«Ստալկեր». Տարկովսկու ծածկագրերի տարածքում
«Ձանձրալի է, պարոնայք, ձանձրալի: Իսկ միջնադարում ձանձրալի չէր: Այն ժամանակ յուրաքանչյուր տանը տան ոգի կար, յուրաքանչյուր եկեղեցում՝ Աստված»: Ինչ նկատի ունի ֆիլմի հերոսը, որը մութ միջնադարն ավելի հետաքրիր և ուշադրության արժանի է համարում, քան ժամանակակից աշխարհը, որտեղ կրոնն այլևս իր ազդեցիկ դերը չունի, և բոլոր միֆերը պսակազերծվել են: «Ստալկեր» ֆիլմը հավատի մասին է, որտեղ Գրողի խոսքերը կարող են դիտողի մոտ կարոտ առաջացնել հին ժամանակների հանդեպ, երբ մարդկությունը երեխայի պես դյուրահավատ էր ու բաց գերբնականի համար, երբ հավատով էր լցված ապագայի հանդեպ: Այսօրվա կյանքը, չնայած ստեղծած հարմարավետությանը, կտրականապես զրկել է մեզ հավատի զգացումից և անդրաշխարհի կամ տրանսցենդենտի ճանաչման ցանկությունից: Ֆիլմը հիմնված է Արկադի և Բորիս Ստրուգացկիների «Խնջույք ճամփեզրին» ստեղծագործության վրա: Չնայած որ վերջիններս թունդ աթեիստներ էին, իսկ Տարկովսկին՝ Աստծու գաղափարին հավատարիմ մտածող, ռեժիսորին տարօրինակ կերպով խիստ հետաքրքում է իր ժամանակակիցների ֆանտաստիկ ժանրի գործը: Մի փոքր սյուժեի մասին:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մտացածին աշխարհում։ Հերոսներն անուններ չունեն և միմյանց դիմում են միայն մականուններով: Այն մի տեղանքի մասին է, որտեղ, ըստ լեգենդների, երկնաքար է ընկել կամ այլմոլորակայիններ են հանգրվանել: Այդ իսկ պատճառով տեղանքը ստացել է "զոնա" անվանումը։ Լուրեր են տարածվում, թե ներսում ինչ-որ խորհրդավոր սենյակ կա, որտեղ կարող են իրականանալ ամենանվիրական, ամենաանկեղծ ցանկությունները։ Զոնան շրջափակված է ռազմական տեխնիկայով և փշալարերով։ Ֆիլմի գլխավոր հերոսը վերջերս բանտից դուրս եկած մի մարդ է, որին դատել են այսպես կոչված ստալկերության համար։ Նա ապրում է աղքատության մեջ՝ իր հիվանդ դստեր ու կնոջ հետ:
Ստալկերն իր ապրուստը վաստակում է անօրինական արշավախմբեր կազմակերպելով դեպի զոնա, ինչին համառորեն ընդդիմանում է կինը ։ Այս անգամ նրան են դիմում մի Պրոֆեսոր և Գրող։ Ֆիլմը սկսվում է սև-սպիտակ երանգներով, երբ հերոսները, թաքնվելով ռազմական պարեկությունից, ներթափանցում են զոնա: Ճանապարհորդների նպատակն է գտնել հենց այն խորհրդավոր սենյակը։ Ստալկերը խնդրում է, որ իր հետևորդներն անվերապահորեն ենթարկվեն հրահանգներին, բացատրելով նրանց, որ ուղիղ ճանապարհն ամենևին էլ ամենակարճը չէ: Նրանց ուղին լի է վտանգներով և զոնայի ստեղծած խոչընդոտներով: Պրոֆեսորը համաձայն է հետևել օրենքներին, սակայն Գրողը, որը գնացել է զոնա՝ ստեղծագործական ճգնաժամից ելք փնտրելու համար, թերահավատորեն է մոտենում զոնայի վտանգների մասին լեգենդներին և Ստալկերի սպառնալիքներին ու նախազգուշացումներին: Խորհրդավոր եռյակը երկար ճանապարհ պետք է անցնի, մինչև հասնի բաղձալի սենյակին: Բայց ինչպիսի անսպասելի քայլ. Գրողը վերջին պահին հրաժարվում է երազանք պահելուց։ Իսկ պրոֆեսորն ամենևին էլ երազանքն իրականացնելու համար չէր այնտեղ ուղևորվել: Նա իր հետ տարել էր շարժական ռումբ՝ առաջնորդվելով դեպի անհասկանալի, գիտության կողմից չբացատրվող սենյակի և նրա ուժի նկատմամբ վրեժի զգացումով: Նա փորձում է ուղեկիցների առջև արդարացնել իր արարքն այն փաստով, որ սենյակի ոչնչացումը մարդկությանը կազատի վտանգավոր ենթագիտակցական ցանկությունների նյութականացման սպառնալիքից: Ստալկերը երկար համոզում է նրան, որ պետք չէ ոչնչացնել սենյակը, որպեսզի մարդկությունը չզրկվի հույսի վերջին աղբյուրից, և Պրոֆեսորն, ի վերջո, ապամոնտաժում և ազատվում է ռումբից: Հերոսներն, այդպես էլ չօգտագործելով «կախարդական» սենյակի ուժը, վերադառնում են տուն: Սակայն այս դեպքը շատ մեծ ազդեցություն է թողնում Ստալկերի վրա: Ֆիլմի վերջում նա տենդահար հայտնում է կնոջը, որ մարդկությունն այլևս չի հավատում ոչնչի, և, այդպիսով, ստացվում է, որ նա, այլևս, անպիտան է հասարակությանը: Ֆիլմն ավարտվում է գլխավոր հերոսի դստեր՝ Տյուտչևի բանաստեղծության արտասանությամբ և տելեկինեզի միջոցով բաժակի շարժման տեսարանով:
Ինչի՞ մասին է այս ֆիլմը: Այն գերհագեցած է բազմազան իմաստներով, ծածկագրերով և այլաբանություններով: Զոնան մի տարածք է, որը կարելի է համեմատել դրախտի կամ կախարդական տեղանքի հետ, որը խիստ տարբերվում է մեր ամենօրյա կյանքից: Այստեղ այլ օրենքներ են գործում: Զոնան զուրկ է ռացիոնալ հատիկից, այն նման է մի կամակոր կնոջ, որը թելադրում է իր պայմանները և պատժում նրանց, ովքեր հրաժարվում են հետևել դրանց: Ֆիլմի սկզբում գուցե ստեղծվի տպավորություն, որ զոնան լավ կամ դրական տեղ է, որը կարող է փրկել մեր հերոսներին կյանքի գորշ միապաղաղությունից: Սակայն ընթացքում պարզվում է, որ այն ամենևին էլ բարյացակամ վերաբերմունք չունի մարդկանց նկատմամբ: Սա կարծես ֆրոյդյան «Այն»-ի տարածքը լինի, մարդկային խորն անգիտակցականի արտահայտման տեղը: Ի՞նչ կարելի է սպասել վերջինից: Արդյո՞ք այն մարդակենտրոն է, կարեկցող, բարոյական օրենքներին հետևող: Ամենևին, ո՛չ: Զոնան ոչնչացնում է ցանկացածին, որն անզգուշաբար ոտք է դնում իր հողի վրա: Դրա ապացույցն են բազմաթիվ մարդկային դիակները: Այն փաստը, որ զոնան աստվածային ուժի մարմնավորումը չէ ապացուցում է նաև Ստալկերի դուստրը: Աստված նրան հիվանդությամբ է պատժում, ինչի մասին ասում է Ստալկերի կինը: Մյուս կարևոր ապացույցը՝ Դիկոբրազի պատմությունն է, որին համաձայն վերջինս, հասնելով սենյակ, խնդրել էր վերակենդանացնել սպանված եղբորը, սակայն, տուն վերադառնալուն պես ականատես է լինում, որ հարստացել է: Այսինքն զոնայում իրականանում են «Այնի» տարածքում գտնվող ակտուալ ցանկությունները: Եվ մյուս կարևոր նրբությունը. զոնան չի օգնում մարդկանց՝ մաքրագործման գործում, այն մեղքերի թողության տեղ չէ, այլ հակառակը. գիտակցորեն ընկալվող ցանկացած բան նահանջի է մատնվում, կործանվում է: Հաղթում է միայն այն, ինչը մեր իսկ կենդանական բնույթին է հատուկ: Մի՞թե այն փաստը, որ զոնան խիստ դժվար է գրավել ու հասնել նշանակետին, չի շեշտում անգիտակցականի ոչ ներթափանցելի լինելը: Տխուր է գիտակցել, որ, միգուցե, մեր ամենօրյա կյանքում մենք ստանում ենք այն, ինչին իրականում արժանի ենք, որ ոչ ոքիս ապաշխարանքը գրոշ անգամ չարժե: Ինչպես ֆիլմում ասում է Գրողը. «Դիկոբրազինը՝ Դիկոբրազին»: Մենք ի զորու չենք Աստծուն տալու իրենը, քանի որ նրա արդար բնույթի կրողները չենք:
Այսպիսով հարց է առաջանում. Արդյո՞ք Ստալկերն իր աշխատանքով չի ձգտում հարստանալ և մարդկանց վրա իշխանություն ձեռք բերել: Մենք անգամ չենք կարող վստահել նրա դրդապատճառների մաքրությանն ու անկեղծությանը: Սա մարդկության դառն իրականության պատկերն է, որի պատմությունը սկսվում էր դեռևս «Սոլյարիս» ֆիլմում: Մարդկությունն անկարող է ձգտել վեհին, տրանսցենդենտին, քանի որ նա անգամ ի զորու չէ հաղթահարել իր իսկ ներքին ցածր ուժերը: Այս միտքը հանդիպում է նաև Դոստոևսկու մոտ, որի գործերով տարված էր Տարկովսկին. «Ուզում ես հաղթել աշխարհին, ուրեմն հաղթիր ինքդ քեզ»: Մեր հերոսները պատրաստ չեն իրենք իրենց հաղթելու, բայց միայն այն փաստը, որ նրանք գիտակցում են իրենց անկարողությունը, արդեն գործի կեսն է: Ֆիլմի սկզբում տեղ գտած տողերը, որոնցում ասվում է, թե զոնան՝ հրաշքների հրաշքն է, ասոցիացիաներ է առաջացնում ապոկալիպսիսյան գրությունների հետ: Պե՞տք է արդյոք հավատալ ցանկացած հրաշքի և արդյոք ամեն հրաշք ու կախարդանք է, որ Աստծուց է: Հաշվի առնելով, որ ֆիլմում որոշակի շեշտադրում կա տեխնիկական և գիտական ձեռքբերումների վրա, կարելի է ասել, որ հենց այս «հրաշքի» վտանգավորության նախախնամությունն է դառնում ֆիլմը:
Հերոսների հանգստի դրվագում, երբ նրանցից յուրաքանչյուրը տեղավորվում է մի փոքրիկ հողի կտորի վրա, արվեստաբանները կապ են տեսնում Ֆեոֆան Գրեկի «Քրիստոսի վերափոխում» աշխատանքի հետ: Բայց հատկանշականն այն է, որ մեր հերոսներն ամենևին էլ հավատի բուժիչ լույսով լուսավորված չեն: Եթե սրբապատկերի հերոսները գիտակցական նոր մակարդակի են հասնում, ի զորու չլինելով նայել Քրիստոսի ճառագող կերպարին, ապա ֆիլմի հերոսները, ընդհակառակը, քնում են ու փակում աչքերը ներքին անզորությունից: Մյուս կարևոր նշանը սև շան հայտնվելն է, որն ավելի շատ մեզ կապում է անդրշիրիմյան աշխարհի և անգիտակցական ուժերի հետ, քան քրիստոնեական սոլար ուժերի: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ զոնան ամենևին էլ լուսավոր տեղ չէ:
Ստալկերի պատմությունը մարդկության՝ հավերժական երջանկության փնտրտուքի մասին է, հավատի կորստի ու վերափոխման ցանկության բացակայության: Մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ընդունելով, որ ամենևին էլ յուրահատուկ չենք և ի զորու չենք փոխելու մեր բնույթը: Որքան էլ մեր մշակույթում դեռևս ակտուալ է Քրիստոսի հեղափոխական կերպարը, մեզնից շատ քչերն են կարող (եթե ոչ ոք) անցնել նույն ուղին, նվիրել իրենց վեհ գաղափարի ու դիմել նման ինքնազոհողության: Պրոֆեսորն ու Գրողը մարդկության երկու բևեռների ներկայացուցիչներն են: Առաջինը՝ գիտական մտքի կրողն է, որին խորթ է ցանկացած հույսի ու հավատի գաղափար և անգամ երկյուղ է առաջացնում, չէ որ դա այն չբացատրված երևույթներից է, որի հետ մինչև այսօր մրցում է գիտությունը: Գրողն, իր հերթին, ինտելեկտուալ մտքի խռովքի ու մերժման մարմնավորումն է, սա անհուն հիասթափության նշանն է, որտեղ մտածողն արդեն հոգնել է հավերժական վեճերից և ճշմարտության փնտրտուքից: Ստալկերը վերջիններիս մասին ասում է. «Նրանց աչքերը փուչ են, դատարկ… հավատը նրանց մոտ ատրոֆիայի է ենթարկվել»:
Որպես վերջաբան, հարկ է խոսել Ստալկերի դստեր վերջին կադրում արտասանած բանաստեղծության մասին: Վերջինս շատ մեծ դիսոնանս է առաջացնում դիտողի մոտ, քանի որ ուղիղ կերպով կապված է սեռականության հետ: Սա նույնպես այն անգիտակցական ուժի դրսևորումն է, որն իշխանություն ունի անգամ փոքրիկների աշխարհում: Այսպիսով, մեր քաղաքակրթության գերխնդիրն է ոչ թե վեր բարձրանալ դեպի տրանսցենդենտը, այլ ամեն գնով չխորտակվել քրոնիկ անգիտակցական աշխարհում:
Ռուզաննա Լազարյան