«Սուրբ Ծնունդ. Մանրանկարչական ներշնչումներ». Մաշտոցյան Մատենադարանի բացառիկ ցուցադրությունը

Սուրբ Ծնունդը մանրանկարչական արվեստում

Հռոմեական կայսր Կոստանդին Մեծի հաղթանակից հետո Հռոմեական եկեղեցին դեկտեմբերի 25-ը սահմանեց որպես Քրիստոսի Ծնունդը նշելու օր։ Արդեն 4-րդ դարի վերջից այդ օրն ամբողջ քրիստոնեական աշխարհը նշում էր Սուրբ Ծնունդը, բացառությամբ արևելյան եկեղեցիների, որտեղ այս տոնը նշվում էր հունվարի 6-ին։

Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին են պատմում Մատթեոս և Ղուկաս ավետարանիչները։ Հետաքրքիր է, որ քիստոնեական պատմության առաջին երեք դարերի ընթացքում եկեղեցին դեմ է եղել ծննդյան տոները նշելու հեթանոսական սովորույթին, թեև կան նաև որոշ վկայություններ, որ Քրիստոսի Ծննդյան տոնակատարությունը ներառված է եղել Աստվածահայտնության տոնի ծեսում: Ահա Կղեմես Ալեքսանդրացին նշում է 2-3-րդ դարերի վերջին Եգիպտոսում նման սովորույթի մասին։

Քրիստոնեական աշխարհի գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը դարեր շարունակ իր արտացոլումն է գտել արվեստի մի շարք ճյուղերում։ Քրիստոսի Ծնունդը Աստվածամոր, մոգերի, հովիվների հովանու ներքո, բեթղեհեմյան աստղի վկայությամբ հիմք են հանդիսացել միջնադարյան որմնանկարների, սրբապատկերների, մանրանկարների ստեղծման համար։

Քրիստոսի Ծննդյան պատկերագրությունն աստիճանաբար զարգացում է ապրել որպես  տոնի պաշտամունք, սակայն նրա հիմնական հատկանիշները հայտնվել են արդեն վաղ քրիստոնեական շրջանում։ Սուրբ Ծննդյան պատկերագրության զարգացմանը նպաստել են Հիսուս Քրիստոսի Մարդկային և Աստվածային բնույթի մասին վեճերը, որոնք ծագել են 4-5-րդ դարերում: Ծննդյան պատկերագրությունը վերջնականապես ձևավորվել է 10-11-րդ դարերում և լայն տարածում գտել բյուզանդական և ռուսական արվեստում։ Քրիստոսի Ծննդյան տեսարանները, բացի սրբապատկերներից ու որմնանկարչությունից, հաճախ հանդիպում են մանրանկարչության մեջ և դեկորատիվ արվեստում։

 

Պատմական ակնարկ

Սուրբ Ծննդյան պատկերներում ստեղծագործողների համար գրական աղբյուրն առաջին հերթին Ավետարանի տեքստն է։ Ծնունդը պատկերելու պատկերագրական ավանդույթի ձևավորման համար նույնքան կարևոր էին առաջին դարերի քրիստոնյաների կրոնական գաղափարները՝ նկարագրված ոչ կանոնական տեքստերում, որոնք հայտնի են որպես ապոկրիֆներ։
Քրիստոսի ծննդյան ամենահին պատկերները թվագրվում են 6-րդ դարին։ Դրանք առաջացել են քրիստոնյա Արևելքում, այնուհետև տարածվել Արևմուտքում մինչև ուշ միջնադար։ Ծննդյան տեսարանը պատկերող հնագույն նմուշները հանդիպում են 4-5-րդ դարերի սարկոֆագների վրա և կատակոմբների որմնանկարներում (վաղագույն օրինակը՝ 320-323թթ.)։ Սարկոֆագների վրա պատկերված է մանուկ Քրիստոսի պատկերը՝ մսուրի մեջ պառկած։ Նրա կողքին հովիվներն են, իսկ երբեմն էլ Սուրբ Մարիամն ու մոգերը, որոնք նվերներ են բերում։ Այսպիսի ամենավաղ հուշարձաններում Ծննդյան տեսարանը ներկայացված է այն տեսքով, որով այն մտել է պատկերագրության մեջ։

 

Սուրբ Ծննդյան հիմնական խորհրդանիշները արվեստի գործերում

Քրիստոսի Ծննդյան հորինվածքում կենտրոնական տեղ է զբաղեցնում Աստվածամոր կերպարը։ Նա պատկերված է կա՛մ պառկած մահճակալին, կա՛մ նստած մսուրի կողքին, որի մեջ պառկած է նրա Աստվածային Որդին: Այնտեղ է նաև Հովսեփը։ Քրիստոնեական արվեստը հավանաբար փոխառել է այս կոմպոզիցիոն տեսարանը հունական դիցաբանությունից՝ Սեմելեի՝ Դիոնիսոսի մոր պատկերի օրինակով, որը հանգստանում է ծննդաբերությունից հետո։
Հրեշտակները ևս նշանակալի տեղ են զբաղեցնում Քրիստոսի Ծննդյան պատկերագրության մեջ։ Ավետարանում ասվում է, որ Փրկչի ծնունդն ուղեկցվել է հրեշտակների հայտնվելով։ Քրիստոսի Ծնունդը խորհրդանշող սրբապատկերների վերևում գտնվող հրեշտակների պատկերը լայն տարածում է գտել 8-9-րդ դարերում, իսկ հետագա դարերում՝ անշեղորեն նրանց թիվն աճել է, եթե դրանք առաջին անգամ պատկերված  էին երկու-երեք  ֆիգուրներով, ապա հետագայում, օրինակ ռուսական հուշարձաններում մենք տեսնում ենք մի ամբողջ երկնային բանակ։ 17-րդ դարից սկսած,  Քրիստոսի Ծննդյան հիմնականում ռուսական և հունական սրբապատկերներում  սկսել են ներառել այնպիսի տեսարաններ, ինչպիսիք են «Կույս Մարիամի և Հովսեփի ճանապարհորդությունը Բեթղեհեմ», «Հովսեփի երազը», «Թռիչք դեպի   Եգիպտոս» և այլն։

 

Թեմատիկ մանրանկարչական գոհարներ՝ հայ արվեստում

Հայկական մանրանկարչական արվեստում ևս կարևոր տեղ են զբաղեցնում Սուրբ Ծննդյան թեման ընդգրկող պատկերակները։ Հայ  ծաղկողները դրանք զարդարել են ազգային մշակույթին բնորոշ առանձնահատկություններով, շքեղ զարդարանքով։ Հայ արվեստում Ծննդյան հնագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից: Դրանք են՝ Օձունի նշանավոր քարակոթողի հարթաքանդակը, «Էջմիածնի Ավետարանի» (Երևանի Մատենադարան, ձեռ. թ. 2374) փղոսկրյա կազմի՝ Ծնունդն ու մոգերի երկրպագությունը ներկայացնող դրվագները և նույն մատյանում զետեղված «Մոգերի երկրպագությունը» մանրանկարը: Ըստ Վրթանես Քերթողի՝ Ծննդյան պատկերներ են եղել մինչև 7-րդ դարի սկզբին կառուցված հայկական եկեղեցիներում, իսկ պահպանված հնագույն որմնանկարչական պատկերը գտնվում է Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում՝ 921թ.: Հայկական միջնադարյան նկարազարդ ձեռագիր ավետարաններում Ս. Ծննդյանը նվիրված մանրանկարները հաջորդում են Ավետմանը և նախորդում  Տյառնընդառաջին, իսկ վերջինս էլ՝ Մկրտությանը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դավանաբանության համաձայն հայկական մի շարք ձեռագրերում Ծննդյան տեսարանին անմիջապես հաջորդում է Մկրտությունը։

 

«Սուրբ Ծնունդ. Մանրանկարչական ներշնչումներ» ցուցահանդեսի հետքերով

Ծննդյան ամենակարևոր խորհրդանշանները վառ արտահայտված են հատկապես Կիլիկյան մանրանկարչական դպրոցի ծաղկողների գործերում։ Ահա, օրինակ, նշանավոր ծաղկող Սարգիս Պիծակի մանրանկարներից մեկը՝ «Ծնունդը», ընդգրկում է և՛ Քրիստոսի  Ծնունդը, և՛ հովիվների ու մոգերի երկրպագությունը, և՛ Մանուկ Հիսուսի լոգանքի դրվագը, և՛ նստած Հովսեփին: Սարգիս Պիծակն այդ կերպ գործողությունների կենտրոնում պատկերում է Աստվածամորը և Մանուկ Հիսուսին: Ծննդյան տոնին ընդառաջ հայկական մանրանկարչական գլուխգործոցները տեսնելու և ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն է ընձեռել Մաշտոցյան Մատենադարանը։

«Ցուցադրության մեջ ներառել ենք 13-17-րդ դարերի ինքնատիպ ձեռագրեր։ Ընտրել ենք այնպիսի ցուցանմուշներ, որոնք տարբերվում են հենց մեր դպրոցների մեջ։ Ունենք նմուշ ,օրինակ, Կիլիկիայից, Արցախից, Վասպուրականից, հայկական գաղթօջախներից՝ Կոստանդնոպոլսից, Ղրիմից։ Ամեն մանրանկարչական դպրոցից ընտրել ենք այնպիսի գոհարներ, որոնք իրականում տարբերվում են հենց մեր մանրանկարչության մեջ և ունեն եզակի դրսևորումներ, տարբեր մանրամասներ, որոնք բնորոշ են հենց տվյալ մանրանկարիչների ստեղծագործություններին», -ասում է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազարյանը։

Ահա, օրինակ, ցուցադրված է 14-րդ դարի Ավետարաններից մեկը, որտեղ Սարգիս Պիծակը նաև պատկերել է մանկական լոգանքի կենցաղային դրվագը։ Մանկաբարձուհիներից մեկը ջրով լի սափորը մոտեցնում է ավազանին, իսկ մյուսը՝ Եվան, գիրկն է առել Մանկանը։

