«Ընդմիշտ Մերիլին»

Մերիլին Մոնրոյի բացառիկ հարցազրույցը, 1962թ.

1962 թվականի հուլիսի 4-ին, Մերիլին Մոնրոն հարցազրույց է տվել «Լայֆ» ամսագրի թղթակից Ռիչարդ Մերիմենին, որը լույս է տեսել օգոստոսի 3-ին՝ նրա մահվանից երկու օր առաջ: Այս հանդիպումը տեղի է ունեցել լոսանջելեսյան նրա առանձնատանը և տևել է 6 ժամից փոքր-ինչ ավելի: Զրույցի ընթացքում լուսանկարիչ Ալան Գրանտը մի քանի լուսանկար է արել, որտեղ Մերիլինը ուրախ ու երջանիկ է թվում, իսկ մի քանի օր անց Ռիչարդը հանձնել է նրան զրույցի սղագրությունը:

Ֆրանսիական overblog -ն անդրադարձել է այդ փաստին՝ իր «Ընդմիշտ Մերիլին» հոդվածում ներկայացնելով նրա 1962 թվականի վերջին ամբողջական հարցազրույցի ֆրանսերեն թարգմանությունը, որը հատվածաբար ներկայացնում ենք «ArtCollage»-ի ընթերցողին:    

«Ժամանակ առ ժամանակ, վերցնում եմ շարֆս, վերարկուս գցում վրաս, առանց շպարի, դուրս եմ գալիս խանութներով շրջելու, կամ հենց այնպես մարդկանց նայելու ու հետևում եմ իմ վարքին: Չնայած դրան, միշտ էլ հայտնվում է մի տղա, որը մյուսներից ավելի ուշիմ է գտնվում ու ասում իր ընկերոջը. «Մի րոպե, գիտե՞ս, թե ով է նա:» Եվ անմիջապես սկսում են հետևիցս գալ։ Ըստ էության, ինձ համար միևնույն է։ Ես հասկանում եմ. շատ լավ է, որ մարդիկ ուզում են համոզվել, որ դուք իրական եք: Պետք է միայն տեսնել նրանց՝ այդ տղաներին, նույնիսկ մանուկներին. նրանց դեմքերը պայծառանում են, նրանք ասում են. «Այ քեզ բան» և վազում են պատմելու այդ մասին իրենց մտերիմներին։ Իսկ մեծահասակները մոտենում են ինձ ու ասում. «Սպասե՛ք մի պահ, կնոջս տեղյակ պահեմ»: Դուք փոխեցիք նրանց ամբողջ օրը: Շատ վաղ առավոտյան, երբ ես տնից դուրս եմ գալիս և հանդիպում 57-րդ փողոցի աղբահաններին, նրանք միշտ ինձ ասում են. «Ողջույն, Մերիլին: Այս առավոտ գործերդ ո՞նց են»: 

Ինձ համար սա պատիվ է ու դրա համար էլ սիրում եմ նրանց: Երբ ես անցնում եմ, բանվորները սկսում են սուլել: Սկզբում, որովհետև նրանք մտածում են. «Նայի՛ր, թե ինչ շիկահեր աղջիկ է՝ լավիկն է», իսկ հետո, երբ հանկարծ հասկանում են, սկսում են բղավել. «Աստվա՜ծ իմ, բայց սա Մերիլին Մոնրոն է»: Այսպիսով, ինչպես տեսնում եք, լինում են պահեր, երբ ես ուրախությամբ ինքս ինձ խոստովանում եմ, որ բոլոր այս մարդիկ գիտեն, թե ես ով եմ»:

Հաստատ չգիտեմ, թե ինչու, բայց վստահ եմ, որ նրանք հասկանում են, որ ես ամբոողջովին տրվում եմ այն բանին, ինչը անում եմ՝ և՛ էկրանին, և՛ փողոցում, ու երբ որ ես նրանց ասում եմ. «Բարի օր» կամ «Ինչպե՞ս եք»: Նրանց գլխում մի միտք է պտտվում. «Հրաշալի է, ես հանդիպեցի Մերիլինին։ Եվ նա բարևեց ինձ»:    

Միայն, մի բան կա. երբ հռչակ ունես, ապա բախվում ես մարդկային բուն էությանը: Նախանձը միշտ կրնկակոխ հետևում է նշանավոր մարդուն: Նրանց թվում է, թե իմ հայտնի լինելը նրանց՝ ինձ մոտենալու և իմ հասցեին իրենց մտքով անցած բաներն ասելու իրավունք է տալիս: Բայց ես չեմ վիրավորվում դրանից: 

