«Քիչ առաջ մարդ սպանեցին, դուք ձեզ ինչպե՞ս եք զգում»

Վիլյամ Սարոյանի «Կոտորածն անմեղաց» («The Slaughter of the Innocents») պիեսը, որն առաջին անգամ տպագրվել է 1952-ին «Theatre Arts» բրիտանական ամսագրում, հանիրավի անտեսված, բայց նրա դրամատուրգիական ժառանգության հզորագույն ստեղծագործություններից է: Մակկարտիզմի ու հայտնի «վհուկների որսի» շրջանում  է գրվել պիեսը, երբ ժողովրդավարությունն իր նախնական ռելսերից ընկնելով՝ հակառակ ուղղությամբ էր ընթանում, և մեծ գրողը կանխազգում էր բռնապետության ահագնացող ազդակները: Մինչև այս, ավելի վաղ՝ 1935-ին, Սարոյանը եղել էր նաև Խորհրդային Միությունում և իր կարծիքը հրապարակավ հայտնել խորհրդային ավտոկրատիզմի ու բռնապետության մասին: Հետևաբար, պիեսն ասես հանրագումարն է դառնում նախկին ու ներկա տրամադրությունների՝ ենթատեքստում քաղաքական հստակ ժամանակաշրջաններին ու իրադարձություններին հղում տալով, կենտրոնում դնելով մարդու արժեզրկման, իշխանության չարաշահման, շահարկված ու շրջված «ժողովրդավարության», քաղաքական ռեպրեսիաների, նաև անձի անհատական ողբերգությունների, անզորության ու միայնակության թեմաները: Եվ բնական է, որ լայնաժպիտ Բրոդվեյը պիեսը ոգևորությամբ չի ընդունել: «Կոտորածն անմեղաց»-ի թեմատիկան հակասում էր ամերիկյան շոուների ժամանցային գաղափարախոսությանը:  

Մեզանում պիեսն առաջին անգամ բեմադրվել է Երևանի Դրամատիկական թատրոնում 1985-ին՝ «Կոտորածն մանկանց» վերնագրով, բեմադրիչ՝ Հրաչյա Ղափլանյան[1]: 2023 թվականի սեպտեմբերին, մեծ գրողի 115-ամյակի համատեքստում Ազգային Ակադեմիական թատրոնի բեմադրությունը երկրորդն է հայ թատրոնում: Մինչև ներկայացման սկսվելը բեմադրիչ Արմեն Էլբակյանը բեմ եկավ՝ նշելով, որ չի սիրում ներկայացումներից առաջ խոսել, բայց մեր հայրենիքին բաժին հասած այս օրհասական օրերին ներկայացումը հանձնելով հանդիսատեսի դատին, պետք է իր ցավն ու կսկիծն արտահայտի՝ մեջբերելով Նժդեհի խոսքերը... Մեկ րոպե լռությամբ հարգեցինք անմեղ զոհերի հիշատակը, ապա Էլբակյանը նկատեց. «Նրանք, ովքեր հանճարեղ են ծնվել, արդիական են միշտ, այսօր էլ», ինչում և ներկայացման ամբողջ ընթացքում բազում անգամներ համոզվեցինք:

Բեմադրիչներ Արմեն Էլբակյանը և Արմեն Շահբազյանը, բարեբախտաբար, հոգեհարազատ են մնացել հեղինակային վերնագրին[2] ՝ ստեղծելով քաղաքական հստակ ուղերձներով շատ մերօրեական բեմադրություն: Հանդիսատեսի առջև հորիզոնական տարածվող խորտկարանի պատկեր է՝ փայտե սեղան-աթոռներով ու անկյունային բարով, անգլերեն գրություններն ու վիսկիի առկայությունը միանգամից հանդիսատեսին տեղափոխում են ամերիկյան միջավայր (բեմանկարիչ՝ Մարտիրոս Բադալյան), թեև հարկ է ընդգծել, որ Սարոյանը չի շեշտադրում կոնկրետ տեղանքը. բեմադրիչն ազատ է պատկերելու բռնապետության իր պատկերացրած տարածքը:

Րոպեներ անց Արչի Քրուքշընքի (Արամ Կոստանյան) համեստ խորտկարանը վերածվելու է դատարանի, որտեղ ամենաանպատեհ պահին հայտնված թեթևաբարո աղջիկ Ռոուզը, քիչ անց ականատես է դառնալու նորաստեղծ հանրապետության, նորաստեղծ դատարանի՝ արագորեն, առանց ջանքի կայացրած տասնյակ անհեթեթ ու աբսուրդային դատավճիռներին՝ մեղավոր է, համազարկ հրահանգներով, «Հանուն հայրենիքի» պաթետիկ կարգախոսով:

Ներկայացման կենտրոնում անբարո վարքի տեր Ռոուզն է, որի դերում Լիլի Էլբակյանի մուտքը բեմ տպավորիչ է ոչ միայն արտաքին ցայտուն ընդգծումներով, այլև, ինչպես քիչ անց պարզվում է, նաև կերպարաստեղծման հմտությամբ, խաղի բազմաշերտությամբ, հոգեբանական նրբերանգների բազմազանությամբ, արտաքին դետալների մշակմամբ: Ակնհայտ է դերասանուհու բեմական թեթև պլաստիկան, բոլորովին ինքնատիպ շեշտերով, երբեմն անգամ բեմական խոսքի կանոններին հակասող, բայց դերի կերտման համատեքստում արդարացված՝ միայն նրան բնորոշ խոսքը: Սարոյանի պիեսում Ռոուզը պատահականորեն դառնալով սպանդի ականատես՝ իր հետագա տեքստերում պախարակում է Արչիի անգործությունը՝ վերջինիս ստիպելով անվերջ արդարանալ իր լռության համար: Լիլի Էլբակյանի Ռոուզը մեղադրական երանգներ գրեթե չունի իր խոսքում Արչիի հանդեպ, նա ավելի շատ հակված է հասկանալու, արդարացնելու մարդկային ցանկացած  թուլություն: Մարդ մահկանացուն սխալական է, կարևոր է միմյանց սատարելու և ներելու ունակությունը, հատկապես, որ ինքն էլ ուժ չունի սրա դեմ պայքարելու: Լիլի Էլբակյանի Ռոուզը մեր աչքի առջև անբարոյական կնոջից կտրուկ չի վերաճելու անձնազոհ հերոսի, նա ամենասկզբից է վերցրել դրական ու կարեկից մի աղջկա գիծը, մի քիչ թեթև ու ոչ խորը մեկը, որ հոգեկից սիրտ է որոնում ու գտնում է՝ ի դեմս Արչիի, որն էլ նրան ներկայացնում է որպես իր դուստրը: Սա Սարոյանի գրչին ամենաբնորոշ թեմաներից է:

Պիեսում թեև երկրորդ գործողությունում նվազ է Ռոուզի ներկայությունը, սակայն ռեժիսորը նրան կարևոր դեր է վերագրում բեմում. նա դառնում է բոլորի խիղճն ու հենարանը՝ իր քաջությամբ, հոգու մաքրությամբ, մարդկային բարձր արժեհամակարգով, կարեկցելու ունակությամբ: Անարդարության ու սարսափների ականատես դառնալով՝ երկրորդ գործողությունում նա մի տեսակ լրջացել է, իմաստավորել է իր գոյությունը: Նա փոխել է նաև թեթևաբարո կնոջ հագուստները, և այս տեսքն ավելի համահունչ է հերոսուհու ներքինին (զգեստների նկարիչ՝ Մերի Սարգսյան): Ռոուզի կերպարի թեման նրա հետ կիսում է նույնչափ անսպասելի գործողություններում հայտնված խենթավուն Մեյը (Ալլա Վարդանյան)՝ իր անձնային ողբերգությամբ: Բավական հասուն տարիքում իրեն ընձեռված «մաքրվելու» հնարավորությունը նա բաց չի թողնում՝ մեղքերը քավելով երեխային, Ռոուզին ու Արչիին դատարանի ճիրաններից փրկելու իր հնարանքներով:

Արչիի դերակատար Արամ Կոստանյանի մեկնաբանությունը առաջին հայացքից չի համոզում. անսպասելի է ինտելիգենտ ու արվեստագետի կեցվածքով ձեռներեցի տեսնելը: Թեև սարոյանական բարմենը կարող է հենց այդպիսին լինել: Դերասանը հետևողականորեն զարգացնում է կերպարի ներքին գիծը՝ լուռ ու կամակատար բարմենից վերածվելով անձնազոհ հերոսի: Վճռական պահին, երբ մեղադրյալի աթոռին հայտնվում է 5 տարեկան անմեղ մանչուկը ((Մոնթե Թադևոսյան) պիեսում 3 տարեկան ինն ամսական է)), Արչին պոռթկում է: Նա այլևս չի դողում իր կյանքի համար, երբ խոսքը մի երեխայի մասին է, չէ՞որ ինքն էլ հայր է (մենախոսությունից տեղեկանում ենք, որ տեր չի եղել իր երեխաներին): «Ես չեմ ուզում ձեզ հետ նույն աշխարհում ապրել»[3],- բացականչում է նա՝ սեփական մարմնով պաշտպանելով տղային:

Բեմադրիչներն ավելորդ դրամատիկ կամ ողբերգական խտացումներով չեն ծանրաբեռնել պիեսի՝ առանց այն էլ ծանր թեման: Բեմադրական մեկնաբանության մեջ կողքի-կողքի ընթանում են տարբեր ոճեր և ուղղություններ՝ ռեալիզմ, աբսուրդիզմ, գրոտեսկ, սիմվոլիկա և այս ամենը՝ մի կողմից պոետիկ, մյուս կողմից՝ պարադոքսի թատրոնի սկզբունքներով, ինչը շատ բնորոշ է Արմեն Էլբակյանի ռեժիսորական ձեռագրին: Սրան նպաստում է դիպուկ երաժշտական ձևավորումը (Հայկ Իսրայելյան), տեղ-տեղ դրամատիկ, երբեմն քնարական-ջազային, սակայն հիմնականում ռիթմիկ երաժշտական կտորներ, որ թե՛ հաղորդում են ամերիկյան շունչն ու ռիթմը, թե՛ համապատասխան տրամադրություն ստեղծում, թե՛ ընդգծում ասելիքը:

Պետք է նշել, որ բեմադրիչներն առանձնակի հաջողել են դատարանի տեսարաններում: Խելահեղ ու դինամիկ երաժշտության տակ են արագորեն բեմում հայտնվում ու նույն ռիթմերի տակ՝ հեռանում Դատարան կոչվող հանցախմբի անհոգ անդամները՝ ընդգծելով իրավիճակի աբսուրդային լինելը: Իսկ նրանց ամեն մուտքի հետ հանդիսատեսի առջև բերված արնոտ դեմքով սև մանեկենը, որ արդարադատության կուրացած աստվածուհուն՝ Թեմիսին է կերպավորում, մերկ է, վրան հայերեն, անգլերեն ու ռուսերեն գրված՝ Հանուն ժողովրդի: Մանեկենի ձեռքին արդարադատության կշեռքն է, մեկից կախ մարդկային դեմք, մյուսից՝ գանգ, և գանգի կշիռը գերազանցում է կյանքինը: Իսկ ամեն անգամ, երբ ազդարարվում է հերթական զոհի մուտքը, բեմում ահասարսուռ տարածվում է գայլի ոռնոց, ասես Թեմիսն է անզորությունից ոռնում: Պատկերը շատ խոսուն է: Բեմադրիչը ևս մի խորհրդանշական դրվագ է պատկերում. դատարանի ներկայացուցիչները իրենց գործն ավարտելուց հետո՝ պանդոկից հեռանում են Պիղատոսի պես ձեռքերը լվանալով: 

Երկրորդ մասում բեմադրիչն աստիճանաբար հանդիսատեսին ևս ներգրավում է գործողությունների մեջ: Աստիճանների վրա իրար հետևից գնդակահարված ամբոխը հանկարծ հայտնվելով ուղիղ հանդիսատեսի առջև, նրա աչքերին նայելով՝ հնչեցնում է. «Քիչ առաջ մարդ սպանեցին, դուք ձեզ ինչպե՞ս եք զգում» մեկ այլ պիեսից ներմուծված խոսքերը (բեմում Արմեն Էլբակյանի դերասանական արվեստանոցի սաներն են): Սրա պատասխանը կարծես Արչին է տալիս՝ «Բոլորս էլ մարդասպաններ ենք, քանի որ խոսքով կամ գործով մենք չխանգարեցինք դրան»:[4] Արմեն Էլբակյանը, «Կոտորածն անմեղաց»-ն էլ հագեցրել է Սարոյանի այլ պիեսներից («Հե՜յ, ո՞վ կա», «Տարեկանի արտում», «Ձեր կյանքի ժամերը») վերցված տողերով ու արտահայտություններով՝ էսպիսով ստեղծելով բեմադրության պոետիկան, որ հատուկ է Էլբակյանի գրեթե բոլոր սարոյանական ներկայացումներին:

Մեկը մեկից վառ են դատական ատյանի անդամների կերպարներում Պաշտոնյա՝ Ալեքսան Թադևոսյանը, Դատավոր՝ Արթուր Հարությունյանը, Դատախազ՝ Արմեն Քուշկյանը, Դատապաշտպան՝ Լևոն Ավետիսյանը: Բեմադրիչը նրանց օժտել է մի տեսակ հիվանդագին, կքած, տխեղծ կեցվածքով ու արտաքինով, տարօրինակ ձայներով, որոնք այնքան են համակարգի գերին դարձել, որ վերածվել են անսիրտ խամաճիկների: Բազմաշերտ ու տպավորիչ է Դատավոր-Արթուր Հարությունյանի մեկնաբանությունը, նա, ով քիչ առաջ թեթևորեն մահվան էր դատապարտել բազում անմեղ մարդկանց, նույն հեշտությամբ համաձայնում է նաև մահվան գնալ, երբ անսպասելի հնչած նոր հրամանի համաձայն պարզվում է, որ դերերով պետք է փոխվեն նախկին մեղադրյալներն ու դատարանի անդամները: Նրա խամաճիկային կերպարի հիմքում ընկած է հնազանդությունը Հանրապետության կայացրած հրահանգներին: Եթե համակարգն այդպես է պահանջում, նա պատրաստ է մեկ վայրկյանում կերպարանափոխվել ոճրագործից զոհի և հակառակը: Դերասանն անցնում է բազում հոգեվիճակների միջով՝ ցուցադրելով դերասանական տաղանդի լայն գունապնակ:

Խարակտերային են դրվագներում հանդես եկող բոլոր դերակատարները՝ հատկապես Աբրնեթի-Անդրանիկ Զաքարյանը, Դորա-Սիրանուշ Եսայանը, Էլիոնոր-Կարինե Եսայանը, երկրորդ դատավոր Հովհաննես Գասպարյանը և մյուսները, որոնք դրսևորում են դերասանական մեծ վարպետություն: Դորա-Սիրանուշ Եսայանն ասես ժողովրդի այն անզիջում զանգվածն է, որն իր ցասումը, ատելությունն ու վրիժառությունը չի թաքցնում համակարգի հանդեպ: Դերասանուհին կարողանում է մեկ կերպարի մեջ ժողովրդական մի մեծ զանգվածի հավաքականության պատկերն ստանալ:

Սարոյանի այս պիեսը չի ավարտվում ԱՄՆ-ում այնքան սիրելի «հեփփի էնդով»: Արչիի պանդոկում հայտնվածները գիտեն, որ իրենք բոլորն էլ զոհ են՝ մեկը մյուսի, բոլորը՝ համակարգի, ու գիտակցում են նաև, որ փախչելու տեղ չունեն: «Բայց ո՞ւր փախչես, երբ ամբողջ երկիրն է էս վիճակում»,- ասում է Պաշտոնյան: Իսկ այն հարցին, թե որքան է մնացել իրենց ապրելու, նա պատասխանում է. «Իմ կարծիքով ամբողջ գիշերն ու վաղվա մի մասը»: Տողեր, որ այնքան տագնապալից ու արդիական են հնչում: Սակայն Արչին որոշում է բոլորին խմիչք հյուրասիրել, քեֆ անել, զվարճանալ, քանի որ ոչ ոք չգիտի, թե վաղն իրենց ինչ է սպասվում: Կարևորը՝ փոքրիկ տղայի կյանքը փրկվեց, կարևորը՝ այդ մեկ ու կես օրը որպես Մարդ, առավել ևս՝ որպես ազատ Մարդ ապրելն է:

Ներկայացման ավարտին  Սարոյանի և նրա զարմիկ Ռոս Բաղդասարյանի հեղինակած ‘’Come on a my House’’ հայտնի երգը հնչելով տարբեր լեզուներով՝ ասես միավորում է բոլորին, հույս և սեր արթնացնում հանդիսատեսի հոգում: Ու նաև հիշեցնում է, որ նա՝ 115-ամյա Մեծ Հայը հավերժ մեզ հետ է՝ մարդկային բարձր արժեքներ սերմանող իր վեհ ու հավերժ արդիական գրականությամբ:

 

Անուշ Ասլիբեկյան

 

[1] Տես՝ ydt.am/hy/1967-till-now/

[2] Պիեսի և բեմադրության վերնագիրը՝ «Կոտորածն անմեղաց» («The Slaughter of the Innocents») համապատասխանում է անգլերեն վերնագրին, Ա.Էմինի թարգմանությունից է, որը հրատարակված է 1987 թ., Սարոյանի Ընտիր երկեր չորսհատորյակի 2-րդ հատորում:

[3] Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, Երևան, «Սովետական գրող», 1987 թ., հ.2, էջ 214:

[4] Վիլյամ Սարոյան, նշվ. աշխ., էջ 226:

... ... ...