«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակները նոր կյանք կստանան

Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակները մի քանի տասնամյակ դիմավորել ու ճանապարհել են Երևան-Սևան մայրուղով երթևեկողներին: Վերջին տարիներին դրանց մետաղական հատվածները մաս-մաս թալանվել, պահպանված մասերն էլ անխնամ մնալուց քայքայվել են:

Մինչև միջոցներ կգտնվեին դրանք վերականգնելու համար, մշակույթի նախարարության կարգադրությամբ քանդակների «փրկված» հատվածներն ապամոնտաժվել ու հատուկ պահպանության տարածք էին տեղափոխվել։

2019-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քանդակներն արագ ու որակով վերականգնելու մասին, իսկ աշնանը հայտարարվեց վերականգնման նախագծերի մրցույթ: Հաղթող ընկերություններից «Ուրբան Յունիթ»-ի նախագծով վերականգնվելու է «Արձագանք»-ը, «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» քանդակը՝  «Ակկուռատ գրուպ»-ի։

Քանդակագործ Ռաֆայել Մանուկյանն ու ճարտարապետ Արա Ազիզյանը «Ճանապարհաշինարարներ» քանդակը վերականգնելու են «զրոյից»: Արխիվային աղքատիկ նյութերը ևս դժվարացրել են նախագծային աշխատանքները:

«Քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Կնոջ ֆիգուրից մոտ 20-25 տոկոս է պահպանվել։ Վերականգնում ասելն այս դեպքում այնքան էլ ճիշտ չէ։ Հնի հիմքի վրա նոր գործ  է ստեղծվում:

Պետական արխիվներում նյութ գրեթե չկար: Մի քանի լուսանկար տրամադրեց լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը, 2 լուսանկար՝ քանդակի դրվագող վարպետներից մեկը, որն աշխատել է Դավիթ Բեջանյանի հետ: Փառք Աստծո, նա կա և մասնակցելու է վերականգնման աշխատանքներին»,-ասում է Ռաֆայել Մանուկյանը:

Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում: Միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր է դառնալու: Ճարտարապետական մասով քանդակի համահեղինակ Լևոն Իգիթյանը ևս հավանություն է տվել նախագծի և քանդակի վերականգնման այս տարբերակին:

«Քանդակը մեծ  է՝ 16 մետր բարձրությամբ ու 25 մետր երկարությամբ. այն դիտելու համար բավականին մեծ տարածություն և հեռավորություն է պետք։ Մենք նախատեսել ենք, որ ամբողջ սարը պետք է դառնա զբոսայգի, հետիոտնի համար հատվածներ են մշակված՝ անվերջության գաղափարի խորհրդով. մարդիկ քայլելով նորից գալիս, հասնում են նույն կետին։ Նստարաններ են մշակված քանդակային կոնցեպտով՝ անմշակ ու շատ քիչ միջամտությամբ։ Ամբողջ սարն է պետք կենդանացնել, դարձնել զբոսաշրջային կետ, որտեղ մարդիկ անպայման կկանգնեն և՛ քանդակը նայելու, և՛ զբոսնելու»,- նախագիծն է ներկայացնում Ռաֆայելը:

Որպեսզի «Անվերջության ժապավեն»-ը կրկին չհայտնվի գողերի թիրախում, մի քանի տարի առաջ մշակույթի նախարարությունում քննարկվում էր քանդակն այլ նյութով վերականգնելու հարցը: Քանդակագործը վստահ է՝ բրոնզը կամ քարը «չաշխատող» տարբերակներ են. քանդակը նախատեսված է պղնձի համար:

Շուտով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարելու է մեկ այլ մրցույթ՝ որոշելու համար, թե որ շինարարական կազմակերպություններն են իրականացնելու աշխատանքները: «Ճանապարհաշինարարներ»-ի վերականգնման համար հատկացվելու է մոտ 178 մլն դրամ, «Արձագանք»-ի համար՝ մոտ 62 մլն 500 հազար:

«Շահող կազմակերպությունների առջև պահանջ է դրվելու, որ անպայման համագործակցեն նախագծողների և  քանդակագործների հետ: Չի լինի, որ իրենք շահեն, և աշխատանքը մեկ այլ քանդակագործ իրականացնի:

Հուսով եմ ՝ այս երկու քանդակները, որոնք ժամանակին կարևոր դեր ունեին և հետաքրքիր էին դարձնում միջպետական նշանակության ճանապարհը, կվերականգնվեն, և կունենանք գեղեցիկ ձևավորված, կարգավորված ճանապարհահատված»,-ասում է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վերականգնման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Կնյազյանը:

Նախատեսվում է աշխատանքներն ավարտել երկու տարում:

 

 

... ...