«Էս գյուղն ինչո՞ւ գերեզմանատուն չունի, հայրի՛կ...»

2018 թվականի ամառն էր. Հաթամաց Վալոդը՝ ֆիզկուլտուրայի հանրահայտ ուսուցիչ Վոլոդյա Հարությունյանը, Վաչագան տղային ասաց.

-Հազիվ Մեսրոպն էլ ստեղ ա, Սաթիկին էլ պարտադիր վերցնենք, մի հատ գնանք Փըշկյագ՝ վերջին անգամ տեսնեմ մեր գյուղատեղը, հեսա 85 տարեկան եմ դառնում, հո՞վ իմանա՝ հինչքան կապրեմ։

-Հայրիկ, -ընտանիքում ընդունված էր էդպես դիմել հորը, -բայց էնտեղ ավտո չի գնում, է~, մի կիլոմետրի չափ պիտի քայլես, էն էլ, դու ինձնից լավ գիտես՝ յոխշ (վերելք) ա, կարա՞ս որ...

-Ինձ հինչի տե՞ղ ես դրել... Դրա եղածը հինչ ա՞, որ չքայլեմ։

Ինքն ամեն առավոտ դեռ անում էր իր «ֆիզզարյադկան», հետո գնում էր  Բազար` առևտրի։ Կինը՝ մաթեմատիկայի վաստակավոր ուսուցչուհի Վերժինե Գրիգորյանը, առնելիք ապրանքների ցուցակը գրում էր, որպեսզի բան չմոռանա, մոտավորապես էսպես՝

1. հաց-մի հատ մեծ կամ 2 հատ փոքր

2. ձու-15 հատ

3. կարագ-մի «պաչկա»

4. երշիկ-էն անյուղներից, կես կիլո

5. կանաչի, պոմիդոր, վարունգ

6. ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՏՈՒՆ։

Էս վերջին կետը պարտադիր գրում էր մեծ-մեծ տառերով ու գրում էր նրա համար, որ Վալոդը ոտը կախ չգցի՝ բիձեքի հետ զրույց անի, «պերերիվից» ուշանա կամ թաքուն մեկի հետ մի բաժակ բան խմի, Վերժինեի ասած՝ «հոտընկայս անի», հետո մոռանա տուն գալ։

Էդ զրույցից երկու օր հետո Վաչագանն իր «Ժիգուլիով» հորը, եղբորն ու քրոջը տարավ Այգեձորի տակ՝ Լիճքվազ գետի ափ։ Էդտեղից ոտքով պիտի գնային։ Ամենադժվարը էդ պստլիկ գետն անցնելն էր, որովհետև նախկին սպորտսմեն Հարությունյան Վոլոդյան հիմա՝ ութսունհինգ տարեկանում, դժվար թե կարողանար իրարից հեռու քարերի վրայով ցատկելով անցնել։ Վաչագանը գցեց-բռնեց, թե՝ «գետը մեքենայով կարամ անցնեմ»։ Ու անցկացրեց։

Ճանապարհը դժվար չէր, նեղլիկ էր, դարուփոս, բայց երևում էր, որ «Նիվա» կամ «Վիլիս» գնացել է, «Ժիգուլին», հաստատ, չէր գնա։ Վոլոդյան ամբողջ կյանքում էլ դանդաղ էր քայլել, ի տարբերություն Վերժինեի, որը շատ արագ էր քայլում, համարյա վազում էր։ Էս առիթով Վոլոդյան կատակով կնոջն ասում էր. «Էդպես էլ սաղ կյանքում իրար հետ չզբոսնեցինք»։ Ու հիմա էլ՝ դանդաղ, բայց վստահ բարձրանում էր։ Դե, ամեն օր իրենց Մրգանուշ փողոցի յոխշը հաղթահարում էր, առևտրի գնում, դրա եղածն ի՞նչ էր, որ չհաղթահարեր։

Հասան գյուղատեղ։ Մենակ մի տան պատերն էին պահպանված, մնացած ամբողջ տարածքը խոտածածկ էր, ոչ մի բանից չէր երևում, թե էստեղ տներ են եղել, բակեր, փողոցներ։

-Սա,- ասաց Հաթամաց Վալոդը՝ ցույց տալով էդ կիսավեր պատերը,- գյուղի հարուստներից Բաղդասարյանների տունն էր։ Հալա նայեք հինչ կամարներ են կապած պատուհանների գլխին,- ապա, դիմելով Մեսրոպին, ասաց,- քո ընկեր Համբոյաց պապական տունն ա, էլի...

-Մեր տնից ոչ մի բան, մի քար էլ ա չի մնացել, բայց ես ձեզ տնատեղը ցույց կտամ։

Հեռվում արդեն չորացած մի թթենի կար, տարավ դրա մոտ ու ասաց.

-Էս մեր թթին ա։ Այ, մոտավորապես ստեղ մեր տունն էր, որ իմ պապ Մեսրոպն էր կառուցել։ Որ դու ծնվեցիր, -ասաց Մեսրոպին,- Հաթամ պապին ուզեց իր հոր անունը անմահացնի, դրա համար էլ քո անունը Մեսրոպ դրեցինք։

Հետո դանդաղ պատմեց.

«Փըշկագեցի Մեսրոպը 1911թվականին իր տասնմեկ տարեկան Հաթամ որդուն մի ծանոթի հետ ուղարկեց Սամարղանդ՝ իր հարուստ առևտրական եղբոր մոտ՝ աշակերտ։ Գիքորի նման, էլի։ Մեսրոպի ընտանիքը մեծ էր՝ Հաթամից բացի ևս երեք տղա՝ Մկրտիչը, Սուրենը, Հարությունը ու մի աղջիկ՝ Աստղիկը։ Ձեր Հաթամ պապու բախտը Սամարղանդում չբերեց. հազիվ սովորել էր էդ ընտանիքի նիստուկացին, նաև՝ առևտուր ու հաշիվ անել, հորեղբոր բարի ու առաքինի կինը մահացավ։ Հորեղբայրը, որը խոխա չուներ, մի քանի ամիս անց երկրորդ անգամ ամուսնացավ։ Էս երկրորդ կնիկը ջադու էր, ջադու։ Հաթամն օրերից մի օր նկատեց, որ էս ջադուն ինչ-որ բան ա լցնում հորեղբոր գինու բաժակի մեջ։ Հաջորդ օրը հորեղբայրը մահացավ։ Ջադուի ահից Հաթամը փախավ Սամարղանդից ու հասավ Կասպից ծովի ափ՝ Կրասնովոդսկ, էդտեղից էլ նավով եկավ Բաքու։ Ճամփին վարակվեց տիֆով, բայց բաքվեցի մի հայ կին խնամեց, ոտքի կանգնեցրեց, հետո ուզում էր հայ որբերի քարավանի հետ Ամերիկա ուղարկի, Հաթամն ասաց՝ «չէ, սաղ ըլնես, խանըմ, շնորհակալ եմ, ես մեր Փըշկյագ եմ գնալու»։ Ու եկավ։ Տասներկու տարեկանում։ Հայտնի չի՝ հում հետ ու հինչ ճանապարհներով եկավ, հասավ Փըշկյագ, ու հերը, մերը, ախպերներն ու քույրը զարմանքից ախ քաշեցին։ Իսկ երբ պատմեց գլխին եկածները՝ սաղ գյուղում դարձավ հարգված տղա։ Դե, հետո սովետացում եղավ, կոլխոզ-մոլխոզ, Հաթամն էլ գյուղում աշխատում էր կոլխոզի հաշվետար։ Քսանչորս-քսանհինգ տարեկան էր, պիտի պսակվեր, որ մյուսների ճանապարհն էլ բացվեր։ Էդ ժամանակ մենակ քույրը՝ Աստղիկն էր մարդու գնացել վահրավարցի Վարդազարին»։

Հաթամաց Վալոդը էստեղ սկսեց խնդմնդալ՝ Վարդազարին էր մտաբերել։ Ապա հիշեցրեց.

-Մեր հսկա Վարդազար Միրաղին հիշում եք, չէ՞։ Որ մեր տուն էր գալիս, ձեզ շոյում էր՝ գլուխներդ կորչում էին ձեռքի ափի մեջ։ Մասնակցել էր առաջին համաշխարհային պատերազմին ու էդ չորս տարվա կռվից ռուսերեն մի բան էր մենակ սովորել։ Խնդրում էինք «Միրա՛ղ, մի հատ ասա, էլի~», ինքն էլ ասում էր. «Его императорское величество государь император Николай Второй и императрица Александра Фёдоровна»,- Վոլոդյան փորձեց նմանակել Վարդազարի ձայնն ու ինտոնացիան. չորսն էլ ծիծաղեցին,- բոլորս, չնայած հարյուր անգամ լսել էինք դա, բերաններս բացում էինք՝  իբր հիացած-զարմացած ենք, իսկ Վարդազար Միրաղը, իրանից գոհ, մատը տնկում էր վեր ու ասում. «Պաաաա՞, բալան կըծեմ, դուք ինձ լհա ստի քաչալ միք տեսնիլ է~...»։

«Որ ձեր պապ Հաթամի պսակվելու վախտը եկավ,- շարունակեց Հաթամաց Վալոդը,- գյուղում ընդամենը մի 200 մարդ էր ապրում։ Դե, մի երեսուն ընտանիք, էլի։ Հաթամը գյուղի դեռ չպսակված աղջիկներից ոչ մեկին չէր հավանում, ու տնեցիք որոշում են կողքի գյուղերից աղջիկ բերել։ Էդ տարիներին մեր կողմերում ահուսարսափ էր տարածում վանքեցի Կյող (գող) Հովհաննեսը։ Մի քանի տղա ուներ ու մի աղջիկ։ Ու էդ աղջիկը՝ Սաթիկը, կամ ինչպես հետո մեր գյուղում սկսեցին կոչել՝ Սա՛թանին, համարվում էր արդեն տանը մնացած. դե, քսաներեք տարեկանը էն ժամանակներում տենց էր։ Հովհաննեսի ահից ոչ մեկը չէր համարձակվում մոտիկ գնալ։ Բայց դե Հաթամի Սամարղանդից վերադառնալու սխրանքը վաղուց տարածվել էր գյուղեգյուղ, և երբ Կյող Հովհաննեսի ականջին հասցրին, որ Հաթամը գալու ա Վանք՝ Սաթիկին ուզի, վռազ համաձայնեց...»։

-Հայրիկ,- նրան ընդհատեց Սաթիկը,- բայց տատին ինձ պատմել ա, որ երբ առաջին անգամ իրենց Վանք գյուղում տեսել ա Հաթամին, մատը տնկել ա նրա ուղղությամբ ու ասել. «Ես իրան պիտի մարդու գնամ»։ Հաթամն էլ նրան ա հավանած եղել և թաշկինակի մեջ մի հատ խնձոր ա ուղարկել։ Տատիկի ասելով, եթե ինքը չհավաներ, մենակ իր հոր՝ Կյող Հովհաննեսի հավանելը քիչ կիներ։

«Հա, Սաթիկ տատին ուժեղ կին էր։ Ձեր պապն ու տատը,- պատմությունը շարունակեց Վոլոդյան,- հինգ երեխա ունեցան։ Նինա, Պայծառ ու էսիկ քույրերս, ես և Մարտիկ ախպերս մեր գյուղում ենք ծնվել։ Բայց 1938 թվին Սովետը մեր շեն գյուղի ամբողջ բնակչությունն իջեցրեց Մեղրի, որովհետև էս սարերում հանքեր պիտի հետախուզեին։ Ձեր Մարտիկ հեբին, որ էս գյուղի վերջին ծնունդն էր, էդ ժամանակ ընդամենը երկու ամսական էր։ Դրանից երեք տարի հետո պատերազմը, գիտեք, սկսվեց, ու Մեսրոպի երեք տղաներին տարան բանակ։ Հաթամին կռիվ չտարան, ինքը կցված էր Նախիջևանի «զապասնոյ պոլկին». դե Սովետը «նավսյակի» էդտեղ զորք էր պահում՝ հանկարծ Թուրքիայից հարձակում չլինի, էլի։ Մեր Սուրեն հերբարը զոհվեց պատերազմում։

Մեր Մկրտիչ հերբարը կռվեց, գերի ընկավ, երկու տարի հետո փախավ գերությունից, նորից միացավ բանակին ու էլի կռվեց։ Բախտը բերավ, գերի ընկնելու համար չդատեցին։ Հարություն հերբարն էլ վերադարձավ կռվից։ Հիշում եք, չէ՞, ձեր Զարիկ հորքուրին։ Զարիկը, իրա երկու քույրերն ու եղբայրը Հարությունի երեխաներն էին։ Նրանց մերը կռիվը սկսվելուց մի քանի ամիս առաջ մահացել էր։ Եվ երբ Հարությունին բանակ տարան, ձեր Սաթիկ տատին մեզ հետ նաև տեգրոջ չորս որբերին պահեց։ Այսինքն, Սաթիկ տատին պատերազմի տարիներին ինը երեխու է մերություն արել։ Հարությունի խոխեքը՝ Զարիկը, Ժենիկը, Մելսինան ու Եգորը դառան մեր քույրերն ու եղբայրը ու ձեր Սաթիկ տատիկին մամա էին ասում, բայց ավելացնում էին անունը. «Սա՛թանի մամա»։

Պատմությունը կիսատ թողնելով՝ Վոլոդյան սկսեց ցույց տալ, թե տարածքում որտեղ ում տունն է եղել. «Էստեղ Միրզուց տունն էր, էստեղ՝ Հայրապետյանների, մեր տան հարևանությամբ՝ մեր քավոր Քոռ Կարագինի (Գարեգին)։ Կոզի Զավենին հիշո՞ւմ եք, Քոռ Կարագինը իրա պապան էր, մեր քավորն ա եղել, մերոնք էլ՝ իրա խոխեքի։ Դրա համար էլ Կոզի Զավենը Մեղրիում ամեն Նոր տարի առավոտ շուտ առաջինը մեր տուն էր գալիս՝ Հաթամ քավորի ընտանիքին շնորհավորելու»։

Երբ արդեն նախկին գյուղի ամբողջ տարածքը ուսումնասիրել էին, Վաչագանը հարցրեց.

-Հայրի՛կ, ստեղ գալուց առաջ տեղանունների բառարանում կարդացի, որ 1831-ին ընդամենը 22 հոգի բնակիչ ունեցած գյուղում 1914-ին արդեն 300-ի չափ մարդ էր ապրում, իսկ 1938-ից առաջ՝ մոտ 200։ Լավ, հասկացանք՝ տարիների ընթացքում բոլոր տներն ավերվել են, անգամ տնատեղերը չկան, հետք չկա։ Բայց մեռելներին մի տեղ թաղած են եղել, չէ՞։ Հենց քո պապ Մեսրոպին՝ շտե՞ղ են թաղել, պա էս գյուղը գերեզմանատո՞ւն չի ունեցել։ Հո գերեզմաննե՞րն էլ չպիտի անհետանային։ Հենա, սաղ Հայաստանում լիքը լքված գյուղեր կան, բայց պահպանված գերեզմանատներ։

Հաթամաց Վալոդը լուռ էր, ու քթի տակի փոքրիկ բեղերը խնդմնդում էին։

Հետո ասաց.

-Ես հենց էդ գաղտնիքը բացելու համար ուզեցի միասին գանք ստեղ։ Էս մեծ հարթությունը տեսնո՞ւմ եք։ Մեղրեցիք, իբր մեզ ձեռ առնելու համար, սրան ասում են «Փըշկյագի այրապորտ»։ Իրենք չգիտեն, որ սա հենց «այրապորտ» ա եղել, բայց այլմոլորակայինների համար։ Փըշկյագեցիների նախնիները այլմոլորակայիններ են եղել, աստվածային էակներ։ Փըշկյագեցիները չեն մահացել, հենց մեկի ժամը եկել ա, հատուկ արբանյակը իջել ա ու նրան տարել։ Դրա համար դուք ստեղ գերեզմանատուն չեք տեսնի։

-Պիիի, -ասաց Սաթիկը,- Հաթամ պապին ինձ մի անգամ պատմել ա, որ գյուրզա օձը, սպանված ձագի վրեժը լուծելու համար, մտել ա տուն ու համարյա հասած ա եղել օրորոցում քնած Պայծառ հորքուրին։ Պապին հենց էդ պահին բահը ձեռքին այգուց տուն ա մտել, տեսել դա ու օձի գլուխը ջախջախել։ Քո ասածից հետո մտածում եմ, որ Հաթամ պապին պատահաբար չի հենց էդ պահին հայտնվել սենյակում։ Հաստատ՝ հինչ-որ գերբնական ուժ ա նրան բերել։

«Հարյո՛ւր տոկոս,- ասաց Վոլոդյա Հարությունյանն ու շարունակեց, -փըշկյագեցիները սովորական մահկանացու էին դառնում էն ժամանակ, երբ կտրվում էին իրենց հողից ու ապրում ուրիշ տեղ։ Ու հենց 1938-ին մեզ իջեցրին Մեղրի, մեր աստվածային նախնիները մեր հետքը կորցրին, նեղացան մեզնից ու այլևս չեկան մեր հետևից, մենք դարձանք հասարակ մահկանացու, բոլորի նման...»։

Թվում էր, թե պատմությունը սրանով ավարտվեց։

Բայց Հաթամաց Վալոդն ընդհանրացում արեց, որ ակնարկի էր նման.

-Հիմա գլխի ընկա՞ք, թե խի տասներկու տարեկան Հաթամը հրաժարվեց Ամերիկա գնալուց և վերադարձավ հայրենի Փըշկյագ...

 

Մեսրոպ Հարությունյան