«Սուրբ Ծնունդ. Մանրանկարչական ներշնչումներ» ցուցահանդեսում ցուցադրված է նաև ծաղկող Գրիգոր քահանայի ութ մատյաններից մեկը՝ նկարազարդ Ավետարանը։ Թեմատիկ Ծննդյան տեսարանում ներկայացված է Մոր և Մանկան հայացքների փոխանակման հուզիչ տեսարանը։ Իսկ դիմանկարների խորությունն ու դրանցում ներդրած վարպետությունն ուղղակի հնարավոր չէ չնկատել։ Պատկերված են նաև ընծայաբեր մոգերը՝ իբրև թագավորներ, այստեղ են նաև հովիվները, որոնք տեսարանը հարստացնում են երաժշտական շնչով՝ սրինգով և փողով։

Ըստ ցուցահանդեսի համադրողի՝ ըտրված նմուշների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ։

«Հնագույն ցուցանմուշը ձեռագիր ստեղծագործություն է Կիլիկիայից, մանրանկարիչը հայտնի չէ, գրիչն է հայտնի՝ Սուքիասը։ Այն համարվում է Կիլիկյան մանրանկարչական դպրոցի գոհարներից մեկը, ինքնատիպ է իր լուծումներով։ Կարող ենք տեսնել Կիլիկյան մանրանկարչությանը բնորոշ դեկորատիվ տարրերը, որոնք շրջանակից դուրս են գալիս, ոսկու կիրառումը ևս նկատելի է։ Այն շքեղացնում է ձեռագիրը և բնորոշ է Կիլիկյան ձեռագրերին։ Այստեղ հետաքրքիր դիրք ունի հատկապես Մարիամ Աստվածածինը, կարծես նազանքով և խոնարհությամբ է նայում։ Բնականաբար, Կիլիկյան դպրոցում  հնարավոր չէ չնկատել նաև եվրոպական ազդեցությունը», -հավելեց Դավիթ Ղազարյանը։

Բացառիկ ցուցադրության զարդերից մեկն էլ ահա գրիչ Ստեփանոսի կամ Իգիտ կրոնավորի ընդօրինակած Ավետարանն է։ Այն հնագույններից է, գրվելէ 1405 թվականին, Նարեկավանքի մոտակայքում գտնվող Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում։ Ծաղկողի անունը, ցավոք, հայտնիչէ, իսկ վանքն ամբողջովին ավերված է։ Ներառված մանրանկարները, ցույց են տալիս, որ դրանք պատկանում են վասպուրականյան դպրոցին, իսկ պատվիրատուն Թադեոս կրոնավորն է։

Ուշ միջնադարյան հայ մանրանկարչության առավել հայտնի ներկայացուցիչներից է նաև ծաղկող Առաքել Գեղամացին։ Վերջինիս ոճն աչքի է ընկնում կենցաղային մանրամասներով, զարդաձևերի վառ պատկերներով։ Կարինի Թվանճ անապատում և Վայոց Ձորում ստեղծագործած  ծաղկողը 1588 թվականին թվագրվող Ավետարանում ներկայացնում է Աստվածամորը ՝Բեթղեհեմյան քարայրի խորքում։ Մանուկ Հիսուսն էլ կանգնած է ուսերից իջնող ճերմակ թիկնոցով։ Պատկերված է նաև Հովսեփը, նա աջ ձեռքով հպվում է Աստվածամոր թիկնոցի քղանցքին։

Ցուցադրությունում ընդգրկվել են նաև ցուցանմուշներ Կիլիկյան դպրոցից և Կոստանդնուպոլսից։ Ազգային ավանդույթների և միաժամանակ արևելյան ու արևմտաեվրոպական արվեստի առանձնահատկությունները միավորող Կոստանդնուպոլսի հայ մանրանկարչական դպրոցից էլ ներկայացված է 1631 թվականի մի Ավետարան, որի մանրանկարիչը հայտնի չէ։ Ավետարանը զարդարած «Ծնունդը» պատկերող մանրանկարում բեթղեհեմյան քարայրի բուսածածկ ժայռաբեկորների ներսում պատկերված են կարծեք թե անհաշվելի հրեշտակները։

Սուրբ Ծննդյան մանրանկարչական ցուցանմուշներում տեղ են գրավել նաև աղոթքների, մաղթանքների ժողովածուները՝ հմայիլները։ Դրանք պահպանիչ, բուժիչ նշանակություն ունեն, որոնք կրողին պաշտպանում են և հաջողություն բերում։ Մատենադարնում է պահվում հմայիլների ամենամեծ հավաքածուն (561 միավոր)։ Հմայիլների մի մասը վնասվել են գործածության ընթացքում, դա է պատճառը, որ դրանցում քի չեն Ծննդյան տեսարանները։ Այնուամենայնիվ, դրանցից 5-ում ներկայացված են Սուրբ Ծննդյան տեսարանները։

 

Ալմաստ Մուրադյան

... ... ... ...