«Պատրիկ Դըվեր. դրանից զատ՝ կյանքը հիասքանչ է»

Մարան Հրաչյան. « Ինձ թվում էր՝ ես եմ նրան ստեղծել»

Ֆրանսիացի դերասան, երգիչ և կոմպոզիտոր Պատրիկ Դըվերը 1970-ականների Ֆրանսիայի երիտասարդ սերնդի կինոաստղերից էր, այսօր արդեն ֆրանսիական կինոյի մեծագույն աստղ Ժերար Դեպարդիեի հետ համարվում էր ազգային կինեմատոգրաֆի ամենախոստումնալից դեմքերից մեկը։ Պատրիկը, որ ծնունդով դերասանների ընտանիքից էր, դեռևս մանկության տարիներից տոնավաճառներում մասնակցում էր ներկայացումների։ «Իր դերերում նա հենց այնպիսին էր, ինչպիսին կյանքում՝ հմայիչ, գեղեցկադեմ, զգայուն», - մինչև այսօր այսպես են նրան հիշում նույն ժամանակաշրջանն ապրած ֆրանսիացիները, նրան ճանաչողները։ Ստեղծագործական կարճատև տարիների ընթացքում նա հասցրեց փայլել ֆրանսիական կինոյում՝ իր ողբերգական մահն իսկապես մեծ կորուստ դարձնելով հազարավոր երկրպագուների և ֆրանսիական կինոյի համար։ Դերասանի նրա կարիերան սկսվեց Փարիզի «Café de la Gare» փորձարարական թատրոնում, որտեղ, ի դեպ, սկիզբ էր առել Պատրիկ Դըվերի և Ժերար Դեպարդիեի ընկերությունը։ Դեպարդիեն նույնպես այդ թատրոնի դերասան էր։ Պատրիկ Դըվերն ու Ժերար Դեպարդիեն մեծ ճանաչում ձեռք բերեցին հատկապես Բերտրան Բլիեի 1974-ին նկարահանած «Վալս պարողները» սկանդալային ֆիլմի շնորհիվ։

Պատրիկ Դըվերը հինգ տարի շարունակ (1977-1982թթ.) առաջադրվել է Ֆրանսիայի «Սեզար» գլխավոր մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր» անվանակարգում, սակայն այդպես էլ չի արժանացել այդ մրցանակին։ Իր ապրած 35 տարիների ընթացքում Դըվերը նկարահանվել է 37 ֆիլմում։ Դերասանն իր կյանքն ընդհատեց ինքնասպանությամբ՝ 1982 թվականին։ Մեկ տարի անց Ֆրանսիայում ստեղծվեց Պատրիկ Դըվերի մրցանակ։ 

Այսօր, երեք տասնամյակ անց, Պատրիկ Դըվերի շուրջ հետաքրքրությունը նոր վերելք է ապրում՝ շնորհիվ Ֆրանսիայում վերջերս հրատարակված մի գրքի, որի հեղինակներից մեկը նկարչուհի Մարան Հրաչյանն է։ «Գլենա» հրատարակչությունը լույս է ընծայել «Պատրիկ Դըվեր. դրանից զատ՝ կյանքը հիասքանչ է» գիրքը, որը դրվագ առ դրվագ ներկայացնում է Դըվերի կյանքը։ Գրքի տեքստերի հեղինակը Լորան-Ֆրեդերիկ Բոլլեն Է, իսկ պատկերապատումների (կոմիքսներ) հեղինակը՝ Մարան Հրաչյանը։ Մարանը Երևանից է, Ֆրանսիա է մեկնել Անգուլեմի Գեղարվեստի դպրոցում սովորելու նպատակով, այժմ բնակվում է Անգուլեմում։ 

 

-Մարան, գանք սկզբից, ինչպե՞ս հայտնվեցիք այս ոլորտում։ 

-Ես սովորել եմ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, այնուհետև ընդունվել եմ Երևանի Գեղարվեստի ակադեմիա։ 2008 թվականին, երբ ես տասնչորս տարեկան էի և ակադեմիայի նախապատրաստական կուրսում էի, Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ կոմիքսների փառատոն։ Բազմաթիվ հյուրեր կային Ֆրանսիայից։ Հրաշալի անցավ։ Հաջորդ տարի Երևանում երկրորդ անգամ կազմակերպվեց կոմիքսների փառատոն, և ֆրանսիացիները նորից եկան Երևան։ Այդ  ժամանակ ես արժանացա պատկերապատման ցուցահանդեսի փառատոնի նախագահի մրցանակին։ Փառատոնի առիթով Հայաստան էին այցելել հայտնի նկարիչներ Ֆրանսիայից՝ Անգուլեմի կոմիքսների հեղինակավոր փառատոնի հիմնադիր, ինչպես նաև Երևանի փառատոնի նախագահ, Ֆրանսիայում ծնված, ցեղասպանութունը վերապրածների ժառանգ Ժան Մարդիկյանը։ Փառատոնի ժամանակ մոտեցա նրան, խոսեցինք, ասացի, որ պաշտում եմ ինձ համար նոր բացահայտած կոմիքսների ոլորտը։ Նա մեծ սիրով ասաց, որ Անգուլեմում կոմիքսների հրաշալի փառատոն կա, հորդորեց անպայման այցելել։ Հետո ասաց, որ անպայման ֆրանսերեն սովորեմ, քանի որ հենց Անգուլեմում արվեստի մի լավ դպրոց կա, որտեղ կարող եմ նաև շարունակել սովորել իմ մասնագիտությամբ։ Այդ խոսքերն ինձ շատ ոգևորեցին ու մոտիվացրին, հատկապես, որ շատ էի սիրում ֆրանսերենը ու երազում էի Ֆրանսիայում շարունակել ուսումս։ Անգուլեմը դարձավ երազանքիս կետը։ Ի դեպ, այն համարվում է կոմիքսների եվրոպական մայրաքաղաքը։ 

-Եվ այդ ամբողջ ընթացքում պատրաստվում էիք Անգուլեմի Արվեստի դպրոցի քննությունների՞ն, չէի՞ք մտքափոխվել։ 

-Սովորում էի Գեղարվեստի ակադեմիայում, բայց այն ինչ անում էի, շատ ակադեմիական էր։ Օրինակ, մենք անընդհատ բնորդների էինք նկարում, բայց ես ուզում էի, որ իմ բնորդները պատմություն դառնան։ Իսկ պատկերապատումը պատմություններ պատմելու ամենահրաշալի ձևերից մեկն է, դրա համար էլ, ինչպես ասում են, առաջին իսկ հայացքից սիրահարվել էի պատկերապատման արվեստին։ Այն պահից, երբ իմացա Անգուլեմի արվեստի հայտնի դպրոցի մասին, սկսեցի նպատակադրված ֆրանսերեն պարապել։ Երևանում ավարտեցի Գեղարվեստի ակադեմիան, Անգուլեմի դպրոց ընդունվելու քննություններ հանձնեցի։ Այդ ընթացքում ընկերներիս հետ երեք անգամ արդեն այցելել էի Անգուլեմ, ծանոթացել քաղաքին, ինչպես նաև ներկա էի գտնվել փառատոնին։ Եվ այնտեղ սովորելու երազանքս ավելի հաստատակամ էր դարձել։ Ընդունելությունը բավականին դժվար էր. սա մասնավոր դպրոց չէ, պետական է, անվճար, ուստի մրցակցությունը շատ մեծ է։ Առաջին փուլն անցնելուց հետո, երբ արդեն պիտի գնայի Ֆրանսիա՝ գլխավոր հարցազրույցին մասնակցելու, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մերժեց ինձ։ Դե, գիտեք ինչպես է, մտածում են՝ կգնաս, չես գա։ Բայց ես այդ պահին այնքան մոտ էի իմ երազանքին, այնքան ոգևորված, որ ինձ թվաց, որ եթե չստացվի, ես պարզապես կփշրվեմ։ Բարեբախտաբար, դպրոցը համաձայնեց ինձ հետ հարցազրույցն անցկացնել հեռակա, որը շատ հաջող անցավ, որից հետո միայն ես դեսպանատնից ստացա Ֆրանսիա մեկնելու թույլտվությունը։ Այդպես, 2015 թվականին իմ երազանքն իրականացավ: Երեք տարի սովորեցի Անգուլեմի Գեղարվեստի դպրոցի բակալավրում, այնուհետև երկու տարի՝ մագիստրատուրայում։  

-Մինչև կանցնենք գրքին, եթե համեմատենք երկու կրթական միջավայրերը, ի՞նչ կասեք։ 

-Ֆրանսիայի կրթությունը շատ է տարբերվում։ Հայաստանում մեր հետևից շատ են ընկնում, իսկ այստեղ դու ավելի շատ ազատ ես, և քեզնից է շատ բան կախված։ Ամենակարևորն այն է, որ ինքդ քեզ բացահայտելու մեծ հնարավորություններ ունես։ Արվեստի դպրոցում սովորել այստեղ նշանակում է բացահայտել արվեստի բոլոր ոլորտները։ Միայն այդպես դու կհասկանաս, թե հատկապես ինչ ես փնտրում, ինչն է քեզ ամենից շատ դուր գալիս։ Այդ հնարավորությունը Երևանում սովորելու տարիներին ես չունեի։ Թող զարմանալի չթվա, բայց Ֆրանսիայում ամենակարևորը որ ինձ սովորեցրել են, մտածելու ունակությունն է, ոչ այնքան նկարելու տեխնիկան, որքան հենց մտածելու, վերլուծելու ունակությունը։ Բայց նաև ուզում եմ անպայման շեշտել, որ Գեղարվեստի ակադեմիան ինձ շատ-շատ բան է տվել հենց տեխնիկական առումով, ինչպես նաև անպայման ուզում եմ հիշել Երևանի իմ Կոջոյանի անվան դպրոցը։ Ես շատ շնորհակալ եմ մեր շատ սիրելի ուսուցիչ Արա Հովսեփյանին, այստեղ շատ հաճախ եմ իրեն հիշում, ինքն իմ ստեղծագործական կյանքում չափազանց մեծ ներդրում ունի։ 

-Պատմեք «Պատրիկ Դըվեր. դրանից զատ՝ կյանքը հիասքանչ է» գրքի մասին։ Ինչպե՞ս այն հայտնվեց ձեր կյանքում։ 

-Իմ բախտն ուղղակի բերեց։ Չեք պատկերացնի, թե ինչպիսի մեծ երազանք է դա ամեն մի նկարչի համար, համենայն դեպս, երբ դեռ նոր ես ավարտել ուսումը և մասնագիտական դաշտ նոր-նոր ես մտնում։ Իմ դպրոցում էլ բոլորը շատ ուրախ էին, ու այս գիրքն ասես բոլորինս լինի։ Վերջին կուրսում էի, Անգուլեմում փետրվարին հերթական անգամ մեկնարկելու էր կոմիքսների փառատոնը, և ես դպրոցի կողմից, որպես ուսանող, գրախանութում պատկերապատում-գրքեր պիտի վաճառեի, փոքրիկ ուսանողական աշխատանք էր։ Գրախանութի տնօրենը գիտեր, որ ես նկարում եմ: Ինձ մի օր ասաց՝ նկարներդ բեր, ես դրանք ցույց կտամ մի հրատարակչի, գուցե ինքը քեզ խորհուրդներ տա։ Շատ ուրախացա և հենց հաջորդ օրը տարա։ Փառատոնի ավարտի օրն էր, երեկոյան թեթև խնջույքի պես մի բան էին կազմակերպել։ Անկեղծ ասած՝ ես շատ վստահ չէի թե արդյոք կկարողանա՞մ աշխատանքներս ներկայացնելու հարմար պահ գտնել։ Բայց գրախանութի տնօրենն իր խոսքի տերը եղավ՝ ինքը մոտեցավ հրատարակչին ու ներկայացրեց ինձ։ Այդ անվանի հրատարակիչը՝ Ֆրանկ Մարգինը, բոլորի ներկայությամբ բացեց նկարներս, սկսեց նայել ու ասաց, որ շատ է հավանում։ Պատկերացնո՞ւմ եք, ուրախությանս չափ չկար։ Բայց կարծես մինչև վերջ չհավատայի կատարվածին։ Ինքը մի քիչ գինովցած էր, լավ տրամադրությամբ: Ես կարծեցի, թե երևի այդպես է խոսում իմ նկարների մասին, քանի որ տրամադրությունը շատ բարձր է։ Բայց նա հանկարծ ասաց. «Ես շատ հավանեցի քո նկարները, քո ոճը, ինձ թվում է՝ սա համապատասխանում է մի սցենարի։ Ես այն քեզ կուղարկեմ, կարդա, տեսնենք, գուցե համագործակցենք»։ Ի՞նչ ասեմ, ես այդ օրն ուրախությունից  չկարողացա քնել, ուրախությունն ու կասկածները խառնվել էին իրար. անընդհատ մտածում էի՝ իսկ գուցե ուղղակի խոսքե՞ր էին։ Բայց մի քանի օրից նա ուղարկեց սցենարը, ու ես հասկացա, որ ինքը, փաստորեն, ամենևին էլ գինովցած չէր (հեղ. ծիծաղում է)։ «Գլենան» Ֆրանսիայի ամենամեծ հրատարակչություններից է։ Սա երազի պես մի բան էր ինձ համար։  Սցենարը կարդացի, շատ տպավորվեցի պատմությամբ, սկսեցի Պատրիկ Դըվերի մասին որոնումներս համացանցում, ֆիլմեր նայեցի, ինչքան նյութ կար՝ կարդացի ու լսեցի, և արդյունքում շատ սիրեցի այդ մեծ արտիստին։ Նրա ողբերգական մահը, անավարտ մնացած դրամատիկ կյանքն ուղղակի ցնցեցին ինձ։ Համաձայնեցի համագործակցության առաջարկին։  

Երկուսուկես տարի անընդմեջ ես իմ կյանքի ամեն մի օրն անցկացրել եմ Պատրիկ Դըվերի հետ, նա կարծես իմ ընտանիքի անդամն է դարձել, իմ հարազատը։ Գիտեք, ես նրա կյանքը դրվագ առ դրվագ նկարեցի: Ես իմ գրքում տեսա, թե նա ինչպես մահացավ։ Դա մի անբացատրելի պահ է։ Շատ էի հուզվել. ես նրան գտա ու կորցրի։  Կհավատա՞ք, այլևս չեմ կարողանում նրա մասնակցությամբ որևէ հաղորդում նայել։ Ինձ, կարծես, ժամանակ է պետք, որ ընտելանամ նրա կորստի հետ։ Նա այս գրքով ինձ համար նորից ծնվեց ու նորից մահացավ։ 

-Խոսենք  հեղինակ-հրատարակիչ-սցենարիստ համագործակցության մասին: Ձեր աշխատանքում դուք ազա՞տ էիք, թե՞ ձեզնից պահանջվում էր բացառապես համապատասխանել հրատարակչի և սցենարիստի պատկերացումներին։  

-Մենք հրաշալի փոխգործակցություն ենք ունեցել։ Ամեն ինչ անցել է փոխքննարկումների շրջանակում։

Սցենարիստն ընդհանրապես չի խառնվել իմ աշխատանքին, ինչ անում էի՝ ասում էր՝ հրաշալի է։ Իսկ հրատարակիչը շատ հազվադեպ ինչ-ինչ դիտարկումներ է արել։ Ես ինձ ընդհանրապես կաշկանդված չէի զգում ստեղծագործելիս։ Եթե արդեն հավանել են քո ոճը, ուրեմն դու ազատ ես նկարելու քո հերոսին ու պատմությունն այնպես, ինչպես զգում ես։ 

Սցենարիստը՝ Լորան-Ֆրեդերիկ Բոլլեն, հրաշալի էր գրել, ես իսկապես շատ բախտավոր եմ, որ աշխատեցի այդպիսի պրոֆեսիոնալ սցենարիստի հետ։ Առհասարակ, ամեն ինչ հրաշքի էր նման՝ առաջին գիրքը նման դերասանի մասին ու նաև՝ այդպիսի սցենարիստի հետ, ուղղակի անհավատալի հաջողություն էր։ Կովիդի համաճարակի պատճառով գրքի հրատարակումը հետաձգվեց, շատ փառատոների պիտի մասնակցեր գիրքը, բայց բոլոր միջոցառումները չեղարկվեցին։ Հուսահատեցնող էր, որովհետև, գիտեք, դա այն պահն է, երբ ամեն ինչ արել ես, ստեղծագործությունդ վերջապես պիտի լույս աշխարհ գա և հանկարծ այս համաճարակի պատճառով կանգնում է ամեն բան։ Շատ հուսահատված էի, ինձ թվում էր, թե ամեն ինչ փլվում է։ Բայց հենց այդ ժամանակ Հայաստանում սկսվեց պատերազմը, և օրեր անց ես հասկացա, որ կյանքում շատ ավելի սարսափելի բան կա, քան գրքի շնորհանդեսի կամ որևէ միջոցառման չեղարկումն է։ Պատերազմի օրերին գրքիս հետագա ճակատագիրը մի վայրկյանում դարձավ անկարևոր։ Պատերազմն իմաստազրկել էր ամեն ինչ, ես միայն Հայաստանի ու մեր զինվորների մասին էի մտածում։ 

-Գիրքն ի՞նչ տվեց անձամբ ձեզ, ի՞նչ փոխեց ձեր մեջ։

-Սա մի հիասքանչ հնարավորություն էր՝ ավելի լավ ծանոթանալու այդ թվականների ֆրանսիական մշակույթին և ֆիլմոգրաֆիային։ Ես բացահատեցի մի շարք ռեժիսորների՝ Կլոդ Սոտե, Բերտրան Բլիե, Ալան Կորնո, դերասանների՝ Կատրին Դընյով, Սերժ Գենսբուր, Ժերար Դեպարդիե, հայտնի մարդկանց և ոչ այդքան, և, վերջապես, Դըվերին, որն ինձ համար հիմա ամենալավ դերասանն է. տպավորություն է, որ նա երբեք չի խաղում իր դերերում՝ միշտ զգայուն, մի քիչ էլ խոցելի։ Նրա ֆիլմերը (առհասարակ այդ թվականների ֆիլմերը) այսօր էլ շատ արդիական են։ Բացի այդ, նաև տեխնիկապես շատ բան սովորեցի վերջին երկուսուկես տարում։ Ես երբեք այդքան չէի նկարել։ Ես ինքնավստահություն ձեռք բերեցի. գիրքը հրաշալի փորձ և սկիզբ էր ինձ համար։ 

-Այնուամենայնիվ, համաճարակի պայմաններում անգամ գիրքը շատ մեծ արձագանքի արժանացավ։ Ֆրանսիական շատ լրատվամիջոցներ, այդ թվում France 2, France 5 հեռուստաալիքները, «Շառլի Էբդո» երգիծաթերթն ընդգծված հետաքրքրությամբ  և ընդարձակ ներկայացրեցին այն։ 

-Այո, մամուլը մինչև այսօր խոսում է գրքի մասին։ Մեր ստեղծագործական խմբին հրավիրում են տարբեր հարցազրույցների։ Գրքի հրատարակման օրը նոյեմբերի տասներկուսն էր, բայց հրատարակչությունը որոշեց հետաձգել այն, քանի որ համավարակի պատճառով պարզապես անհնար էր հանրային որևէ միջոցառում անել անգամ մի փոքրիկ գրախանութում։ Հետաձգեցինք մինչև հունվարի վեցը։ Նախապես որոշել էինք, որ Պատրիկ Դըվերի որևէ ֆիլմ կցուցադրենք կինոթատրոններից մեկում, որին էլ կհետևեին շնորհանդեսն ու գրքի մակագրությունները։ Բայց դա էլ չեղարկվեց։ Ինձ պարզապես հրավիրեցին տարբեր գրախանութներ, որտեղ ես այցելուների համար մակագրում էի գրքերը։ Հիմա էլ շարունակում եմ այցելել տարբեր գրախանութներ և ընթերցողների, Դըվերի արվեստի երկրպագուների համար գրքեր եմ մակագրում։ Օրերս, օրինակ, Փարիզում էի, որտեղ, ի դեպ, ֆրանսիական «Նուվել դ' Աղմենի» ամսագիրը մեզ շնորհեց իր ամենամյա գրական մրցանակը՝ «Le Trophée littéraire des Nouvelles d'Arménie», որն իսկապես շատ մեծ պատիվ էր։ Գիրքն արժանացել է նաև Ֆրանսիայում շատ հայտնի ռադիո RTL-ի՝ կոմիքսների բնագավառում հունվար ամսվա մրցանակին։ Գրքի վերաբերյալ բազմաթիվ լուսաբանումներ են եղել, դրանցից, թերևս, ամենաակնառուն, երբ հաղորդմանը հյուր էր ֆրանսիացի հայտնի դերասան, Պատրիկ Դըվերի ընկերը՝ Ժերար Դեպարդիեն, և նրա հետ զրույցի ընթացքում տևական ժամանակ մեծ էկրանով ցուցադրվեց մեր գրքի շապիկը՝ Պատրիկ Դըվերի իմ պատկերապատմամբ։ Դա անպատկերացնելի հաջողություն էր մեզ համար։ Իսկ ամենամեծ ուրախությունս այն է, որ մի քանի օր առաջ իմացա, որ գիրքն արդեն վերատպվել է՝ լույս ընծայումից մեկ ամիս անց։ 

-Գիրքն ասես երկու կյանք ունենա՝ այն շրջանը, երբ հեղինակը ստեղծում է այն, և շրջանը, երբ գիրքն արդեն առանձին ապրող մի երևույթ է։ Մինչև գիրքը վերջնականապես չի ստեղծվում, այն կարծես ավելի շատ քեզ է պատկանում, ստեղծելու ընթացքում դու կարծես նրա տերն ես, իսկ հետո, ինչպես երեխային, դու նրան բաց ես թողնում կյանք, և նա սկսում է ապրել նաև ուրիշների համար՝ քեզանից հեռու,  իր առանձին կյանքով։

-Ինչ ճիշտ եք ասում։ Պատրիկ Դըվերն այնքան էր մտել իմ կյանք, որ այսպես ասած այդ «բաժանումը» ես շատ դժվար տարա (ծիծաղում է)։ Իմ կուրսընկերներից շատերը  Դըվերին ընդհանրապես չէին ճանաչում։ Նա մեր ծնողների սերնդից է, ու ես նրանց ստիպում էի, որ նայեն նրա ֆիլմերը։ Կարծես Պատրիկ Դըվերը պատկաներ միայն ինձ ու լավագույն դեպքում՝ իմ սցենարիստին։ Երբ մեկը նրա մասին մի հոդված էր գրում կամ, թեկուզ, ֆեյսբուքում մի ստատուս, հանկարծ ինձ բռնում էի այն մտքի վրա, որ զարմանում եմ, որ նախքան գրելը ոչ ոք իմ կարծիքը չի հարցրել, այ, այդքան տարօրինակ էի դարձել: Ինձ թվում էր՝ ես եմ նրան ստեղծել, բայց դա շատ ծիծաղելի էր, նա գոյություն էր ունեցել ինձնից շատ առաջ, ու ես ընդամենը բախտ էի ունեցել իմ ստեղծագործական կյանքում նրան գտնելու: Մի օր ընկերներիցս մեկն ասաց, որ գիրքս գնել է Նիմ քաղաքից։ Ես այդ քաղաքում երբեք չէի եղել։ Ու այդ պահին հասկացա, որ վերջ՝ գիրքն ինձնից «պոկվեց», այն հիմա ամեն տեղ է՝ իմ տեսադաշտից ու վերահսկողությունից դուրս, նա իր առանձին կյանքն ունի, ու նրա շնորհիվ Պատրիկ Դըվերը նորից մոտեցավ բոլորին, մարդիկ նորից գտան նրան՝ ոմանք՝ առաջին անգամ, ոմանք վերապրեցին իրենց սիրելի դերասանի հետ հանդիպումը։ Ու թեև, ինչպես արդեն ասացի, մի քիչ խանդում էի, այնուամենայնիվ, դա մեծ երջանկություն բերող զգացմունք էր։ 

-Այս գրքի հրատարակումից հետո նոր համագործակցության առաջարկներ կա՞ն։ 

-Մի քանի հետաքրքիր առաջարկ եմ ստացել նույն հրատարակչությունից։ Գիտե՞ք, թեև սա մի մեծ հաջողություն էր, բայց ես ուզում եմ ստեղծել իմ պատմությունները։ Իհարկե, որպես նկարիչ, գրելն ինձ համար շատ ավելի դժվար է, քան նկարելը, բայց ես մեծ ցանկություն ունեմ իմ գիրքը ստեղծելու, որի թե՛ պատմությունը, թե՛ նկարազարդումը իմը կլինի։ Պատկերապատումը տալիս է դրա հնարավորությունը։ Հիմա ես արդեն աշխատում եմ իմ նոր գրքի վրա։ Դըվերի մասին գրքի վրա աշխատելու ժամանակ ես արդեն զուգահեռ գրում էի իմ գիրքը։ Պատմությունն արդեն ավարտել եմ, հիմա մի քանի փորձնական էջեր եմ նկարում, որ ուղարկեմ իմ հրատարակչին, որն էլ հրատարակիչների խորհրդի հետ վերջնական որոշում կկայացնի:

-Կարելի՞ է իմանալ, թե ի՞նչ պատմություն եք ներկայացնում։ 

-Քանի որ հրատարակչության կողմից դեռևս վերջնական հաստատում չունեմ, թռուցիկ կարող եմ ասել՝ թրիլլեր է՝ ոգեշնչված իրական պատմությամբ։ 

-Երբևէ չե՞ք մտածել հայկական որևէ թեմա պատկերաշարի վերածելու մասին՝ դրանով նպաստելով հայկական կրթական նյութերի բովանդակային հարստացմանը։ 

-Հայաստանում պատկերապատումի ոլորտը զարգանում է. Թումոն մեծ գործ է անում այդ ուղղությամբ։ Գիտե՞ք, պատերազմի ժամանակ ես մի առաջարկ ստացա այստեղ ապրող, ծագումով հայ մի սցենարիստից։ Նա ուզում է պատմություն գրել պատերազմի մասին և առաջարկում էր, որ պատկերապատումները ես անեմ։ Պատասխանեցի, որ չեմ կարող անել, քանի որ ինձ թվում է՝ պատրաստ չեմ դրան։ Հետո ինձ շատ մեղավոր էի զգում, մտածում էի՝ կարող էի մի բան անել ու չարեցի։ Բայց ես, իրոք, պատրաստ չէի պատերազմը նորից վերապրել, այդ զգացումը դեռևս շատ թարմ էր, ու ես հասկացա, որ, թեկուզ իմ ստեղծագործության միջոցով, ես նորից չեմ կարող դրա միջով անցնել։ Այս պահին նաև հայկական թեմաներով պատկերապատում եմ ստեղծում «Սեղանի շուրջը»  թերթի համար, Ախթամարի լեգենդի առաջին մասը վերջացրել եմ։ 

-Պատկերագրքերը շատ մեծ հետաքրքրություն են վայելում աշխարհում։ Ես գիտեմ, որ թեև անսպառ են այդ ոլորտի հնարավորությունները, այնուամենայնիվ, մեծ մրցակցություն կա այդ մեծ աշխարհում հայտնվելու և քո սեփական ձեռագիրը հաստատելու ու ճանաչելի դարձնելու համար։ Ի՞նչը կառանձնացնեք որպես այս ոլորտի գլխավոր մարտահրավեր։ 

-Ինձ թվում է ամենակարևորը լավ պատմություն, հետաքրքիր, գրավիչ ասելիք ունենալն է։ Ի՞նչ ես ուզում ասել քո պատմությամբ. սա այն գլխավոր հարցն է, որն ամենաշատն է տանջում հատկապես ուսանողներին։ Կարելի է շատ լավ նկարել, բայց չկարողանալ հետաքրքիր պատմություն ստեղծել։ Իմ կարծիքով՝ դա մեր ոլորտի ամենամեծ մարտահրավերն է։ 

-Երբեմն ընթերցանության մասին շատ դոգմատիկ պատկերացումներ կան, և այդ առումով պատկերապատումները միանշանակ չեն ընդունվում։ Օրինակ, շատ մեծահասակներ կոմիքսների հանդեպ իրենց երեխաների սերը բացատրում են ընթերցանություն չսիրելով։ Ի՞նչ կասեիք նրանց։ 

-Մենք մեր մշակույթում չենք մեծացել պատկերապատման գրքերի հետ, ու մեր վախերը դրանից են։ Դա մտածելակերպի հարց է, ես հակառակը կասեի՝ դրանք զարգացնում են ընթերցողի երևակայությունը։ Ինքս կոմիքսների սիրահար եմ, բայց նաև շատ եմ ընթերցում սովորական գրքեր, ընդ որում՝ ոչ համակարգչով, ոչ հեռախոսով, պարզապես տպագիր գիրք եմ սիրում կարդալ. դրանք իրարից միանգամայն տարբեր հաճույքներ են, կարծես ուղեղդ բոլորովին տարբեր կերպ է կարդում պատկերագիրքն ու սովորական գիրքը։ Երկուսն էլ գրքեր են, ու, կարծում եմ, չպետք է տարանջատել մեկը մյուսից։  

-Արդեն մի քանի տարի է, ինչ Ֆրանսիայում եք սովորում ու ապրում։ Հայաստանի կարոտը հաղթահարե՞լ եք։ 

-Շատ դժվար է։ Իմ մտքում ես անվերջ մի պատկեր ունեմ։ Եղանակը՝ տաք, Երևանը՝ դեղին լույսերի մեջ, ես՝ իմ սիրելի զգեստը հագած՝ քայլում եմ իմ սիրելի փողոցներով, հանդիպում եմ սիրելի մարդկանց։ Միշտ Գեղարվեստի ակադեմիայի մոտից եմ սկսում զբոսանքս։ Կասկադով քայլելիս կարծես բոլոր ընկերներիս հոտն եմ առնում, կարծես իմ բոլոր հարազատ մարդիկ այդ պահին ինձ հանդիպեն, գրկեն, կարծես Երևանի օդն ինձ փաթաթվի։ Գիտեմ, որ կարոտի մասին խոսելիս երևի բոլորն այս նույն բանն են ասում, բայց դա, երևի, նրանից է, որ մենք մեր սերն ու կարոտը տեսնում ենք այդ ամենահասարակ բաների մեջ: Մենք կարոտում ենք այդ հանգստության զգացողությունը, սիրած մարդկանց շատ արագ ու հեշտ տեսնելու հնարավորությունը։ Ամենաշատը կարոտում եմ իմ սիրելի փողոցներն ու մարդկանց, որ անցել ու անցնում են այդ փողոցներով։

 

Զրուցեց Մերի Մուսինյանը 

... ... ... ...