«Վատ լավ մարդը». Ինչո՞ւ էին Օլեգ Դալին անվանում Վլադիմիր Վիսոցկու կրտսեր եղբայրը
Վլադիմիր Վիսոցկու և Օլեգ Դալի հոգևոր հարազատությանն է անդրադարձել Kulturologia.ru կայքը
39 տարի առաջ՝ 1981-ի մարտի 3-ին, ընդհատվեց խորհրդային հայտնի դերասան Օլեգ Դալի կյանքը: Նա մահացավ իր 40-ամյակից երկու ամիս առաջ՝ իր կյանքի կարճ ճանապարհի ընթացքում հասցնելով խաղալ 50-ից ավելի դերեր թատրոնում և կինոյում, որոնցից շատերը դարձան լեգենդար՝ «Ժենյա, Ժենեչկա և «Կատյուշա», «Հին, հին հեքիաթ», «Սաննիկովի երկիրը», «Չի կարող պատահել», «Արձակուրդ սեպտեմբերին»: Հանրությանը շատ ավելի քիչ է հայտնի նրա աշխատանքը չեխովյան «Մենամարտ»՝ «Վատ լավ մարդ» կինոնկարում, որտեղ նա նկարահանվել է Վլադիմիր Վիսոցկու հետ: Իրականում, նրանց միավորում էր փոքր-ինչ ավելին, քան այդ համատեղ աշխատանքը:
Ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցի համար սա Չեխովի ստեղծագործությունների առաջին էկրանավորումը չէր. Մինչև այդ նա արդեն նկարահանել էր «Շնիկով տիկինը» և «Ս» Քաղաքում» ֆիլմերը: Նրա երրորդ ֆիլմի սցենարի հիմքում ընկած էր «Մենամարտ» պատմվածքը: Իր հիմնական խնդիրը ռեժիսորը համարում էր չեխովյան հերոսներին ժամանակակից հանդիսատեսին ավելի հասկանալի ու մտերմ դարձնել. «Հնարավոր է ես որոշ չափով հեռացել եմ հեղինակից, բայց ֆիլմը ստացվել է ժամանակակից և ոչ թե՝ ակադեմիական: Գոյություն ունի Չեխովի՝ այսօր կենդանի աշխարհը, և աշխարհ, որը պատկանում է միայն գրականագիտությանը: Ինձ հետաքրքրում է առաջինը»: Հավանաբար հենց այդ նպատակն էլ թելադրել է Խեյֆիցին գլխավոր դերակատարների ընտրությունը. ախոյանների կերպարում նա տեսնում էր միայն Օլեգ Դալին և Վլադիմիր Վիսոցկուն:
խեյֆիցը շատ էր ուզում որ իր երկու հերոսները հակասական լինեն, այդ պատճառով էլ նա իր ֆիլմի համար այդ վերնագիրը ընտրեց: «Համոզված եմ, որ վարձույթով զբաղվողները ազդագրերի վրա կավելացնեն «և» տառը՝ «Վատ և լավ», կարծես խոսքը երկու տարբեր մարդկանց մասին է: Իսկ իմաստն այն է, որ խոսքը մեկին է վերաբերում: Մենք կարող ենք շրջանցել «և» շաղկապը»: Այս մտադրության իրականացման համար Օլեգ Դալը իդեալական հարմար էր Լաևսկու դերի համար: Խեյֆիցն ասում էր. «Սա ժամանակակից, հաճախ հանդիպող մարդու պատմություն է՝ նրա ցրվածությամբ, անպարկեշտությամբ, նրա ցինիզմով և միաժամանակ նրա լավ հակումներով... Պետք է ասեմ, որ Օլեգ Դալը երջանիկ ձեռքբերում էր: Երբ միտքս եկավ նրա ազգանունը, իմ առջև անմիջապես հառնեց այդ նյարդային, ծայրաստիճան ինքնասեր, խոցելի երիտասարդ դերասանի կերպարը»:
Իսկ Վիսոցկու դեպքում ռեժիսորը կասկածներ ուներ. Մինչև այդ նա նրան ճանաչում էր միայն երգերով, և առաջին հանդիպման ժամանակ նա ապշած էր, թե որքան նրա արտաքինը չի համապատասխանում ձայնին. Նա ակնկալում էր տեսնել հաղթանդամ մարմնակազմությամբ լայնաթիկունք տղամարդու, ինչպիսին որ պետք է լիներ նրա հերոսը ֆիլմում, իսկ նրա առջև հայտնվեց կարճահասակ, տկար մարդ, որը նույնիսկ վտիտ Դալի կողքին փոքր էր երևում: Բայց Խեյֆիցն, այնուամենայնիվ, չհրաժարվեց Վիսոցկուն նկարահանելու իր մտադրությունից. Նրան թվում էր, որ Ֆոն Կորենի կերպարը դրանից միայն կշահի. «Բազմաթիվ օրինակներ կան, որ բռնակալներն ու բռնապետները հաճախ կարճահասակ մարդիկ են և փորձում են իրենց թերությունը փոխհատուցել ուժի և գերազանցության ծարավով»:
Դա առաջին և միակ ֆիլմն էր, որտեղ Դալը և Վիսոցկին միասին նկարահանվեցին: Դրանից առաջ նրանք ավելի շուտ մրցակիցներ էին, քան խաղընկերներ: Վիսոցկին ուզում էր մարմնավորել երգիչ Կրեստովսկու կերպարը «Սաննիկովի երկիրը» ֆիլմում, որի համար նա մի քանի երգ էր գրել: Նրան հաստատել էին, բայց նկարահանումներից անմիջապես առաջ «Մոսֆիլմ»-ի տնօրենը մերժել էր նրա թեկնածությունը, և արդյունքում այդ դերը ստացել էր Օլեգ Դալը: Այս անգամ Վիսոցկին նույնպես խիստ կասկածում էր, որ ղեկավարությունը կհաստատի իր մասնակցությունը ֆիլմում: Խեյֆիցը հիշում էր. «Վոլոդյան ինձ մի կողմ կանչելով՝ ասաց. «Միևնույն է, ինձ այս դերում չեն հաստատի: Եվ ոչ մի դերում չեն հաստատի: Ձեր փորձն առաջինը չէ՝ ոչ մեկում չեն հաստատել, և բոլորը՝ իզուր: Հավանաբար, «կարծիք կա»՝ ինձ թույլ չտալ էկրանին հայտնվել... Գուցե թե տիեզերագնացները գրեն՝ ում պետք է: Ես նրանց մոտ ելույթ էի ունենում, և նրանք հարցրեցին, թե ինչու չեմ նկարահանվում... Դե, նրանք խոստացան պաշտպանել»: Ըստ երևույթին, տիեզերագնացների նամակը տեղ էր հասել: Վոլոդյային հաստատեցին, և մենք գնացինք Թեոդոսիա՝ նկարահանումների»:
Բոլորը զարմացած էին այն փաստից, որ Խեյֆիցն ընտրել էր Վիսոցկուն ու Դալին, չէ որ երկուսն էլ ղեկավարության մոտ «վատ համբավ ունեին»: Օլեգ Դալի կինը՝ Ելիզավետան պատմում էր. «Ընդհանրապես, Խեյֆիցը զգուշավոր մարդ էր... հանկարծ նա այդպիսի ճարպիկ հնարքի դիմեց. ընտրեց Դալին, որին արգելված էր «Լենֆիլմում» նկարահանվել, և Վիսոցկուն, որն ամենուրեք էր արգելված: Եվ հանկարծ Խեյֆիցը վերցնում է այս երկուսին՝ կատարյալ անհեթեթություն: Օլեգը հարբած հանդիպում է «Լենֆիլմի» այն ժամանակվա տնօրեն Կիսելյովին, մոտենում է նրան և... շրխկացնում գլխարկին: Այնուհետև նրան արգելվեց նկարահանվել «Լենֆիլմում»... Դալին նույնիսկ կինոփորձերը արգելեցին: Խեյֆիցը գնում է Կիսելյովի ամառանոց: Նրան երկար համոզում է: Կիսելյովը լսում է, լսում և ասում է. «Գիտեք, կա՛մ ես, կա՛մ Դալը»: Ինչին Խեյֆիցը պատասխանում է. «Դե... էդ դեպքում… Դալը»: Եվ դրանով այդ ամենն ավարտվում է, որովհետև Իոսիֆ Եֆիմովիչն այն ժամանակ երևելի մարդ էր՝ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության լենինգրադյան մասնաճյուղի քարտուղարն էր: Այնպես որ, նա պնդեց իրենը»:
Չնայած Դալը և Վիսոցկին ընկերներ չէին և շփվում էին միայն նկարահանումների ժամանակ՝ նրանց ճակատագրերը շատ ընդհանրություններ ունեին. նրանք գրեթե հասակակիցներ էին: Վիսոցկին 3 տարով մեծ էր, երկուսն էլ ծնվել էին 25-ին, միայն Դալը՝ մայիսին, իսկ Վիսոցկին՝ հունվարին: Նրանց ստեղծագործական ճակատագրերը հավասարապես դժվար էր դասավորվել. Նրանց բազմաթիվ մտահղացումներ անկատար էին մնում, իսկ նրանց մասնակցությամբ ֆիլմերը հաճախ մի քանի տարի մնում էին դարակների վրա: Ռեժիսորները միաժամանակ և՛ երազում, և՛ զգուշանում էին նրանց հետ աշխատել. Երկուսն էլ մեծ կախվածություն ունեին իրենց վատ սովորություններից, և նկարահանումները կարող էին վտանգված լինել: Երկուսն էլ չէին վայելում կինողեկավարության հարգանքն ու վստահությունը, բայց ժողովրդի շրջանում պաշտելի էին և մեծ ժողովրդականություն էին վայելում: Երկուսն էլ աշխատում էին մինչև իրենց հնարավորությունների սահմանագիծը, մինչև հյուծվածություն, մինչև իսպառ այրվելը: Եվ վերջապես, երկուսն էլ ժամանակից շուտ հեռացան՝ մեկը մյուսի հետևից. 1980-ի հուլիսի 25-ին մահացավ Վիսոցկին, և մեկ տարի անց՝ 1981-ի մարտի 3-ին՝ Դալը: Նրանց վաղաժամ մահվան պատճառների մասին հակիրճ և սպառիչ ասել է ռեժիսոր Վ. Մոտիլը. «Դրա հիմքը դառնությամբ լցված մորմոքն է»:
Շատերը, որոնք գիտեին և՛ Վիսոցկուն, և՛ Դալին, ուշադրություն էին դարձնում այն փաստին որ նրանց միջև առանձնահատուկ հոգևոր կապ կար: Վիսոցկու մասին գրքի հեղինակ Վ. Բակինը գրել է. «Օլեգն ու Վլադիմիրն ամեն օրվա ընկերներ չէին, հազվադեպ էին շփվում, ընտանիքներով մտերիմ չէին, բայց նրանց հոգևոր կապը չափազանաց ամուր էր: Նրանք զգում ու հասկանում էին միմյանց: Նրանց միավորում էին տաղանդը, ինքնաարտահայտվելու ունակությունը՝ չնայած գործընկերների կողմից հասկացված չլինելուն, ռեժիսորների հետ բախումներին, բարձրաստիճան իշխանությունների արգելքներին ու կշտամբանքներին: Նրանց անհաջողություններն, ասես, զուգորդվում էին. մեկինը՝ կինոյում, մյուսինը` թատրոնում: Մեկին պարզապես թույլ չէին տալիս նկարահանվել, մյուսին՝ լռության էին մատնում, ամեն առիթով պատժում էին: Եվ, իհարկե, երկուսի դեպքում էլ պաշտոնական ճանաչման ոչ մի նշան: Արվեստում նրանց երկուսի քսան տարվա կյանքն էլ ինքնահրկիզման գործողություն էր, բայց ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին չարժանացրեցին «վաստակավոր» կոչմանը, չնայած, որ մյուսները դառնում էին «ժողովրդական» և դափնեկիրներ: Մահից քիչ առաջ՝ համերգի ժամանակ հաղորդավարը շփոթվել էր՝ Դալին անվանելով «ժողովրդական դերասան»: Եվ Դալն անմիջապես ուղղել էր նրան. «Ես ժողովրդական չեմ, ես օտար եմ»:
Ռեժիսոր Եվգենի Տատարսկին պատմում էր. «Կյանքում նրանք միմյանց քնքուշ ու սրտառուչ էին վերաբերվում , կարելի է ասել, որ ընկերներ էին: Նրանց միջև ինչ-որ անբացատրելի ընկալում կար, զուր չէր, որ Օլեգն ընդամենը կես տարի ավելի ապրեց: Եվ նա անընդհատ կրկնում էր. «Ես հաջորդն եմ, ես հաջորդն եմ»»:
Օլեգ Դալը շատ էր սիրում Վիսոցկու երգերը և բարձր էր գնահատում նրան որպես մարդ, որպես անհատականություն: Նրանց վերջին հանդիպումը 1980-ի մայիսի 1-ն էր՝ Վիսոցկու մահից 3 ամիս առաջ. այդ ժամանակ Դալը նրա հյուրն էր և լսում էր նրա վերջին բանաստեղծությունները: Վիսոցկու մահը դերասանի համար մեծ ցնցում էր: Դրանից հետո նա շատ հաճախ էր կրկնում. «Դե, շուտով Վոլոդյայի մոտ գնալու իմ հերթն է: Վիսոցկու մահից հետո Դալը սկսեց սրընթաց մարել: Իր հանդիսատեսի հետ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ դերասանը գրություն է ստացել, թե արդյոք ընկերներ ունի՞: Դալը պատասխանել է. «Ես ընկերներ չունեմ, ժամանակին ունեի՝ Վլադ Դվորժեցկին, Վոլոդյա Վիսոցկին... Ես զգում եմ, որ նրանք ինձ են սպասում...»:
Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի