«Անընթեռնելի» Չարենցը

Հանրահայտ փաստ է, որ Եղիշե Չարենցի առաջին տպագիր ստեղծագործությունը «Ծաղիկները հեզ…» բանաստեղծությունն է: Այն տեղ է գտել Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախի 1912 թվականի հուլիսյան համարում: Ընդամենը 6 տող: Հետագայում Գևորգ Աբովն իր հուշերում պիտի գրեր, թե իրականում, ինչպես ասել է Չարենցը, այդ բանաստեղծությունը բաղկացած է եղել 50-60 տողից, խմբագիրը կրճատել է այն`թողնելով 6-ը:

Սակայն բանաստեղծի կյանքի այս կարևոր դրվագն ունի այլ մանրամասներ ևս, որոնք զարմանալիորեն վրիպել են ուսումնասիրողների ուշադրությունից: Բանն այն է, որ հիշյալ ալմանախի նույն համարի վերջում, որտեղ սովորաբար խմբագրությունը զետեղում էր իր «Պոստ-արկղը», կա հետաքրքիր մի գրություն.

«Կարս, Ե. Ս.-ին -Մնացածները չեն տպվի: Շարունակեցեք: Գրեցեք պարզ»:

Այս հակիրճ գրառումը, որ անկասկած հասցեագրված է Եղիշե Սողոմոնյան-Չարենցին, նախ թույլ է տալիս արձանագրել, որ Չարենցը «Պատանի»-ին է տրամադրել մի քանի բանաստեղծություններ, որոնցից ընտրվել է միայն մեկը: Սրա հետ մեկտեղ խմբագրությունը խրախուսում է սկսնակ բանաստեղծի ստեղծագործական ջիղը, ինչն իր հերթին պիտի առիթ դառնար, որ նա կրկին թղթակցեր ալմանախին: Էլ ավելի հետաքրքրական են վերջին երկու բառերը` գրեցեք պարզ: Առաջին հայացքից կարելի է կարծել, թե նկատի է առնվել Չարենցի շարադրանքի ու մտքի բարդությունը: Բայց պարզվում է, որ խոսքը բոլորովին այլ բանի մասին է: Գաղտնիքը բացահայտվում է ամիսներ անց, երբ ալմանախը վերստին հիշեցնում է կարսեցի 16-ամյա երիտասարդի մասին:

Այս անգամ «Պատանի» ալմանախի 1913 թվականի 3-րդ համարում, նույն «Պոստ-արկղ» բաժնում, հանդիպում ենք մեկ այլ գրառման: Այնտեղ ասվում է.

«Կարս, Ե. Սողոմոնյանին -Գրեցեք պարզ, չի կարդացվում»:

Հիմա արդեն հասկանալի է դառնում, թե մեկ տարի առաջ ասված և հետո դարձյալ կրկնվող պարզ գրելու հորդորն ինչին էր վերաբերում: Չարենցի դժվար ընթեռնելի ձեռագիրը խնդիրներ է ստեղծել ոչ միայն խմբագրության, այլև հեղինակի համար: Չի բացառվում, որ պարզ ու հստակ գրելու դեպքում «Պատանի»-ի էջերում մենք այսօր կտեսնեինք նրա վաղ շրջանի այլ բանաստեղծություններ ևս:  Բայց ամեն բան եղել է ի հեճուկս մեր ցանկության:

 

Հովիկ Չարխչյան