«Յոթ անհետացած ցեղերի» չմոռացված դասը

Միայնակ հնարավոր չէ հառնել ավերակներից

 -Ո՞ր կողմ եք գնում։

-Մենք էլ չգիտենք․․․

 

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերայնացված ընթերցանություն ժանրի բեմադրությունները մշտապես նորության ու անակնկալի տարր ունեն:

Ղոթբեդին Սադեղիի «Յոթ անհետացած ցեղերը» (թարգմանիչ՝ Գևորգ Ասատրյան, դերասանների հետ աշխատանքը՝ Տաթև Ղազարյանի) ևս նման ու տարբեր է նախորդ բեմականացումներից։

Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին է նվիրված իրանցի թատերագիր, ռեժիսոր, արվեստագիտության դոկտոր Ղոթբեդին Սադեղիի պիեսի ընտրությունը։ Պատմական իրադարձությունների հիմքով գրված «Յոթ անհետացած ցեղերն» առաջին անգամ բեմադրել է հեղինակը, 2011 թվականին, Թեհրանում։

«Յոթ անհետացած ցեղեր» պիեսում դրամատուրգն ազգի ողբերգությունը, երբ մոնղոլ-թաթարների արշավանքների արդյունքում ավերվել են Իրանի հարյուրավոր քաղաքներ, կոտորվել ու ստրկության է տարվել վեց միլիոն մարդ, և ավերածությունը մարդկանց հոգիներում էր ու ամենուրեք, քննում է անհատի մակարդակում։ Դրամատուրգի ոճը վերամբարձ-բանաստեղծական է, խոհական, բանավիճային։

Մեկ ժամ տասը րոպե, Համազգային թատրոնի բեմի վրա շուրջանակի նստած հանդիսատեսի առջև, հանդիսականի շրջանակի մեջ, թատրոնի դերասանները իրանցի ու մոնղոլ են ներկայանում, վիճում, պայքարում, փիլիսոփայում՝ կյանքի իրավունքի համար։

Ուրվականների որջ այս մոխրացած երկրում, երբ ցորենի փոխարեն առվույտ են ցանում՝ թշնամու համար, բոլորն են մենակ, վիրավոր, անզեն, և՛ տեղացիները, և՛ մոնղոլները։ 

Ստեփան Ղամբարյանը, Միշա Հակոբյանը, Նարեկ Բաղդասարյանը, Վարշամ Գևորգյանը Սերգեյ Թովմասյանը, Սարգիս Ռուստամյանը, Հայկ Պետրոսյանը, Կորյուն Բուդուրյանը, Լուսինե Մանուկյանը, Հարություն Սարգսյանը թաթար զինվոր են, անցորդ, խաշնարած, վաճառական, զինվորական, իմաստուն, ծաղրածու, գրագիր։

Ավերակված, մոխրացած երկրի ամայության տափաստաններում իրար դիմաց են դուրս գալիս մի քանի տեղացի և երկու անզեն մոնղոլ։ Իրանցի հեղինակը ցույց է տալիս թե սահմանային այս իրադրության մեջ ինչպես է իրեն դրսևորելու մարդը՝ տոկալու է, կորցնելու, թե՞ վերագտնելու։

Մոնղոլները՝ վստահ, որ «սարսափը խոնարհության անմոռաց դասեր է տալիս», թվաքանակով գերազանցող թշնամուն գերեվարում ու շղթայում են՝ նրանց շուրջն ընդամենն ավազե շրջանակ գծելով։ Իրադրության աբսուրդն ու ողբերգականությունը խտացնում է պայմանը՝ կփրկվի նա, ով կգտնի «որոնք են պարտված ժողովրդին իշխելու լավագույն միջոցները» հարցի պատասխանը։

Եվ մարդիկ, որ մտածում են, թե «մորմոքից զատ այլ ճանապարհ» չկա, գերի են դառնում անզեն թշնամու գծած ավազե, երևակայական շրջանակին․ «մոնղոլներն են մեզ շղթայել»։ Նրանք գծած շրջանից ոտքները դուրս դնելու փորձ անգամ չեն անում, թեև հինգից մեկը՝ խեղկատակը (Նարեկ Բաղդասարյան), ամենասուր բառերով ձաղկում է բախտակիցներին, համոզում է փախչելով փրկվել, դուրս գալ վախի ներքին շրջանակից։ Ի վերջո, մոնղոլներն իրենց դեգերումների մեջ կրկին հանդիպում են «շրջանակված» մարդկանց և սպանում բոլորին, թողություն տալով միայն խեղկատակին։

Արհեստական էր մեկ հոգու փրկվելը՝ խոսքով, թե գիտությամբ։ Խեղկատակը չէր կարող նաև փախչելով հեռանալ, և նրա բացատրությունը (իր գնալով մյուսներին կվնասեր) ընդամենն ինքնարդարացում է։

Միայնակ հնարավոր չէ փրկվել, չլինել անհետացած ութերորդը։ Իրանցի հեղինակի գործում ոչ մեկը չի փրկվում, ներկայացման՝ լավատեսություն ակնարկող վերջաբանը հայ բեմադրիչների տարբերակն է։

Իսկ ընդհանրապես, ներկայացմանը զուգահեռ կարելի էր տրվել սևամաղձության, հատկապես որ տեքստում հայկական իրականությանն աղերսներն ակնառու էին՝ նզովյալ ցեղը մորեխի նման, մեծ շեղաչք, եթե ձեր մեղքերը մեծ չլինեին․․․ Կամ հետևյալ միտքը՝ «երկիր կործանելու համար գործը վստահիր դավաճաններին ու անփորձներին»։ Ներկայացման մեջ անփորձների արածը կատարված փաստ էր. փողի համար հովիվը դավաճանել էր ընկերներին, երկիրը լքող զույգն էլ չգիտեր՝ ուր էր գնալու։

Պետք չէ տրվել մելամաղձության։ Իրանցի ժամանակակից դրամատուրգի պիեսը զուգահեռվում է Վիլյամ Սարոյանի (մեր ամենամեծ հայը Ամերիկայում) «70 հազար ասորի», «Խեղճուկրակ արաբը» գործերի հետ։ Միակ իրական զուգահեռն այն էր, որ ներկայացման ամբողջ ընթացքում պահ-պահ թևածում էր Սարոյանի մի տողը «իմ հայրենիքի, Հայաստանի համար տխրությունն այնպես էր պատել ինձ»․․․

«Յոթ անհետացած ցեղեր» պիեսում չփրկեց իմաստությունը, ոսկին, երիտասարդ լինելը, մեկ զինվորի թուրը։

Միայնակ հնարավոր չէ հառնել ավերակներից։

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ

 

 

 

 

 

՝  

 

 

... ... ...