«Գոմեշը». երբ միմյանց վերագտնում են թատրոնն ու Հրանտ Մաթևոսյանը

«Հրանտ Մաթևոսյան» կենտրոնը կենդանի շունչ է ստանում

«Մաթևոսյան» կենտրոնի ոչ մեծ դահլիճում կանաչ դաշտի բույրն է տարածվել   ու անշտապ, համառ դանդաղկոտությամբ, բայց հաստատակամ դուրս է գալիս  դահլիճից, կենտրոնի շենքից ու «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի հարակից այգուց բարձրանում մինչև Սարալանջի բաց հարթությունները: Կենդանի բնության այս «անպատեհ» ներկայությունը մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ անխնամ մի պուրակում բնությունն օրեցօր միայն աղտոտվում, աստիճանաբար մեռնում և վերածվում է գեղեցիկ վերհուշի, բնավ պատահական չէ. «Մաթևոսյան» կենտրոնի դահլիճն ու բեմն արդեն պարբերաբար որպես ազատ ու ստեղծարար  թատերական հարթակ հյուրընկալում են Նարինե Գրիգորյանին՝ Մաթևոսյանի և իր «Գոմեշը» մոնոներկայացմամբ: Եվ ամեն անգամ, երբ դահլիճը լեփ-լեցուն է լինում, երբ վերջին շարքերի հետևում հանդիսատեսը կագնած է վայելում մեկ ժամից փոքր-ինչ ավելի տևող բեմադրությունը, երբ կամերային այս տարածության մեջ միմյանց վերագտնում են թատրոնն ու Հրանտ Մաթևոսյանը, թվում է թե կենդանի շունչ է ստացել այս կենտրոնն ու իրականացել է կենտրոնի  հիմնադիր Դավիթ Մաթևոսյանի տարիների երազանքը: Ու թվում է՝ եթե դուրս գաս կենտրոնի շենքից կհայտնվես «Մաթևոսյան»  էկոպուրակում, որտեղ Լոռվա բնաշխարհի չքնաղ պատկերներն են, ապա կտեսնես Նանա իշխանուհու կամուրջը և գրողի անունը կրող երևանյան փողոցը:

Մաթևոսյանական այս ամբողջական աշխարհի պատրանքը ստեղծում է «Գոմեշը»  մոնոներկայացումը: Դերասանուհին հայտնվում է բեմում և ակնթարթորեն  փոքրիկ բեմահարթակը ընդարձակվում, վերածվում է մի մեծ բնաշխարհի  ամբողջական, ընդգրկուն համապատկերի: Նարինե Գրիգորյանն անգամ մի բառ դեռ չի արտաբերել, բայց հզոր գրականությունն արդեն սահուն կերպով վերափոխվում է թատրոնի՝ մաթևոսյանական ոչ թատերական, խիտ ու բարդ տեքստը վերածելով անսպասելիորեն թեթև ու սրընթաց մի թատերախաղի: Եվ գրականության ու թատրոնի բնական, շատ տաղանդավոր միահյուսումը  զարմանալի իրական ու հավերժական մի պատմություն է պատմում քեզ:

Բեմը ձևավորված է ժանրին ծառայող մինիմալիստական լուծումներով. անուշ բուրող խոտածածկն է, տակառը՝ ջրով լի, որը ժամանակ առ ժամանակ եռացող արյունը «հովացնելու» միջոց է ծառայելու: Եվ բեմի առանցքում մեն-մենակ մի մարդ է՝ Նարինե Գրիգորյանը, որը և՛ բեմադրող ռեժիսորն է, և՛ դերասանուհին ու խիզախել է մի ամբողջ թատրոնի պատասխանատվությամբ, նաև՝ ակնածանքով իր ուսերին առնել մաթևոսյանական արձակի ծանրությունն ու հանդիսատեսի հետ  խոսել այս անկատար աշխարհի ու կատարյալ բնության բարդ փոխհարաբերությունների, մեր հոգու, ցանկությունների, կյանքի  օրինաչափությունների ու հավերժության մասին:

Դերասանուհին ներկայանում է կարմիրի ու սևի արտաքին զուսպ ներդաշնակության ու ներքին անզուսպ ու բուռն փոխակերպումների  համադրությամբ. նրա Գոմեշն ամբողջությամբ թրթիռ, եռացող արյուն, բնության  անդիմադրելի կանչ ու գեղեցիկ, անսահմանորեն գեղեցիկ և անկառավարելի տարերք է. «Գոմեշը ելավ գոմից, կանգնեց բակում, մռլնգաց: Դրանք կաղամբի մարգեր էին, դա ցանկապատ էր, դա իրենց շունն էր, դա հատիկ էր,- բայց ինչ էր ուզում ինքը: Հեռուների շեկ դաշտերում դեպի տաք լճակներն են օրորվում գոմեշների խմբեր և դրանց մեջ մեկը տաք է, հզոր է, գեղեցիկ է: Գոմեշը թափով ելավ բակից՝ շունը հետևեց նրան: Շունը իրեն ասաց. էս գոմեշն ո՞ւր է գնում: Գոմեշը շարժվեց ցանկապատի երկայնքով»:

Դերասանուհու շնչառությունը ծանրանում է, ձեռքերը խաղացկուն շարժումներով իրենց ռիթմն են թելադրում ոտքերին, որոնք, ի վերջո, տրվում են Գոմեշի դոփյունի  ռիթմին: Ոտքերի համաչափ, կտրուկ հարվածներն աստիճանաբար ուժեղանում, հզորանում են, ու տեկտոնիկ շարժման ուժով դոփյունի ալիքը բեմից փոխանցվում է դահլիճին: Գոմեշը մռլնգում է, և այդ մռլնգոցը հոգու խորքից է գալիս, այդ մռլնգոցն անգամ տաղանդավոր դիմախաղի վերածող դերասանուհին Մաթևոսյանի գրականությունը նախևառաջ ինքն է վայելում որպես իսկական թատերական խրախճանք:

Գրական պատումը խտանում է նրա ներսում, նա ոչինչ չի պարտադրում, ընդամենը բեմում ապրում է բնության նախաստեղծ տարերքն ու  սերնդագործության բնազդային պոռթկումը: Ի հեճուկս բոլոր արգելքների՝ կապանքներից ազատվելու Գոմեշի մոլեգին, կատաղի մղումը դերասանուհին ապրում է մի շնչով, ինքնամոռաց ու կատարելության ձգտող վարպետությամբ: Եվ  ահա նա ազատ է, բաց, խոնարհ է ու ըմբոստ, կատաղի ու քնքուշ միաժամանակ ու պատրաստ է գնալ տարերքին ընդառաջ. «Գոմեշը կանգնեց, սպասեց, աչքերը տամկացան, և հետո նրա կանչին պատասխանեց ուշ, շատ ուշ: Ապա խլացավ, կուրացավ, խելագարվեց ու մղվեց գլուխը բարձր, ինքը գետնից կտրված: Մի բան կտրուկ շուռ տվեց նրա վիզը և կոտրեց, գրեթե կոտրեց: Պարանն ու ցիցը: Նա սպասեց որ քուրդը կապն արձակի, բայց քուրդը կպել էր ցցին ու, փաթաթներ  տալով, կարճացնում էր պարանը: Նա ետ-ետ արեց, պարանը պինդ էր, եղջյուրների արմատները ցավեցին, իսկ ցիցն ու քուրդը տեղահան ելան, քարշ եկան նրա կողքից: Նա գնաց ցատկերով, դնչի տակ թե կողքերին մի շուն էր դեսուդեն նետվում, պարանը կճղակի արանքն ընկավ, դուրս պրծավ, ու ցիցը զարկեց փորին, իսկ շունը վնգստում էր հեռու մի տեղ, պարանը դարձյալ մտավ կճղակի արանքը, և նա գայթեց, ծնկեց ու ելավ տաքության մեջ խուլ: Նա կանգ առավ, նայեց տամուկ աչքերով ու մռլնգաց:

Պարանոցը թեք՝ գոմշացուլը կանգնած էր անշարժ ու մռլնգում էր ինքն իր ներսում:

Կանգ առնելով յուրաքանչյուր քայլից հետո, նա վերևից իջավ հանգիստ, նա նրան մոտեցավ քայլ առ քայլ: Նրանք կանգնեցին իրարից հեռու և նայեցին իրար: Եվ դրանից հետո նրանք ոչինչ չարեցին, այլ արեց նախիրների ու գոմեշների աստվածը»:

Դերասանուհին ջղագրգիռ է. այնքան հույզ, տենչանք, երանություն ու դրամատիկ ելևէջներ են խտացել, որ ներսում պահել չի կարող, ու ամբողջը ժայթքում, պայթում է բեմական փոքր հարթակում. Մաթևոսյանին արժանի պոռթկում է՝  ավարտուն էպիկական պատկեր. ազատություն է, կիրք, երանություն ու նախաստեղծ բնական կեցություն: Եվ Գոմեշը բռնում է վերադարձի ճանապարհը. «Հինգերորդ օրվա երեկոյան, աղջամուղջի հետ, երբ տավարը ծանր կրծքերով կթի էր գալիս, նա հոգնած-հոգնած մտավ ուրթ: Նա ուրթ մտավ հերկից եկող եզան պես, հնձից դարձող մշակի պես, դարբնոց գնացող գութանի պես, կեսգիշերին տեղ  հասնող ճանապարհի նման, որպես գյուղի ամռան երեկո: Ծանրումեծ սպասող կովերի միջով նա եկավ, կանգնեց թաղիքե հին վրանի դռանը, և ինքը վրանի չափ  էր, ու հոգնած մռլնգաց. ըըըմ:

-Ջան,-ասաց Նանը,-եկա՞ր»:

Այս պոետիկ պատումը Մաթևոսյանի գրչի գծած քարտեզով ճամփորդություն է դեպի մեր ներսը՝ ևս մի առիթ հայեցողի հայացքով նայելու մեր հոգու խորքը, մեր ներսում փնտրելու մեզ կեղեքող հարցերի պատասխանները: Եվ Նարինե  Գրիգորյանը մեր ասացողների շքեղ գունեղությամբ ու վարպետությամբ Մաթևոսյանի պատումը իր ձայնով, կերպարով ու տաղանդով  շնչավորում, վերածում է նախշանկարի և մեզ վերադարձնում ինքներս մեզ հետ ներդաշնակ լինելու երջանկությունը:

 

Նունե Ալեքսանյան