«Ձգողականություն»՝ նույն լույսը և՛ լույս է տալիս, և՛ այրում է

Վաչե Շարաֆյանի երաժշտության հնչյունները ռիթմիկ ու տպավորիչ հերթագայությամբ տագնապի, տիտանական բախումների ու հակասությունների ազդակներն են փոխանցում բալետային պարախմբին ու հանդիսատեսին`բեմում կատարվողը վերածելով անսովոր պարայաին կոլաժների: Բալետային պլաստիկայի և երաժշտության սահուն ներդաշնակությունը բեմից տարածվում է դահլիճ՝ հանդիսատեսին ու արտիստներին կամրջելով մեկ ընդհանուր գեղագիտական տարածքի շրջագծում: Այս հնչյունները՝ դեռ նոտաների չվերածված, տարիներ շարունակ հնչել են հեղինակի գլխում, այնքան ժամանակ, որքան կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը մտածում էր «Հին աստվածները» բալետային ներկայացման վերածելու մասին: Եվ ահա      Լևոն Շանթի «Հին աստվածների» հրատարակությունից 110 տարի անց մեր գրականության ամենահայտնի խորհրդապաշտական դրաման «Ձգողականություն» վերնագրով առաջին անգամ որպես բալետային ներկայացում բեմ է բարձրանում երևանյան օպերային թատրոնում: Շանթի միստիկ պոետիկայով լեցուն դրաման հրատարակությունից ի վեր մշտապես գրավել է երաժշտական թատրոնի համար աշխատող կոմպոզիտորներին, որոնց թվում էին Անուշավան Տեր-Ղևոնդյանը և Գևորգ Արմենյանը: Երկուսն էլ ջանադրաբար աշխատել են Շանթի հռչակավոր դրաման օպերայի վերածելու ուղղությամբ: Երկարամյա տքնաջան աշխատանքից հետո Գևորգ Արմենյանն, ի վերջո, ստեղծեց համանուն օպերան, բայց ո՛չ նրա, ո՛չ էլ Անուշավան Տեր-Ղևոնդյանի ստեղծագործություններն այդպես էլ մեծ բեմ չհասան և չներկայացվեցին մայրաքաղաքի արվեստասերների գնահատմանը: Հիմա, երբ Շանթի սիրված դրաման դարից ավելի անցել է գրական և բեմական մեծ հաջողության վերընթաց ճանապարհը, վերջապես մեր օրերում հայտնվել է երևանյան օպերայի բեմում՝ որպես 21-րդ դարի մոդեռն բալետի, նորարարության և անսովոր բեմական լուծումների մի  ամբողջություն: Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին «Հին աստվածներն» ի սկզբանե  ոգեշնչել է որպես բալետային պլաստիկային կատարելապես համահունչ մի ստեղծագործություն, և նրան վստահություն ներշնչել, որ «Հին աստվածները» հե՛նց այն ստեղծագործությունն է, որի վրա իր ընտրությունը կանգ կառնի, եթե երբևէ բալետի  համար երաժշտություն գրի. ««Հին աստվածները» անընդմեջ եղել է իմ ուշադրության  էպիկենտրոնում: Միշտ մտածում էի, որ եթե մի օր բալետ գրեմ, ապա դա, անկասկած, կլինի «Հին աստվածները»: Եվ էլի մի երկու կաղապարներ կան: Բայց մի անգամ նամակ ստացա մի ամերիկահայ կնոջից, որին մինչև այդ չէի ճանաչում: Այդ նամակում նա առաջարկում էր, որ ես գրեմ «Հին աստվածները» բալետը, և, անկեղծ ասած, դա ասես սպասված մի նվեր լիներ ինձ համար: Այսպիսով, գաղափարը կյանքի կոչվեց Կատյա Քուշերյանի աջակցությամբ և պետք է ասեմ, որ ես աշխատեցի մեծ ոգեշնչմամբ, որովհետև իրապես տպավորություն ունեմ, որ «Հին աստվածներն» ամբողջությամբ բալետի համար գրված մի հանճարեղ գործ է, և բալետի լեզուն բացարձակապես համապատասխանում է այս ստեղծագործությանը. դա պիտի բալետ լիներ, այդ ստեղծագործությունը բալետի  լեզու է պահանջում»:

«Հին աստվածները», որ ինքնին պոեզիա է, լեցուն է ռիթմով, պոետիկ տարրերով և մեղեդայնությամբ, իր դրամատուրգիական ուժեղ հիմքով և բազմաշերտությամբ հեղինակին թելադրել է անսովոր լուծումները: Շարաֆյանը հիշում է՝ երաժշտությունը գրվեց ընդամենը մի քանի ամսում, ամբողջությամբ ավարտին հասցվեց 2018 թվականին և որոշակի փոփոխությունների ենթարկվեց 2019-ին: Բայց այս դեպքում էլ բալետի բեմական ճակատագիրն անորոշ ընթացք ունեցավ. այդ ժամանակ երաժշտության հեղինակի հետ համագործակցությամբ բալետի բեմադրության բավականին ճոխ, բազմամարդ ու ծախսատար մի հայեցակարգ էր մշակել բալետմայստեր Վիլեն Գալստյանը: Ցավոք այս նախագիծն անավարտ մնաց տաղանդավոր բալետմայստերի հիվանդության պատճառով, որին հաջորդեցին նաև համավարակով պայմանավորված սահմանափակումների շրջանն ու 2020-ի պատերազմը:

Տևական ընդմիջումից հետո «Հին աստվածներին» վերադարձի գաղափարը բեմադրության երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանինն էր: Հենց նրա առաջարկությամբ որպես նախագծի գեղարվեստական ղեկավար հրավիրվեց դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որի նախաձեռնությամբ հիմնավորապես վերանայվեցին և գրեթե ամբողջությամբ փոխվեցին բեմադրական հայեցակարգն ու լիբրետոն: Այժմ «Ձգողականություն» վերնագրով հանդիսատեսի գնահատմանն է ներկայացվում ռեժիսորական համարձակ մեկնաբանություններով, թարմ ու նոր գաղափարաներով և անսպասելի լուծումներով փորձարարական մի ներկայացում բնության ձգողականության ուժի, բանականության պարտադրանքի ու ազատության, մարդու էության հակասականության մասին, որի զուսպ, ասկետիկ արտաքին մակերեսի տակ Շանթի բազմաշերտ ու հզոր ստեղծագործության միշտ արդիական փիլիսոփայությունն է: «Ձգողականության» գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ զրուցեցինք իր համար նոր ոլորտի՝ բալետի բեմադրական դժվարությունների, իսկ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ՝ «Հին աստվածներ» թե՞ «Ձգողականություն» երկընտրանքի մասին:

-Վերջին շրջանում բեմադրական աշխատանքի շատ հետաքրքիր առաջարկներ եք ստացել՝ սկսած մոսկովյան թատրոններից մինչև ներհայաստանյան նախագծերը: Բայց բալետային ներկայացում, այն էլ Շանթի «Հին աստվածները», արդյո՞ք խիստ կտրուկ շրջադարձ չէ Ձեզ համար: 

Նարինե Գրիգորյան -Երևի երբեք համարձակություն չէի ունենա Աբեղայի նման նետվել  ջուրը և «մտնել» բալետի մեջ, եթե հանկարծ այս ստեղծագործության մեջ չտեսնեի այդ անսահման հնարավորությունները հենց բալետի միջոցով արտահայտելու ներուժը: Անսահման շնորհակալ եմ Կարեն Դուրգարյանին, ես ինքս երևի ինձ չէի հավատա, եթե նա չհավատար: Եվ իսկապես, այս ստեղծագործության մեջ պոետականությունը շատ-շատ է, և դա բալետում շատ ավելի գեղեցիկ կարելի է արտահայտել, քան դրամատիկական թատրոնում: Իհարկե, փոքր-ինչ փոխվեց պիեսի առանցքը, քանի որ ես ուզում եմ 21-րդ  դարում ո՛չ թե պատմել «Հին աստվածներից», ա՛յլ տեսնում եք մենք անգամ վերնագիրն ենք փոխել, այն դարձել է «Ձգողականություն», ա՛յլ խոսել բնության ուժի մասին: Ե՛վ բնությունն է ձգում, և՛ բնության օրենքն է ձգողականությունը, որովհետև ես ուզում եմ  այսօր պատմել, որ չի կարելի այսօր ընկնել ծայրահեղությունների մեջ: Ճշմարտությունը մեկն է, բայց ամեն մեկը յուրովի է ընկալում այն, և ամեն մեկը ձևավորում է իր հայացքը, և այդ հայացքը ստեղծում է իր կյանքը:

-Արդեն 100 տարուց ավելի է, որ Շանթի այս կոթողը շարունակում է գերել մարդկանց հոգիները: Եթե այն գնահատենք Ձեր մեկնաբանության տեսանկյունից, ինչո՞վ է կապվում մեր օրերին: 

Նարինե Գրիգորյան -Այդ առումով այսօր էլ, հենց այս պատմության մեջ էլ բոլորն ընկնում են ծայրահեղությունների մեջ: Իսկ իրականում մեր աչքի առաջ ունենք Աստծո ստեղծած բնությունը, որը մեզ համար փայլուն օրինակ է և փայլուն պատմում է Աստծո մասին: Չէ  որ բնության մեջ հակադրությունները միավորվում են. նույն լույսը և՛ լույս է տալիս և՛ այրում է, կյանքը միաժամանակ և՛ անչափ գեղեցիկ է, և՛ ունայն է, որովհետև մահ կա, հենց այդ հակադրությունների մեջ է ամբողջ գեղեցկությունը և պիտի դա հասկանալ և տրվել այդ գեղեցկությանը: Մենք ունենք բնությունը ներկայացնող տեսարաններ, ունենք մրջյունների տեսարան, ինչու մրջյուններ, որովհետև հաճախ, երբ նայում ես մրջյուններին, նրանք էլ սևազգեստ այսպես աշխատում են և հենց նույն տպավորությունն է, որ Աստված նայում է մեզ վերևից և կարող է թեթևակի փչել ու ամբողջը քանդել. ընդամենը Աստծո մի թեթև շունչը: Եվ հենց այդ համեմատականն էլ կա բնության, մարդու և Աստծո այս հարաբերակցության մեջ:

-Եվ ի՞նչ խնդիրների բախվեցիք որպես բալետային ռեժիսոր:

Նարինե Գրիգորյան -Ես գիտակցեցի, որ ես, այնուամենայնիվ, շարժում շատ եմ սիրում: Իհարկե, մենք ունենք բալետմայստեր, որն ամբողջ հիմնական աշխատանքն արեց, ես  պարզապես դրամատիկական գիծն եմ ամրացնում, և գուցե հենց դրա համար եմ հրավիրված, որ դերասանի վարպետություն փոխանցեմ պարողներին, որոնք շատ նվիրված են և փայլուն են աշխատում: Ես իրականում հիանում եմ նրանցով և շատ-շատ  եմ սիրում:

-Դուք ստիպված էիք ամբողջությամբ վերանայել Վիլեն Գալստյանի հայեցակարգը:

Նարինե Գրիգորյան -Վաչե Շարաֆյանը երաժշտությունը գրել էր այլ լիբրետոյի համար, և երբ ես կարդացի, հասկացա, որ ես այլ կերպ եմ զգում այս ամենը: Բայց լիբրետո ստեղծելիս պետք էր նաև չդավաճանել երաժշտությանը և դա էր ամբողջ բարդությունը: Հաճախ երաժշտության բնավորությունը լսելիս եմ զգացել թե գիշերաթիթեռներն ինչպես են գալիս լույսին ու վառվում, բայց դա երաժշտությունն է թելադրել: Ես պարզապես ուզել եմ ստեղծել բնության մոգականությունը, գեղեցկությունը, և երաժշտությունը թելադրել է դա և ըստ դրա ստեղծել եմ մեկ այլ լիբրետո: Իրականում բարդ էր, որովհետև արդեն ստեղծված էր երաժշտությունը և պետք էր հարգել կոմպոզիտորի երաժշտությունը: Երևի  ամենաբարդը հենց դա է՝ հարգել բոլորիս աշխատանքը, որ համագործակցությունը  ստացվի:

-Պարոն Շարաֆյան, եթե չեմ սխալվում նախապես դեմ եք եղել «Ձգողականություն» վերնագրին:

Վաչե Շարաֆյան -Արդեն գիտեք, որ ես վերանայեցի բալետն ամբողջությամբ՝ այն համապատասխանեցնելով նոր բեմադրությանը, և անունը դարձավ «Ձգողականություն»: Իրականում ձգողականության ուժն է, որ մեզ կառավարում է, մեզ ուղղորդում է: Եվ ինչ-որ  տեղ սկզբում համաձայն չլինելով այդ վերնագրի հետ, հետագայում պարզ դարձավ, որ այն արդիական է, տեղին է և ճիշտ է ընտրված: Պարզապես «Հին աստվածները» միշտ կա այդ վերնագրի հետ, որովհետև սա Շանթի և մեր գրականության լավագույն գործերից է, և  ինքը որպես վերնագիր արդեն որոշակիորեն սիմվոլ է:

-«Հին աստվածները» շատ բազմաշերտ ստեղծագործություն է, որին որ կողմից էլ մոտենաս, մի առանձին թեմա է, Ձեզ համար այս դեպքում առանցքայինը ո՞րն էր:

Վաչե Շարաֆյան -Գիտեք, մարդու ճանապարհը փնտրտուք է, մենք ճանապարհ ենք անցնում, որ ճանաչենք ինքներս մեզ, այս աշխարհը, ինչո՞ւ ենք մենք այստեղ: Միշտ մտածում եմ, որ ինչ-որ մի առաքելություն կա, որ ես անում եմ այն, ինչ անում եմ և չեմ  կարող չանել: Ես միշտ ասում եմ, որ երաժշտությունն ինձ համար աղոթքի մի տեսակ է, որովհետև եթե կա երաժշտական ստեղծագործություն, այն մի տեսակ չի և վերջ, այլ պահանջում է իր մեկնաբանողները, և ամեն մի երաժիշտ յուրովի է կատարում այն: Եվ եթե երաժշտությունը հնարավորություն է տալիս այդ նույն նոտաների միջոցով  արտահայտել ինքն իրեն, ուրեմն ինքը բարձրարժեք է, խոսում է բոլորի հետ: Նույնը նաև աղոթքն է՝ նույն բառերն ենք ասում, բայց մեր սիրտն ու հոգին ենք դնում և տարբեր բան է ստացվում: Այս առումով, «Հին աստվածները» շատ-շատ հետաքրքիր է մեր և համաշխարհային գրականության մեջ, այն թարգմանվել է, և հիմա, փառք Աստծո, արդեն թարգմանվել է նաև երաժշտաբալետային լեզվով:

-«Ձգողականության» առիթով դարձյալ սկսեցին խոսել փոքր բյուջեով լավ ներկայացումներ անելու հնարավորության մասին: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

Վաչե Շարաֆյան -Դե գիտեք, միշտ պետք է ելնել հնարավորություններից, իրավիճակից: Եթե հիշում եք Փարաջանովը բանտում անցկացրած տարիներին ստեղծագործում էր՝ օգտագործելով այն ինչ որ ձեռքի տակ ուներ: Վիլեն Գալստյանի բեմադրութան դեպքում բյուջեն շատ ավելի մեծ էր, հետագայում խոսակցություններ եղան նաև այլ  բեմադրողների հետ, որոնց բյուջեն շատ-շատ մեծ էր ստացվում: Ես միշտ ասում էի, որ գուցե շեշտը ճոխության վրա չդրվի: Հիմա ուշադրությունն ավելի կենտրոնացվեց բուն նյութի, քան դեկորի վրա: Հուսամ ամեն ինչ շատ տեղին և հստակ է արված: Ես շատ ուրախ եմ այս ներկայացման համար և հուսով եմ, որ իմ ոգևորությունը կկիսի նաև հանդիսատեսը:

 

Նունե Ալեքսանյան

 

 

 

 

...