«Երեք հայելի». հայելային արտացոլանքներ Տիգրան Ձիթողցյանից

Դիմակներ, որոնց հետևում ապրում են կենդանի մարդիկ

 

Բացման պաշտոնական արարողություն ու ողջույնի խոսքեր չեղան, ընդամենը մի խնդրանք այցելուներին՝ կտավներին ձեռքով չդիպչել, քանի որ նոր են նկարված, և յուղաներկը դեռ չի հասցրել չորանալ: «Նուռ» պատկերասրահը հյուրընկալել է նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանին՝ իր «Երեք հայելի»  ցուցադրությամբ: Ինչպես և Տիգրանի արվեստը՝ ամեն ինչ ազատ է, ընդունված  կաղապարներից դուրս՝ և մարդկանց շփումները, և քննարկումները, և գնահատականները: Ցուցասրահը փոքր է, դիտողները` շատ:
Ներկայացված երեք կտավները շարունակությունն են Ձիթողցյանի` արդեն հայտնի «Հայելիներ» շարքի, որոնցով նկարիչն  արդեն հասցրել է ներկայանալ Երևանում չորս տարի առաջ: 2015 թ-ին  Գաֆեսչյան արվեստի կենտրոնի հրավերով Տիգրանը հենց Նյու Յորքից Երևան բերեց իր հայտնի շարքի գործերը: Երևանյան  նոր ցուցահանդեսում ներկայացված են միայն երեք դիմանկար՝ կանանց դիմանկար:
Ձիթողցյանի երեք կտավներն այնքան իրական են, որ այցելուներից մեկը, չնայած դրանց չդիպչելու մասին խնդրանքին, անգամ փորձում է ստուգել` արդյո՞ք իսկապես յուղաներկով են արված, և ոչ լուսանկարչական ապարատով:

Ամուլսարաբան, բախտակույս, ձեռ առնող, պակասազուրկ, բնամոլ, բանատես, օդախոս, դիվանապաշտ և այլ բառեր կարելի է հանդիպել ցուցադրված երեք հայելիներից մեկի վրա: Այս կտավի մոտ, ի դեպ, դիտողներն ամենաերկարն են կանգնում`գրվածները կարդալու:
Մեր հարցին, թե ինչ են այդ բառերը նշանակում և ինչու են կտավի վրա տեղ գտել, Ձիթողցյանը պատասխանում է, որ փորձել է մեկ բառով արտահայտել մեկ անձի բնավորություն, և այս կտավի դեպքում բառն է լրացնում պատկերվածը «հայելուն»: Ընդ որում, այդ բառերից շատերը նորաբանություններ են, որ ստեղծվել են կտավի հետ միաժամանակ` նկարչի կողմից:

Ձիթողցյանն իր ստեղծագործության տարբեր փուլերին տարբեր որակումներ է տալիս: Ավելի վաղ շրջանի գործերը նա որոշակի իմաստով  ինտուիտիվ գեղանկարչություն է համարում: Ասում է՝ երբ սկսում էր նկարել, ամբողջությամբ  ենթագիտակցության ու զգացողությունների իշխանության ներքո էր և  պատկերացում անգամ չուներ թե ի վերջո ինչ պատկերների է դա  վերածվելու: Այդպես նա երկրաշարժի մասին իր շարքն էր ստեղծել՝ 88-ի դեկտեմբերից դեռ մի տարի առաջ, և մարդկանցով լեցուն  հոծ հրապարակներ՝ մինչև ղարաբաղյան շարժման սկիզբը: Իսկ այժմ ինչ է հուշում նրան գեղանկարչական  կանխազգացումը, հարցին ի պատասխան  Ձիթողցյանը  նշում  է՝ Հայաստանի  հետ կապված զգացողությւնները միայն դրական են:

Ինտուիտիվ գեղանկարչության շրջանին հաջորդեց հայելային արտացոլանքների գերիշխանության փուլը: Նկարիչն ասում է, որ իրեն միշտ է հետաքրքրել հետևել մարդկանց վարքագծին, երբ  նրանք ջանում են  քողարկվել մի կերպարով, որով ուզում են ներկայանալ մյուսներին: Այդպես է ծնվել դիմակի և նրա հետևում ապրող իրական մարդու երկվության թեման: Նկարչին միշտ հետաքրքրել է  սելֆիի ֆենոմենը, որը համարում է զանազան հնարքների խաղ: Եվ նա սկսեց  նկարել այն դիմակները, որոնց հետևում ապրում են կենդանի մարդիկ: «Երեք հայելու» մասին Տիգրան Ձիթողցյանն ասում է, որ ցուցահանդես կազմակերպելու որոշումն անակնկալ էր: Եվ այն իրականացրել են կարճ ժամանակում` մոտ երկու ամսում, բայց մյուս տարի Հայաստանում առավել մեծ նախագծով է հանդես գալու: Իր կառուցած արվեստանոցում արվեստի ամառային դպրոց և նոր  անհատական աշխատանքների ցուցահանդես է կազմակերպելու: Իր  առաջին երևանյան  ցուցահանդեսում, երբ ընդամենը 10 տարեկան էր, Տիգրանը ներկայացրել էր 102 յուղաներկ աշխատանք: Հիմա արդեն մտածում է նոր, մեծ ցուցահանդեսի մասին:102 կտավ  Նյու Յորքից բերել չի խոստանում, բայց որ 3-ից ավելի կլինեն՝ վստահ է:

 

 

... ...