«Պիետա»` Միքելանջելոն, Արա Սարգսյանը և Եռաբլուրի խնկաբույր մայրերը

Երբևէ մտածե՞լ եք թե ինչ ընդհանրություն կա քրիստոնեական աշխարհի ամենամեծ եկեղեցու՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի և մեր Եռաբլուրի միջև: Համաձայն եմ՝ դժվար է որևէ ընդհանրություն գտնել Վերածննդի դարաշրջանի անկրկնելի գլուխգործոցներով զարդարված Սուրբի Պետրոսի բազիլիկ շքեղաշուք տաճարի և երևանյան բարձրակետում սփռված ու օրեցօր ընդարձակվող հայկական Եռաբլուրի միջև: Բայց արդեն 1,5 տարուց ավելի է, որ մեր հերոսական «քաղաքը»՝ Եռաբլուրը, որի միակ զարդն անվերջ փողփողացող եռագույններն են, վերածվել է խորհրդանշական մի տիրույթի, որում զուգորդվում են Միքելանջելոյի, Արա Սարգսյանի անուններն ու «Պիետան»՝ որդեկորույս մոր խորհրդանիշը: 2020-ի սեպտեմբերից հետո Եռաբլուրում բնակվող մեր խնկաբույր մայրերից յուրաքանչյուրը տիեզերական վշտի մի առանձին պատմություն է: Բայց նրանց բոլորին՝ արդեն հասուն կամ բոլորովին երիտասարդ, նրբակիրթ ու բարեկրթության ոչ բոլոր կանոններին ծանոթ, չափազանց ուժեղ և շատ փխրուն, բոլորին միավորում է զուսպ, լուռ, ա­ներ­ևա­կա­յե­լի ծանր, բայց արժանապատիվ ող­բեր­գութ­յու­նը, այն սրբալույս վիշտը, որը Եռաբլուրի Պանթեոնի ստեղծումից 500 տարի առաջ Միքելանջելո Բուոնարրոտին կատարյալ գլուխգործոցի է վերածել Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարը զարդարող «Պիետա» արձանախմբում: Միքելանջելոյի այս ստեղծագործությունն առասպելական ձգողականության ուժ ունի, որի ֆենոմենն ուսումնասիրողների տարբեր սերունդներ փորձել են բացատրել քարը կենդանացնելու՝ հեղինակի զարմանալի կարողությամբ և ահռելի տաղանդով: Միքելանջելոյի «Պիետան» աստվածաշնչյան պատումի բացառիկ մեկնաբանություններից մեկն է՝ զավակին  կորցրած մոր տառապանքի խորհրդանիշը: Արձանախումբը Միքելանջելոյի առաջին գործն է, որը հեղինակը ստեղծել է ընդամենը 24 տարեկանում՝ Ֆրանսիայի կարդինալի պատվերով: Արձանախումբը պատկերում է Քրիստոսի խաչելությունից հետո նրա անկենդան մարմինը գրկած Աստվածամորը: Որդու մարմնի վրա խոնարհված Մարիամ Աստվածածինը անամոք վշտի, տառապանքի ու ողբերգության մարմնացումն է, որը ողբերգականության բոլոր նրբերանգների հետ նաև հարության լույսն ու սպասումն է տարածում աշխարհում: Շատերին չէ, որ հաջողվել է այս բացառիկ ստեղծագործությունը տեսնել Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում, բայց շատ ավելի քչերն են տեսել մեր՝ հայկական «Պիետան» և էլ ավելի քչերին է հայտնի նրա գոյության փաստը:

Ազգային «Պիետայի» գոյությունը զարմանալի բացահայտում էր. առաջին անգամ այն տեսա Արա Սարգսյանի տուն-թանգարանում: Երևանյան բակերից մեկում ասես «թաքնված» այդ թանգարանն իմ սիրելիներից մեկն է, ցավոք՝ ոչ այնքան հայտնի: Գրեթե կեսդարյա պատմություն ունեցող թանգարանային հին շենքում՝ Կոջոյանի և Արա Սարգսյանի ահռելի ստեղծագործական ժառանգության ցուցադրության համար ոչ պատշաճ պայմաններում, բայց հրաշալի ցուցադրական նյութով մի գողտրիկ թանգարան է, որի գոյության մասին անգամ երևանցիներից քչերը գիտեն: Հենց այս տանն են ստեղծվել հայկական մոնումենտալ քանդակագործության մեծ վարպետի փայլուն ստեղծագործությունները, որոնց գերակշիռ մեծամասնությունն առ այսօր անհայտ է երևանցիներին: Թանգարանային այս հարուստ ցուցադրության մեջ՝ Արա Սարգսյանի  դիմաքանդակների, հուշարձանների ու թատերական էսքիզների առատության մեջ հանդիպում ենք որդեկորույս մոր արձանախմբի կրկնօրինակին: Բնօրինակը 54 տարի առաջ՝ 1968 թվականի մայիսին տեղադրվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: Հայկական «Պիետան» ոչ մեծածավալ, բայց ամբողջական մի համալիր է: Առաջինն ինչ ընդգծվում է հուշարձանի համապատկերում խորապես կապվում է հայ ընտանիքներում որդիների հանդեպ ավանդական պաշտամունքի հետ. մայրը գորովանքով համբուրում է որդու ճակատը: Միքելանջելոյի Աստվածամայրը որդուն գրկել է նորածնին կերակրող մոր դիրքով, նա, ինչպես և աստվածաշնչյան մյուս բոլոր մեկնաբանություններում ներկայացնում է երիտասարդ անեղծ աղջկա կերպարը, մինչդեռ հայկական խմբաքանդակում մայրը մայրական սիրո ամբողջ ուժով գրկել է նահատակված մարտիկի մարմինը, փոքր-ինչ բարձրացրել որդու իրանը, գլուխը հենել իր կրծքին և համբույրով փարվել որդուն: Արա Սարգսյանի մտահղացմամբ մոր դեմքը մշտապես ստվերի մեջ է. այն չի լուսավորվում անգամ բնական լույսով՝ որ կողմից էլ որ արևի լույսն ընկնի: Կես դար առաջ ստեղծված այս խմբաքանդակը բնավ պատահականորեն չի տեղադրվել հենց Ջանֆիդա գյուղում: Պաշտոնական վարկածի համաձայն հեղինակն այն նվիրել է Հայրենական մեծ պատերազմում նահատակված հայ զինվորներին: Բայց անգամ Ջանֆիդա գյուղի ընտրությունն ու հեղինակային լուծումներն ակնհայտորեն հուշում են, որ Արա Սարգսյանն այն հասցեագրել է ազգային ազատագրական պայքարի մարտիկներին՝ հայ ֆիդայիններին: Այս ամենն ամբողջանում է քանդակի մեծ վարպետի  կյանքի խորհրդավոր պատմությամբ: Խորհրդային հայտնի արվեստագետի ու մտավորականի կյանքի անհայտ փուլը գաղտնազերծվում է 1959-ին, երբ Արա Սարգսյանն առաջին անգամ թույլտվություն է ստանում մեկնել Բրյուսել՝ մասնակցելու «Էքսպո-59» միջազգային ցուցահանդեսին: Հենց այստեղ է նա հանդիպում իր դաշնակցական եղբորը՝ Պատրիկին, որի գոյության փաստը տարիներ շարունակ խնամքով թաքցնում էր խորհրդային իշխանություններից: Բայց սա միակ գաղտնի փաստը չէր նրա կյանքում: Այս հանդիպումից քանդակագործի կյանքում սկսվում է փորձություններով լի մի շրջան: Բրյուսելից վերադարձից հետո նա ազատվում է իր իսկ հիմնադրած  գեղարվեստական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից և հայտնվում КГБ-ի մշտական հսկողության տակ: Եվ այդ շրջանում էլ բացահայտվում է նաև նրա կյանքի ամենամեծ գաղտնիքը՝ Արա Սարգսյանի ակտիվ մասնակցությունը «Նեմեսիս» գործողությանը: 1920-ական թվականներին, Հռոմում և Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին, Արա Սարգսյանն անգնահատելի ծառայություն է մատուցում «Նեմեսիս» օպերացիայի իրականացման գործին։ Այս բոլոր բացահայտումները, բնականաբար, անհետևանք չմնացին մեծ քանդակագործի համար: Այս իրողություններին գումարվում է նաև նրա մահվան առեղծվածային պատմությունը և կտակը, որում քանդակագործը խնդրում է իր մահվան դեպքում անպայման դիահերձում կատարել, և որը ժառանգորդներին առիթ է տալիս խոսել Արա Սարգսյանի սպանության վարկածի մասին: Բայց մի բան ակնհայտ է. նրա ապրած զարմանալի կյանքն ու խորհրդավոր անցյալի իրողությունները կասկած չեն թողնում հայկական «Պիետայի» ուղերձների հարցում: Դեռ խորհրդային կուսակցական-գաղափարական սահմանափակումների ու ճնշումների պայմաններում ստեղծագործող, իրապես մեծ ու ազգային մտածողություն ունեցող արվեստագետն այս խմբաքանդակում խտացրել ու ազգային խորհրդանիշի է վերածել հավերժական պայքարի իր ուղերձը՝ միավորելով հայրենիքի ազատությանն իր ամենաթանկը նվիրաբերած մոր տիեզերական վիշտը, նահատակված հերոսների լուսավոր հիշատակը և դիմադրության պատգամն՝ ընդդեմ  ապազգային իշխանության:

 

Նունե Ալեքսանյան

 

 

 

 

... ...