«Արդարների հիշատակն օրհնությամբ թող լինի»

Պատերազմի առաջին իսկ օրերից, երբ աշխարհի տարբեր ծայրերում համայն հայությունը միավորեց իր ամբողջ ներուժը՝ սատար կանգնելով Արցախի համար մղվող պայքարին, կանադահայերն առաջիններից էին, որ բազմահազարանոց ցույցերով իրենց բողոքի ձայնը հասցրեցին երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությանը: Ինչպես և Սփյուռքի այլ համայնքներում, Կանադայում ևս հայկական շարժմանը շատ ակտիվ ու գործուն մասնակցություն ունեցան Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի հոգևոր հայրերը: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում Կարինե Հարությունյանի հարցազրույցը Կանադահայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Զարգարյանի հետ, որը տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին:
-Տեր հայր, այս վճռորոշ օրերին Հայաստանն ու Արցախը հզոր աջակցություն են ստանում Սփյուռքի մեր հայրենակիցներից, այդ թվում նաև Կանադայից: Հատկապես ինչ շեշտադրումներ են անում կանադահայերը:
-Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից համադրելու համար Արցախին և Հայաստանին ցուցաբերած աջակցությունը, միասնական ջանքերով կյանքի կոչվեցին Օնտարիոյի, Քվեբեկի և Կանադայի այլ նահանգների Հայկական միացյալ խորհուրդները, որոնցում ընդգրկված են կանադահայ համայնքներում գործող բոլոր եկեղեցիները, ազգային կուսակցությունները, բարեսիրական և մշակութային կենտրոնները. ինչպես նաև՝ բժիշկների միությունները:
Ի թիվս այլ աշխատանքների, այս մարմնի հիմնական նպատակը եղավ ազդել Կանադայի իշխանությունների և մասնավոր ընկերությունների վրա՝ դադարեցնելու համար զենքի և ռազմական նշանակություն ունեցող տեխնիկայի վաճառքը Թուրքիային, որն օգտագործվում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
-Ի՞նչ արձագանք են ունենում տեղական իշխանությանն ուղղված հայերի կոչերը: Կա՞ն արդյոք հստակ գործողություններ:
-Համատեղ ջանքերի շնորհիվ տեղական իշխանությունները դադարեցրին զինտեխնիկայի վաճառքը Թուրքիային: Օնտարիոյի և Քվեբեկի խորհրդարաններում, Կանադայի Սենատում քննարկումներ եղան և ֆեդերալ իշխանություներին ուղղված կոչեր հնչեցին՝ ճանաչել ազգերի ինքնորոշման իրավունքը և հարգել Արցախի հանրապետության անկախությունը:
Տորոնտոյի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները, Արցախի խաղաղությանն ի նպաստ, միասնաբար կազմակերպում են միջկրոնական հավաք, մասնակցությամբ քրիստոնեական, հրեական, մահմեդական և բուդդայական կրոնների հոգևոր առաջնորդների:
Կանադահայոց թեմի և առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի նախաձեռնությամբ, նախապատրաստվում է Կանադայի 26 քրիստոնեական հարանվանությունների հոգևոր առաջնորդների միացյալ նամակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ ճանաչելու Արցախի հանրապետության անկախությունը:
-Հադրութում թշնամին գնդակահարել է հաշմանդամություն ունեցող երիտասարդին ու նրա մորը: Միթե այս ոճիրը հարիր է որևէ կրոնի գաղափարախոսությանը:
-Իմ կարծիքով, այս անմարդկային և վայրենի բռնարարքը, ոչ այնքան կրոնական է, որքան անմիջական արդյունքն է Ադրբեջանի պետության տասնամյակներ շարունակ ատելություն սերմանող հակահայ քարոզչության: Նման ոճիրն անընդունելի և դատապարտելի է աստվածային և զուտ մարդկային օրենքների հասկացողությամբ:
-Մեր կրոնը, ծնողները, ուսուցիչները մշտապես հանդուրժողականություն են քարոզում, սովորեցնում են լինել մարդակենտրոն ու ներող: Բայց պատերազմները խեղում են մարդկանց հոգեբանությունը: Ինչ պիտի անենք պատերազմի «գերին» չդառնալու համար: Չէ՞ որ որդիներ կորցրած ծնողներին դժվար է համոզել չչարանալ կամ չխեղճանալ ու ապրել:
-Մարդասիրությունը և, հատկապես, ներողամտությունն արդար և հզոր մարդու ապրած կյանքի ապացույցերն են: Ի տարբերություն մեր թշնամու, հայ ժողովրդի բարության և մարդասիրության արտահայտությունն է, երբ Արցախի պաշտպանության նախարարությունը ռազմական նշանակության կառույցները ռմբակոծելուց առաջ, Ադրբեջանի խաղաղ բնակչության տեղեկացնում է այդ մասին՝ խուսափելու համար քաղաքացիներին վնաս պատճառելուց: Եվ կամ հայ բժիշկները վիրահատում ու խնամում են գերեվարված ադրբեջանցուն, ի տարբերություն մեր թշնամու, որ գլխատում է հայ ռազմագերուն:
Երբ պատերազմը մղվում է սեփական ընտանիքը, հայրենիքը և սրբությունները պաշտպանելու համար, մենք պատերազմի գերին երբեք չենք դառնա ու հատկապես մեր հերոսների նահատակության գնով ապահոված հաղթանակը մեզ զերծ կպահի պատերազմի գերին լինելու հոգեբանությունից:
2016 թվականին, երբ մարդասիրական առաքելությամբ այցելեցի ու տեսակցեցի Ապրիլյան պատերազմի նահատակ զինվորների և սպաների սգավոր ընտանիքներին, ես իրենց ծնողների ու հարազատների աչքերում, նաև՝ խոսակցությունների մեջ չարություն չտեսա, այլ՝ վիշտ և կարոտ:
Թող Աստված իր երկնային լուսո խորաններում խաղաղության մեջ պահի հոգիներն Արցախյան պատերազմի անցյալի և այսօրվա բոլոր նահատակ ու հերոս մարտիկների:
«Արդարների հիշատակը օրհնությամբ թող լինի»:
Վստահ եմ՝ մենք մեր միասնական պայքարով տեր ու պաշտպան կլինենք բոլոր նահատակների կյանքի գնով մեզ ժառանգված հայրենիքին և Արցախին:
-Բացի ֆինանսական, նյութական, գաղափարախոսական օգնությունից, սփյուռքահայերը նաև ֆիզիկապես են մեր կողքին, շատերը պատերազմը սկսվելու պահից են Հայաստանում կամ Արցախում: Կանադայից նույնպե՞ս մարտիկներ ունենք առաջնագծում:
-Կանադայի տարբեր քաղաքներից մեր հայրենասեր զավակներից ոմանք, իբրև մասնագետներ և շարքային զինվորներ, մեկնեցին հայրենիք՝ իրենց անմիջական օգնությունը ցուցաբերելու Արցախի ու Հայաստանի մեր ժողովրդին, և հատկապես՝ լինելու հայ զինվորի կողքին մինչև լիակատար հաղթանակ ու խաղաղություն:
-Օտտավայի վերջին երթն առանձնահատուկ մեծ արձագանք գտավ համացանցում: Մենք լսեցինք, որ Կանադան դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների վաճառքը: Դեռևս չօգտագործված ինչ գործիքներ են օգտագործելու այսօր Կանադայում ապրող հայերն այս խնդրին առավել մեծ հնչեղություն հաղորդելու համար:
-Այո, Օտտավայի բազմամարդ հանրահավաքն ունեցավ իր ազդեցությունը, որպեսզի կանադական պետությունը դադարեցնի Թուրքիային զենք և ռազմական տեխնիկայի վաճառքը: Իբրև կանադահայություն, մեր հիմնական նպատակն է օգտագործել բոլոր լծակները Կանադայի կողմից Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու չափազանց կարևոր գործընթացում:
-Եվ վերջում խնդրում եմ Ձեր խոսքը`մեր առաջնագծի մարտիկներին ու նրանց ծնողներին:
-Հայոց բանակի մեր շատ սիրելի մարտիկներ,
Համբուրում եմ ձեր մյուռոնաբույր ձեռքերը, որ քաջությամբ և մեծ անձնազոհությամբ պաշպանում եք Արցախի և Հայաստանի սահմանները:
Իմ սրտաբուխ աղոթքն է, որ Աստված պահապան լինի ձեզնից յուրաքանչյուրին թշնամու հարձակումներից և հայոց բանակին պարգևի լիակատար հաղթանակ ու խաղաղություն:
Հայոց բանակի հերոս մարտիկների սիրելի ծնողներ և հարազատներ, ընդունեցեք համայն կանադահայության սերն ու երախտագիտությունը: Թող Աստված ողջ և առողջ ձեր գիրկն ու տուն վերադարձնի մեր բոլոր մարտիկներին ու այս դժվարին ժամանակներում ձեզ պարգևի հույս, հավատք և համբերություն:
Թող Աստծո աջը պահապան լինի Արցախին և Հայաստանին: