«Հաղպատ». Սերգեյ Փարաջանովի սցենարական մշակումը

Փարաջանովի ծննդյան օրն է՝ 97-ամյակը: Նրա մոգական արվեստի լույսը, կինոպոեզիան ու կատարելությունը շարունակում է մեզ հիշեցնել գեղեցիկի ու ազատության այն առասպելը որ Սերգեյ Փարաջանով անունն էր կրում: Նա աշխարհի ամենափակ երկրներից մեկում ապրեց այնքան ազատ ու  արժանապատիվ, որ կարողացավ ջնջել փակ սահմանները: Նրա հանճարեղ գլխում ամեն օր ծնվում ու անհավատալի գեղեցիկ կերպավորում էին ստանում տիեզերքից եկող ազդակները: Իր ստեղծագործական լավագույն տարիները ավելի շատ բանտերում, քան նկարահանման հրապարակում անցկացրած կինոմոգը շատ անավարտ ծրագրեր ու նախագծեր թողեց: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում Փարաջանովի սցենարական մշակումներից մեկը՝ «Հաղպատը»:

 

 

                                                                     Հաղպատ

 

Մարդու աշխատանքով...Մարդու ձեռքերով և երևի թե, Աստծու ողորմածությամբ եղավ չտեսնված բերքահավաք այն ամենի, որ ծնում է հողն հայոց... Հաղպատի վանականները, փարաջաների քղանցքները վեր պահած, մերկացնելով և լվանալով իրենց սպիտակ ոտքերը, կանգնած էին քարե կիսատակառների մեջ և ռիթմիկ, մեկի պես, ճզմում էին խաղողը...

Դեղին կալատեղում սպիտակ եզները լարում էին վզերը, քարշ էին տալիս լուծն ու սևազգեստ վանականներին: Սևազգեստ վանականները շաղված ծղոտի ոսկով, գոռում էին սպիտակ եզների վրա, և ամեն ինչ շուրջը պտտվում ու պտտվում էր...

Վանականները պտտացնում էին քարը: Սեղանատանը հոսում էր թափանցիկ յուղը: Ճռռում էին քարերը, տնքում էին վանականները...

Եվ հողից, ուր ննջում է կաթողիկոսների աճյունը, հողից, որի մեջ թաղված են  գինու կիսատակառները, դժվարությամբ դուրս են գալիս նեղլիկ բերաններից մեկը մյուսի ետքից սևազգեստ վանականները՝ պատրաստելով սպասքը յուղի և գինու համար...

Եվ երևի թե Աստծու ողորմածությամբ և մարդու ողորմածությամբ այստեղ Հաղպատ եկավ Մարդը հուսալի...

«Քար սիրի... Խուց սիրի...»:

Եվ նրան՝ Մարդուն է միայն թույլ տրված այսօր Հաղպատի տաճարում... ՀՈԻՂԱՐԿԱՎՈՐԵԼ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ... ՊՍԱԿԵԼ... ԿՆՔԵԼ...  Եվ  մարդը երգում է:

Վանականները տրորում են խաղողը: Հոսում է գինին...

Պտտվում է կալատեղը...

Մարդը երգում է... Մարդը վանական է... Վանական Սայաթ-Նովա անվամբ:

Գիշերը Հաղպատի վանք այցելում է ավելի ուշ, քան՝ հովիտ:

Անդրշիրիմյան լռությունը խախտում է միայն աղբյուրը:Եվ մթության մեջ Հաղպատի պատերի վրայով սահում են սևազգեստ վանականները...

Նրանք  կիպ կպչում են Հաղպատի քարե պատերին և լուռ սպասում են: Լուռ սպասում են լուսնի ելնելուն: Միայն այնժամ, երբ ելնի լուսինը, Սայաթ-Նովան կտեսնի, որ վանականները տաշում են բազալտի հաստ քարի մեջ պաճուճագեղ, անկրկնելի իրենց խաչքարը:

Եվ հանկարծ վրա պրծած մրրիկը տրորում է նրանց հագուստը, պատառոտում այն:

Բայց քամու տակ են կուռքերի պես կանգնած  վանականները: Միայնակ երկրի երեսին...

Իսկ մյուսները Հաղպատի գմբեթի տակ, տաշում, տաշում են խաչքարը: Եվ Սուրբ Սարգսի այդ գիշերը, երբ սև ամպի ետևում անհետեց լուսինը, սև նժույգի վրա հայտնվեց վանականը... Նա հաղորդեց Հաղպատում թաղվելու կաթողիկոսի կամքի մասին: Վանականները լուռ համբուրում էին իրենց խաչքարերը, ինչ-որ բան էին շշնջում, շշնջում, շշնջում: Եվ բոլորը մեկի պես փորձում էին շրջել նստվածք տված քարը վանքի քարե հատակում... Տքնում էին  վանականները:

Զրնգում էր աղբյուրը:

Սայաթ-Նովան կանգնել էր կաթողիկոսի փորված գերեզմանի մոտ: Սայաթ-Նովան տեսավ հրաշքը: Սայաթ-Նովան խաչակնքվեց: Տաճար մտավ ամպը: Այն դիպավ գմբեթին, պտտվեց ու տաճարից դուրս թռավ քամու տակ...

Եվ մի ակնթարթում տաճարի բոլոր դռներից սողաց մշուշը... Շուրջն ամեն ինչ անհետացավ՝ վանականները, զոհարանները և գմբեթները...

Սարերում թնդում էին ամպրոպները... Շողում էին կայծակները և թնդյունով փշրվում էին լեռները վազող հոտերի տակ...

Գոռում էին հովիվները: Եվ թաց սպիտակ վազող մորթին բառաչելով վազում  էր տաճար, լցնում էր զոհարանն ու խցերը և ելնում էր վեր առ երգչախմբերը... Եվ մայունով.

բ...է...է...է...է...

...տապալվում էր փորված գերեզմանի մեջ:

Կաթողիկոսի փորված գերեզմանում կանգնած էր ոչխարներով պատված, մոլորված Սայաթ-Նովան...

Նրա երևակայության մեջ կաթողիկոսի մահառաջ ձեռքը թողնում էր գավազանը քարե սալիկների վրա...

Զրնգում էր ոսկին...

Շողում էին քարերը...

Փշուր-փշուր էր լինում փղոսկրը:

Եվ կաթողիկոսի ձեռքից ընկած գավազանը դրոշմվում էր Հաղպատի քարերի վրա ... դրոշմվում էր ընդմիշտ:

...Քեզ հագցրեց երկնային ձյունը