«Կինոարվեստի մասին» օրենքի նախագիծ, որը հեղափոխական է և ժամանակակից

Այն նպատակ ունի նպաստել կինոարտադրության անկախացմանը

8 ամիս տևած աշխատանքներից հետո ««Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը» հանրային քննարկման է ներկայացրել Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրամի ստեղծած աշխատանքային խմբի մշակած «Կինոարվեստի մասին» օրենքի նախագծի առաջին տարբերակը: Սեպտեմբերի 15-ից հետո աշխատանքային խումբը կամփոփի քննարկման արդյունքները և մի քանի ֆոկուս-խմբային շնորհանդեսների միջոցով կամբողջացնի դիտողությունների և առաջարկությունների մշակումը: Արդեն հոկտեմբերին նախագծի լրամշակված տարբերակը կքննարկվի միջազգային փորձագետների հետ: Աշխատանքային խմբի համակարգող Արայիկ Մանուկյանը ներկայացնում է նախագծի ստեղծման պատմությունը:

 

Օրենքի ստեղծմանն առաջին անգամ մասնակցել են պրոֆեսիոնալ իրավաբաններ

Անցած 30 տարվա ընթացքում կինոյի մասին օրենք ստեղծելու փորձեր բազմիցս են եղել, սակայն տարբեր պատճառներով այն չի ստեղծվել:Կարծում եմ, որ նախևառաջ չի եղել կինոարտադրության ոլորտը կարգավորելու քաղաքական կամք, հատկապես պետական ֆինանսավորման հարցն է. բոլորս գիտենք, թե ինչ կոռուպցիոն սխեմաներ են գործել տարբեր ժամանակներում և ինչ գումարներ են յուրացվել կինոարտադրության անվան տակ:

Նոր իշխանությունն այդ կամքն արտահայտեց: Կինոյի մասին օրենքի առկայությունը կարևոր է նաև ԵՄ հետ համագործակցության, մասնավորապես՝  Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում, որովհետև Հայաստանը միացել է մշակույթի, բայց ոչ՝ մեդիայի բաղադրիչին: Իսկ մեդիայի բաղադրիչը շատ մեծ, գրեթե անսահմանափակ հնարավորություններ է տալու Հայաստանի կինոարտադրողներին: Մեդիայի բաղադրիչին միանալու երկու պարտադիր պայմաններն են՝ կինոյի և հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքների առկայությունը:

Մեր խումբն օրինագծի վրա աշխատանքը սկսել է հունվարից: ԵՄ ֆինանսական աջակցությունը թույլ տվեց առաջին անգամ պրոֆեսիոնալներին վճարել օրինագծի մշակման համար: Օրենքը պիտի ստեղծեն, մշակեն պրոֆեսիոնալ իրավաբանական ընկերությունները: Առ այսօր եղած օրենքի նախագծերը հիմնականում գրվել են սիրողական մակարդակով:

Առաջին անգամ էր, որ մենք կարող էինք վճարել նաև միջազգային պրոֆեսիոնալ փորձագետների, որպեսզի նրանք էլ մասնակցեն խորհրդատվությամբ:

Մեր աշխատանքային խմբի ղեկավարն է Սուսաննա Հարությունյանը, որը Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչն է և տարիներ շարունակ աշխատել է նրանց փորձագետների հետ: Որպես փորձագետներ ընդգրկել ենք նաև պրոդյուսերներ Ինա Սահակյանին և Մելիք Կարապետյանին: Թե Ինան, թե Մելիքը մեծ փորձառություն ունեն: Ինա Սահակյանը նաև Հայաստանի ամենաարդյունավետ աշխատող պրոդյուսերներից է, միակ ներկայացուցիչը, որի նախագիծը Եվրիմաժի կողմից արժանացել է ամբողջական ֆինանսավորման: Այսինքն մեր փորձագետները մեծ և իրական փորձ ունեն աշխատելու միջազգային կառույցների հետ, համատեղ արտադրություններում  և լավագույնս ծանոթ են միջազգային օրենսդրությանը: Իրավաբանական ընկերություններից ընտրել ենք «Տեր-Տաճատյան» իրավաբանական խմբին, որի ներկայացուցիչներից Անդրանիկ Վահանյանը կինոոլորտի որակավորված մասնագետ է, նաև՝ «Լեգալ Լաբ» իրավաբանական ընկերության հիմնադիրներից Նարեկ Աշուղաթոյանին, որը մասնագիտացած է հատկապես մշակութային օրենսդրության ոլորտում: Աշխատանքի ընթացքում իրականացրել ենք նաև երկու միջազգային փորձաքննություն:

 

Հեղափոխական օրինագիծ է

Օրենքի նախագիծը շարադրվել է զրոյից: Այն իր փիլիսոփայությամբ հեղափոխական է, որովհետև փորձում ենք հաշվի առնել Հայաստանում կինոարտադրության և կինոյի զարգացման բոլոր հնարավոր ուղղությունները: Ավելին՝ փորձել ենք բոլոր նախադրյալները ստեղծել կինոարտադրությունն առավելագույն անկախ դարձնելու համար: Այն չպետք է կախված լինի պետության քաղաքական որոշումներից: Օրենքի նախագծում կան այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ձևավորել անկախ մարմիններ և դրանց միջոցով բաշխել պետական ֆինանսավորումը այնպես՝ որ չլինեն պետության միջոցները փոշիացնող սխեմաներ:

Նախագիծը թույլ կտա ներգրավել նաև այլ միջոցներ հիմնադրամի միջոցով, որպեսզի կինոարտադրությունը Հայաստանում զարգանա: Առաջին անգամ տրվում են նաև կինոյի հանրայնացման լայն հնարավորություններ:

 

Օրենքը կբացառի կոռուպցիոն մեխանզիմները

Շատ մարդիկ նեղվում են, որ ոլորտը կարող է կարգավորվել, որ կինոոլորտը մտնում է օրենքի դաշտ և իրենց իմացած կոռուպցիոն սխեմաներն այլևս հնարավոր չի լինի կիրառել: Ոմանք փորձում են այլ իմիջով հանդես գալ, թե իբր օրենք ընդհանրապես պետք չէ, որ օրենքով չէ, որ լավ ֆիլմ պետք է նկարահանվի և այլն:

Օրենքը պետք է հարաբերությունները կարգավորելու նպատակով: Երկրորդ՝ այն պետք է եվրոպական շուկայի և Եվրոպական միության պահանջներին համընթաց քայլելու համար: Շատերը հարցնում են`արդյո՞ք օրենք է պետք լավ կինո նկարահանելու համար: Իհարկե, ոʹչ. տաղանդ և շնորհք է պետք: Եթե տաղանդ չունեք, անգամ ամենալավ օրենքը չի փրկի՝ լավ կինո չի ստացվելու: Սակայն օրենքը թույլ է տալու կարգավորել ոլորտը, հավասար պայմաններ ստեղծել զարգացման համար: Նաև համատեղ արտադրությունների համար շատ հստակ կարգավորումներ ստեղծել, որովհետև այսօր նույնիսկ ամենահարուստ երկրների կինոն անհնար է պատկերացնել առանց համատեղ արտադրության, իսկ Հայաստանի նման երկրները՝ առավել ևս:

Օրենքը նաև թույլ է տալու, որ բոլորը մտնեն, թող ներվի ասել՝ գրագիտության դաշտ, որովհետև պետք է կարողանան աշխատել այնպես, ինչպես եվրոպական կինոարտադրողները, այդ թվում՝ սցենարներ ընտրելիս, փաստաթղթային հարցեր լուծելիս և այլն: Պետք է կարողանալ աշխատել եվրոպական չափորոշիչներով, որպեսզի հնարավոր լինի գործակցել եվրոպական հիմնադրամների, եվրոպական շուկայի հետ: Եվրոպական կինոոլորտում շատ մեծ գումարներ կան. մենք դրանից չենք կարողանում օգտվել, որովհետև պակասում է գրագիտությունը: Օրենքը գալու է լրացնելու նաև այդ բացը:

 

Ազգային կինոարվեստի ինստիտուտը կնպաստի կինոարտադրության անկախացմանը

Հայաստանյան կինոարտադրության ոլորտում այսօր երկու կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են ոլորտի համակարգմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Հայք» կինոստուդիան: Երկուսն էլ ՊՈԱԿ-ներ են: Հատկանշական է, որ Եվրոպայում նման կառույցները հիմնականում հիմնադրամներ են, որոնք ունեն նաև այլ միջոցներ ներգրավելու հնարավորություններ: Հենց դրանով էլ պայմանավորված՝ ավելի մեծ անկախություն ունեն: Նախագծի տեսլականով՝ եղած կառույցների միաձուլման շնորհիվ կձևավորվի նոր կառույց, որը մենք կոչել ենք Ազգային կինոարվեստի ինստիտուտ: Իրավական կարգավիճակով այն կլինի հիմնադրամ և կունենա ավելի մեծ ազատություն՝ բացի պետական ֆինանսավորումից ներգրավելու նաև այլ միջոցներ: Հիմնադրամի կառուցվածքը թույլ է տալիս նաև ավելի անկախ լինել և չլինել մշակույթի նախարարության ենթական: Իհարկե, նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում կունենա իր ներկայացուցիչը: Նախատեսում ենք, որ ներկայացուցիչ կլինի նաև ֆինանսական գերատեսչության կողմից: Սակայն հոգաբարձուների խորհրդի կազմի, տնօրենի ընտրության գործընթացի, նրանց լիազորությունների այնպիսի մեխանզիմներ են մշակված, որոնք թույլ են տալու աշխատել բաց, թափանցիկ և միաժամանակ անկախ լինել պետությունից, որպեսզի եղած միջոցները ավելի ճիշտ տնօրինելու հնարավորություն լինի:

 

Պետության ֆինանսավորմամբ ստեղծված կինոն արտոնություններ կունենա կինոթատրոններում ցուցադրվելիս

Բազմաթիվ երկրներում պետության ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմերը ընդհանուր տրամաբանություն ունեն: Դա այն կինոն է, որն իր բնույթով, էությամբ կոմերցիոն չէ, որը, սակայն չի նշանակում, որ հնարավոր չէ այդ կինոյի կապիտալիզացիան: Բոլոր պետություններն ձգտում են, որ այդ կինոն ունենա լայն տարածում, մեծ հասանելիություն, որպեսզի մարդիկ կարողանան այն դիտել: Դա մրցակցային որևէ խնդիր չի առաջացնում մյուսների հետ, որովհետև նրանք ունեն զուտ կոմերցիոն նպատակներ, իսկ այս տեսակի կինոն ունի ոչ միայն այդ խնդիրը:

Եվրոպայում և ամբողջ աշխարհում տրամադրվում են տարբեր արտոնություններ, որպեսզի այդ կինոն ավելի շատ կարողանա ցուցադրվել կինոթատրոններում: Ենթադրելի է, որ կինոթատրոնները չպետք է ուզենան ցուցադրել ֆիլմեր, որոնք շատ եկամուտներ չեն  կարող բերել: Հենց դրանով է նաև օրենքը հեղափոխական՝ հարկային և ֆինանսական քաղաքականության դաշտում ստեղծվում են պայմաններ այս կինոն տարածելու ուղղությամբ:

 

Հանրային հեռուստատեսությունը կմասնակցի ֆիլմերի ստեղծմանը

Մենք առաջին անգամ օրենքում անդրադարձ ենք կատարել Հանրային հեռուստատեսությանը, որի մասնակցությունը ֆիլմարտադրությունում շատ կարևոր խնդիր է: Սա արվում է բոլոր եվրոպական երկրներում ու անգամ շատ երկրներում պարտադրվում է օրենքով: Մենք, օրինակ, շատ ենք հիանում BBC-ի ֆիլմերով: Նրանք, ըստ էության, հենց այդ ճանապարհով են ստեղծված: Իհարկե, մենք ունենք մի նրբություն. մեր Հանրային հեռուստատեսությունը նույնպես ամբողջությամբ պետության կողմից է ֆինանսավորվում, իսկ այլ երկրներում դրանք ունեն նաև այլ միջոցներ: Բայց այս փուլում մենք կարևորում  ենք ոչ այնքան կոնկրետ ֆինանսական ներդրումը Հանրային հեռուստատեսության կողմից, որքան մոդելի ներդրումը: Ուզում ենք, որ Հանրայինը ներդրում ունենա՝ թեկուզ շատ փոքրիկ և ունենա ֆիլմեր, որոնք հեռուստաընկերությունը կարող է ցուցադրել: Մենք ուզում ենք, որ մշակույթը, մոդելը մտնի մեր կինոոլորտ, ինչը, բնականաբար, հետագայում կնպաստի նաև ներդրումների հոսքին: Սա օգտակար կլինի հենց հեռուստաընկերության համար: