տեղում էր հինգ այլ երկրներում. խմբի ժողովրդականությունն այլևս անգերազանցելի էր։ Ազնավուրի և «The Beatles»-ի երգերը միաժամանակ ընդգրկվել են տարբեր երկրների ամենամյա Top-տասնյակներում. օրինակ, Իսպանիայում՝ 1965 թվականին։

Հատկանշական է, որ և՛ Ազնավուրը, և՛ «The Beatles»-ը հեղինակ-կատարողներ էին. հեղինակի կողմից իր ստեղծագործությունների կատարումը էստրադայում նոր էր համաշխարհային տարածում գտնում, իսկ ռոք երաժշտության ասպարեզում այն արդեն սովորական բան էր։ Ստեղծագործելով նույն ժամանակահատվածում՝ Ազնավուրին ու բիթլներին, բնականաբար, հետաքրքրում էին նույն թեմաները՝ սեր, հավատք, վերաբերմունք ծնողների հանդեպ, միայնություն, սիրելի վայրեր, կերպարներ և երգ-պատմություններ, ու այսպես շարունակ։ Նրանք ունեին միանման անվանումներով երգեր՝ «Իմ կյանքում», «Վերադարձիր», «Որովհետև». բացի այդ նրանք բոլորն էլ աղքատ թաղամասերի երգիչ-երաժիշտներ էին, որոնց համար փոշոտ փողոցները և անշուք բեմերը կյանքի հիմնական դպրոցներն էին։ Շատ էին նաև ընդհանուր ծանոթները՝ Բրունո Կոկատրիկս, Սիլվի Վարդան, Բոբ Դիլան և այլք...

Աղջկան իր հարազատ լեզվով սեր բացատրելն Ազնավուրի սիրած թեմաներից է. օրանակ, «Mon émouvant amour» երգը ժեստերի լեզվի «դժվարությունների» մասին։ 1962-ին նա ձայնագրեց իր հերթական հիթը՝ «For me, Formidable», որում անհուսորեն սիրահարված երիտասարդ ֆրանսիացին ջանում է սեր բացատրել անգլուհուն՝ շարունակաբար իրար խառնելով երկու լեզուների բառերը, գործածելով միջլեզվային բառախաղեր և տողից տող փոխելով լեզուն։ Երգը Ֆրանսիայում հիթ դարձավ 1963 թ. ապրիլ-մայիսին, այդ նույն ժամանակ «From me to you»-ն՝ «The Beatles»-ի առաջին №1 հիթը գլխավորեց բրիտանական հիթ-շքերթը։ 

Նույն թվականին Փոլ Մաքքարթնին սկսում է տեքստ հորինել նախկինում գրած մեղեդու համար. «Michelle» երգի ստեղծման գաղափարը ծագել էր դեռևս Լիվերպուլում, որտեղ այն ժամանակ, Մաքքարթնիի արտահայտությամբ, «Ժուլիետ Գրեկոյի, ֆրանսիական բոհեմային բաների ժամանակներում…» ֆրանսիական երգերն ու առոգանությունը մոդայիկ էին համարում։ Մաքքարթնին հաճախ էր լինում «ա լա Ֆրանս» ուսանողական երեկույթներին ու կրկնօրինակելով ֆրանսիական առոգանությունը՝ կատակ-երգ գրեց։ «Փոլ Մաքքարթնին իր իսկ խոսքերով» գրքում Փոլը պատմում է «Michelle»-ի մասին. «Ուզեցի մի քանի տող գրել ֆրանսերեն։ Ես մի ընկեր ունեմ, որի կինը խոսում է ֆրանսերեն։ Մի անգամ ընկերական շրջապատում խնդրեցի նրան գրի առնել մի քանի ֆրանսերեն արտահայտություն։ Եվ դրանք լավ սազեցին երգին։ Ես կարծում էի, որ դրանում պետք է հնչեն հենց ֆրանսերեն բառեր (նմանակում է Շառլ Ազնավուրին)»։

Ինչպես գրում է Ուոլթեր Էվերեթը «The Beatles As Musicians» գրքում, ««Michell»-ը երկու տարուց ավելի ընդամենը գործիքային կոմպոզիցիա էր…. Շատ ընկերներ այն լսեցին երեկույթների ժամանակ, Շառլ Ազնավուրի ոճով արված վառ կաբարետային վոկալիզով»։ Ավելի ուշ՝ 1965 թ. «Rubber Soul» ալբոմի համար, գրվեցին երգի բառերը: «The Beatles»-ի երգում անգլիացի երիտասարդը փորձում է հմայել ֆրանսուհուն՝ նույնպես ունենալով աղքատ բառապաշար և սրամտելով ծանոթ բառերով. Ազնավուրի երգի նմանությամբ՝ «Michelle» երգի տեքստում ֆրանսերեն և անգլերեն բառերի ձայնային փոխարկումների մասին նշում է, օրինակ, Անիկա Ռունթ-Քոլինը «Translation and Multilingual Literature» ժողովածուում։ Բախտի քմահաճույքով՝ 1966թ. փետրվարին «Michelle»-ը Ազնավուրի «La Bohème»-ը դուրս է մղում ֆրանսիական հիթ-շքերթի 1-ին տեղից…

Ի դեպ, քննադատները նկատել են և հակառակ ազդեցությունը։ Նորման Նադելը 1965 թ. հոկտեմբերի 15-ին The New York World-Telegram and Sun-ում գրում էր. «Նա (Ազնավուրը) օգտագործում է «The Beatles»-ի և այլ նման խմբերի երաժշտությունից ծանոթ հարմոնիկ պրոգրեսիա և բիթ»:

1964 թ. «The Beatles»-ը ելույթ ունեցավ փարիզյան «Օլիմպիա» դահլիճում, Փարիզում նրանք ձայնագրեցին «A Hard Day's Night» ալբոմի մի մասը, սակայն, ի սկզբանե, ընդունելությունն այնքան ջերմ չէր, որքան սպասվում էր։ 1964թ. հունվարին, «The Beatles»-ից մի քանի օր առաջ, ինչպես նաև կրկին՝ մի քանի ամիս անց, նույն դահլիճում հանդես եկավ Ազնավուրը։ Տեղեկացնելով «The Beatles»-ի առաջիկա համերգների մասին (Փարիզում երկրորդ անգամ նրանք ելույթ ունեցան 1965 թ. հունիսին)՝ «Billboard» ամսագիրը 1965 թ. ապրիլին գրում էր, որ Ազնավուրի շշմեցուցիչ համերգաշրջանը «Օլիմպիայում» կազմված էր 70 համերգից, և դրանց ներկա էր ընդհանուր առմամբ 140000 հանդիսատես: Ու դա պատահական չէ. 1965 թ. Ազնավուրը Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի կողմից ճանաչվեց Ֆրանսիայի ամենաժողովրդական երգիչը։ 

Հայտնի մենեջեր Սիդ Բերնսթայնը եվրոպական երաժշտության՝ Ամերիկա «ներխուժման» առանցքային դեմքերից էր. նա 1964 թ. Ամերիկա հրավիրեց թե «The Beatles»-ին, թե Ազնավուրին, որոնք մեծ հաջողությամբ հանդես եկան Քարնեգի Հոլում։ Ազնավուրը նախկինում այնտեղ ելույթ ունեցել էր, իսկ բիթլների համար դա առաջին հյուրախաղերն էին ԱՄՆ-ում։ 1966 թ. Բերնսթայնը կազմակերպեց «The Beatles»-ի նշանավոր ելույթը Շի մարզադաշտում։ Մեկ տարի անց նրա հրավերով Ազնավուրը կրկին հանդես եկավ Քարնեգի Հոլում. Բերնսթայնը պլանավորել էր նույն թվականին ևս մեկ անգամ հրավիրել «The Beatles» խմբին, բայց վերջինս դադարեցրեց հանրային ելույթները։ Երկու տարի անց՝ 1968 թ. Փոլ Մաքքարթնիի հարսնացուն՝ լուսանկարչուհի Լինդան, Կոնեկտիկուտում ստեղծեց Ազնավուրի ֆոտոդիմանկարը։

Շատ աստղեր մեկ ծրագրում կատարում էին և՛ Ազնավուրի, և՛ «The Beatles»-ի երգերը։ Պոլ Մորիան, որը երկար տարիներ գործիքավորում էր Ազնավուրի երգերը, բազմիցս կատարել է նաև բիթլների երգերը՝ սեփական մշակմամբ. այսպես, 1968 թ. «Mauriat Magic» ալբոմում՝ այլ երգերի շարքում կատարում է «The Beatles»-ի «Michelle»-ը և Ազնավուրի «The world we knew»-ն։ 1970 թ. Շիրլի Բեսին ձայնագրեց իր նշանավոր «Something» ալբոմը (Ջորջ Հարիսոնի երգի անվանմամբ), որտեղ հրաշալիորեն կատարում էր և՛ այդ երգը, և՛ Ազնավուրի «Yesterday When I Was Young»-ը (գոյություն ունի գերմանական հեռուստատեսության կատարած տեսագրությունը, որտեղ Բեսին հաջորդաբար կատարում է այդ երկու՝ իր երգացանկի համար առանցքային երգերը)։ 1970-90-ական թթ. Ռեյ Չարլզն իր համերգների ժամանակ կատարում էր Ազնավուրի «For Mama»-ն և «The Beatles»-ի տարբեր երգեր։ 1960-ականների կեսերից և՛ Ազնավուրի, և՛ «The Beatles»-ի ստեղծագործությունները իրենց երգացանկերում սկսեցին ներառել միջազգային ճանաչման կատարողներ՝ Անգլիայի "ոսկե ձայն" Մեթ Մոնրոն, Կարել Գոտտը, Դալիդան, Էնգելբերտ Համփերդինքը և շատ ուրիշներ։

Իր հերթին, «Yesterday» անվամբ իր երգը Մաքքարթնին գրեց 1965թ.։ «The Classic Rock and Roll Reader» գրքում Վ. Է. Սթադվելը և Դ. Լոներգանը գրում են. «Ոմանք գտնում են, որ Ջոն Լենոնի ու Փոլ Մաքքարթնիի այդ երգը այնքան լավը չէ, ինչպես ավելի ուշ՝ Ազնավուրի և Հ. Կրեցմերի գրած երգը, որը ևս  «Yesterday» («երեկ») բառը կրում է անվան մեջ, և որը 1969 թ. հիթ դարձավ»: Հատկանշական է, որ Ազնավուրի երգի ֆրանսերեն տարբերակը՝ “Hier encore”, թողարկվել էր դեռևս 1964թ.։

1968 թ. էկրան բարձրացավ «Քաղցրակերը» ամերիկա-ֆրանս-իտալական կինոնմանակումը (parody film): Այդ փսիխոդելիկ, ավելի շուտ՝ բիթլական, «Magical Mystery Tour»-ը հիշեցնող կինոնկարը պատմում է Քենդի անունով աղջկա էրոտիկ արկածների մասին։ «The Beatles»-ի հարվածող Ռինգո Սթարը ֆիլմում խաղում է մեքսիկացի այգեպանի, իսկ Ազնավուրը՝ կուզիկի դեր. երկուսն էլ գլխավոր հերոսուհու սիրեկաններն են։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և հատկապես սիրվեց հիպիների կողմից։

«The Beatles»-ի փլուզումից հետո Ազնավուրը հիթ-շքերթներում տեղեր էր կիսում արդեն Փոլ Մաքքարթնիի, Ջոն Լենոնի, Ռինգո Սթարի և Ջորջ Հարիսոնի հետ առանձին-առանձին։ Սակայն 1974 թ., երբ Ազնավուրի «She» սինգլը վերջապես գլխավորեց «The Beatles»-ի հայրենի՝ բրիտանական հիթ-շքերթը (որպես ֆրանսիական կատարողի՝ պատմության մեջ ամենահաջողակ սինգլ Բրիտանիայում, այն գրանցվեց Գինեսի գրքում), ցուցակում նախկին բիթլներից ներկա էին միայն Մաքքարթնիի երգերը։ 1978 թ. մայիսին Ազնավուրը բիթլների «Eleanor Rigby»-ն նշեց այն երգերի շարքում, որոնք նա իր հետ անմարդաբնակ կղզի կվերցներ։

Բրիտանացի կիթառահար Լոուրենս Ժուբերը 1977 թ. գործուղվեց Փարիզ՝ մասնակցելու Ազնավուրի «Je n'ai vu le temps passer...» ալբոմի ձայնագրությանը, որը լայն ընդունելության պիտի արժանանար: Հաջորդ տարի Ժուբերն ընդգրկվեց Փոլ Մաքքարթնիի «Wings» խմբի կազմում և նվագեց այնտեղ մինչև 1981 թ. խմբի լուծարումը՝ ձայնագրելով «Back to the Egg» ալբոմը և արժանանալով Գրեմմի մրցանակի։ 1981 թ. Ժուբերը Մաքքարթնիի հետ մասնակցեց Ռինգո Սթարի «Stop and Smell the Roses» ալբոմի ձայնագրությանը։

Իհարկե, բոլոր ժամանակների կուռքերի կապերը այսքանով չեն սպառվում, և ապագա հետազոտողներին դեռ նորանոր հետաքրքիր բացահայտումներ են սպասում։ 

 

Աշոտ Գրիգորյան

Նկարներ.

Ազնավուրը և Սթարը՝ “Քաղցրակերը” ֆիլմի պաստառների վրա   

 

 

 

 

... ...