Վերցնենք, օրինակ, որոշ դերասանների, կամ բեմադրող ռեժիսորների։ Եթե նրանք ուզում են կշտամբել ինձ ինչ-որ բանի համար, ապա երբեք այդ մասին չեն ասում անձամբ ինձ, այլ անում են լրագրողների միջոցով, որովհետև այդ դեպքում բարձրացած աղմուկն ավելի մեծ կլինի: Եթե նրանք գան ինձ վիրավորելու, ապա դա անհետևանք կմնա՝ ես ընդամենը դուրս կանեմ նրանց: Բայց եթե նրանք այդ մասին պատմեն լրագրողներին, ապա լուրը կտարածվի ամբողջ երկրով մեկ, հետո աշխարհով մեկ, և նրանք կգոհանան: Չեմ հասկանում, ինչու մարդիկ չեն կարող իրար հանդեպ մի քիչ ավելի մեծահոգի լինել։ Արդեն հոգնել եմ կրկնելուց, բայց, ըստ իս, այս մասնագիտության մեջ շատ խանդ կա: Չգիտեմ, կարող է կարդացել եք, թե մի դերասան ինչ է ասել իմ հասցեին: Նա պնդում էր, իբր ինձ համբուրելը նույնն է, թե համբուրել Հիտլերին: Վերջին հաշվով, դա նրա գործն է: (Խոսքը Թոնի Կյորտիսի մասին է, որը «Ջազում միայն աղջիկներ են» կինոնկարում Մոնրոյի զուգընկերն էր: Համբույրի տեսարանը նկարահանվել է 42-րդ դուբլից):

Մշտապես խոսում են այն մասին, որ շատ դերասաններ բեմական վախ են զգում: Բայց երբ որ ես ասացի իմ ուսուցիչ Լի Ստրասբերգին. «Չգիտեմ, ինչ է կատարվում ինձ հետ, ես ինձ մի քիչ դյուրագրգիռ եմ զգում», նա պատասխանեց. «Այն օրը, երբ դու դադարես նյարդայնանալ, պետք է թողնես արհեստդ: Հենց այդ նյարդայնությունն է ապացուցում, որ դու զգայուն ես»:

Կա մի բան, որը շատ քչերն են ըմբռնում։ Սա հավերժական պայքարն է, որը յուրաքանչյուր դերասան պետք է մղի սեփական ամաչկոտության դեմ։ Մեր ներսում կա մի ձայն, որը հուշում է մեզ, թե որքան հեռու կարող ենք գնալ: Կարելի է պատկերացնել, որ բավական է գալ նկարահանման հրապարակ և անել այն, ինչ պետք է անել, ճիշտ այնպես, երբ երեխան կանգ է առնում, եթե խաղալիս շատ հեռու է գնում: Բայց դա իսկական պայքար է, որը մենք պետք է շարունակենք ինքներս մեզ հետ: Ես միշտ ցավագին ամաչկոտ եմ եղել: Իրոք, ես պետք է պայքարեմ:

Դերասանը մեքենա չէ, այլ արարող է և առաջին հերթին՝ մարդկային էակ է: Եվ մարդ լինելով նա զգում է, տառապում, մերթ ուրախ է, մերթ հիվանդ: Ինչպես բոլոր ստեղծարար էակները, ես կցանկանայի ավելի շատ վերահսկողություն ունենալ ինձ վրա: Ես կցանկանայի, որ ինձ համար ռեժիսորին ենթարկվելն ավելի հեշտ լիներ։ Երբ նա ինձ ասում է. «Մի կաթիլ արցունք՝ հենց հիմա», ես ուզում եմ, որ այդ արցունքը միանգամից թափվի և ամեն ինչ ավարտված լինի:

Բայց մի անգամ առաջին արցունքին հաջորդեցին ևս երկուսը, որովհետև ես հարցրեցի ինքս ինձ. «Ինչպես է նա համարձակվում ինձ նման բան խնդրել»: Գիտե՞ք, թե ինչ էր ասում Գյոթեն: Նա ասում էր. «Տաղանդը սնուցվում է միայնության մեջ», և դա իրոք այդպես է: Մարդիկ չեն հասկանում, որ դերասանին պետք է երբեմն միայնակ մնալ: Երբ խաղում ենք, դա թեթևակի նման է այն բանին, թե թույլ տանք, որ մարդիկ կարճ ժամանակով կիսեն մեր ինտիմ գաղտնիքներից մի քանիսը: Ուստի պետք է կարողանանք միայնակ լինել, երբ մենք բեմում չենք։

