Աբդերայի ձիերը
Աբդերան՝ Էգեյան ծովի ափին գտնվող թրակյան քաղաքը, որը ներկայումս Բուլուստրա հրվանդանն է և չպետք է շփոթել բեթիկական[1] համանուն քաղաքի հետ, հայտնի էր իր ձիերով:
Թրակիայում ձիերով հռչակվելը քիչ բան չէր, իսկ քաղաքը հռչակվել էր և նույնիսկ որպես միակը: Բոլոր բնակիչները պատիվ ունեին զբաղվելու նման ազնվագույն կենդանու բուծմամբ, և երկար տարիների ընթացքում հիմնական ավանդույթների մաս դառնալու աստիճանի զարգացած այդ կիրքը հրաշալի արդյունքներ էր տվել: Աբդերական ձիերը բացառիկ համբավ ունեին, և թրակյան բոլոր ցեղերը՝ սկսած կիկոններից, վերջացրած բիսալտներով, բիստոնների՝ վերոհիշյալ քաղաքի բնակիչների հարկատուներն էին: Հարկ է ավելացնել նաև, որ օգուտն ու բավականությունը միավորող սույն արհեստով զբաղվում էին բոլորը՝ թագավորից մինչև վերջին քաղաքացին:
Նման հանգամանքները նպաստել էին նաև կենդանու և տերերի միջև հարաբերությունների է՛լ ավելի սերտացմանը, քան կար և ընդունված է մյուս ժողովուրդների շրջանում` հասնելով այն աստիճանի, որ ձիանոցները համարվում էին տան ընդլայնված մաս, և համակ կրքի բնական չափազանցությունները խորացնելով՝ ձիերին սեղանի մոտ էին թողնում:
Դրանք իսկապես ազնվացեղ նժույգներ էին, սակայն վերջիվերջո՝ կենդանիներ: Մի քանիսը բեհեզե տապաստների վրա էին քնում, որոշ մսուրներ պարզ որմնանկարներով էին զարդարված, քանզի քիչ չէին այն անասնաբույժները, որոնք պաշտպանում էին ձիերի ցեղի գեղագիտական ճաշակը, և ձիերի գերեզմանոցում իսկապես ճնշող քաղքենի շքեղությունների կողքին երկու-երեք վարպետ գործեր էին աչքի զարնում: Քաղաքի ամենագեղեցիկ տաճարը Արիոնին էր նվիրված՝ ձիուն, որին Նեպտունը ստեղծեց եռաժանին գետնին զարկելով: Կարծում եմ, որ նավաքթերը ձիու գլուխներով զարդարելու մոդան էլ է այդտեղից գալիս, բոլոր դեպքերում ձիերի քանդակները հաստատ ամենատարածվածն էին այդ ժամանակաշրջանի ճարտարապետության մեջ:
Միապետն ավելի մեծ վճռականություն էր ցուցաբերում նժույգների հարցում, ընդ որում՝ այն աստիճանի, որ հանդուրժում էր իր նժույգների նույնիսկ իսկական հանցանքները, ինչից նրանք այնքան անսանձ էին դառնում, որ Պոդագրոս և Լամպոն անունները հայտնվել էին մռայլ հեքիաթներում, որովհետև, տեղին է նշել, որ ձիերն էլ մարդկանց նման անուններ ունեին:
Այդ կենդանիներն այնքան ընտելացած էին, որ սանձի անհրաժեշտություն չկար, և դրանք միայն որպես զարդարանք էին պահվում, որոնք, անշուշտ, ձիերն իրենք էլ էին շատ բարձր գնահատում: Խոսքն էր նրանց հետ հաղորդակցվելու ընդունված միջոցը, և նկատելով, որ ազատությունը նպաստում է նրանց դրական հատկանիշների զարգացմանը, այն ամբողջ ընթացքում, երբ թամբ ու զրահ չէր պահանջվում, նրանց բաց էին թողնում սրտներն ուզածի չափ ազատ հանգստանալու և արածելու Կոսինիտես գետի ափին սփռված քաղաքամերձ սքանչելի մարգագետիններում:
Երբ անհրաժեշտ էր լինում, նրանց կանչում էին փող փչելով, և նրանք շատ ճշտապահ էին ինչպես աշխատանքի, այնպես էլ կերակրվելու ներկայանալիս: Աներևակայելիորեն աչք էին ծակում նրանց ունակությունները կրկեսային, նույնիսկ սալոնային բոլոր կարգի խաղերում, խիզախությունը՝ մարտում, զսպվածությունը՝ հանդիսավոր արարողությունների ընթացքում: Ինչպես Աբդերայի լարախաղացների խմբերը, այնպես էլ ձիարշավարանը, բրոնզե ասպազենով այրուձին ու ճոխ թաղումները այնպիսի անուն էին հանել, որ մարդիկ որտեղից ասես գալիս էին դրանցով հիանալու. վարժեցնողների և նժույգների միջև հավասարապես կիսված վաստակ:
Այդ համառ վարժեցումը, ունակությունների պարտադրված դրսևորումը, մի խոսքով՝ ձիերի ցեղի այդ մարդկայնացումը հետզհետե ծնունդ էր տալիս մի երևույթի, որը բիստոնները նշում են որպես ևս մի ազգային հպարտություն: Ձիերի խելքը սկսում էր զարգանալ նրանց գիտակցությանը զուգահեռ՝ համընդհանուր խոսակցություններ սնող անբնական իրողությունների պատճառ դառնալով:
Մի զամբիկ հայելիներ էր պահանջել իր մսուրի համար՝ ատամներով տիրոջ ննջարանից պոկելով դրանք և ետևի սմբակներով կոտրատել էր եռափեղկ հայելին, երբ ցանկությունը չէին կատարել: Քմահաճույքը բավարարվելուց հետո միանգամայն ակներև սկսել էր նազկտալ:
Բալիոսը՝ մարզի ամենասիրուն, նրբագեղ ու զգացմունքային մտրուկը, որ երկու ռազմարշավի էր մասնակցել և հրճվանք էր արտահայտում, երբ կողքին հերոսական հեկզամետրեր էին արտասանում, ի վերջո սատկել էր մի տիկնոջ սիրուց: Սա քուռկիկի տիրոջ՝ գեներալի կինն էր, և, ճիշտն ասած, չէր էլ թաքցնում եղելությունը: Նույնիսկ կարելի էր կարծել, որ դա շոյում էր նրա ինքնասիրությունը, մյուս կողմից էլ դա շատ բնական բան էր համարվում ձիաբուծության մայր քաղաքում:
Նաև որդեսպանության դեպքեր էին նշվում, որոնք աճել էին տագնապալի չափերով, և անհրաժեշտություն էր զգացվել իրավիճակը շտկել որդեգիր ծեր ջորիների միջոցով. աճող հետաքրքրություն էր նկատվել ձկների, նաև կանեփի նկատմամբ, որի ցանքերը մաքրազարդում էին ձիերը, նաև բազմաթիվ առանձին անհնազանդության դեպքեր էին եղել, որոնք շտկելու համար մտրակը բավարար չէր եղել, և շիկացած երկաթի օգնությանն էին դիմել: Այս վերջին միջոցի կիրառումն աստիճանաբար ավելացել էր, քանզի չնայած ամեն ինչին՝ անհնազանդությունը վերելք էր ապրում:
Իրենց ձիերով օր-օրի ավելի ու ավելի հիացող բիստոններն ուշք չէին դարձնում այդ ամենին: Եվ ավելի նշանակալից այլ դեպքեր տեղի ունեցան շուտով: Երկու-երեք վարգաձի մեկտեղ դեմ դուրս եկան իր անհնազանդ զամբիկին մտրակող կառապանին: Ձիերը գնալով ավելի ու ավելի էին ընդդիմանում կապանքին ու լծին, այնպես որ, մարդիկ սկսեցին ավանակներին նախընտրել: Կենդանիներ կային, որոնք նախատեսված լծասարքը չէին ընդունում, բայց քանի որ հարուստների էին պատկանում, նրանց ըմբոստությունը հանդուրժում էին՝ փաղաքշաբար որպես քմահաճույք մեկնաբանելով:
Օրերից մի օր ձիերը շեփորականչով չեկան, և հարկ եղավ ուժով կարգի հրավիրել նրանց, բայց հետագա օրերին ըմբոստությունը չկրկնվեց: Ի վերջո դա տեղի ունեցավ մի օր, երբ տեղատվությունից հետո, ինչպես լինում էր սովորաբար, լողափը սատկած ձկներով պատվեց: Ձիերը կուշտ ու կուռ ձուկ կերան և կասկածելի դանդաղկոտությամբ քաղաքամերձ արոտը վերադարձան:
Կեսգիշեր էր արդեն, երբ աննախադեպ ընդհարումը սկսվեց:
Հանկարծ մի խուլ ու համառ թնդյուն ցնցեց քաղաքի շրջակայքը: Բոլոր ձիերը միաժամանակ առաջ էին շարժվում, որպեսզի գրոհեն քաղաքի վրա, բայց մարդիկ, սկզբում գիշերվա մթությունից շփոթված, ապա անսպասելիությունից հանկարծակիի եկած, ուշ հասկացան դա:
Քանի որ արածատեղին պարիսպների միջև էր ընկած, և դրան էլ գումարած, որ ձիերը հանգամանորեն ծանոթ էին տերերի տներին, ոչինչ չէր կարող կասեցնել հարձակումը, և այս երկու հանգամանքները բազմապատկեցին աղետի չափերը:
Բոլոր գիշերներից անմոռանալի այդ գիշերվա սարսափներն ի հայտ եկան, երբ բացվող օրը ջրի երես հանեց դրանք է՛լ ավելի բազմապատկված:
Սմբակներով տեղահան արված դռներն ընկած էին գետնին՝ ճանապարհ բացելով գրեթե անդադար իրար հաջորդող կատաղի երամակների համար: Արյուն էր հեղվել, քանզի մեծաթիվ բնակիչներ էին ճզմվել հրոսակների սմբակների ու ատամների տակ, իսկ սրանց շարքերում էլ մարդկանց զենքերից տուժածներ կային:
Թոհուբոհից ցնցված քաղաքը մթնում էր իրեն պարուրող փոշու ամպերից, և մի արտառոց խառնաշփոթ, որն ուղեկցվում էր ցասման ու ցավի ճիչերով, երբեմն ցավագին որևէ զռռոցի խառնված, խոսքեր հիշեցնող տարատեսակ խրխինջներով, գրոհի ենթարկվող դռների վրա տեղացող սմբակների դոփյունով, սարսափին գումարում էր արհավիրքի տեսանելի սոսկումը: Չդադարող երկրաշարժի հանգույն գետինը ցնցվում էր անհնազանդ զանգվածի քառատրոփ վազքից՝ մերթընդմերթ մոլեգնելով՝ որպես աննպատակ դեսուդեն սլացող գազազած խաժամուժի մրրկածուփ պոռթկում, քանզի սրբելով կանեփի բոլոր ցանքերը և նույնիսկ մի քանի մառան, որ ագահորեն տենչում էին նրբաճաշակ սեղաններից հղփացած այդ երիվարները, հարբած երամակներով ավելի մեծ թափ էին հաղորդում ավերածությանը: Անհնար էր փախչել նաև ծովի կողմից: Ձիերը, իմանալով, թե ինչի համար են նավերը, փակել էին նավահանգստի մուտքը:
Միայն բերդն էր անվնաս մնացել, և այնտեղ էլ կազմակերպվեց դիմադրությունը: Սկզբում նիզակներ էին նետում բերդի մոտով անցնող բոլոր ձիերի վրա և մոտ ընկածներին քարշ էին տալիս ներս՝ որպես ուտելիքի պաշար:
Բերդում ապաստանած բնակիչների շրջանում շատ տարօրինակ շշուկներ էին պտտվում: Իբր առաջին հարձակումը ընդամենը թալանի համար էր: Իբր դռները տապալելուց հետո երամակները մտնում էին սենյակները՝ ուշքները միայն շքեղ վարագույրները, որոնցով ուզում էին ծածկվել, և զարդերն ու փայլփլուն իրերը: Եվ իրենց մտադրությանն ընդդիմանալն էր հարուցել նրանց զայրույթը:
Ոմանք էլ խոսում էին հրեշավոր սերերի, իրենց իսկ մահիճներում հարձակման ենթարկված ու կենդանական մոլուցքի տակ ճզմված կանանց մասին, նույնիսկ մատնանշում էին մի ազնվական օրիորդի, որը նոպաների արանքում հեծկլտալով պատմում էր գլխին եկած պատուհասի մասին. իբր լամպի աղոտ լույսի տակ արթնացել էր իր ննջարանում՝ շուրթերին զգալով սևաթույր մի քուռակի գեշ մռութի հպումը, որը հաճույքից դողդողացնում էր պռկունքը՝ նողկալի սեպերը ցուցադրելով. սարսափահար ճչացել էր տեսնելով գազանացած կենդանուն և տարփանքից այրվող նրա աչքերի չար ու շողշողուն մարդկային հայացքը, ապա արյան ծովը, որով հեղեղել էր իրեն՝ ծառաներից մեկի սրից խոցված ընկնելու պահին...
Սպանության մի քանի դեպքեր էին հիշատակվում, երբ մատակները զվարճացել էին կնոջը հատուկ դաժանությամբ և իրենց զոհերին կծոտելով պատառ-պատառ արել: Ավանակները բնաջնջվել էին, իսկ ջորիները միացել էին ապստամբներին, բայց անգիտակից տխմարությամբ, ավերելով զուտ հանուն ավերելու, և մասնավորապես՝ շների վրա գազազած:
Խելագար քառատրոփի որոտը շարունակում էր ցնցել քաղաքը, և գնալով ավելանում էր փլուզումների դղիրդը: Հույժ անհրաժեշտ էր կազմակերպված դուրս գալ բերդից, որքան էլ որ գրոհողների թվաքանակը և ուժերը խիստ վտանգավոր լինեին, եթե չէին ուզում քաղաքը խելահեղ ավերածության մատնել:
Տղամարդիկ սկսեցին զինվել, բայց մի պահ շունչ առնելուց հետո ձիերը որոշեցին նորից գրոհել:
Հանկարծակի իջած լռություն նախորդեց գրոհին: Մարդիկ բերդից տեսնում էին ձիարշավարանում դժվարությամբ հավաքվող զորքը: Դա մի քանի ժամ տևեց, որովհետև, երբ ամեն ինչ պատրաստ էր թվում, ինչ-որ մեկի հանկարծակի ծառս լինելը կամ սուր խրխինջը, որի պատճառն անհնար էր տարբերել, ամբողջովին խառնում էր շարքերը:
Արևն իջնում էր արդեն, երբ առաջին գրոհը եղավ: Դա սոսկ ցուցադրություն էր, եթե կարելի է այդպես արտահայտվել, որովհետև ձիերը միայն վազեցին բերդի առջևով, բայց փոխարենը ծակծկվեցին պաշտպանների նետերից:
Քաղաքի ամենահեռավոր ծայրից մեկ անգամ ևս առաջ նետվեցին, և բախումը պաշտպանների հետ ահեղ ստացվեց: Ամբողջ բերդը թնդաց սմբակների տարափից, և դորիական ամրակուռ պատերը, անկեղծ ասած, նախշված մնացին:
Վրա հասավ դադարի պահը, որին հետո նոր գրոհ հետևեց:
Պայտված ձիերն ու ջորիներն էին բերդը քանդողները, որոնք տասնյակներով էին ընկնում, բայց նրանց շարքերը կատաղի մոլուցքով դարձյալ խտանում էին, ասես չէին էլ նոսրացել: Վատն այն էր, որ նրանցից մի քանիսին հաջողվել էր իրենց զենք ու զրահը վրաներն առնել, և դրանց ցանցերին դիպչելով՝ նիզակները բթանում էին: Մի քանիսի վրա աչք ծակող գործվածքներից լաթեր կային, մյուսների վրա՝ վզնոցներ, և սրանք իրենց կատաղության մեջ երբեմն անսպասելիորեն երեխայի պես ուրախ տրտինգ էին տալիս:
Պարիսպների վրայից ձիերին ճանաչում էին: Դի՜նոս, Աեթո՜ն, Ամեթե՜ո, Քսա՜նթոս: Սրանք էլ ողջունում էին, հրճվալից խրխնջում, պոչները տնկում և անմիջապես էլ բորբոքված ծառս լինելով հարձակման անցնում: Մի ձի, հաստատ առաջնորդներից, բարձրացավ հետևի ոտքերի վրա, որոշ տարածություն առջևի ոտքերն օդում թափահարելով քայլեց ինքնագոհ, ասես ռազմապար էր պարում՝ վայելչագեղ օձագալար շարժումներով պարանոցը պտտելով, մինչև որ մի նիզակ մեխվեց ուղիղ կրծքի մեջտեղը...
Այդ ընթացքում գրոհը հաղթանակով էր պսակվում: Պարիսպները սկսում էին տեղի տալ:
Հանկարծ ձիերը կաթվածահար եղան տագնապից: Մեկը մյուսի շալակը ելած, գավակից կամ թիկնակից կառչած՝ երկարում էին վզները Կոսինիտես գետի երկայնքով ձգվող բարդիների պուրակի ուղղությամբ, և պաշտպաններն էլ նույն կողմը շրջվելով՝ սահմռկելի մի տեսարանի ականատես եղան:
Իրիկնային երկնքի ֆոնին, մթամած պուրակի վերևից ահեղ առյուծի մի վիթխարի գլուխ էր նայում դեպի քաղաքը: Նախաջրհեղեղյան այն գազաններից էր, որոնց ավելի ու ավելի հազվադեպ հանդիպող ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ ամայացնում էին Ռոդոպյան լեռները: Բայց նման հրեշի երբեք չէին տեսել. սրա գլուխն իշխում էր ամենաբարձր ծառերի վրա՝ աղջամուղջի շառագույնով ներկված տերևներին խառնելով բաշի խրձերը:
Պայծառ շողում էին խոշոր ժանիքները, երևում էին լույսից կկոցած աչքերը, զեփյուռը բերում էր գազանահոտը: Վետվետուն սաղարթների մեջ անշարժացած, ահռելի բաշը ոսկեզօծվելու աստիճանի արևից ժանգագույն ներկված՝ հառնում էր հորիզոնին այն քարաբեկորների նման, որոնցից մեկին լեռների ժամանակակից պելասգը[2] քանդակեց իր բարբարոս աստվածներին:
Եվ հանկարծ սկսեց քայլել օվկիանոսի պես շատ դանդաղ: Լսվում էր կրծքով կողքի քշվող ճյուղերի ճարճատյունը, նրա հրացայտ շունչը, որ անտարակույս ցնցելու էր քաղաքը՝ մռնչյունի փոխվելով:
Չնայած իրենց գերբնական ուժին ու թվաքանակին՝ ապստամբ ձիերը չդիմացան նման մոտիկությանը: Մի մոլի պոռթկում նրանց քարշ տվեց ափով՝ Մակեդոնիայի ուղղությամբ, փոշու ու փրփուրի իսկական փոթորիկ բարձրացնելով, քանզի շատերն ալիքների միջով էին սուրում:
Բերդում խուճապ էր տիրում: Ի՞նչ կարող էին անել նման թշնամու դեմ: Բրոնզե ո՞ր ծխնին կդիմանար նրա ծնոտներին և ո՞ր պատը՝ ճիրաններին...
Շունչները պահած և առանց նետ ու աղեղները լարելու՝ սկսում էին արդեն մտածել, որ նախորդ վտանգը գերադասելի էր (ի վերջո զարգացած կենդանիների դեմ էին պայքարում), երբ բարդիների պուրակից ելավ հրեշը: Մռնչյուն չէր նրա երախից դուրս թռածը, այլ ռազմակոչ՝ մարտական ռազմաշունչ «ալալե՛»-ն, որին հաղթական ցնծությամբ բերդի «հոյո՜հչի»-ներն ու «հոյոտո՜հո» - ները պատասխանեցին:
Փառահեղ հրա՜շք:
Առյուծի գլխի տակից վեհափառ լույս էր ճառագում նումենի[3] դեմքը, և կարմրադեղին մորթին սքանչելիորեն խառնված՝ ընդգծվում էին մարմարե կուրծքը, կաղնե թևերն ու հոյակերտ մկանունքը:
Եվ մի ճիչ՝ ազատության, երախտագիտության, հպարտության միաձայն մի ճիչ լցրեց երեկոն.
Հերկուլե՜սը, Հերկուլե՜սն է գալիս:
Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը
[1] Բեթիկա – Հռոմեական կայսրության նահանգներից մեկն է ներկայիս Իսպանիայի տարածքում:
[2] Պելասգներ – հելեններին նախորդած Հունաստանի հին բնակիչների ընդհանրական անվանումը:
[3] Նումեն – լատիներենում աստվածային ներկայությունը բնութագրող եզրույթ: