«Ցեղասպանության ճանաչումն ամենօրյա ջանքեր է պահանջում»

Մարսելցի Լևոն Մինասյանին իր դուդուկը կապել է ոչ միայն հայ երաժշտարվեստի, այլև մեծանուն ու հռչակավոր բազմաթիվ երաժիշտների և արվեստագետների հետ: Փիթեր Գաբրիելից մինչև Սթինգ, Մել Գիբսոնից մինչև Անրի Վեռնոյ՝ բոլորն էլ դիմել են նրան, ով իր դուդուկի միջոցով պատմում է Հայաստանի մասին։ «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում 2015-ին «lamarseillaise.fr»-ին տված նրա հարցազրույցը:

 

Լևոն Մինասյանն, անշուշտ, մեր տարածաշրջանի ամենաունիվերսալ երաժիշներից մեկն է։ Սովորաբար նա ելույթ է ունենում Մարսելի «Տուրսկի» թատրոնում, որի մարդասիրական արժեքներն է կիսում, դրա հետ մեկտեղ երաժիշտը հյուրախաղերով շրջագայում է աշխարհով մեկ և ընդլայնում իր համագործակցությունը հեղինակավոր մարդկանց հետ: 2002 թվականին Գյումրիում 100 000 հանդիսատեսի առջև նա պարգևատրվել է 10 տարին մեկ հանձնվող «Վարպետների մրցանակով»: Նա իր գործին նվիրված մարդ է, ում համար ամեն մի շշուկ իմաստավորված է: 

Մեկնաբան- Կարո՞ղ եք ներկայացնել ձեր դուդուկ գործիքը, և ի՞նչ առանձնահատկություններ այն ունի:

Լևոն Մինասյան- 3000 տարվա պատմություն ունեցող այս գործիքը ժամանակին լեռներում նվագում էին հովիվները, ինչպես նաև աշուղները՝ թագավորների պալատում: Հայ ժողովրդի համար այն առաջինն է. դուդուկ նվագել են յուրաքանչյուր օջախում, ընկերների շրջապատում, ու այն հնչում է ընտանեկան բոլոր միջոցառումների ժամանակ՝ հարսանիքից մինչև թաղում։ Այնուամենայնիվ, միայն 150 տարի է, ինչ դուդուկը հիացնում է հանդիսատեսին: Իրականում դուդուկի տոհմագիրը գրել են Վաչե Հովսեփյանը ու Լևոն Մադոյանը, որոք այն վերածել են համերգային գործիքի։

Մ.- Ինչպե՞ս եք գործնականում հասել գործիքին տիրապետելու վարպետությանը:

Լ. Մ.- Կիրքը սնեց համբերությանը։ Երբ ես դեռահաս էի, իմ ընտանիքի անդամների ուղեկցությամբ հետևում էի Ֆրանսիայում հյուրախաղերով հանդես եկող հայ արտիստներին։ Մեծ անձնվիրությամբ ես ձգտում էի ինքնուրույն տիրապետել այս հազարամյա գործիքի բոլոր նրբություններին ու դժվարություններին։ Հետագայում հնարավորություն ունեցա լինել Հայաստանում և աշխատել վարպետների, մասնավորապես՝ Ջիվան Գասպարյանի և Վոլոդյա Հարությունյանի հետ։

Մ.- Ձեր համերգը կոչվում է «Քամիների շշուկը», արդյո՞ք դուք այսպես եք բնութագրում դուդուկը՝ մի գործիք, որին բնորոշ են պոեզիային հատուկ քնարական, հուզական պոռթկումներ:

Լ.Մ.- Երբևէ՞ լսել եք, թե ինչպես են մի քանի դուդուկներ հնչում միասին: Դա պարզապես դյութական երաժշտություն է, և այն ինձ միշտ ստիպել է մտածել բարձր հարթավայրերում փչող քամիների երգերի մասին, որտեղից էլ ծագել է «Քամիների շշուկը» անվանումը: Դուդուկը հիանալի զուգակցվում է բանաստեղծությունների ու երգերի հետ. սա երբևիցե գոյություն ունեցած ամենանուրբ գործիքն է, որն առավել մոտենում է մարդկային ձայնին։ Հայկական երաժշտությունն արդեն այլևս չի պատկանում ժողովրդական երաժշտության ոլորտին՝ այն պատկանում է այսօրվա և վաղվա երաժշտական արվեստին։ 

Մ.- Դուք աշխարհահռչակ երաժիշտ եք, բայց բնակության համար ընտրել եք Մարսելը։ Որքանո՞վ է ձեզ համար կարևոր այդ ընտրությունը։

Լ.Մ.- Իմ պատմությունը սկսվում է իմ ծնվելուց շատ առաջ՝ 1915 թվականին, ինչ-որ տեղ՝ Վանա լճի մոտ. Թուրքիայի կազմի մեջ մտնող, բայց հիմնականում հայերով բնակեցված տարածքում։ Նույն թվականի ապրիլի 24-ին սկսվում են հայ համայնքի նկատմամբ իրականացվող պարբերական ջարդերը։ Հատկապես հիշարժան է հազարավոր հայերի տեղահանությունը, որոնք հարկադրված էին երկարատև քայլել Դեյր Էլ-Զորի անապատով, որտեղ նրանց մեծ մասը մահացել է հյուծվելուց։ Նրանք, ովքեր այս ճանապարհն անցնելուց հետո ողջ են մնացել, փախել էին ներկա սփյուռքը ձևավորելու համար։ Այնուամենայնիվ, դրաման միայն նոր էր սկսվում… Հիշում եմ, որ մեր օրերում ոչ մի կառավարություն դեռ պաշտոնապես չեր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, մինչդեռ պատմաբաններն այն համարում են դարի առաջին ցեղասպանությունը։ Մոտ      1. 500. 000 մարդ է սպանվել։ Իմ ընտանիքը կարողացավ փրկվել ջարդերից։ Մի եղբայրն արտագաղթեց ԱՄՆ, մյուսը՝ Հայաստան, իսկ երկուսը հաստատվեցին Մարսելում։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մինասյանը, կդառնա իմ պապը։ Ուստի ես ծնվել եմ Մարսելում՝ մի քաղաքում, որտեղ հայ համայնքը շատ միասնական է։ Շատ շուտով կորուսյալ երկրի հիշատակը հավերժացնելու նպատակով ստեղծվեցին ասոցիացիաներ։ Մեր ծնողներն իրենց նախաձեռնությամբ գրանցում էին մեզ այնտեղ։ Ցեղասպանության ճանաչումն ամենօրյա ջանքեր է պահանջում։ Այսօր ես դեռ ապրում եմ Մարսելում՝ աշխարհից և քաղաքակրթությունից հեռու։ Ես շարունակում եմ աշխատել, ինչպես միշտ եմ դա արել՝ գտնվելով իմ ընտանիքի կողքին, անխոնջ նվագելով այս շատ հին մեղեդիները:

Մ.- Ինչո՞վ է յուրաքանչյուր համագործակցություն կարևոր ձեզ համար: Կարո՞ղ ենք, մասնավորապես, խոսել Սթինգի և Փիթեր Գաբրիելի հետ ձեր ունեցած գործակցության մասին: Ինչպե՞ս են կազմակերպվել այդ հանդիպումները և ի՞նչ կարող եք պատմել նրանց հետ կապված հիշողությունների և զվարճալի պատմությունների մասին։

Լ.Մ.- Փիթեր Գաբրիելի և Սթինգի հետ ունեցած հանդիպումները վճռորոշ դարձան իմ հետագա ուղու համար: Ես կարողացա նպաստել նրան, որ Փիթեր Գաբրիելը, ով հրապուրված էր դուդուկի ձայնով՝ այն գործիքի, որը թույլ տվեց նրան հատել սահմանները, կարողանա միախառնել աշխարհի այլ գործիքների հետ դուդուկի այնքան ուրախ, այնքան տխուր հնչյունները, հիշողության ճամփեքից եկող հայկական ազդեցությունները: Ես մասնակցել եմ նրա հյուրախաղերին ԱՄՆ-ում, իսկ հետո որպես մենակատար բացել եմ նրա Secret World Live Tour համաշխարհային շրջագայության համերգները: Սա ինձ ճանաչում բերեց ու թույլ տվեց հանդիպել էստրադայի մեծանուն դեմքերին. Շառլ Ազնավուր, Քրիստոֆ Մաե, Դանիել Լավուա, ինչպես նաև համաշխարհային երաժշտության նշանավոր գործիչներին. Սթինգ,  Ի Մուվրինի (Կորսիկական ժողովրդական երաժշտական  խումբ), Սիմոն Էմերսոն, Մանու Կաչե... այս բոլոր հրաշալի հանդիպումների և  զվարճալի պատահարների մասին անգամ գիրք է գրվել: Առաջին հերթին ես ձգտում եմ տարածել հայկական ոգին ամբողջ աշխարհով մեկ՝ երաժշտության միջոցով հեռարձակելով այն համընդհանուր արժեքները, որոնք նա կրում է իր մեջ և դուդուկի միջոցով ասել այն, ինչը չի կարող փոխանցել ո՛չ բառը, ո՛չ որևէ մի ուրիշ գործիք։ Նույնը կարելի է ասել այն ֆիլմերի երաժշտության մասին, որոնց վրա ես աշխատել եմ այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Մել Գիբսոնը, Կոստա Գավրասը, Ալեքսանդր Արկադինը, Անրի Վեռնոյը և շատ ուրիշներ..

Մ.- Բեմում դուք սիրում եք շրջապատել ձեզ բազմաթիվ ընկերներով և աշխատակիցներով։ Փոխանակվելու ցանկությո՞ւն է:

Լ.Մ.- Այո, իրոք որ, «Քամիների շշուկի» այս յուրահատուկ կազմը դուդուկի շուրջ համախմբում է 14 տաղանդավոր կատարողների, որոնք նվագում են այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են քամանչան ու քանոնը, բայց նաև պոլիֆոնիկ գործիքներ, որոնք իրար հետևից միանում են նրան: Դա կարող է լինել իսպանական ֆլամենկո կիթառ, ստեղնաշարային գործիք, լարային քառյակ, ռոյալ, պարուհու քայլերը, ասմունքողի խոսքերը, որոնք, այդպիսով, ստիպում են հանդիպել և միավորել երաժշտությունը, պոեզիան և պարը, ինչպես դուք ասացիք, փոխանակման ոգու մեջ: Գաղափարն այն է, որ կարողանանք ասել, որ ծիրանափողի՝ այս «հասարակ» ֆլեյտայի ոգին զգացվում է հաջորդող դարերում ստեղծված բոլոր գործիքներում, որոնցից յուրաքանչյուրն իր հնչերանգով արտահայտել է մարդկային հոգու անսահման բազմազանությունը:

 

Զրույցը վարեց`Սեդրիկ Կոպպոլան

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը