«Սևանի գիշերը»

«ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում մի հատված Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքից, որը հայ ընթերցողին է ներկայացվել Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ և «Օրակուլ» հրատարակչության տպագրությամբ: Այս գեղեցիկ պատմությունը Պոզների հայաստանյան հուշերից մի դրվագ է՝ Սևանում անցկացրած մի գիշերվա մասին և այն պայմանականորեն վերնագրել ենք «Սևանի գիշերը»:

 

 

Մի անգամ՝ մի մութ գիշեր, ես մնացի Հայաստանի սարերում՝ Սևանից ոչ հեռու, որի գոյությանը սպառնում էին թունելի շինարարության ծրագրերը։ Ես պարզապես այդ առիթով նյութեր էի հավաքում Երևանում։ Օրը երկար էր, շոգ, ոչ մի օդորակիչի մասին ոչ ոք չէր էլ լսել։ Օրվա վերջին ինձ ծեծված-ջարդված նստեցրին «Վոլգա»-ն և ինչ-որ տեղ տարան։ Ես քնեցի մեռածի քնով։ Աչքերս բացելով ավտոմեքենայի պատուհանից տեսա սև թավշյա երկինքը, որը ծածկված էր անհավանական չափերի աստղերով։ Նրանք այնքան ցածր էին կախված, որ թվում էր, թե ձեռքով կարելի է դիպչել։ Եվ հանկարծ ես նկատեցի լուսինը, ավելի ճիշտ նրա կեսը։ Այն նման էր հեքիաթի մակույկի, որ թեքված մի կողքի վրա լողում էր երկնքում։ Մանուկ ժամանակ «Հազար ու մեկ գիշերը» կարդալիս ես սիրում էի նայել նկարազարդումները, որտեղ մինարեթների աշտարակների վերևում բարձր լողում էր մի կողքի թեքված կիսալուսինը։ Ես այն ժամանակ համարեցի, որ դա երևակայությանս հեքիաթային թռիչքն է, որը միանգամայն համապատասխանում է սյուժեի անիրականությանը։ Ես հասկանում էի, որ կիսալուսինը չի կարող թեքվել կողքի վրա։ Եվ ահա այդտեղ՝ Սևանի ափերին, ես ինձ համար բացահայտեցի, որ «Հազար ու մեկ գիշերի» հեքիաթների նկարազարդումները եղել են իրական, ահա դրանք, ուղիղ գլխավերևում, միայն ձեռքդ մեկնիր... Բայց այդ հայկական գիշերը ինձ նոր բացահայտումներ էին սպասում։

Գնացինք, գնացինք և վերջապես հայտնվեցինք ինչ-որ լեռնային գյուղակում։ Վարորդը արգելակեց տնակներից մեկի մոտ։ Ես հետաքրքրվեցի, թե ինչու կանգ առանք, և նա պատասխանեց, որ այդտեղ ապրում են իր ընկերները, որ ինքը քաղցած է, և նրանք շատ երջանիկ կլինեն մեզ կերակրել։ Շուրջը կատարյալ մթություն էր տիրում, ոչ մի տեղ՝ ոչ մի կայծ, ժամը գիշերվա մեկը կամ երկուսն էր և պարզ էր, որ բոլորը քնած են արդար քնով։ Ես պատկերացնում էի մարդկանց արձագանքը, որոնց արթնացնում էին Աստված գիտի թե ժամը քանիսին՝ Մոսկվայից եկած անցորդ հյուրի ընթրիքի համար։ Բայց ես հասկանում էի, որ վիճելն անօգուտ է։ Վարորդը դուրս եկավ մեքենայից, նեղ արահետով բարձրացավ տնակի մոտ և դուռը թակեց։ Լույսը վառվեց, դուռը մի փոքր բացվեց և ինձ հասավ ինձ համար բոլորովին անհասկանալի լեզվով ցածր զրույցի հատվածներ։ Հետո վարորդը վերադարձավ, սկսեց ծխել և բացատրեց.

- Նրանք մեզ մի քիչ ավելի վաղ էին սպասել։

- Դե, իհարկե,- մտածեցի ես,- ես էլ քեզ հավատացի։ Այնպիսի լռություն էր, որ մեր շնչառությունը բարձր էր թվում։ Հետո հանկարծ ամբողջ տանը վառվեցին լույսերը, դուռը լայն բացվեց և մի տղամարդ ռուսերեն բարձրաձայն ասաց.

- Համեցեք։

Տնակը փոքր էր, փայտե հատակով և պատերով, գրեթե առանց կահույքի, ամեն ինչ խոսում էր դժվար ու ոչ հարուստ կյանքի մասին։ Չգիտես ինչու հիշողությանս մեջ հայտնվեցին Օկլահոմայում Մեծ ճգնաժամի տարիների ֆերմերների տների լուսանկարները։ Բայց սա Օկլահոման չէր և ոչ էլ երեսունական թվականները՝ ճգնաժամային Ամերիկայում։ Աչքիս ընկավ տարբեր կերակրատեսակներով  բեռնավորված սեղանը՝ ուտելիքը կբավականացներ մի տասը մարդու։ Տանտերը ամուր սեղմեց ձեռքս և խնդրեց ներել իրեն, իբրև թե, որոշ շտապ գործեր ունի և պետք է տնից դուրս գա։ Հետո պարզվեց որ նա դուրս էր եկել, որ «սպասվող» հյուրի համար խորովածի գառ մորթեր։ Մինչ մենք սպասում էինք, ես զննում էի սենյակը։ Մի անկյունում դրված էր մահճակալը, որի վրա մի ծեր կին էր պառկած։ Ոչ, ոչ թե ծեր, այլ հին։ Նա ինձ էր նայում խոշոր անթարթ աչքերով, որոնցում անլսելի թախիծ էր արտահայտված։ Թվում էր, թե այդ աչքերը տեսել էին ամեն ինչ, և՛ Հայաստանի ծաղկման ու փառքի ժամանակաշրջանը, և՛ դարերը նրա տառապանքների, և՛ նրա հերոսական պայքարը՝ իր վրա թափվող նվաճողների՝ Հռոմի անհաղթ լեգեոնների, Պարթևական աղեղնավորների և հեծյալների, Բյուզանդիայի բռնակալների, թաթարների անգութ ջոկատների, Լենկթեմուրի պողպատե բռունցքի, Օսմանյան կայսրության կեռ յաթաղանների ալիքի դեմ։ Այս ամենը անցել էր նրա աչքերի առջևով, նա ոտաբոբիկ անցել էր պատմության անվերջանալի ավազուտներով, նրա աչքերում դարերի իմաստնությունն էր ննջում և, նայելով դրանց՝ ես ինձ բոլորովին փոքր ու մերկ էի զգում։ Ես շրջվեցի և նկատեցի իմ ետևում կանգնած յոթ տղաների: Ուս ուսի տված, բոլորովին միանման և հաստատ տոնական կոստյումներով, նրանք կանգնել էին ըստ հասակի՝ ամենաբարձրահասակը աջից, ամենափոքրը ձախ կողմում, ճիշտ է ամենաբարձրահասակը այդքան էլ մեծ չէր։ Ես նրան կտայի ամենաշատ տասնմեկ տարեկան, բայց նրա դեմքը բոլորովին մեծահասակի էր, և այդ պատճառով նա միաժամանակ և՛ մեծ էր երևում, և՛ ավելի փոքր՝ իր տասնվեց տարեկան տարիքից։ Բայց այս ամենը ես հիշել եմ հետո... Իսկ այդ պահին ինձ ցնցեց այն, որ մանկական աչքերը այնպիսին էին, ինչպես ծեր կնոջ աչքերն էին: Եվ ես տարօրինակ ու անհարմար զգացողություն ունեցա այն բանից, որ ինձ են նայում երեխաներ, որոնք արդեն ծննդյան պահին ավելի մեծ էին, քան ես կլինեմ իմ մահվան ժամին։ Այդ պահին ես հասկացա, որ իմ մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ են նրա համեմատությամբ՝ ինչ նրանք պահպանել էին։ Այս մարդիկ կարողացել են գոյատևել որպես ժողովուրդ, պահպանել իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց հողը (թեև ոչ ամբողջությամբ), նրանք անմիջական սերունդներն են նրանց, ովքեր ապրել են Հռոմի ստեղծումից շատ առաջ և մինչև այն, երբ Հին Հունաստանը ստեղծեց իր հմայքը, ովքեր եղել են առաջին փարավոնների ժամանակաշրջանի եգիպտացիների ծածկված գաղտնիքների ժամանակակիցները։

Երբ մենք նստեցինք սեղանի շուրջ, տանտիրոջ կինը չմիացավ մեզ։ Ծեր կինը շարունակում էր պառկած մնալ անկողնում, հայացքը հառած մեզ, իսկ ընտանիքի մայրը նստել էր նրա կողքին և հետևում էր, թե ինչպես ենք մենք ուտում։ Այդ ինձ և՛ վշտացրեց, և՛ բարկացրեց, ինչի մասին ես ասացի վարորդին մեկ-երկու ժամ դրանից հետո, երբ մենք հրաժեշտ տվեցինք ամբողջ ընտանիքին (ի պատասխան որի՝ պառավը թեթևակի գլխով արեց, ընտանիքի մայրը ժպտաց, բայց տեղից չշարժվեց, համերաշխ յոթնյակը մոտեցավ, և ըստ հասակի հերթով հանդիսավոր սեղմեցին իմ ձեռքը, իսկ հայրը ամուր, արջավարի գրկեց)։

- Սա ի՞նչ բան էր,- պոռթկացի ես։ - Ինչո՞ւ այդ դժբախտ կնոջը թույլ չտվեցին մեզ հետ սեղան նստել։ Այնուամենայնիվ, մենք ապրում ենք քսաներորդ դարի վերջին քառորդում, իբրև թե, առաջադեմ երկրում։

Վարորդը գլուխն օրորեց և ասաց.

- Դու չես հասկանում, դու ոչինչ չես հասկանում։ Դու չնկատեցի՞ր։ Ամեն անգամ, երբ տանտերը ելնում էր տեղից, որպեսզի կենաց ասի, նա նայում էր կանանց, որպեսզի թույլատրություն ստանար։ Դու գլխի չընկար, որ կինը թույլ տվեց նրան խորովածի համար գառ մորթել։ Եթե երկու կանայք թույլ չտային, նա մեզ չէր թողնի տուն մտնել։ Այդ ձեզ մոտ են կանայք ձեզ հետ միասին նստում սեղանի շուրջ, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մեզ մոտ այդպես չէ։ Մենք հնազանդվում ենք կնոջը, որովհետև նա է կյանքը, սկիզբն ամեն ինչի։ Իսկ դու՝ սեղան հա սեղան...

Հերթական անգամ սեփական մշակույթով, սեփական ավանդույթներով կուրացած՝ ես մեծամտորեն էի վերաբերվել այլ մշակույթին և եկել էի մի եզրակացության, որ այդ ժողովուրդը կանանց համարում է երկրորդ տեսակի մարդ։ Այնուամենայնիվ, ես մասամբ ճիշտ էի, ինչպես ինձ թվում էր, բայց ճիշտ էր նաև վարորդը, որ ծաղրեց մեր բացառապես արտաքին «հավասարությունը», որով պարծենում ենք մենք՝ արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչներս։ Մի խոսքով, ես ևս մեկ դաս ստացա՝ մի դատիր, եթե ծանոթ չես նյութին...