Ես երբեք ինձ վաճառվող կամ գնվող ապրանք չեմ համարել: Մյուս կողմից, կան որոշ մարդիկ, ովքեր երբեք ինձ այլ կերպ չեն ընկալել, ներառյալ որոշ ընկերություն, որի անունն ես չեմ բարձրաձայնի: …Իհարկե, սա մարդկանցից է կախված, բայց երբեմն ինձ հրավիրում են ինչ-որ մի տեղ, որևէ ընթրիք ավելի լավը դարձնելու նպատակով՝ ինչպես երաժշտի, ով ճաշից հետո դաշնամուր է նվագելու։ Ես միշտ գիտակցում եմ, որ ինձ չեն հրավիրում հենց ինձ իմ համար, որ ես ընդամենը զարդարանք եմ:

Երբ ես փոքր էի, ինձ որդեգրած որոշ ընտանիքներ ինձ ուղարկում էին կինոթատրոն, որպեսզի ես իրենց չխանգարեմ։ Ես նստում էի առաջին շարքում և անցկացնում էի այնտեղ ամբողջ օրը և երեկոյի մեծ մասը: Փոքրիկ աղջիկ մեն-մենակ կանգնած հսկայական էկրանի դիմաց, ու ես դա սիրում էի: Սիրում էի այդ բոլոր տղամարդկանց և կանանց, ովքեր շարժվում էին իմ առջև, իմ ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, իսկ ես նույնիսկ մաստակ չունեի:

Երբ ես տարիքով ավելի մեծ էի, հաճախ այցելում էի Գրաումանի չինական թատրոնը՝ թատրոն Լոս Անջելեսում, որտեղ մեծ կինոաստղերը, երբ նրանք հռչակվում են, գալիս են իրենց մերկ ոտնաթաթերի հետքերը դրոշմելու թաց ցեմենտի մեջ: Ես ոտքս դնում էի դրանց մեջ և ասում ինքս ինձ. « Օ՜, այն չափազանց մեծ է: Խեղճ աղջիկ, քո հերթը երբեք չի գա»: Սա իրոք տարօրինակ տպավորություն թողեց ինձ վրա այն ժամանակ, երբ մեկընդմիշտ դրոշմեցի հետքերս: Հենց այդ օրն էլ ես հասկացա, որ անհնարին ոչինչ չկա։

Դերասանուհի դառնալը դժվար է, և այս մասնագիտությանը բնորոշ ստեղծագործական մասն էր, որ ոգևորում էր ինձ, պաշտպանում հուսահատվելուց: Ես սիրում եմ կատակերգություն խաղալ, հատկապես, երբ զգում եմ, որ համոզիչ եմ խաղում: Իմ կարծիքով, ես միշտ էլ մի քիչ քմահաճ եմ եղել տնային տնտեսուհի լինելու համար: Եվ հետո, սնվել էր պետք: Եկեք անկեղծ խոսենք, ինձ երբեք չեն սպասարկել, ես միշտ ինքս եմ ինձ սպասարկել: Իսկ Լոս Անջելեսն իմ հարազատ քաղաքն էր, այդ պատճառով, երբ ինձ ասում էին. «Տուն դարձի՛ր», ես կարող էի պատասխանել. «Ես իմ տանն եմ»:

Ես չեմ պատկանում դերասանուհիների այն տեսակին, ովքեր գալիս են ստուդիա կարգուկանոնը հարգելու համար: Սա արվեստի հետ ոչ մի կապ չունի: Անշուշտ, ես կցանկանայի մի քիչ ավելի հնազանդ լինել: Բայց երբ որ ես գալիս եմ այնտեղ, չէ որ ես խաղալու համար եմ գալիս, այլ ո՛չ թե զինվորագրվելու: Վերջիվերջո, սա կինոստուդիա է, այլ ոչ թե ռազմադպրոց: Այսպիսով, իմ խնդիրներից մեկն ակնհայտ է՝ ես միշտ ուշանում եմ: Այնքան մարդ գիտեմ, որ լիովին ունակ են լինել ինչ-որ տեղ ճիշտ ժամանակին, բայց նրանք գալիս են պարզապես ոչինչ չանելու համար, կամ էլ նստում են ու պատմում միմյանց իրենց ամբողջ կյանքը, կամ ամեն տեսակի էշություններ են դուրս տալիս: Քլարկ Գեյբլն իմ մասին ասում էր. «Երբ նա այստեղ է, նա այստեղ է: Նա այստեղ է ամբողջապես, նա այստեղ է աշխատելու համար»: 

Երբ ինձ խնդրեցին Նախագահ Քենեդիի ծննդյան երեկույթին ելույթ ունենալ Մեդիսոն Սքուեր Գարդենում, ես իսկապես հպարտ էի։ Երբ ես բեմ դուրս եկա երգելու, մարզադաշտում քար լռություն տիրեց, կարծես ես եկել էի ներքնաշապիկով: Այդ պահին, մտքովս անցավ. «Աստված իմ, ի՞նչ կլինի, եթե ես չկարողանամ երգել»: Հանրության կողմից արտահայտվող նման տեսակի լռությունն ինձ ջերմացնում է: Դա համբույրի նման մի բան է: Այս պահին ասում ենք ինքներս մեզ. «Գրողը տանի, ես կերգեմ այդ երգը, եթե նույնիսկ դա վերջին բանը լինի, որ կկարողանամ անել այս աշխարհում: Եվ կերգեմ այն բոլորի համար»: Իսկ երբ շրջվեցի դեպի խոսափողերը, հիշում եմ, որ ես նայեցի մարզադաշտի բոլոր ուղղություններով, ասելով ինքս ինձ. «Ահա, թե ես որտեղ կարող էի լինել՝ ինչ-որ տեղ վերևում, առաստաղի մոտ, երկու դոլարս վճարելուց հետո»:

Փառքն ինձ համար դեռ ամբողջ երջանկությունը չէ՝ այն շատ անցողիկ է, նույնիսկ որբ աղջկա համար: Իսկ ես մեծացել եմ որպես որբ: Համբավն ու հռչակը ամենօրյա հանգիստ չէ: Այն ձեզ չի կշտացնի: Դա մի քիչ նման է խավիարի, գիտեք՝ հաճելի է ուտվում, բայց այն չես կարող ուտել ամեն ճաշի ժամանակ:

Ես երբեք սովոր չեմ եղել երջանիկ լինելու: Մի պահ ինձ թվաց, որ ամուսնությունը դա կտա։ Տեսնում եք, ես մյուս ամերիկացի երեխաներին նման չեմ դաստիարակվել: Երջանկության իրավունքը նրանց տրված է ի ծնե: Նրանք դրա իրավունքն ունեն, ու դա նորմալ է: Անկախ ամեն ինչից, հենց իմ փառքի շնորհիվ ես կարողացա ծանոթանալ և ամուսնանալ ինձ երբևէ հանդիպած երկու ամենահրաշալի տղամարդկանց հետ:

Չեմ կարծում, որ մարդիկ կսկսեն ատել ինձ։ Համենայն դեպս, հոժար կամքով։ Ես սիրում եմ մարդկանց: Ինձ փոքր-ինչ վախեցնում է «հասարակությունը», բայց ես վստահում եմ մարդկանց: Իհարկե, նրանց վրա կարող է ազդեցություն թողնել մամուլը կամ պատմությունները, որոնք տարածում է իմ մասին ստուդիան: Բայց ես կարծում եմ, երբ մարդիկ կինո են հաճախում, նրանք ինքներն են կարծիք կազմում: Մնացածներս՝ մարդկային էակները, զվարճալի արարածներ ենք: Եվ մենք միշտ իրավունք ունենք ինքներս արտահայտելու մեր կարծիքը։ 

Մի օր հայտնեցին, որ Մերիլինի կարիերայի վերջն եկել է. դա այն ժամանակ էր, երբ պարոն Միլլերին մեղադրում էին Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Նա հրաժարվում էր կոմունիստների հետ կապեր ունեցող իր ընկերների անունները տալ: Կազմակերպության մի ղեկավար եկավ ինձ մոտ և ասած. «Եթե դուք չկարողանաք համոզել ձեր ամուսնուն, ձեր կարիերան կավարտվի:» Ես նրան պատասխանեցի. «Ես հպարտ եմ իմ ամուսնու դիրքորոշմամբ: Ես նրա հետևից մինչև վերջ կգնամ»: 

Ըստ էության, երբ մի բան ավարտվում է, պետք է որ թեթևություն զգանք, 100 մետրանոց վազքի վազորդի նման, ով եզրագիծը հատելուց հետո, ծանր հոգոց հանելով, ասում է ինքն իրեն. «Ահա և ամեն ինչ ավարտվեց»: Իրականում, ոչինչ էլ չի ավարտվել: Միշտ պետք է սկսել նորից, միշտ: Բայց ես հավատում եմ, որ մենք միշտ ձեռք ենք բերում այն հաջողությունը, որին արժանի ենք: Այժմ ես ապրում եմ միայն իմ աշխատանքի ու այն մի քանի ընկերների համար, որոնց վրա կարող եմ իսկապես հույս դնել: Փառքը կանցնի՞: Դե ուրեմն, թող անցնի: Մնա՜ս բարով, փառք, ես քեզ ճաշակեցի ու միշտ գիտեի, որ դու քեզանից շատ մեծ բան չես ներկայացնում: Դու ինձ համար առնվազն փորձ ես եղել: Բայց ես չեմ ապրում քեզնով:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի